#իվենթաPAN
January 18

Բարեկամ Տուզիկը՝ որպես դելիկատես. Ինչու են կորեացիները շուն ուտում և ինչպես են հրաժարվում այդ ավանդույթից

Նոր սերնդի մոտ Հարավային Կորեան առաջին հերթին ասոցացվում է K-pop-ի՝ կորեական փոփ երաժշտության, ու K-drama-ների՝ կորեական հեռուստատեսային դրամաների հետ: Ու թեև Հարավային Կորեայի զարգացման պատմությունը դասագրքային օրինակ կարող է դառնալ, կա մի թեմա, որը մեղմ ասած փչացնում է առաջադեմ կորեացիների իմիջը։ Իսկ թեման Կորեայում շան միս ուտելու դարավոր ավանդույթն է։

Այս ավանդույթի վերջը եկավ օրեր առաջ՝ նոր օրենքի տեսքով։ PAN-ը պատմում է ավանդույթի արմատների, նոր օրենքի, շների ճակատագրի ու կորեացիների վերաբերմունքի մասին։

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԸ

Հարավային Կորեայի խորհրդարանը 228 կողմ ու 2 ձեռնպահ ձայներով ընդունեց օրենք, որն արգելում է շներին մորթել՝ միսն ուտելու կամ այն վաճառելու նպատակով։ Այս օրենքի ընդունումը տարիներ տևած վիճահարույց քննարկումների, բողոքի ակցիաների, միջազգային մեղադրանքների ու հանրային պահանջի արդյունք է։ Նպատակը՝ վերջ դնել շան միս ուտելու հարավկորեացիների դարավոր ավանդույթին։

Ըստ օրենքի պատիժ է հասնում բոլոր նրանք, ովքեր շներ են բուծում հատուկ մորթելու և սննդի մեջ օգտագործելու համար կամ գիտակցաբար վաճառում են շներից պատրաստված կերակուրները։ Պատիժ չի նախատեսվում միայն շան միսը սննդակարգում օգտագործելու համար։ Այլ կերպ ասած, շղթայի առաջին ու երկրորդ օղակները՝ բուծողն ու վաճառողը, պատասխանատու են ու պատժի են ենթարկվելու, իսկ երրորդ օղակ համարվող սպառողը՝ ոչ։

Օրենքն ուժի մեջ կմտնի երեք տարի անցումային շրջանից հետո՝ 2027 թվականից։ Այս կերպ կառավարությունը ֆերմերներին հնարավորություն կտա վերապրոֆիլավորել շների բուծման ֆերմաները, ոլորտում աշխատող մարդկանց վերաորակավորման համար էլ օգնություն կտրամադրի։ Այսպիսով երեք տարվա ընթացքում ֆերմերային տնտեսությունների և ռեստորանների սեփականատերեր, ինչպես նաև շների մսի արդյունաբերության մեջ ներգրավված այլ օղակներ հնարավորություն կունենան բիզնեսը փակելու կամ արդյունաբերության ոլորտը փոխելու համար։

Հիմա անցնենք գլխավորին՝ օրենքով նախատեսված պատիժներին։ Շանը սպանությունը երեք տարվա ազատազրկում կամ 30 միլիոն վոնի (20.800 եվրո) չափով տուգանք է նախատեսում։ Իսկ սննդի համար շուն բուծելը կամ շան միս վաճառելը՝ երկու տարվա ազատազրկում կամ 20 միլիոն վոն տուգանք։

ԴԱՐԵՐՈՎ ԵԿԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Շան միս ուտելը Հարավային Կորեայում շատ վաղուց ձևավորված ավանդույթ է։ Հստակ չէ, թե երբ այս ավանդույթը մտավ կորեացիների առօրյա, բայց սա նվազագույնը մի քանի դար առաջվա պատմություն է։

1300-ականներից սկսած ու մի քանի դար շարունակ շան միսը կորեացիների համար դելիկատես էր համարվում ու լայնորեն չէր սպառվում։ Այն ուտում էին միայն հատուկ օրերի՝ լուսնային օրացույցով ամառվա երեք ամենաշոգ օրերին, հուղարկավորությունների ժամանակ և 60 ամյակի տոնակատարություններին։ Շան միսն այդ ընթացքում օգտագործում էին նաև ժողովրդական բժշկության մեջ։

Շան միսն ուտելու ավանդույթը լայնորեն տարածվեց արդեն 19-րդ դարում ու այս մասին են փաստում 1800-ականներին բանաստեղությունների կամ ավանդական բաղադրատոմսերի մեջ հայտնված տողերը, որտեղ գեղարվեստորեն ներկայացվում են շան մսի յուրահատուկ համն ու հատկապես դրա օգտակարությունը։

Շան միսը սովորաբար օգտագործել են որպես ամառային դելիկատես: Ավանդաբար այն համարվում է շոգ եղանակը հաղթահարելու, դիմացկունությունը բարձրացնելու և էներգիան կրկնապատկելու սպիտակուցով հարուստ աղբյուր։ Լայն տարածում գտնելուց հետո արդեն, շան միսն օգտագործում էին բնակչության բոլոր խավերը։

Ավելին, այն ժամանակ, երբ կորեացիների շրջանում աղքատության ցուցանիշն ակնհայտորեն բարձր էր՝ շան միսը դարձել էր շատերի համար սպիտակուցի միակ հասանելի աղբյուրը։ Կար անգամ ժամանակ, երբ շան մսի սպառումն այնքան էր տարածվել, որ այդ նպատակով տարեկան մինչև մեկ միլիոն շուն էին սպանում։

Հիմնականում կորեացիները ուտելու նպատակով բուծում են նուրեոնգի ցեղատեսակի շներ, կամ այլ կերպ ասած՝ կորեական շպիցեր։ Սա՝ պաշտոնական տվյալով։ Կա վարկած, որ երբեմն սպանդի են ենթարկվում ու որպես սնունդ օգտագործվում այլ ցեղատեսակների շներ ևս, բայց սա միայն վարկած է։ Պաշտոնապես կա հստակ տարանջատում, թե որ շներն են տանը պահելու, իսկ որոնք՝ ուտելու համար։

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Ժամանակները փոխվում են ու փոխվում են նաև մարդկանց ընկալումները։ Իսկ երբ խոսքը հարավկորեացիների մասին է, ապա կարելի է ենթադրել, որ երկրում հեղափոխական փոփոխությունների ու մոդերիզացիայի ֆոնին շան միս ուտելն անգամ ականջին լավ չի հնչում, ուր մնաց՝ կիրառվի իրականում։

Այժմ կորեացիների ճնշող մեծամասնության համար շներն ընտանի կենդանիներ են, որոնց խնամում են սեփական երեխայի պես։ Ու պատկերացրեք, երբ շարքային կորեացի մի կենդանասեր երիտասարդի զբոսաշրջիկը կամ օտարերկրացի ընկերը կլորացրած աչքերով հարցնում են՝ «դուք շո՞ւն եք ուտում»։ Կորեացիները բողոքում են, որ նման հարցադրումները վիրավորական են իրենց համար։ Բայց ի՞նչ մեղք ունի օտարերկրացին, եթե ասենք տարիներ առաջ ինչ-որ տեղ կարդացել է այս ինֆորմացիան, հիմա էլ հանդիպել է մի հարավկորեացու։ Շանսերը, որ օտարերկրացին չի կարող զսպել իր հետաքրքրասիրությունը՝ չափազանց մեծ են։

Գերմանիայում ապրող հարավկորեացի մի երիտասարդ օրինակ ասում է՝

«Շատ հոգնեցնող է ու անգամ վիրավորական, որ ես ամեն անգամ պիտի պարզաբանեմ ու բացատրեմ, որ երբեք շան միս չեմ կերել։ Հիմա արդեն Հարավային Կորեայում շան մսով ուտեսները փորձում են միայն տարեց մարդիկ, իսկ օտարերկրացիները շատ հաճախ ընդհանրական գնահատական են տալիս»:

Բայց անկեղծ լինենք։ Իրականում հարավկորեացիների մեծ մասը, իսկ երիտասարդների շրջանում գրեթե բոլորը դեմ են այս ավանդույթին։ Հատկապես՝ սպանության դաժան մեթոդներին։ Կենդանասերները պատմում են, որ շների սպանդը էլեկտրաշոկի կամ կախելու միջոցով է լինում։

Հարցումներից մեկի համաձայն, հարավկորեացիների 93.4%-ը դեմ է շների մսի օգտագործմանը։ Նրանցից ոմանք անգամ այս պրակտիկան որակում են բարբարոսական։ Մեկ այլ հարցման՝ Gallup-ի տվյալով 2022 թվականին հարցվածների միայն 8%-ն էր շան միս կերել։ Եթե համեմատենք՝ 2015 թվականին այս թիվը 27 տոկոսի էր հասնում։

Սեուլի երիտասարդներից մեկը պարզաբանում է՝

«Այս պրակտիկան ժամանակին տարածված էր, երբ մեր պարենային ռեսուրսները բավարար չէին, բայց հիմա տնտեսությունը զարգանում է, կենդանիների և սննդի սպառման մասին մարդկանց պատկերացումները փոխվում են։ Ճիշտ ժամանակն է շարժվել ժամանակին ու դրա պահանջներին համընթաց»:

Օտարերկրացիների առաջին մեծ արձագանքն այս ավանդույթին 1988 թվականին էր, երբ օլիմպիական խաղերն անցկացվում էին Սեուլում։ Սա առաջին մեծամասշտաբ միջազգային միջոցառումն էր, որն անցկացվում էր Հարավային Կորեայում։ Այս ընթացքում շան մսի սպառումը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխավոր էջերում։

Հետո արդեն ամեն բան այնքան լուրջ էր, որ անգամ արտասահմանում ապրող հարավկորեացիները բուլինգի ու ռասիզմի զոհ էին դառնում, որովհետև միջին վիճակագրական ամերիկացու համար օրինակ՝ շուն ուտելը հավասարազոր էր գազանության։ Իսկ այն, որ մարդիկ սիրում են իրավիճակներն ու հանգամանքներն ընդհանրացնել ու տարածել բոլորի վրա՝ սեփական փորձով գիտենք։ Կապ չունի՝ ԱՄՆ-ում ապրող կամայական հարավկորեացի դպրոցական աղջիկը իր կյանքում շուն կերե՞լ էր, թե՞՝ ոչ։ Անգամ կարևոր չէ՝ նա ընդունում էր այդ ավանդույթը, թե՞՝ ոչ։ Դպրոցում նրան ծաղրում էին ու անպատվում շուն ուտելու համար։

«ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԿԱՄՔԸ

Սա առաջին դեպքը չէ, երբ Հարավային Կորեայում փորձում են արգելքներ մտցնել կամ այս թեմայով օրինագիծ ընդունել։ 2018-ին օրինակ փակվեց շան միս արտադրող ամենամեծ ֆերման։ Այս որոշումը կայացվել էր դեռ 2013-ին։ 2019-ին էլ մայրաքաղաք Սեուլում փակեցին բոլոր սպանդանոցները։ Բայց ամեն անգամ ինչ-որ բան պակասում էր այս պրակտիկան վերջնականորեն արմատախիլ անելու համար։ Շատերը սա գուցե քաղաքական կամքի բացակայություն համարեն։ Բայց գուցե պարզապես պետք էր մի փոքր ավելի ջերմ ու անձնական կապ ունենալ շների հետ։

Յուրաքանչյուր չորրորդ հարավկորեացի ընտանի կենդանի ունի ու չորսից մեկը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն է, երկրորդը նրա կինը՝ առաջին տիկինը։ Երկուսն էլ հայտնի կենդանասերներ են, 6 շուն ու 5 կատու ունեն, որոնցից մի քանիսին որդեգրել են ապաստարաններից։ Շների բուծման արգելքը նախագահի նախընտրական խոստումներից էր, իսկ առաջին տիկինը բացահայտորեն պաշտպանում էր օրինագիծը և համարվում է այս նախագծի գլխավոր ակտիվիստներից մեկը։

Առհասարակ կենդանասերների, հասարակական կազմակերպությունների ու իրավապաշտպանների դերակատարումն օրենքի ընդունման մեջ շատ մեծ էր։ Նրանք բողոքի ակցիաներ էին կազմակերպում ու հնարավոր բոլոր միջոցներով պայքարում էին կարծրացած ավանդույթի դեմ։ Իսկ նրանց «մրցակիցներն» ամենևին էլ թույլ չէին ու հանձնվելու ցանկություն էլ չունեին։

Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարության տվյալով երկրում գործում է շների բուծման 1100 ֆերմա, որտեղ պահվում է կես միլիոնից ավելի շուն, իսկ գործընկեր ռեստորանների թիվը հասնում է 1600-ի։ Կա նաև թվային այլ պատկեր, որը ներկայացրել է շների միս արտադրողների և վաճառողների ասոցիացիան։ Որքան էլ սյուրռեալիստական թվա՝ այո՛, Հարավային Կորեայում նման ասոցիացիա գործում է։ Նրանց տվյալով ֆերմաների թիվն իրականում 3500֊ի է հասնում, ռեստորաններինը՝ 3000-ի, իսկ ֆերմաներում բուծվող շների թիվն անցնում է 1,5 միլիոնը։

ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

Ինչպես սպասվում էր՝ ֆերմերները բողոքում են այս օրինագծի դեմ ու պահանջում են այս ամբողջ պատմության մեջ չմոռանալ, որ իրենք տուն են պահում։ Նրանց հաշվարկներով այս օրենքի ընդունման պատճառով մոտ մեկ միլիոն մարդ կմնա առանց աշխատանքի։

Դեռ նոյեմբերին տասնյակ ֆերմերներ հավաքվել էին նախագահական շենքի մոտ ու բողոքի ակցիա էին իրականացնում։ Շատերի համար շների բուծումն իրենց միակ ֆինանսական աղբյուրն է։

«Որոշումը շատ անսպասելի է կայացվել։ Ես 12 տարուց ավելի այս գործով եմ զբաղվում։ Եթե իսկապես փակեն ֆերման՝ իմ ֆինանսական կացությունը շատ ծանր կլինի։ Չգիտեմ, թե ինչ եմ անելու»:

Ֆերմերները կարծում են, որ, հաշվի առնելով երիտասարդների շրջանում շան մսի «ժողովրդականության» անկումը, ժամանակի ընթացքում այս պրակտիկան «սեփական մահով» կմահանա: Ֆերմերների մեծ մասը տարեցներ են ու այդ տարիքում նոր աշխատանք կամ նոր մասնագիտություն դժվար թե ձեռք բերեն։

«10 տարի հետո այս ոլորտը ինքն իրեն կվերանա: Մեր մեծ մասը 60-70 տարեկան է։ Այլ բանով զբաղվել արդեն չենք կարող»:

Ֆերմերները պահանջում են գոնե կոմպենսացնել իրենց կորուստը։ Կառավարությունից պահանջում են յուրաքանչյուր շան համար իրենց տալ մոտ 1500 դոլար։ Եթե այս տարբերակն էլ չաշխատի՝ կդիմեն կտրուկ միջոցների։ Օրինակ՝ 1.5 միլիոն շներին բաց կթողնեն օրենքն ընդունած օրենսդիրների տների մոտ։

Օրենքով կամ ժամանակի թելադրանքով այս վիճահարույց ու սարսուռ առաջացնող ավանդույթի վերջը եկել է։ Հիմա կառավարության գլխավոր մարտահրավերը բոլոր կողմերի համար հնարավորինս ընդունելի լուծում գտնելն է։ Վատագույն սցենարով փողոցում կհայտնվի 1.5 միլիոն շուն ու սա K-drama չէ։


✍️ Նանե Մանուկյան / PAN