Շերլոկի նախնիներից մինչև աֆրիկյան արտեֆակտեր. Բացահայտելով ստրկատիրական անցյալի ստվերը
Նախնիների սխալների համար պատասխան տալը, իհարկե, ամենահաճելի բանը չէ, բայց կան սխալներ ու հանցանքներ, որոնց համար պատասխանատվություն պետք է կրել։ Ու այս հարցում ոչ ոք ապահովագրված չէ, նույնիսկ բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը։ Ու սա այն դեպքն է, երբ նրան չեն օգնի անգամ Շերլոքի հմտությունները։ PAN-ը պատմում է գաղութատիրական անցյալի թողած հետքի, ակնկալվող ներողության և փոխհատուցման մասին։
ԲԵՆԵԴԻԿՏ ՔԱՄԲԵՐԲԵՉ. ՈՉ ՈՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ
Օսկարակիր «12 տարվա ստրկություն» ֆիլմում Բենեդիկտ Քամբերբեչը խաղում էր պլանտացիայի սեփականատիրոջ դերը: Այս ֆիլմն ու Քամբերբեչի դերակատարումը մեծ արձագանք ստացան ինչպես երկրպագուների, այնպես էլ քննադատների կողմից։ Պարզվում է, որ այս դերակատարումը մոտ էր դերասանի գեներին։ Նրա նախնիները 18-րդ և 19-րդ դարերում Բարբադոսում հողատարածքներ ունեին, որտեղ մոտ 250 սևամորթ ստրուկ էր աշխատում։
Դերասանի նախնիներն այն հազարավոր մարդկանցից են, ովքեր մեծ մասշտաբների հասնող շահույթ են ունեցել 18-րդ և 19-րդ դարերի ստրկավաճառությունից: Կարիբյան ավազանի շաքարի պլանտացիաներն օգնեցին Բրիտանիային դառնալ աշխարհի ամենահարուստ երկիրը՝ միլիոնավոր ստրկացած աֆրիկացիների հաշվին:
Այժմ Քամբերբեչը կարող է բախվել իրական իրավական պայքարի։ Բարբադոսը փոխհատուցում է պահանջում նախկին ստրկատերերի ընտանիքներից: Վերջին ամիսներին Բարբադոսը, որն իրեն անկախ հանրապետություն է հռչակել 2021 թվականի նոյեմբերին՝ բրիտանական տիրապետության տակ գտնվելուց գրեթե 400 տարի անց, աշխատում է այս հարցով հանձնաժողով ստեղծելու և միջազգային իրավական լծակներ գտնելու ուղղությամբ: Նախկին բրիտանական գաղութն արդարություն է պահանջում ստրկատերերի ժառանգներից, որովհետև այդ նույն ժառանգներին Մեծ Բրիտանիան դեռ վաղուց փոխհատուցել էր։
Եվ իսկապես, երբ 1834 թվականին ստրկությունը վերացավ, բրիտանական կառավարությունը փոխհատուցեց ստրկատերերին իրենց այսպես կոչված «սեփականության» կորստի համար։ Քամբերբեչ ընտանիքը ստացավ 6000 ֆունտ ստերլինգ փոխհատուցում, որն այսօր համարժեք է մոտ 1,1 միլիոն դոլարին։ Ի դեպ, Մեծ Բրիտանիան պաշտոնապես ներողություն չի խնդրել, ոչ էլ փոխհատուցում է առաջարկել՝ թողնելով Բարբադոսին թիրախավորել անհատներին:
Վերադառնանք Քամբերբեչին։ Այս քեյսը հետաքրքիր է նաև դերասանի վերջին գնումների ֆոնին։ Քամբերեչը մոտ տասը միլիոն դոլար արժողությամբ նոր առանձնատուն է գնել։ Բայց պետք է արդար լինել և ասել, որ դերասանը երբեք էլ չի թաքցրել իր նախնիների անցյալը։ Երբ Քամբերբեչը նոր էր սկսում դերասանական կարիերան, նրա ընտանիքը դերասանին խրախուսել էր օգտագործել մեկ այլ ազգանուն՝ ստրկացած աֆրիկացիների ժառանգների փոխհատուցման պահանջներից խուսափելու համար: Դերասանը որոշել է հակառակ մարտավարությունն ընտրել։ Ոչինչ չի թաքցրել, ավելին, հնարավորինս բաց է իր անցյալի ու նախնիների մասին հարցերում և հաճախ հանդես է գալիս դերասանական աշխարհում ռասայական խտրականության դեմ:
2018 թվականին նա The Telegraph-ին ասել էր. «Մենք ունենք մեր անցյալը. պետք չէ հեռուն նայել՝ տեսնելու համար ստրկատիրական անցյալը: Մենք շաքարի արդյունաբերության մի մասն էինք և սա թաքցնելու իմաստ չկա։ Սա իսկապես շոկային է»:
ԱՆՑՅԱԼԸ, ՈՐ ԴԵՌ ՆԵՐԿԱ Է
Գաղութատիրության և իմպերիալիզմի հետևանքները, իրենց բոլոր դրսևորումներով և բոլոր դարաշրջաններում ապագայի վրա շատ ավելի մեծ հետք են թողել, քան շատերս կարող ենք ենթադրել։ Գաղութատիրությունն ինչ֊որ տեղ նաև կոլեկտիվ հիշողության և բազմազանության ոչնչացում էր: Միլիոնավոր մարդկանց ինքնության աղբյուրները՝ տունը, բնակավայրը, ավանդույթները, մշակույթը, հնարավորություններն ու գաղափարները գողացվում կամ էլ սահմանափակվում էին։ Դարեր շարունակ մարդիկ բաժանված էին դասակարգային խմբերի, որի մեջտեղում խորն անդունդ էր։ Հետո պարզ դարձավ, որ ևս մի քանի դար էլ պետք կգա, որ այդ անդունդը վերացվի։
Երբ ֆորմալ գաղութատիրությունն ավարտվեց, սկսվեց հանցագործությունները հանրային հիշողությունից ջնջելու և, առհասարակ, պատմությունը վերաձևակերպելու գործընթացը: Գաղութատիրության պարգևները դարձան հավաքական Արևմուտքի հարստության աղբյուրը։ Արծաթի և ոսկու հանքերը լցրեցին բանկերի ու նորաթուխ գործարարների գրպանները։ Ստրուկների առևտուրը և գաղութատիրական տնտեսություններն արդյունքում օգնեցին ֆինանսավորել արդյունաբերական հեղափոխությունը։
Այս ընթացքում նախկին գաղութներն ավելի մեծ լիազորություններ են ստացել եվրոպական տերություններից փոխհատուցում պահանջելու համար, բայց նույնիսկ հաջողված դեպքերն առայժմ բացառություններ են։ Հիմա մի քանի կարևոր հարց կա։ Ներողություն խնդրելն ու, օրինակ, մշակութային արտեֆակտերը վերադարձնելը բավարա՞ր է։ Եթե փոխհատուցումը պետք է լինի ֆինանսական, ապա ինչպե՞ս են հաշվարկվում հատուցումները։ Ո՞վ է որոշում, թե ինչպես է ծախսվելու այդ գումարը։ Սրանք հարցեր են, որոնք նախկինում գաղութացված երկրները բարձրացնում են դատարաններում, դիվանագիտական բանակցություններում, և պահանջում են փոխհատուցում ինչպես անցյալի, այնպես էլ դրանց շարունակական հետևանքների համար։
ԸՆԴՈՒՆԵԼ, ԹԵ՝ ՀԵՐՔԵԼ. ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Արևմտյան երկրներն իրենց պատմությանն առերեսվելու տարբեր մեթոդներ են ընտրել։ Որոշները դիվանագիտական բառերի արանքում թաքցնում են իրական մեղավորությունն ու այդպես էլ չեն ասում «ներողություն» բառը։ Մյուսները ոչ միայն ներում են հայցում, այլև ֆինանսական փոխհատուցում են խոստանում։ Կան նաև երկրներ, որտեղ անգամ հասարակությունը ծայրահեղ տարբեր դիրքորոշումներ ունի։ Բայց այստեղ գալիս է գլխավոր հարցը. ներողությունը բավարա՞ր է։
Պատմաբաններն ասում են, որ գաղութային անցյալի և ստրկավաճառության մեջ իրենց մասնակցության համար ներողություն խնդրելը «կարևոր առաջին քայլն է», բայց անհրաժեշտ անցյալի վերքերը բուժելու համար ավելին է պետք։
Human Rights Watch-ի հետազոտողներն էլ պնդում են, որ թեև դրական տեղաշարժ կա, բայց ներողություն խնդրելը «ոչ թե վերջին, այլ առաջին քայլն է»։ Նախկինում գաղութացված երկրներին և ստրկության զոհերի ժառանգներին տրվող ֆինանսական փոխհատուցումները հաջորդ կարևոր քայլն են, բայց սա էլ դեռ վերջը չէ։ Դպրոցներում գաղութատիրության մասին կրթական ծրագրերը պետք է վերանայվեն։ Մանրամասն պետք է նկարագրվեն այն հանցագործությունները, որոնց պատասխանատուն գուցե և այդ աշակերտների նախնիներն են։ Բայց իրականությունը փոքր ինչ այլ է։ Կան երկրներ, որոնք պարզապես փորձում են մոռացության տալ իրենց ստրկատիրական անցյալն ու խոսել ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին այնպես, կարծես իրենք երբևէ չեն ոտնահարել այդ իրավունքները։
ԲԵԼԳԻԱ
Բելգիայի խորհրդարանը մինչև օրս էլ չի կողմնորոշվում՝ ներողություն խնդրել, թե պարզապես ասել, որ զղջում են։ Առաջին հայացքից տարբերություն գուցե չկա, բայց հարցը շատ նուրբ շերտեր ունի։ Խորհրդարանը կարծում է, որ ներողություն խնդրելու դեպքում Կոնգոն կարող է փոխհատուցում պահանջել, իսկ Բրյուսելի հաշվարկների մեջ սա չի մտնում։ Խորհրդարանը նույնիսկ գաղութային անցյալի հարցերով հանձնաժողով ուներ, որը ստեղծվել էր 2020 թվականին՝ Black Lives Matter բողոքի ցույցերի ֆոնին։ Այստեղ ևս օրենսդիրները կոնսենսուսի չհասան։
Ի տարբերություն խորհրդարանի, թագավոր Ֆիլիպը, կարծես, հստակ կողմնորոշվել է։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում հայտարարել է, որ զղջում է իր երկրի գաղութատիրական անցյալի համար, բայց այդ ժամանակաշրջանում Բելգիայի կողմից իրականացված վայրագությունների համար ներողություն չի խնդրել։
«Կոնգո իմ առաջին ուղևորության կապակցությամբ ես կցանկանայի հենց այստեղ, Կոնգոյի ժողովրդի առջև, իմ խորին ափսոսանքը հայտնել անցյալի վերքերի համար։ Այս ժամանակաշրջանը խտրականության, ռասիզմի, չարաշահումների և նվաստացման շրջան էր»:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
Կան նաև հակառակը փաստող օրինակներ։ Նիդերլանդներն այն երկրներից է, որը պաշտոնապես ներողություն է խնդրել 250 տարվա ստրկատիրության համար։ Նրանց գաղութատիրական անցյալը փաստում է, որ երկու դարից ավելի շահագործվել է 600,000 մարդ։
Կառավարությունը նաև ֆինանսական լուծում է գտել։ Ստրուկների ժառանգներին չեն փոխհատուցել, փոխարենը 200 միլիոն եվրո ծախսել են գաղութատիրական տերությունների մասին իրազեկող հիմնադրամի վրա, ևս 27 միլիոն եվրո տրամադրել են գաղութատիրական անցյալի մասին թանգարան բացելու համար։
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիան այս առումով ամենահակասական երկրներից է։ Դեռ երկու տարի առաջ գաղութացման պատմության և Ալժիրի պատերազմի մասին շատ սպասված զեկույցի հրապարակումից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը հայտարարեց՝ «չի լինի զղջում, չի լինի ներողություն»։ Ֆրանսիան Ալժիրի գաղութացման համար ներողություն չի խնդրում, բայց հիշում և ցավում է հյուսիսաֆրիկյան երկրի բռնազավթման բռնի պատմության համար։
Ֆրանսիան Ալժիրում գաղութատիրական տերություն էր 132 տարի, իսկ ալժիրցիներն իրենց անկախությունը նվաճեցին 1962 թվականին՝ յոթ տարի տևած պատերազմից հետո, որի ընթացքում վայրագությունների և խոշտանգումների բազմաթիվ օրինակներ ու փաստեր կան։ Գաղութային պատմության հետ կապված դժգոհությունները Ֆրանսիայի ազգային համախմբվածության վրա մեծ բիծ են թողել: Դրանք հաճախ նաև օգտագործվել են ահաբեկիչների կողմից որպես արմատական գաղափարներն առաջ տանելու գործիք։
Ալժիրը Ֆրանսիայից պաշտոնական ներողություն էր պահանջում, փոխարենը Ֆրանսիայի կառավարությունը խոհափիլիսոփայական միտք առաջ բերեց և հայտարարեց, որ կառերեսվի պատմության հետ.
«Ներողություն խնդրելն ունայնություն է, ճանաչումը՝ ճշմարտություն։ Ճշմարտությունը կերտվում է գործերով»:
ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիայի դեպքում ամենաթարմ դրվագը 2021֊ի ներողությունն էր։ Գերմանիան Նամիբիայի տարածքում հերերո և նամա ցեղերի ոչնչացումը պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն և ներողություն խնդրեց զոհերի ժառանգներից: Նամիբիան Գերմանիայի գաղութն էր 1884-ից մինչև 1915 թվականը: 20-րդ դարասկզբին գերմանական գաղութային զորքերը ոչնչացրին հերերո և նամա ցեղերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների։ Սա կազմում էր Հերերոյի բնակչության մոտ 80%-ը և Նամայի ավելի քան 40%-ը:
Գերմանիայի երկար սպասված ներողությունը նոր էջ բացեց գաղութային անցյալի մասին արևմուտքի ընկալումներում։ Բեռլինը նաև խոստացավ 1.3 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել։ Բայց ոչ բոլորի համար էր համոզիչ Գերմանիայի այս քայլը։ Որոշ հետազոտողներ խնդում են, որ ի սկզբանե հայտարարությունն արվել է հապճեպ՝ ներքաղաքական պատճառներով։ Մի մասն էլ պնդում են, որ Գերմանիայի «ներողությունը» փաթեթավորված էր զգուշորեն, որպեսզի խուսափի նոր նախադեպերից։ Եվ երրորդ՝ մարդիկ դժգոհ էին հատկացված գումարի չափից, ակնկալում էին, որ այդ գումարն առնվազն կրկնապատկված կլիներ և կնախատեսվեր վերակառուցման և զարգացման ծրագրերի համար։
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Միացյալ Նահանգներում գաղութատիրական անցյալը մշտապես թոփ քննարկման ու քննադատությունների թեմա է, հակասությունների գլխավոր պատճառ, անհամաձայնությունների կատալիզատոր։ Միայն վերջերս կոնգրեսի 142 անդամ քվեարկեց փոխհատուցումներն ուսումնասիրելու օրինագծի օգտին, բայց սա, իհարկե, բավարար չէր։ Ծրագրի ընդունվելու դեպքում փոխհատուցումը կարող է հասնել մինչև 12 տրիլիոն դոլարի, իսկ ամերիկացիները դեռ պատրաստ չեն նման շռայլությունների։
Մյուս կողմից, տարիների ընթացքում հասարակական կարծիքը ևս փոփոխվում է։ 2000 թվականին սպիտակամորթների միայն 4%-ն է աջակցել ստրկացված մարդկանց ժառանգներին տրվող դրամական փոխհատուցմանը։ Այս տարի, Reuters-ի հարցման համաձայն, 10 սպիտակամորթից 1-ն աջակցում է այս ծրագրին: Կա վարկած, որ սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից դրան հաջորդած բողոքի մեծ ալիքից հետո դիսկուրսը կարող է փոխվել, բայց այս փուլում Միացյալ Նահանգները դեռ շատ հեռու է փոխհատուցման քայլերից։
Արևմտյան թանգարանների աֆրիկյան մշակույթը թերևս լավագույն ապացույցն է այն ամենի, ինչ քննարկում էինք մինչ այս պահը։ Աֆրիկյան մշակութային ժառանգության 90%-ը գտնվում է եվրոպական թանգարաններում։ Եվ այսօր նախկին եվրոպական գաղութներն այսօր պահանջում են իրենց վերադարձնել այն, ինչն արևմուտքը թալանել է դարեր առաջ։
2017֊ին Ֆրանսիայի նախագահը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում հայտարարեց, որ Ֆրանսիան մաս առ մաս կվերադարձնի աֆրիկյան մեկ այլ երկրի՝ Բենինին պատկանող մշակութային ժառանգությունը։ Սա նոր պայքարի ու հույսի նոր սկիզբ դրեց և աֆրիկյան երկրներն ավելի պահանջատեր դարձան։ 2021-ին Բենինին պաշտոնապես վերադարձվեց 1892 թվականին երկրից դուրս բերված 26 արտեֆակտ։ Սա, իհարկե, վատ չէ, բայց թվերը պետք է դիտարկել համեմատության մեջ։ Իսկ իրականությունն այն է, որ ֆրանսիական թանգարաններում 90,000֊ից ավելի աֆրիկյան արտեֆակտ կա։ Այս համատեքստում վերադարձված 26 արտեֆակտն առնվազն «աչքերի մեջ թոզ փչել է»։
Եվրոպացիների արձագանքը միանշանակ չէ և ոչ բոլորն են ոգևորված։ Պորտուգալիայի խորհրդարանը, օրինակ, դեմ է քվեարկել մշակութային ժառանգության նմուշները նախկին գաղութներին վերադարձնելու օրինագծին։ Պաշտոնական վարկածով գլխավոր պատճառն աֆրիկյան թանգարանների ոչ բավարար պայմաններն են։ Այս փուլում Եվրոպական Միությունը պարտադրող որևէ օրինագիծ չունի և որոշումը թողել է անդամ երկրների քաղաքական էլիտայի խղճին։