Հին Հռոմի սթենդ ափ բաթլը, ռեկորդային հայհոյանքներն ու ռուս-հայկական տանդեմը. Սթենդ ափ մշակույթը՝ սկզբից մինչև մեր օրեր
Քո երաժշտական ճաշակը չկիսող մարդուց ավելի նյարդայնացնող են վատ հումոր անող կամ էլ հումորը չհասկացող մարդիկ։ Մյուս կողմից, եթե շրջապատում կա հումորի լավ զգացում ունեցող մեկը, ուրեմն օրն անհետաքրքիր չի անցնի։ Հարևանի տղան կամ հորաքրոջ աղջիկը կարող են սրամտել, ծիծաղեցնել մտերիմներին, բայց շատ հաճախ հենց առօրեական այդ զրույցներով էլ ամեն ինչ ավարտվում է։ Գուցե աշխարհը կորցներ ուշագնաց լինելու չափ ծիծաղելու հնարավորությունը, եթե չստեղծվեր այն, ինչը մենք հիմա սթենդ ափ մշակույթ ենք անվանում։
Ինքնահեգնանքից մինչև քաղաքականություն և սոցիալական տաբուներ։ Սթենդ ափ մշակույթը մի քանի տարվա բան չէ ու հենց դրա համար էլ առաջարկում ենք սկսել հնագույն ժամանակներից։
ՀԻՆ ՀՌՈՄԸ, ԱԹԵՆՔՆ ՈՒ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հին ժամանակներում հռետորական արվեստը, բարձր ամբիոններից ելույթներն ու մոնոներկայացումները ոչ միայն ընդունված, այլև շատ տարածված էին։ Հին Հռոմում օրինակ քաղաքականության և կոմեդիայի խառնուրդը կարող էր շատ ծիծաղելի լինել, բայց մինչև այն պահը, երբ վտանգվում էր այդ հումորի հեղինակի կյանքը։ Հին Հռոմում խաղ ու պար չէր հումորիների քողի տակ քննադատել կառավարիչներին և անպատիժ մնալ։ Բայց իրականում սա չէր խանգարում մարդկանց։ Հռոմեական կայսրության սկզբնական շրջանում փոքրիկ սենյակները վերածվում էին ժամանակավոր բեմերի, որտեղ մարդիկ անեկդոտներ էին պատմում տեղի քաղաքական գործիչների մասին։ Հռետոր և փիլիսոփա Լուցիուս Աննեուս Սենեկան, օրինակ, որը հայտնի էր նաև որպես հռոմեական կայսր Ներոնի խնամակալ, ամենևին էլ չէր կաշկանդվում իր խոհափիլիսոփայական մտքերը թարմացնել ծաղրական երանգներով։ Իր գործերից մեկում նա նույնիսկ ծաղրում էր արդեն սպանված Կլավդիոս կայսրին։
Հին հռոմեացիները թատերական ներկայացումների բազմաթիվ տարբերակներ ունեին՝ սկսած դասական թատերական կատակերգություններից մինչև կարճ էտյուդներ կամ հանպատրաստի մոնոլոգներ ու դիալոգներ: Հայտնի ամենավաղ «փերֆորմանսները» եկել են հարավային Իտալիայից՝ ոչ ավել, ոչ պակաս՝ մ.թ.ա. 4-րդ դարում: Իհարկե, ոչ բոլոր հռոմեացիներն էին ներգրավված այս ամենում։ Նույնիսկ հանդիսատես լինելու համար պետք էր առնվազն գրաճանաչ լինել։
Իսկ կատակերգու լինելու համար մի շատ կարևոր պայման էլ կար՝ այդ մարդիկ քաղաքացի լինելու իրավունք չունեին։ Սա իրականում նշանակում էր, որ այդ կատակերգուների մեծ մասը նախկին ստրուկներ էին, կամ էլ չունեին քաղաքացիություն, հետևաբար՝ կորցնելու բան էլ չունեին։
Բայց լինում էին նաև դեպքեր, երբ այդ կատակերգուները այլ տարբերակ պարզապես չունեին։ Մ. թ. ա. 46 թվականին Հուլիոս Կեսարը հրամայում է Դեցիմոս Լաբերիոսին մրցել նախկին ստրուկ, դերասան Պուբլիլիոս Սիրոսի հետ։ Սա այն ժամանակների «սթենդ ափ բեթլն» էր։ Իհարկե այդ մրցույթը Լաբերիոսի համար նշանակում էր նվազեցնել սեփական վարկանիշը, բայց Կեսարի ասածն ասած է։ Մրցույթում Լաբերիոսը պարտվում է, բայց գրող, հրապարակախոս Լաբերիոսին ևս Կեսարը մրցանակ է շնորհում՝ թույլ է տալիս վերադարձնել քաղաքացիությունը։
Հին Հունաստանում մարդիկ բողոքն արտահայտում էին բռնությամբ ու ապստամբություններով, բայց կային նաև մարդիկ, որոնք պարզապես որոշում էին «լուրջ չընդունել» այն, ինչ կատարվում է իրենց շուրջ։ Իսկ ավելի կոնկրետ՝ հումորների ու ծաղրական ելույթների միջոցով էին իրենց բողոքը տեղ հասցնում։ Եթե Աթենքի հրապարակներում բեմադրված ողբերգությունները հիմնականում պատմական ակնարկներ էին, կամ էլ հինված էին լեգենդների վրա, ապա կատակերգությունները հիմնականում այդ օրերի սոցիալական ու քաղաքական հարցերի մասին էին։
Մի նրբություն էլ կա։ Հին ժամանակներում կատակերգուները ոչ միայն պետք է ծիծաղելի լինեին, այլև պետք է հեղինակություն ունենային, այլապես նրանց արած կատակները ոչ ոք «լուրջ չէր ընդունի»։ Հին հունական կատակերգակ Արիստոփանեսին հաճախ համարում են կատակերգության հայր։ Նա հիմնականում քաղաքական սատիրայի վրա էր հիմնվում, բայց աղբյուրները բազմաթիվ էին՝ գրական բանավեճեր, առօրեական զրույցներ և այլն։
ՍԹԵՆԴ ԱՓ ՄՇԱԿՈՒՅԹ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Այսօրվա թոփ ստենդափերները ստադիոններ են լցնում, վաստակում են միլիոնավոր դոլարներ, շրջում աշխարհով մեկ և նաև օգնում ձևավորել մեր սոցիալական դիսկուրսը: Բայց մինչև այս կետին հասնելը սթենդ ափ մշակույթը երկար էվոլյուցիայի միջով է անցել՝ Մարկ Տվենից մինչև վոդևիլյան ներկայացումներ, ելույթներ փաբերում, մոնոլոգներ ռադիոյի և հեռուստատեսության համար, իսկ հետո արդեն ելույթներ HBO-ի և Netflix-ի համար։
Տվենի և իր ժամանակակիցների հումորն ավելի շատ հիշեցնում էր երկարատև պատմություններ կամ քաղաքային կյանքի ու առօրյայի մասին հիշատակումներ։ Բայց այսօր ոլորտի լավագույններին պարգևատրում են հենց Մարկ Տվենի անվան մրցանակով։ Ժամանակակից ստենդ ափի արմատները հասնում են 1840-ականների Ամերիկա։ Կատակերգուն կանգնում էր հանդիսատեսի առաջ և խոսում արդի թեմաներից։ Չկային դեկորացիաներ, պատմողական կառուցվածք, ռեժիսուրա։ Կար միայն կատակերգուն և հանդիսատեսը։ Կա՛մ ծիծաղում էիր, կա՛մ ոչ։ Սրանց մի մասի հիմքում ռասիստական կարծրատիպեր էին, որոնք հաճախ բուռն քննարկումների թեմա էին դառնում։ Ամերիկայի սևամորթ բնակչության իրավունքների համար պայքարող Ֆրեդերիկ Դուգլասն օրինակ կարծում էր, որ բեմում այդ մարդկանց մոնոլոգները հանրության շրջանում ռասիզմ տարածելու ամենաակնհայտ ու հեշտ տարբերակներից էին, իսկ մոնոլոգների հեղինակները պարզապես օգուտ էին քաղում դրանից: Նույնիսկ եթե այդ օգուտը միայն ֆինանսական էր: Մոտավորապես այս նույն շրջանում տարածվում էին ամերիկյան վոդևիլները, որոնք կատակերգական ներկայացման տեսակ էին համարվում։
Ի դեպ, ռասիզմի դրսևորումներից խոսելիս պետք է պարտադիր անդրադառնալ, թե ինչ ճանապարհ անցավ աֆրոամերիկյան կատակերգությունը։ Ինչպես այդ շրջանում բոլոր ոլորտներում էր, այս ժանրում ևս աֆրոամերիկացիները չէին կարողանում շրջանցել ԱՄՆ֊ում ռասայական խտրականության գիծը, հետևաբար որոշեցին ստեղծել Chitlin Circuit֊ը։ Սա ակումբների այսպես կոչված ցանց էր, որտեղ սևամորթ հանդիսատեսին ևս թույլատրում էին մասնակցել ներկայացումներին և անելը պարզագույնը՝ ծիծաղել։ Chitlin Circuit-ը ստեղծել էին սևամորթները՝ սևամորթների համար և նրանց մասին: Կա կարծիք, որ նրանց փառքի գագաթնակետը 1930-ականներին էր, մյուսներն էլ ասում են, որ այդ ալիքը եկավ միայն երկրորդ համաշխարհայինից հետո: Իրականում հստակ է այն, որ ԱՄՆ-ում ռասայական սեգրեգացիայի ֆոնին այս ակումբը օդ ու ջուր էր աֆրոամերիկացիների համար:
ԽՈՍԵՆՔ ԴԵՄՔԵՐՈՎ ՈՒ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Անցան տարիներ և այս ելույթները տեղափոխվեցին փակ ակումբներ, փաբեր։ Մինչև երկրորդ համաշխարհայինի սկիզբը ակումբներից կատակերգուների ձայնը տեղափոխվեց ռադիո ու հեռուստատեսություն և ծնվեցին անուններ, որոնց հիմա սթենդ ափ մշակույթի նախահայր ենք անվանում։ Նրանցից էր, օրինակ, Լեննի Բրյուսը։ Սթենդ ափի լեգենդ Բրյուսի մասին մի շատ խոսուն փաստ կարելի է արձանագրել ու ամեն ինչ կընկնի իր տեղը: 1950–1960-ականների նրա գրեթե բոլոր ելույթներն ավարտվել են ձերբակալություններով: Նրա հակաիշխանական մոնոլոգներին հաճախ տալիս էին «ծայրահեղական» բնութագիրն ու միանգամից ձերբակալում: Բրյուսը հայտնվել էր բոլոր հեռուստաալիքների սև ցուցակում, բայց նրա մոնոլոգներն այնքան աղմկահարույց էին, որ ոչ մի սև ցուցակ ու արգելք մարդկանց չէին խանգարում գտնել ու լսել Լենի Բրյուսին: Ի դեպ, նրա հումորային ֆենոմենին ավելի լավ ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել 1974-ին նկարահանված «Լեննի» ֆիլմը:
Հաջորդ անունը, որի մասին հաստատ լսել եք ու որը 20-րդ դարի երկրորդ կեսի լեգենդներից է՝ Ռիչարդ Փրայոր: Ասում են, սթենդափերները հաճախ հենց սեփական փորձի ու կյանքի մասին են պատմում: Աֆրոամերիկացի Փրայորի դեպքում սա հատկապես ուշագրավ է: Հասարակաց տանը մեծացած բռնցքամարտիկի և մարմնավաճառի որդին նախ բեմ դուրս եկավ սափրված և կոկիկ կոստյումով, իսկ 1967 թվականի համերգից հետո փոխվեց բոլոր իմաստներով. սկսեց հագնել վառ կարմիր բաճկոն, բեղեր աճեցրեց, սկսեց ծխել բեմում, ու խոսել մաֆիայի, ռասիզմի, սեքսի և Աֆրիկա ճանապարհորդության մասին: Ինչպես շատ կոմիկների դեպքում, Փրայորին ևս մոնոլոգների ճանապարհը հասցրեց մինչև կինոէկրաններ: Ու սկսվեց նրա ոչ պակաս հաջողված կինոկարիերան՝ Harlem Nights, See No Evil, Hear No Evil, Lost Highway և այլն:
Փրայորը նաև ոգեշնչման աղբյուր էր: Բազմաթիվ սթենդափերներ ի վերջո կարիերան շարունակել են կինոաշխարհում, բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ դերասանները որոշել են իրենց կարիերայի ինչ-որ էտապում սթենդափով զբաղվել: Էդի Մերֆին սկսել է հետաքրքրվել սթենդ ափ մշակույթով, երբ առաջին անգամ լսել է Փրայորի That Nigger’s Crazy ալբոմը: Մերֆիի առաջին ելույթները մեղմ ասած տպավորիչ էին իրենց դաժանությամբ ու կոպտությամբ: Սպիտակամորթ բողոքականներից մինչև համասեռամոլներ ու ավելորդ քաշ ունեցողներ. Նրա թիրախում բոլորն էին: Մերֆին նույնիսկ ներողություն է խնդրել որոշ հոմոֆոբ կատակների համար: Մերֆիի սթենդ ափ կարիերայի կարևորագույն էտապը 1980-ականներին էր, երբ թողարկվեցին երկու արդեն դասական դարձած ելույթներ՝ Delirious-ը (1983) և Raw-ն (1987): Կոշտ ու սադրիչ արտահայտությունների պակաս, իհարկե՝ չկար: Raw-ն նույնիսկ ռեկորդ գրանցեց՝ f*ck բառի ռեկորդային շատ օգտագործման համար՝ մոտ 200 անգամ:
Մերֆին միակ ֆենոմենալ սթենդափեր-դերասանը չէ: Օսկարակիր Ռոբին Ուիլյամսի ելույթները հատուկ տեղ ունեն ամերիկյան սթենդ ափ մշակույթում: Նուրբ ու տեղին ծաղրի, թեմաների առատության, խարիզմայի ու out of box պատկերացումների համար Ուիլյամսին հաստատ արժեր ևս մեկ Օսկար տալ:
Ավելի երիտասարդ ու շատ խոստումնալից սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Քրիս Ռոքն է: Դուք հաստատ կհիշեք Օսկարի մրցանակաբաշխությունների նրա մոնոլոգները կամ էլ Ուիլ Սմիթի հարվածը, բայց մինչև դա Ռոքը շատ ավելի լուրջ թեմաներ է շոշափել: Սոցիալական անարդարության ու համակարգային ռասիզմի դեմ Ռոքի ելույթներն ուղղված են թե՛ սպիտակամորթներին, թե՛ աֆրոամերիկացիներին: Ռոքը հիանում էր ավագ ընկերոջ՝ Մերֆիի կարիերայով ու հենց Մերֆին էլ օգնեց Ռոքին առաջին քայլերն անել կինոյում:
Այս ժանրի տիտաններից է նաև Ջորջ Քարլինը: Կրոնի, հասարակության, էկոլոգիայի, մահվան մասին նրա ելույթները վաղուց արդեն ցիտատներ են դարձել: Քարլինը Բրյուսից հետո առաջին կոմիկն է, որին համերգի ժամանակ ձերբակալել են: Քարլինը մի առիթով ասել էր, որ կատակերգուի պարտականությունը կարմիր գծեր գտնելն ու դրանք հատուկ տրորելն է։ Ու հենց այդպես էլ անում էր։ Նա այնպիսի գծեր է տրորում, որ դրանց պատճառով գերագույն դատարանում նույնիսկ գործ է բացվում։ Ջորջ Քարլինը չէր խուսափում խոսել սոցիալական ծանր խնդիրների ու տաբուների մասին։ Բոլորը չէ, որ նրա հետ համաձայն էին, բայց բոլորն ուզում էին լսել նրան։
Ամերիկյան սթենդ ափի մեկ այլ մեծ անուն՝ Լուի Սի Քեյը, Քարլինի և Փրայորի արժանի հետնորդն է: Լուի Սի Քեյի կյանքն ու կարիերան տրագիկոմեդիայի սցենար են հիշեցնում: Նա արդեն փառքի գագաթնակետին էր հասել, երբ 2018-ին հայտնվեց սեքսուալ սկանդալի կենտրոնում ու կորցրեց ամեն ինչ՝ գումար, փառք, անուն, կարիերա: Հիմա անունը վերականգնելու փուլում է, բայց նրա անվան շուրջ հակասական կարծիքների պակաս արդեն չկա: Չնայած սրան Սի Քեյի դերը սթենդ ափ մշակույթի զարգացման հարցում ոչ ոք չի կարող թերագնահատել: Խոսել ամեն ինչի մասին՝ բոլորին հասանելի լեզվով: Սա Սի Քեյի գլխավոր ֆենոմենն է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍԹԵՆԴ ԱՓ ԿԱ՞
Հիմա հասկանանք, թե ինչ պատկեր ունենք Հայաստանում: Տարիներ շարունակ թե՛ եթերով, թե՛ ակումբներում սթենդ ափ մշակույթը զարգացնելու տարբեր փորձեր են արվել: Դրանք հիմնականում չեն տվել այն արդյունքն ու չեն առաջացրել այն բումը, որին սթենդափերներն այլ երկրներում սովոր են: Բայց վերջին շրջանում առաջընթացն այնքան ակնհայտ է, որ քաղաքում կարելի է տարբեր շրջանակներում լսել այս կամ այն սթենդափի մասին ոգևորված քննարկումներ: Իրականում պատճառներն օբյեկտիվ են: Ռուս-ուկրաինական պատերազմիի ֆոնին Հայաստանում ռուսների ռելոկացիան արդեն շատ ենք քննարկել: Բայց նրանց թվում միայն ծրագրավորողներ չեն: Հայաստանում են ռուսաստանաբնակ հայ և ռուս շատ սթենդափերներ, որոնք ընդամենը կես տարում հասել են նրան, որ քաղաքում sold out ելույթներ են ունենում: Նրանցից մի քանիսն էլ միացել ու ամռանը Հայաստանում բացել են «Արի» Սթենդափը: Հայերեն, ռուսերեն, անգլերեն ելույթներ, open mic երեկոներ… Սթենդափերների մեծ մասը ոլորտում հայտնի անուններ են՝ շատերը «Stand Up Club #1» ակումբի նախկին ռեզիդենտներն են։
Սթենդափ ցուցադրությունների կազմակերպիչ, սթենդափեր Աշոտ Դանելյանն օրինակ կարծում է, որ Հայաստանում սթենդ ափ մշակույթը դեռ վերջնական չի ձևավորվել, որովհետև այցելողների շատ քիչ տոկոսն են Հայաստանի հայերը:
«Ոլորտի զարգացման հետ, իհարկե, սա էլ կփոխվի: Այս պահին պայմաններն իդեալական են՝ խոսքի բացարձակ ազատություն, շաբաթական տասնյակ միջոցառումներ, շատ լավ հանդիսատես:»
Սթենդափների թեմաները հիմնականում նույն խնդիրների շուրջ են բայց հիմնված են լոկալ տարբերությունների վրա: Աշոտի կարծիքով լավ սթենդափեր լինելու համար հստակ բանաձև չկա:
«Սթենդափն ինդիվիդուալիստական ժանր է, ամեն մեկը ինչ-որ նոր բան կարող է բերել ոլորտ: Եթե ակտիվ ելույթներ ես ունենում օփենմայքերին ու գոնե մի քիչ օրվա ընթացքում գրում ես՝ կարող ես լավ սթենդափեր դառնալ:»
Հասկանանք նաև, թե ինչն է հատուկ հայկական սթենդափին: Նախ՝ մեր սթենդափեր զրուցակիցը վստահ է, որ հայերենը շատ հարմար լեզու է սթենդափի համար, իսկ լեզվի ճկունությունն անձնական հատկանիշ է: Ինչ վերաբերում է հայհոյախառն ելույթներին, դրանք չընդունելը կամ դժվար ընդունելը միայն Հայաստանի խնդիրը չէ:
«Հայհոյանքը ոչ մի տեղ էլ ընդունելի չի, ու դա իր ֆունկցիաներից մեկն է: Դրա համար էլ կատակն այդքան ուժեղացնում է: Ոչ մի տեղ գրված չի, որ սթենդափում պիտի պարտադիր հայհոյանք լինի: Անձնական ընտրություն է: Մենք նախապես զգուշացնում ենք, որ հայհոյանք է լինելու ելույթներում, ու դեռ խնդիր չի եղել: Նույնը թեմաների մասին: Սեքսը ամենապոպուլյար թեմաներից մեկն է, մանավանդ մեր երկրում, որտեղ շատ տաբուներ կան: Եթե ինչ-որ թեմա տաբու է, դրա մասին ուզում ես առնվազն գոնե երեք կատակ գրել:»
Աշոտ Դանելյանի գնահատմամբ Հայաստանում սթենդափերը գումար կարող է վաստակել ու տեմպերն, ի դեպ, վատ չեն: Եթե Մոսկվայում առնվազն երկու տարի է պետք գումար աշխատելու համար, իսկ Նյու Յորքում 7-15 տարի, ապա Հայաստանի դեպքում վիճակն այնքան էլ վատ չէ: Սթենդափերն իհարկե զգուշացնում է՝ գումարը բավարար չի լինի, մեծ փողերի ու մեծ կարիերայի մասին խոսելն էլ դեռ վաղ է, բայց Հայաստան եկած հյուրերի հաշվին առաջացած պահանջարկի ու Հայաստանում քիչ մրցակցության ֆոնին ժամանակի հետ ամեն ինչ էլ հնարավոր է:
Հիմա հայալեզու հանդիսատեսը նախնտրում է ռուսերեն միջոցառումների գնալ ու հայալեզու սթենդափի դահլիճները հաճախ կիսադատարկ են: Ոլորտի մարդիկ վստահեցնում են, որ այս դեպքում «տեղականն ավելի վատն ա» բանաձևը չի աշխատում: Պետք է շանս տալ ու կարծիքը քայլ առ քայլ կփոխվի: