Արքայական ապտակը, կախարդական սունկն ու թալիբանը. «Պահեստային» Հարրին՝ թագավորական կուլիսներում
Թագավորական ընտանիքի մասին ամեն ինչ ու բոլորին հետաքրքիր է: Ոչ ոք դեմ չի լինի մի քանի թարմ բամբասանք լսել Միացյալ Թագավորության ամենաազդեցիկ ընտանիքի մասին: Խաղադրույքները աննախադեպ բարձր են, երբ այդ խոսակցությունները տարածում են հենց ընտանիքի անդամները: Վերջին շրջանի ամենասկանդալային գիրքն արդեն լույս է տեսել: Արքայազն Հարրիի ինքնակենսագրականն արդեն վաճառքում է և միայն առաջին օրը Մեծ Բրիտանիայում վաճառվել է գրքի ռեկորդային՝ 400,000 օրինակ: Գիրքը դարձել է Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական գրականությունը:
Եթե չունեք ժամանակ Հարրիի 400-էջանոց պատմությունները կարդալու, բայց չեք էլ ուզում հետ մնալ քննարկման թոփ թեմայից, PAN-ն առաջարկում է կարդալ այս լոնգրիդը՝ գրքի ամենաառանցքային շեշտադրումներով:
ՀԱԿԻՐՃ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Թագավորական ընտանիքի ներքին խոհանոցը Հարրիի ու Մեգան Մարքլի թեթև ձեռքով վերջերս հաճախ է դառնում լայն հանրության քննարկման առարկա: Արքայազն Հարրիի շուրջ ամեն ինչ սկանդալային է հատկապես վերջին տարիներին: Սասեքսի դուքսը որոշեց թողնել թագավորական կյանքը, պարտականություններն ու առավելությունները, և ընտանիքի հետ մեկնեց Միացյալ Նահանգներ: Զույգը նախ հայտարարեց, որ իրենց անձնական տարածք է պետք. ամիսներ անց հրապարակվեց նրանց առաջին սկանդալային հարցազրույցը: Որոշ ժամանակ անց էլ կնքվեց Netflix-ի հետ պայմանագիրը: Արդյունքում ստեղծվեց դոկումենտալ սերիալ, որը դարձավ Netflix-ի ամենահայտնի ու ամենաաղմկահարույց դոկումենտալ մեդիաարտադրանքը:
Հիմա էլ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին իր հուշերում ներառել է մի շարք մեղադրանքներ, բացահայտումներ, մանրամասներ մասնավոր զրույցներից: Մի խոսքով՝ այն, ինչ մնում է Բուքինգհեմյան պալատի դարպասներից այն կողմ: Թագավորական ընտանիքի տխուր դիմանկարն արդյունքում ավելի շատ հարցեր Է առաջացնում, քան պատասխաններ: Ու գլխավոր հարցն է՝ արդյո՞ք այս մանրամասները պետք է երբևէ հրապարակվեին: Հարրիի գրքում գլխավոր չարագործը դեղին մամուլն է, իսկ գովասանքի արժանի հերոսներ գրեթե չկան:
ՈՒԻԼՅԱՄ ԵՎ ՔԵՅԹ
Հարրիի հուշերում ավագ եղբոր՝ Ուիլյամի հետ հարաբերությունները ներկայացված են բազմաթիվ դրվագներով: Դրանցից շատերն այնքան էլ չեն արտահայտում եղբայրական ջերմ հարաբերությունները, փոխարենը Հարրին մտաբերում է այն դեպքերը, երբ եղբայրների վեճերը հասել են նույնիսկ ֆիզիկական բռնության:
Արքայազն Հարրին բոլոր մանրամասներով վերհիշում է ավագ եղբոր հետ վեճերից մեկը: Լոնդոն, 2019 թվական: Վեճի հիմնական թեման, ինչպես ենթադրվում էր, Հարրիի կինն է՝ Մեգան Մարքլը: Ուիլյամը Մեգանին անվանել է կոպիտ ու բարդ մարդ: Սա, Հարրիի ձևակերպմամբ, ընդամենը մամուլի տարածած նարատիվի կրկնություն էր, Ուիլյամը ռացիոնալ չէր դատում և միայն գոռում էր: Հարրին ավագ եղբորը մի բաժակ ջուր է տվել ու խնդրել հանգստանալ: Հետո Հարրին մանրամասն ներկայացնում է կռվի դրվագը.
«Նա մի կողմ դրեց ջուրը և եկավ դեպի ինձ: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Նա քաշեց իմ օձիքից, պոկեց վզնոցս ու ինձ գցեց հատակին: Ես ընկա շան կերակրամանի վրա, որը ջարդվեց, իսկ կտորները մտան մարմնիս մեջ: Մի պահ մնացի ընկած, ապշած, հետո ոտքի կանգնեցի ու ասացի, որ դուրս գա»:
Ուիլյամը եղբորը հորդորել է պատասխան հարված հասցնել, հիշելով իրենց մանկական կռիվները: Հարրին էլ, ինչպես ինքն է պնդում, հրաժարվել է: Ուիլյամը հեռացել է ու ավելի ուշ վերադարձել ներողություններով:
Եղբայրների միջև լարվածության տարբեր դրվագները Հարրին կրկին կապում է իրենց կանանց հետ, բայց թագավորական զույգերը միշտ չէ, որ լարված հարաբերություններ են ունեցել: Հարրին պատմում է, որ երբ առաջին անգամ Ուիլյամին ու Քեյթ Միդլթոնին պատմել է ապագա կնոջ մասին, նրանց բերանները պարզապես բաց են մնացել, որովհետև երկուսն էլ Suits սերիալի մեծ երկրպագու են եղել: Սա այն սերիալն է, որը Մեգան Մարքլին մեծ ճանաչում բերեց:
«Նրանք սկսեցին ինձ խեղդել սերիալի մասին հարցերով: Ես անհանգստանում էի, որ նրանք չեն ընդունի Մեգանին ընտանիք, բայց այդ պահին մտածում էի, որ Ուիլյամն ու Քեյթը հետապնդելու են Մեգանին, որպեսզի նրա ստորագրությունը ստանան»:
Թագավորական զույգերի միջև ամենասկանդալային իրավիճակը վստահաբար Հարրիի ու Մեգանի հարսանիքին նախորդող դրվագն էր։ Կամ ավելի ճիշտ՝ այդ դրվագի բազմաթիվ, մեկը մյուսին հակասող ու մեկը մյուսից անսպասելի նկարագրությունները։ Նախ բրիտանական մամուլը հայտնեց, թե հարսանիքից առաջ Մեգանը էմոցիոնալ այնպիսի վիճակի է հասցրել Քեյթին, որ վերջինս պարզապես լաց է եղել։ Հետո պարզվեց, որ իրականում ճիշտ հակառակն է եղել ու սեփական հարսանիքից առաջ Մեգանն է լաց եղել։ Վիճաբանության մասին Մեգան Մարքլը պատմել էր Օփրա Ուինֆրիին հարցազրույցում։ Հարրին ևս գրքում անդրադարձել է սկանդալային դրվագին։
Կռվախնձորը Ուիլյամի և Քեյթի դստեր՝ արքայադուստր Շառլոտի զգեստն էր, որը շատ մեծ էր և երկար։ Մեգանն առաջարկել է այցելել դերձակին և շտկումներ անել զգեստի վրա, արդյունքում ծավալվել է ոչ այնքան հաճելի երկխոսություն։ Հարրին պատմում է, որ երբ տուն է եկել, Մեգանին գտնել է գետնին նստած՝ հեկեկալիս։ Իհարկե, թե՛ Հարրին, թե՛ Մեգանը հաստատում են, որ հաջորդ օրը Քեյթը ծաղիկներով այցելել է Մեգանին և ներողություն խնդրել։ Հետո թագավորական երկու զույգը հանդիպել են ու մանրամասն քննարկել, թե ի վերջո ինչպես այս սկանդալը հասավ մամուլի ականջին։ Պարզվել է, որ պատմությունը սխալ մեկնաբանմամբ Ուիլյամը պատմել է հորը և խորթ մորը։ Չարլզն ու Կամիլան էլ, կամ, ավելի ճիշտ՝ նրանց PR թիմերը, տարածել են ինֆորմացիան:
Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի մասին խոսելիս կարելի է նաև վերհիշել 2005 թվականին Հարրիի սկանդալային կոստյումը Հելոուինի ժամանակ: Սասեքսի դուքսը նացիստական կոստյում էր հագել ու երկար ժամանակ ստիպված էր ներողություն խնդրել իր այդ չմտածված քայլի համար: Հիմա, տարիներ անց, Հարրիի ինքնակենսագրականի միջոցով պարզվում է, որ Ուիլյամն ու Քեյթն էին Հարրիին խորհուրդ տվել այդ հագուստն ընտրել: Հարրին սա անվանում է իր կյանքի մեծագույն սխալներից մեկը: Տարիներ առաջ դուքսը պատասխանատվություն էր վերցրել իր սխալ համար, բայց հիմա որոշել է բացել բոլոր փակագծերը:
Ավագ եղբոր հետ հարաբերությունները միշտ չէ, որ լարված են եղել: Գրքում Հարրին նաև պատմում է, թե ինչպես էին երկու եղբայրը խնդրում հորը չամուսնանալ Կամիլայի հետ: Նրանք հայրիկին խոստանում էին լավ վերաբերվել Կամիլային և ընդունել նրան, բայց միայն նրա հետ չամուսնանալու պայմանով: Ժամանակն ու ներկա իրականությունը փաստում են, որ Չարլզ Երրորդն այս պայմանը չի ընդունել:
«ՊԱՀԵՍՏԱՅԻՆԸ»
Հոր հետ Հարրիի հարաբերությունները ևս ծանր ու բարդ փուլեր են ունեցել: Եվ կարելի է ենթադրել, որ այս գրքի հրատարակումից հետո այդ փուլերին ավելացել է ևս մեկը, թերևս՝ ամենածանրը: Ի սկզբանե Հարրին համարել է, որ ինքը պարզապես ծնվել էր, որպեսզի ավագ եղբոր համար օրգանների դոնոր լիներ: Հարրիի գիրքը կոչվում է Spare, ինչը թարգմանաբար նշանակում է «ավելորդ, պահեստային»: Այսկերպ Հարրին հղում է անում թագավորական մի հին խոսքի, որն օգտագործում էին արիստոկրատ շրջանակները: Առաջին որդին ժառանգն էր, որը ստանում էր բոլոր կոչումներն ու կարողությունը, և հետևաբար երկրորդ որդին «պահեստայինն էր», եթե հանկարծ առաջինին որևէ բան պատահեր: Հարրին նույնիսկ պատմում է, որ իր ծնվելուց հետո Չարլզը կնոջը՝ արքայադուստը Դիանային ասել է.
«Հրաշալի է: Հիմա դու ինձ տվեցիր ժառանգ և պահեստային, ուստի դրանով իմ անելիքն ավարտված է»:
Արքայազն Հարրին, կարծես դուրս թողնելով ամբողջ կյանքում իր մեջ կուտակված անարդարության զգացումը գրում է.
«Ես լույս աշխարհ էի եկել որպես այլընտրանք, եթե հանկարծ Ուիլլիին ինչ-որ բան պատահեր: Ես, կարծես, պահեստամաս լինեի երիկամների, արյան փոխներարկման, կամ, ասենք, ոսկրածուծի փոխպատվաստման համար»:
Չնայած այս անկեղծությանը, Հարրին նաև հստակ ընդգծում է, որ հոր և եղբոր հանդեպ իր սերը ոչ մի սակարկման ենթակա չէ: Նաև մեջբերում է ոչ վաղ անցյալի մի դրվագ, երբ 2021-ին մահացավ արքայազն Ֆիլիպը՝ թագուհու ամուսինը, Հարրին առաջին անգամ ԱՄՆ տեղափոխվելուց հետո վերադարձավ տուն. թեև պլանավորել էր մասնակցել միայն պապիկի հուղարկավորությանը, Հարրիին գաղտնի պլանավորված հանդիպում էր սպասում հոր և եղբոր հետ: Ծանր խոսակցությունն անխուսափելի էր և Ուիլլիի և Հարոլդի միջև (այսպես են եղբայրներն անվանում իրար) լարվածությունը՝ ևս: Հենց այդ ժամանակ էլ Չարլզ Երրորդը որդիներին խնդրել է իր կյանքի վերջին տարիները տառապանքի չվերածել:
ՉԱՐԼԶ III-Ն ՈՒ ԿՈՆՍՈՐՏ ԹԱԳՈՒՀԻ ԿԱՄԻԼԱՆ
Խորթ մոր՝ Կամիլա Պարկեր Բոուլզի մասին էլ Հարրիի հերթական սկանդալային հայտարարությունը մամուլի և թագուհի կոնսորտի սերտ կապի հետ էր կապված: Արքայազն Հարրիի խոսքով՝ Կամիլան միշտ եղել է թագավորական ընտանիքի ամենախորամանկ անդամը: Երբ խոսքը վերաբերում էր մամուլի հետ գործակցությանը, Կամիլան մեկ անգամ չէ, որ ընտանիքի մյուս անդամների կյանքի մանրամասները տրամադրել է մամուլին իր սեփական իմիջի բարենպաստ լուսաբանման դիմաց: Հարրիի խոսքով, Կամիլայի այս պահվածքը սկսվել է արքայադուստր Դիանայի մահից հետո: Նրա հաղորդակցության թիմն ամեն ինչ անում էր, որպեսզի Չարլզի և Կամիլայի շուրջ դրական իմիջ ստեղծվի, իսկ մամուլի արշավների թիրախում հաճախ հենց եղբայրներն էին՝ Ուիլյամն ու Հարրին:
ԹԱԳՈՒՀԻՆ
Թագուհու հետ Հարրիի հարաբերություններն այս գրքում ամենաէմոցիոնալ, ամենայուրահատուկ ու նուրբ զգացմունքների մասին էին: Արքայազն Հարրիի ու Եղիսաբեթ թագուհու հումորային հոլովակներն ու երկխոսությունները թագավորական ընտանիքի երկրպագուներին շատ լավ ծանոթ են, և, պարզվում է, որ այն էմոցիոնալ կապը, որ երևում էր էկրաններին, միանգամայն նույնն էր նաև կադրից դուրս:
Հարրին վերհիշում է թագուհու և Մեգանի առաջին հանդիպումը: Ամերիկուհու հետ միապետը ջերմ զրույց է ունեցել ու կանայք հասցրել են քննարկել նույնիսկ Դոնալդ Թրամփին: Թագուհուն հետաքրքրել է, թե ինչ կարծիք ունի Մեգանն այն ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփի մասին:
Մեկ այլ դրվագ Հարրին վերհիշում է իր հարսանիքից: Թագուհուց թույլտվություն է խնդրել, որպեսզի չսափրվի հարսանիքի օրը և ներկայանա մորուքով: Բանն այն էր, որ մինչ այդ Մեգանը Հարրիին երբեք սափրված չէր տեսել և արքայազնը չէր ուզում, որ ապագա կինն ամուսնության օրն «անծանոթ մեկին» տեսնի: Թագուհին հասկացել է իրավիճակը և թույլատրել:
Սասեքսի դուքսը պատմում է նաև թագուհու հետ վերջին զրույցի մասին: Տատ ու թոռ խոսել են Մեծ Բրիտանիայում քաղաքական խառնաշփոթի, թագուհու առողջության և այլ թեմաների մասին: Հարրին չի հասցրել հանդիպել թագուհուն մինչև նրա մահը: Երբ օդանավը վայրէջք է կատարել, Մեգանից նամակ է ստացել, հետո բացել է BBC-ն ու իմացել, որ թագուհին մահացել է:
ԱՖՂԱՆՍՏԱՆԸ
Անձնական հարաբերություններից զատ այս գիրքը նաև անձնական աճի, ձախողումների ու մարտահրավերների մասին է: Գրքի հերթական սկանդալային բացահայտումը, որ հայտնվեց բոլոր լրատվամիջոցների գլխագրերում, հետևյալն էր. Արքայազն Հարրին Աֆղանստանում սպանել է Թալիբան ահաբեկչական շարժման 25 անդամի: Հարին Աֆղանստանում ծառայել է 2007-2008 և 2012-2013 թվականներին: Նա թալիբներին անվանում է չարագործներ, մարդկության թշնամիներ, որոնք պատասխանատու են սարսափելի ոճրագործությունների համար: Նա ասում է, որ իր թիրախներին ավելի շատ ընկալում էր որպես շախմատի խաղաքարեր, քան մարդիկ:
«Ես ուզում էի Մեծ Բրիտանիա վերադառնալ իմ բոլոր վերջույթներով, բայց ավելի շատ ուզում էի տուն վերադառնալ մաքուր խղճով: Չես կարող մարդկանց սպանել, եթե նրանց մարդ ես համարում: Ես իսկապես չէի կարող վնասել նրանց, եթե մարդ համարեի: Վատերին պետք էր վերացնել, քանի դեռ նրանք չէին սպանել Լավերին»:
ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ
Արքայազն Հարրին գրքում նաև խոստովանում է, որ թմրանյութ է օգտագործել: 17 տարեկանում առաջին անգամ կոկաին օգտագործելու մասին Հարրին գրում է.
«Իհարկե, այդ տարիքում ես կոկաին էի օգտագործում: Առաջին անգամ ինձ առաջարկեցին ինչ-որ մեկի ամառանոցում, հանգստյան օրերին: Դա ինձ այնքան չէր ուրախացնում, որքան մյուսներին: Փոխարենն օգնում էր ինձ տարբեր զգալ: Ու դա գլխավոր նպատակն էր: Լինել ուրիշ: Ես խորապես դժբախտ տասնյոթ տարեկան տղա էի, որը պատրաստ էր փորձել գրեթե ամեն ինչ, ինչը կհակադարձեր ստատուս քվոյին»:
Սա առաջին դեպքն էր, բայց ոչ վերջինը։ Հարրին հասցրել է նաև մարիխուանա և «կախարդական սունկ» օգտագործել։ Ի դեպ, սունկ օգտագործելու դրվագը համացանցում ամենաքննարկվածներից էր։ Friends֊ի դերասանուհի Քորթնի Քոքսի տանը խնջույքի ժամանակ Հարրին ու ընկերը նախ սունկ են փորձել, հետո էլ վրայից տեկիլա խմել։ Հարրին նույնիսկ մանրամասնել է, թե ինչ հալյուցինացիաներ է տեսել։
«Զուգարանի կողքին դրված էր կլոր արծաթյա աղբարկղ, որի կափարիչը բացվում էր ոտնակով: Ես նայեցի աղբարկղին: Աղբարկն ինձ էր նայում։ Հետո այն դարձավ... գլուխ: Ես սեղմեցի ոտնակին, և գլուխը բացեց բերանը»:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ
Հասարակությունը երկու մասի է բաժանվել: Մարդկանց մի մեծ խումբ մեղադրում է թագավորական ընտանիքին և շնորհակալություն հայտնում Հարրիին անկեղծության համար: Մյուսները պնդում են, որ այս գրքով Հարրին առաջին հերթին իրեն է վատ վիճակում դրել, և ընտանիքի ներքին խոհանոցն այս մասշտաբներով ու ծավալով բացահայտելը սխալ որոշում էր: Ահա կարծիքներից մի քանիսը.
- «Թագավորական ընտանիքը ծիծաղի առարկա է դարձել»:
- «Արքայազն Հարրիի համար դժոխքում հատուկ տեղ կա»:
- «Ես թագավորական ընտանիքի երկրպագու էի, բայց հիմա հասկանում եմ, որ նրանք իրականությունից լրիվ կտրված են»:
- «Մինչև գրքի հրապարակումը ես կարեկցում էի Հարիին և Մեգանին, բայց հիմա՝ ոչ: Չեմ կարծում, որ հարկատուն պետք է վճարի նրա անվտանգության համար, քանի դեռ նա ապրում է ԱՄՆ-ում»:
- «Ես ցավում եմ Մեգանի և նույնիսկ Կամիլայի համար: Կարծում եմ, որ նրանք անարդարացիորեն մեղադրվում են ընտանիքը քանդելու մեջ: Գուցե, որովհետև կին են և աութսայդեր են»:
- «Ես այլևս չեմ աջակցում թագավորական ընտանիքին, բայց Հարրիի բացահայտումներն ու անկեղծությունը նույնպես չափից շատ էին»:
- «Հարրիի գրքի բացահայտումներն ավելի մարդկային դարձրին թագավորական ընտանիքը՝ ցույց տալով, որ նույնիսկ հասարակության ամենաբարձր խավը բախվում է ընտանեկան դրամաների և հոգեկան առողջության մարտահրավերների»:
- «Հիմա միանգամայն պարզ է՝ թագավորական ընտանիքը պետք է հեռանա։ Յուրաքանչյուր ոք, ով պաշտպանում է այս ստատուս քվոն՝ մոլորված մարդ է»:
Ու մի քանի մեկնաբանություն՝ հայտնի ամսագրերից.
Հյութալի, հումորային, վրդովված և տխուր: Spare-ը ներկայացնում է թագավորական ընտանիքի կուլիսային կյանքը։ Ընտանիքի ու լրատվամիջոցների նկատմամբ բարկության մեծ չափաբաժինն ակնհայտ է։
The Washington Post
Spare-ը լի է արքայական կյանքի մասին լիրիկական զեղումներով։ Գրքի բացումը հիշեցնում է Ուիլյամ Շեքսպիրին: Իհարկե, գիրքը հեռու է կատարյալ լինելուց: Մյուս կողմից, հայտնի մարդկանց հուշերը սովորաբար դասակարգվում են որպես «լավ գրված» կամ «ցնցող բացահայտումներով»։ Հազվադեպ՝ երկուսը միասին։ Spare-ն այդ առումով առանձնահատուկ է։
Time
Միացյալ Նահանգներում՝ ի տարբերություն Միացյալ Թագավորության, թագավորական ընտանիքի «վտարանդի» անդամների հանդեպ մեղմ վերաբերմունք ու հանդուրժողականություն կա։ Բայց նույնիսկ ԱՄՆ֊ում, որտեղ տրավմաները և ընտանեկան խնդիրների հաղթահարումը մեծագույն կարեկցանքով են ընդունվում, այս բացահայտումները երբեմն չափից շատ էին։
New York Times
Սա թագավորական ընտանիքի կողմից երբևէ գրված ամենատարօրինակ գիրքն է: Արքայազն Հարիի Spare հուշագրությունը մասամբ խոստովանություն է, մասամբ բամբասանք, և մասամբ սիրային նամակ: Տեղ-տեղ թվում է, թե սա հարբած մարդու կողմից երբևէ ուղարկված ամենաերկար զայրացած տեքստն է:
BBC
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Թագավորական ընտանիքից պաշտոնական ոչ մի արձագանք չկա: Արժանապատիվ լռությունը փորձված ձևաչափ է: Ու, ինչպես միշտ, գործի է անցել մամուլԸ: Իրենց աղբյուրներին հղումոն նշում են, որ Չարլզ Երրորդը զայրացած է և որդու բացահայտումներն ամոթալի ու վնասական է համարում: Ավագ եղբայր Ուիլլին էլ, ըստ նույն աղբյուրների, անընդհատ բանակցությունների և հանդիպումների մեջ է՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են նվազեցնել արքայազն Հարրիի անկեղծության հետևանքները:
Ավելի վաղ Հարրին հայտարարել էր, որ ինքը թագավորական ընտանիքի օրհնանքի կարիքը չունի և թույլտվություն չի հարցրել, թե ինչ գրել: Փոխարենը նրանց տեղյակ է պահել, թե ինչ է ներառելու գրքում: Հարրին նաև հայտարարել է, որ երկու անգամ ավելի շատ նյութեր ուներ, բայց դրանք չի հրապարակել՝ թագավորին և ավագ եղբորը վատ դրության մեջ չդնելու համար: Գրքի նախնական տարբերակը 400-ի փոխարեն 800 էջ է ունեցել, բայց Հարրին որոշել է, որ ամբողջ աշխարհը չպետք է տեղեկանա այդ բոլոր մանրամասներին: Սասեքսի դուքսը հայտարարել է, որ այս գիրքը ոչ թե միապետությունը ոչնչացնելու, այլ այն փրկելու փորձ է: