#իվենթաPAN
February 1

Toxic հայրը, Selfish Թիմբերլեյքն ու մեջ ընկնող մեդիան. Բրիթնի Սփիրսը պատմում է իր ներսի կնոջ մասին

Բրիթնի Սփիրսի ամենահայտնի Toxic երգը ոչ միայն դարձավ երգչուհու այցեքարտը, այլև, կարծես, մի տեսակ կանխորոշեց նրա կյանքն ու հարաբերությունները։ Եվ հարաբերություններ ասելով միայն սիրային գիծը նկատի չունենք, առաջին հերթին տոքսիկ էին Բրիթնիի ու նրա հոր հարաբերությունները։

Բրիթնիի կյանքի մասին սովորաբար խոսում են բոլորը՝ դեղին մամուլից մինչև հայտնի պարբերականներ, մանկության ընկերներից մինչև երկրպագուներ։ Ու ստացվել էր այնպես, որ ամենաքիչը սեփական կյանքի դրվագների մասին հենց ինքն էր խոսել։ Երգչուհին այս սխալն ուղղել է իր «Իմ ներսի կինը» / The Woman in Me հուշագրության միջոցով, որտեղ իր կյանքի ամենակարևոր ու ծանր դրվագներն են՝ առաջին դեմքով։

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՏՎԱԾԸ

Գիրքն արդեն իսկ մեծ տարածում է գտել մի քանի դրվագի շնորհիվ, բայց դրանցից ամենաքննարկվողը վերաբերում է Ջասթին Թիմբերլեյքի հետ հարաբերություններին։

Սփիրսն ու Թիմբերլեյքը 1999-ականների վերջի-2000-ականների սկզբի ամենահայտնի ու քննարկվող զույգերից էին։ Նրանք հանդիպել են 1999-2002 թվականներին, երբ երիտասարդ էին, տաղանդավոր, նորաձև ու սիրահարված։ Ու երբ երկրպագուները զույգի փոխարեն արդեն ամուսնության սցենարներ էին մշակում՝ Սփիրսն ու Թիմբերլեյքը բաժանվեցին։

Այս տարիների ընթացքում բաժանման պատճառների մասին միայն շշուկներ են եղել, բայց հենց 2002-ին թողարկված Թիմբերլեյքի Cry Me a River երգն ու տեսահոլովակը անուղղակի կերպով ասում էին, թե Բրիթնին դավաճանել է Ջասթինին։ Ու արդյունքում մամուլը ողողվել էր Բրիթնիին «կինոյի վատ աղջիկ» մարմնավորող նյութերով։

Բրիթնիի պատասխանն ուշացավ մոտ երկու տասնամյակ։ Իր հուշագրության մեջ երգչուհին անդրադարձել է Ջասթինի հետ բաժանման դրվագին ու պատմել, որ իրականում հենց Ջասթինն է նախաձեռնել բաժանումը՝ միայն մեկ sms-ի միջոցով։

«Cry Me a River երգի տեսահոլովակի մեջ արտաքնապես ինձ շատ նման մի կին դավաճանում է Ջասթինին, իսկ նա էլ տխուր քայլում է անձրևի տակ։ Լրատվամիջոցներն ինձ ներկայացնում էին որպես պոռնիկ, որը կոտրել էր Ամերիկայի ոսկե տղայի սիրտը։ Իսկ իրականում ես քարացած էի ու, կարծես, կոմայի մեջ լինեի, իսկ նա շատ ուրախ ապրում և աշխատում էր Հոլիվուդում»:

Եթե գրքում Ջասթինին նվիրված հատվածն այսքանով ավարտվեր՝ ամեն ինչ այդքան վատ չէր դասավորվի երգչի համար։ Բայց սա միայն սկիզբն էր։ Բրիթնին որոշել էր բացել բոլոր խաղաքարտերը։

Պարզվում է՝ մինչև բաժանումը՝ 2000 թվականի վերջին Բրիթնին հղիացել է Ջասթինից ու հենց նրա հորդորով էլ ընդհատել է հղիությունը։ Երգչուհին պատմում է, որ 19 տարեկանում հղիությունն իր համար անակնկալ էր, բայց ոչ ողբերգություն։

«Ես Ջասթինին շատ էի սիրում։ Ուզում էի, որ մի օր ընտանիք կազմենք։ Ջասթինին դուր չեկան հղիության մասին լուրերը, նա ասաց, որ մենք պատրաստ չենք երեխա ունենալ, որ շատ երիտասարդ ենք»:

Սփիրսը գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ ինքն այս որոշմանը կողմ չի եղել ու Ջասթինի ճնշման տակ է նման քայլի գնացել։

«Եթե ամեն ինչ ինքս որոշեի, աբորտ չէի անի։ Բայց Ջասթինն այնքան վստահ էր, որ չէր ուզում հայր լինել»:

Այս մի քանի նախադասությունն ու անցյալում մնացած «փոքրիկ» գաղտնիքի բացահայտումը Ջասթինի համար իսկական մղձավանջ դարձան։ Նա հրապարակային որևէ արձագանք չի տվել Բրիթնիի գրքին։ Ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է որևէ բան։ Փոխարենը Բրիթնիի երկրպագուները մեծամասշտաբ արշավ են սկսել երգչի դեմ ու համացանցում նրան պարզապես հանգիստ չեն տալիս։ Թիմբերլեյքը փակել է սոցցանցերի իր էջերում մեկնաբանությունների դաշտը, բայց դա, իհարկե, լուծում չէ։

Պաշտոնական արձագանք չկա, բայց Թիմբերլեյքի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Սփիրսի անկեղծությունը խոցել է երգչի կնոջը՝ Ջեսիկա Բիլին, ու լարվածություն առաջացրել զույգի հարաբերություններում։ Նույն աղբյուրը նաև գրում է.

«Ջասթինը գիտակցում է, թե ինչպիսին էր ինքը Սփիրսի հետ հանդիպելու տարիներին: Նրա անձը, կարիերան ու կենսակերպը վերջին 20 տարվա ընթացքում էականորեն փոխվել են: Այդ գիրքը մղձավանջ է Ջասթինի համար և կարող է քաոսի վերածել նրա ընտանիքը»:

Քաոսի վերածվելու վտանգի տակ է ոչ միայն երգչի ընտանիքը, այլև կարիերան։ Հիմա դերասան-երգչի կարիերայում ակտիվ շրջան է, նա վերամիավորվել է NSYNC-ի ընկերների հետ, պատրաստվում է նոր ալբոմ թողարկել, իսկ օրեր առաջ էլ թողարկել է ալբոմի առաջին երգը՝ Selfish-ը։

Ու այստեղ սկսվում է իրական կոմեդիան։ Նույն՝ Selfish անունով երգ Բրիթնին թողարկել էր 2011 թվականին։ Հիմա Սփիրսի հավատարիմ երկրպագուները Ջասթինից «վրեժ լուծելու» ամենաօրիգինալ տարբերակն են ընտրել։ Սոցցանցերում արշավ են սկսել, ինչի շնորհիվ Բրիթնիի 13 տարվա վաղեմության երգը տարբեր չարտերում առաջին հորիզոնականում է հայտնվել, իսկ Ջասթինի Selfish-ը միայն երկրորդ կամ երրորդ տեղերում է։

Երկրպագուներն իրենք էլ զարմացած են այս արդյունքից։ Ասում են, որ ամեն ինչ սկսվեց որպես կատակ։

«Մենք համացանցում տարածեցինք, թե Բրիթնին վերադառնում է երաժշտական ասպարեզ իր նոր՝ Selfish երգով: Չէինք էլ կարող պատկերացնել, որ այս արդյունքը կունենանք»:

Բրիթնին, կարծես, զգացել է, որ երկրպագուները մի քիչ «համը հանել են», ինքն էլ գրքում գուցե չափից շատ է անկեղծացել ու որոշել է շտկել իրավիճակը։ Նա Instagram-ում արված հրապարակմամբ ներողություն է խնդրել որոշ բաների համար, որոնք «գուցե, պետք չէր բարձրաձայնել»:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել որոշ բաների համար, որոնք գրել եմ իմ գրքում: Եթե ​​վիրավորել եմ մեկին, ով ինձ համար իսկապես թանկ է, ապա խորապես ցավում եմ: Նաև ուզում եմ ասել, որ սիրահարվել եմ Ջասթինի Selfish երգին։ Այն շատ լավն է»:

Է՞Լ ԻՆՉ ԿԱՐ ԳՐՔՈՒՄ

Գրաքննադատները Բրիթնիի գիրքը մեկնաբանում են հետևյալ կերպ.

«Նա առաջին անգամ բացահայտում է իր անցած անհավանական ճանապարհը և ընդգծում, թե որքան կարևոր է, երբ կինը սեփական պատմությունը պատմում է սեփական բառերով»:

Չնայած իր անհավանական կարիերային ու հաջողություններին՝ Բրիթնի Սփիրսը հաճախ ներկայացվում է որպես 21-րդ դարի փոփ մշակույթի ամենաողբերգական կերպարներից մեկը։ Նա մշտապես դիտարկվում էր որպես կին, որը կա՛մ փրկության, կա՛մ զսպվածության կարիք ունի։ Լրատվամիջոցներն էլ բաց չէին թողնում որևէ առիթ՝ Բրիթնիին վատ լույսի տակ ներկայացնելու համար։ Ու ազնիվ լինենք և ասենք, որ Բրիթնին էլ առիթներ հաճախ էր տալիս։

Սփիրսի «Իմ ներսի կինը» ինքնակենսագրականը պատմում է նրա փառքի ճանապարհի, մի քանի անգամ կոտրված սրտի, հոր խնամակալությունից ազատվելու ու կյանքի տարբեր փուլերում անընդմեջ պայքարի մասին։

Գրքի տարբեր դրվագներում Սփիրսը պարբերաբար նկարագրում է իր «չափազանց շատ» լինելու հանգամանքներն ու դրա հետևանքները։ «Չափազանց շատ» էր հասարակության համար, մեդիայի համար, ծնողների ու անգամ բժիշկների։ Նրա խենթ բնավորությունն ու կարծրատիպերից դուրս ապրող տեսակն ընկալում էին որպես խնդիր, ոչ թե առանձնահատկություն։

Բրիթնին վերհիշում է իր անցած ամբողջ ճանապարհը։ Երբ դեռահաս տարիքում ձայնագրման ստուդիաների ղեկավարներով լի սենյակում երգեց Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը, կամ երբ այդ տարիքում անգամ հասկացավ, որ ուզում է սովորական կյանքով ապրել, բայց նույն շրջանում նրան ռեկորդային գործարք առաջարկեցին, որից հրաժարվելն անմտություն կլիներ։

Բրիթնին չի խուսափում անդրադառնալ նաև իր ակտիվ երիտասարդությանը, գիշերային կյանքին ու թմրանյութերին։ Ընդունում է, որ գիշերային կյանքն իրեն դուր էր գալիս, թմրանյութեր էլ երբեմն օգտագործել է, բայց կախվածության մեջ չի եղել ու ծանր բաներից միշտ հրաժարվել է։

«Ես երբեք այնքան վատ վիճակում չեմ եղել, ինչպես ինձ մեդիան էր ներկայացնում»:

2008 թվականին Սփիրսը երկու անգամ հոսպիտալացվեց և ախտորոշվեց, որ երգչուհին հոգեկան խնդիրներ ունի։ Արդյունքում նրա հայրը՝ Ջեյմս Սփիրսը դարձավ երգչուհու խնամակալն ու սկսեց տնօրինել նրա կյանքը մինչև 2021 թվականը, երբ աղմկահարույց դատական գործընթացների արդյունքում Բրիթնին վերջապես ազատվեց նրանից։

Գրքում երգչուհին պատմում է, որ այդ տարիների ընթացքում ոչ հրապարակային կերպով ամեն բան արել է հոր խնամակալությունից ազատվելու համար, բայց երկու երեխայի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը կորցնելու վախը թույլ չի տվել անել ավելին։

«Հայրս ասում էր՝ հիմա ես եմ Բրիթնի Սփիրսը»:

Սփիրսը պատմում է, որ երբ 2008-ից հետո վերադարձավ բեմ, նրա յուրաքանչյուր քայլ վերահսկվում էր ու դա չէր սահմանափակվում միայն աշխատանքով։ Վերահսկվում էր, թե ում հետ կարող է հարաբերություններ ունենալ կամ որ ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Հայրը ղեկավարում էր դստեր ֆինանսական միջոցներն ու նրա փոխարեն որոշումներ կայացնում՝ հաճախ նրա կամքին հակառակ։

«Ես ռոբոտ էի դարձել, բայց ոչ միայն ռոբոտ, այլ մի տեսակ երեխա-ռոբոտ։ Իմ ներսի կինը երկար ժամանակ ընկճված էր։ Նրանք ուզում էին, որ ես բեմում վայրի լինեմ՝ իմ կերպարին համապատասխան, բայց երբ բեմից իջնում էի՝ սեփական կյանքիս վերաբերող այլևս ոչինչ չէի կարող որոշել։ Ես իսկապես երբեմն խենթություններ էի անում, բայց դա չի արդարացնում այն փաստը, որ ինձ վերաբերվում էին որպես բանկ թալանողի»:

Տպավորություն է, որ Բրիթնին առողջ էր այն ժամանակ, երբ դա նրա հորը ձեռնտու էր ու հիվանդ այն իրավիճակներում, որոնք հայրն էր որոշում։

«Ստացվում է՝ ես չափազանց հիվանդ էի, որպեսզի ընտրեի, թե ում հետ եմ ուզում հարաբերություններ ունենալ, բայց բավականաչափ առողջ էի՝ սիթքոմներում և առավոտյան շոուներում հանդես գալու, ամեն շաբաթ աշխարհի տարբեր ծայրերում հազարավոր մարդկանց համար ելույթ ունենալու համար»:

Տարիներ անց Բրիթնին համարձակություն ունեցավ հոր դեմ դատական հայց ներկայացնելու, բայց հայրը սպառնում էր, որ դատարանում խայտառակ կանի դստերն ու ամբողջ աշխարհի առաջ այնպես կանի, որ Բրիթնին հիմարի տեսք ունենա։

Բարեբախտաբար, հոր այս պլանները ձախողվեցին։ Ու այստեղ պետք է ընդունել, որ շատ մեծ էր Բրիթնիի երկրպագուների դերը։ Նրանք սոցցանցերում արշավներ էին կազմակերպում, իսկ փողոցներում #FreeBritney պաստառներով ցույցեր անում՝ ի պաշտպանություն Բրիթնիի։ Հանրային այս մեծ արձագանքի ֆոնին նաև Բրիթնին ազատվեց հոր՝ տասնամյակներ ձգվող գերությունից։

Թվում էր, թե խնամակալությունից ազատվելուց հետո երգչուհու կյանքը դասավորվում է։

Դատական գործընթացների ավարտից ամիսներ անց Սփիրսն ամուսնացավ իր երիտասարդ ընկերոջ՝ ծագումով իրանցի Սեմ Ասղարիի հետ, դեպի խորան քայլեց Էլվիս Փրեսլիի Can't Help Falling In Love երգի հնչյունների ներքո ու հատուկ իր համար կարված Versace-ի հարսանեկան զգեստով։ Բայց սա, ցավոք, happy end-ը չէր։ Հարսանիքից մեկ տարի անց զույգը բաժանվեց։ Հիմա Բրիթնին իր էներգիան ու ժամանակը կենտրոնացրել է սեփական անձի վրա ու վայելում է ինքն իր ներկայությունը։


✍️ Նանե Մանուկյան / PAN