#իվենթաPAN
December 7, 2023

Հուսահատ պրոլետարիատը, «մահացու» խաղերն ու համարակալված մարդիկ. «Կաղամարի խաղը»՝ կյանքում ու էկրանին

Ի՞նչ զոհողության եք պատրաստ, ասենք, կես միլիոն դոլարի համար։ Իսկ $1 միլիոնի՞։ Գուցե համաձայնեք որևէ բան զոհաբերել $3 միլիոնի՞ համար։ Հաշվի առնելով, որ գրանցվում են դեպքեր, երբ մարդիկ ընդամենը մի քանի հազար դոլարով պատրաստ են դավաճանել հայրենիքը կամ կողոպտել հարազատին, բարդ ու անգամ տագնապային է պատկերացնել, թե ինչերի են նրանք պատրաստ միլիոնավոր դոլարների համար։

Մարդկային հոգեբանությունը շատ լավ ուսումնասիրած պրոդյուսերները նախ ստեղծեցին անհավանական հաջողության հասած «Կաղամարի խաղը» (Squid Game) սերիալը, հիմա էլ արդեն՝ այդ սերիալի հիման վրա ու նույն մոտիվներով ռեալիթի շոուն։ Այս «երևույթի» ֆինանսական, հոգեբանական ու, ինչու ոչ՝ բարոյական կողմերին անդրադառնանք հերթով։

ԿԱՐՃ ԱԿՆԱՐԿ. ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ՍԵՐԻԱԼԸ

«Կաղամարի խաղ»՝ նույն ինքը Squid Game հարավկորեական սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2021 թվականի աշնանը ու սկսեց հերթով ռեկորդներ սահմանել։ Այն դարձավ Netflix-ի ամենահաջողված սերիալներից մեկը, ռեկորդ սահմանեց դիտումների քանակով։ Միայն  առաջին 13 շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհում սերիալը դիտեցին 2.2 միլիարդ ժամ։ Ինը մասից բաղկացած սերիալի սցենարիստն ու ռեժիսորը Հվան Դոնհյուքն է։ 2022 թվականին «Կաղամարի խաղ» սերիալն արժանացել է ռեկորդային 6 «Էմմի» մրցանակի։

Սերիալի գրանցած հաջողությունը կասկած անգամ չէր թողնում՝ երկրորդ եթերաշրջան լինելու է։ Իսկ ավելի ուշ սա հաստատեց սերիալի պրոդյուսերը։ Երկրորդ եթերաշրջանի աշխատանքները սկսված են, ու եթե ամեն բան ընթանա ըստ պլանի, սերիալի երկրպագուներն այն դիտելու հնարավորություն կունենան արդեն 2024 թվականի ավարտին։ Սա, իհարկե, կանխատեսելի սցենարն էր, բայց աննախադեպ հաջողությունն ու մեծ գումարներն այլ սցենար էլ էլին նախատեսել։ Netflix-ը որոշում է սերիալի մոտիվներով ռեալիթի շոու ստեղծել:‌

ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒ. ԷԿՐԱՆԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

Սերիալի երկրպագուների համար ռեալիթի շոուի պրեմիերան այս աշնան գլխավոր անակնկալն էր։ Հագուստից մինչև դեկոր՝ կադրերում ամեն բան այնպես է, ինչպես սերիալում։ Խաղերը ևս գրեթե նույնն են՝ տարիներ առաջ հարավկորեացի երեխաների շրջանում ամենահայտնի խաղերը։ Նույնն է նաև հայտնի կարմիր համարակալված հագուստը։ Ի դեպ, նկարահանումներն ընթացել են Մեծ Բրիտանիայում։

Ռեալիթի շոուի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից 456 խաղացող պայքարում է գլխավոր մրցանակի համար։ Սերիալից գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ պարտվողների մահն իրական չէ, իսկ ստացված գումարն իրական է։ Ավելին, սա ռեալիթի շոուների պատմության մեջ ռեկորդային, ամենամեծ դրամական մրցանակն է՝ 4.56 միլիոն դոլար։

Երբ Netflix-ն առաջին անգամ հայտարարեց Squid Game: The Challenge-ի նկարահանումների մասին, այն շատերի մոտ անհանգստություն ու բազմաթիվ հարցեր առաջացրեց՝ կապված սերիալի սցենարի ծայրահեղ դաժան բնույթի հետ, որի վրա հիմնված է շոուն: Խոսակցությունները հատկապես բորբոքվեցին, երբ մրցույթից դուրս մնալուց հետո մասնակիցները սկսեցին պատմել, թե ինչ էր կատարվում նկարահանման հրապարակում։ Ի դեպ, կան անգամ մասնակիցներ, որոնք իրավական գործընթացներ են սկսում Netflix-ի ու ռեալիթի շոուի պրոդյուսերների դեմ։

Մասնակիցների մի մասը, օրինակ, պնդում է, որ նկարահանման հրապարակում օդի ջերմաստիճանը չափազանց ցածր էր, տարածքը ցուրտ էր, ինչի պատճառով բազմաթիվ մասնակիցներ կորցնում էին գիտակցությունը կամ առողջական այլ խնդիրներ ունենում։

Նկարահանման համար նրանց պարտադրում էին առնվազն կես ժամ նույն դիրքով արձանի նման կանգնել, իսկ տարածքում սառնամանիք էր։ Եթե իրականում խաղը կարելի էր խաղալ 2 ժամում, նկարահանման համար խաղը ձգվում էր մինչև 8 ժամ։ Դրա պատճառով մի քանի անգամ շտապօգնություն են կանչել, իսկ շոուի կազմակերպիչներն անտեսել են մասնակիցների բողոքները։

‌«Կարծես պատերազմի դաշտ լիներ։ Մարդիկ սպառված ու արցունքն աչքերին հեռանում էին։ Իսկ հաջորդ փուլ անցնողները պատրաստ էին այդ պայմաններում մնալ այնքան, որքան պետք է, որովհետև սեղանին մեծ գումար էր դրված»:
‌«Սա ամենադաժան ու ամենաստոր բանն էր, որի միջով ես երբևէ անցել եմ։ Մենք կարծես ձիարշավարանում լինեինք՝ մրցավազքի մեջ»:

Ոչ բոլոր մասնակիցներն էին այսքան կտրուկ իրենց մեկնաբանություններում։

«Ամեն բան այնքան դաժան չէր, որքան նկարագրում են։ Իհարկե, պայմանները ծանր էին, բայց ոչ անմարդկային»:

Ռեալիթի շոուի ստեղծողները մեղադրանքներին անմիջապես չարձագանքեցին, իսկ ավելի ուշ արված արձագանքն էլ հստակ հայտարարում էր՝ «անմարդկային պայմաններ» ասվածը խիստ չափազանցված որակում է։ Մի բան էլ՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքով նախագծի ստեղծողներն ասացին՝ «տեսե՞լ եք, թե ԱՄՆ֊ում նկարահանվող տարբեր ձևաչափերի ու տարբեր թեմաներով ռեալիթի շոուների տաղավարներում ինչ է կատարվում»։ Նաև ավելացրին՝

«Ցանկացած պնդում, որ մրցակցությունը կեղծված է կամ ստեղծված պայմանները խաղացողների առողջությանը լուրջ վնաս են պատճառել՝ պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Մենք խորապես անհանգստանում ենք յուրաքանչյուրի համար և կարևորում ստեղծագործական ամբողջ խմբի առողջությունը։ Մենք ձեռնարկել ենք անվտանգության բոլոր նախազգուշական միջոցները»:

Ի դեպ, ձեզ գուցե հետաքրքրի, թե որքան գումար են վաստակել ռեալիթի շոուի մասնակիցները։ Պատասխանը՝ հենց մասնակիցներից։‌

«Զրո։ Զրո դոլար, զրո եվրո, զրո վոն։ Պարզապես զրո։ Խաղն ընթանում էր ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով»:

Փաստորեն, ինչպես սերիալում էր, այնպես էլ ռեալիթի շոուի դեպքում, մասնակիցները՝ անգամ եզրափակիչ փուլ հասած, բայց չհաղթած խաղացողները՝ ոչ մի լումա չեն ստացել։

ԽԱՂԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ

Ֆինանսական, երևացող ու չերևացող, առողջական և այլ բաղադրիչները մի կողմ թողնելով, մի փոքր էլ խորանանք բովանդակային ասելիքի մեջ։ Հատկապես, որ տարբեր լրատվամիջոցներում լրագրողներ, հոգեբաններ ու մի շարք այլ մասնագետներ ահազանգում են ռեալիթի շոուի «հաջողության պատճառների» ու հնարավոր հետևանքների մասին։

Եթե կարճ, ապա քննադատական կարծիքների գլխավոր թեզը հետևյալն է. Պրոլետարիատի հուսահատությունն օգտագործվում է՝ ժամանց ապահովելու համար։ Պրոլետարիատը վարձու աշխատողների սոցիալական խավն է, որոնց միակ նշանակալի տնտեսական արժեքն իրենց աշխատունակությունն է։ Մեկ այլ ձևակերպմամբ էլ խնդիրը կապիտալիզմի պատճառով ստեղծված միջավայրի մեջ է, որի հետևանքով մարդիկ գումարի համար պատրաստ են անհավանական քայլերի։

Խաղերն ու դրանց հետևանքները, գուցե, հորինված ու ֆանտաստիկայի ժանրից են, բայց այն հուսահատությունն ու ֆինանսական ծանր դրությունը, որին բախվում են հերոսները՝ ցավոք, ոչ։ Մասնակիցներին «ապամարդկայնացնելու», թվերով անվանելու և հազար ու մի այլ հակասական երևույթների տրված արձագանքը գուցե զուտ սուբյեկտիվ բնույթ ունի։

Ռեալիթի շոուին, դրա ձևին ու բովանդակությանը կարելի է նայել պարզապես որպես ժամանցի, բայց հստակ հետազոտությունների, սոցիալական, տնտեսական ու հոգեբանական հանգամանքների վերհանման արդյունքում այս ժամանցից գուցե ոչինչ չմնա։ Հոգեբաններն ընդգծում են՝ այն հասարակությունը, որտեղ փողը մարդկային կապից, վստահությունից և այլ արժեքներից ավելի բարձր է դասվում, լուրջ ու համակարգային բուժման կարիք ունի։ Ռեալիթի շոուները, որոնք շահագործում են հասարակության խոցելի անդամներին ու ֆետիշացնում գումարը՝ ժամանցի ու զվարճանքի հետ որևէ կապ չունեն։

Մինչ մենք գոյաբանական հարցեր ենք քննարկում՝ ռեալիթի շոուի հաղթողի անունն արդեն հայտնի է ու 55-ամյա Մեյը վայելում է իր վաստակած 4.5 միլիոն դոլարը։ Ավելին, արդեն հայտարարվել է ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի մասին։ Ինչ-որ բան հուշում է, որ երրորդ եթերաշրջան ևս լինելու է, այնպես որ, եթե միշտ երազել եք քնել-արթնանալ ու միլիոնավոր դոլարներ ունենալ, ապա գուցե պիտի օգտագործեք այս հնարավորությունը, մի քիչ մրսեք, համարակալվեք, բայց դառնաք միլիոնատեր։ Կամ էլ չդառնաք ու զրո դրամով վերադառնաք տուն։ Խաղադրույքները բարձր են։


✍️ Նանե Մանուկյան / PAN