No Man’s Skyrim. Ինչպիսին է Bethesda-ի ամենահավակնոտ խաղը
Սեպտեմբերի 6-ին գեյմերները վերջապես հնարավորություն ստացան խաղալու Bethesda Game Studios-ի ամենահավակնոտ ու մասշտաբային խաղը` Starfield-ը։ Բաց աշխարհով տիեզերական RPG-ի մասին խոսում էին բոլոր հնարավոր ռեսուրսներից դեռ ռելիզից տարիներ առաջ. որ սա ահռելի խաղ է, որ լինելու են ուսումնասիրության համար պիտանի հազարավոր մոլորակներ, որ սյուժետային ու հավելյալ քվեստերի, տիեզերական ու վերգետնյա մարտերի, կերպարի ու տեխնիկայի ճկուն կաստոմիզացիայի շնորհիվ խաղը կունենա վերախաղալու շատ մեծ պոտենցիալ, իսկ առաջին փորձի վրա հնարավոր կլինի ծախսել հարյուր ժամից ավելի։
Դեռ մինչև պաշտոնական ռելիզը խաղը հասանելի էր խաղային լրատվամիջոցների համար, ու հրապարակման մորատորիումի հեռացումից հետո նրանք շտապեցին կիսվել իրենց կարծիքներով։ Այս հոդվածը գրելու պահին Metacritic-ում խաղի Xbox տարբերակի միջին գնահատականը 86 է։ Microsoft-ի գլխավոր հույսը Xbox-ի էքսկլյուզիվի դերում այնպես չէ, որ տարվա խաղ է ու կարող է մրցել նույն Baldur’s Gate 3-ի կամ The Legend of Zelda: Tears of the Kingdom-ի հետ, բայց, վստահաբար, սա բավականին լավ խաղ է, որը ապագայում դեռ ավելի լավը կդառնա։
PAN-ը պատմում է մի քանի խաղային պարբերականի հնչեցրած գնահատականների մասին։
IGN-ը խաղին 10-ից 7 է դրել։ Երբեք լավ նշան չի, երբ խաղը խորհուրդ են տալիս այն հիմքով, որ այն լավն է դառնալու միայն ավելի քան 12 ժամ խաղալուց հետո, սակայն IGN-ի վերլուծողն, այդուհանդերձ, խորհուրդ է տալիս խաղալ Starfield-ը։ Իհարկե, դրա դեմ բազմաթիվ հանգամանքներ կան. չհամաձայնեցված ու միմյանցից անջատ տիեզերական ճամփորդությունները, գոյություն չունեցող քարտեզները, պահուստների բարդացված կառավարումը ու կերպարի գլխավոր կարողությունների դանդաղ ներդրումը։ Սակայն հաճելի է հատուկ կառուցված տիեզերանավ վարել տարատեսակ ոչ միանշանակ բարոյական իրավիճակներով հարուստ գիտաֆանտաստիկ տիեզերքում, որոնք էլ խաղը դուրս են բերում անկման կորությունից։
«Ես ուրախ եմ, որ կարողացա դիմանալ խաղի առաջին ժամերին, որովհետև միջաստեղային խորհրդավոր պատմությունը փոխհատուցեց խնդիրների համար անմիջապես այն բանից հետո, երբ սկսվեցին իրադարձությունները, իսկ տիեզերական մարտերն աստիճանաբար դարձան բավականին լավը», - գրում է հեղինակը։ Ինչպես Skyrim-ում ու Fallout 4-ում, այստեղ գոյություն ունի որակյալ դերային քվեստերի ու հետաքրքիր NPC-ների ահռելի քանակություն, որոնք սպասում են, որ խաղացողը կհանդիպի իրենց, ու այս ամենը որոնելու ձգտումը ուժեղ է։
Gamespot-ը շեշտում է` Starfield-ն ունի իր լավ պահերը։ Հրաձգությունը դառնում է խիստ գրավիչ, երբ այն ինտեգրված է լավագույն ու առավել հետաքրքիր քվեստային գծերի դեկորացիաներում։ Ու չնայած տիեզերքի ուսումնասիրության հատվածը սահմանափակ է, նորույթն այստեղ այն է, որ դուք ուսումնասիրում եք գալալտիկան` աստղային համակարգերը ավելի մոտիկից ու անձամբ տեսնելու համար, իսկ երբեմն հայտնաբերում եք կողմնակի կոնտենտ, որի հետևից արժի գնալ։ Այդուհանդերձ, խաղի համար բարդ է, թվում է, աստղերի անսահման ծովում ամբողջական ու հիշարժան RPG ստեղծելը։ Չնայած գիտական փիլիսոփայության ու դրա պատմության նկատմամբ հարգանքին, խաղի պատմությունն ու կերպարները կառուցում են մեր հնարավոր տիեզերական ապագայի բավականին ձանձրալի ու անպտուղ տեսլական։ Երբ դուք հեռացնում եք Starfield-ից ամենաանհրաժեշտը, այն հենվում է փորձված ու բազմաթիվ անգամներ ստուգված բանաձևի վրա, սակայն դրա հետ մեկտեղ բաց է թողնում մինչև իրեն գոյություն ունեցած խաղերի խորության մի մասը։ Starfield-ը խաղ է, որում ավելի մեծ ուշադրություն է դարձվում քանակին, քան որակին, ու տպավորությունները խաղից մնում են մակերեսային։ Gamespot-ը նույնպես խաղը գնահատել է 7/10:
Շատ ավելի հիացական է Gamerant-ի ռեվյուն, որի հեղինակն առավելագույն` հինգ աստղ է տվել խաղին։ Հեղինակը գրում է. ինչպես Bethesda-ի մյուս խաղերում, Starfield-ում կա բավարար կոնտենտ, որպեսզի խաղացողները կորեն այն աշխարհում հարյուրավոր ժամերով, սակայն կրկնակի անցնելու արժեքը ավելի բարձր է, քան սպասվում էր։ Starfield-ում կա New Game+, որը թույլ է տալիս խաղացողին շարունակել իր արկածներն այնպես, ինչպես անհնար էր Bethesda-ի բոլոր մյուս խաղերում։ New Game+ ռեժիմի ռեալիզացիան հիանալի է, համոզված եղեք, որ դրա շնորհիվ Starfield-ից կտրվելն ավելի դժվար է լինելու, քան Skyrim-ից։
«Starfield-ը տալիս է այն ամենն, ինչ խոստացել է, ու դեռ ավելին։ Սա իդեալական գիտաֆանտաստիկ խաղ է, որը խաղացողներին տրամադրում է ահռելի աշխարհ հետազոտության համար ու թույլ տալիս նրանց խաղալ այնպես, ինչպես նրանք ուզում են։ Starfield-ն ունի ամեն ինչ` Skyrim-ի մակարդակի խաղ դառնալու համար, որը առաջիկա տասնամյակին խաղալու են կրոնական մոլեռանդությամբ։ Սա ծայրահեղ գրավիչ խաղ է, որը պարտադիր անհրաժեշտ է խաղալ, ու սա վերջին տարիներին Xbox-ի լավագույն էքսկլյուզիվն է», - ընդգծում է հեղինակը։
The Washington Post-ը նույնպես առավելագույն գնահատական է տվել խաղին։ «Խաղից հետո իմ հյուրասենյակում պատրանքը կոտրվեց, ես հիստերիկ քրքջացի ու խփեցի ծնկներիս։ Ոչ մի այլ խաղում նման բան չկա։ Մյուս խոշոր բյուջեով խաղերը կներդնեին բոլոր ջանքերը` դրվագները motion capture-ով ու իրական դերասաններով նկարելու, կինեմատոգրաֆիայի, հզոր, ճիշտ ժամանակին հնչող երաժշտական պարտիտուրայի ու սցենարի համար։ Սակայն Bethesda-ի խաղը, կոդավորման իր ամբողջ տաղանդով ու Microsoft-ի փողերով, կհրաժարվի այս ամենից հանուն նրա, որպեսզի հնարավորություն տա ինձ տեղափոխել իմ սիրեցյալին ամբողջ գալակտիկայով», - գրում է The Washington Post-ի վերլուծաբանը` հավելելով. տեխնոլոգիան կարող է անհաջողության մատնվել, սակայն մարդկային փորձը, որպես անկանոն, սրընթաց երևույթ, մնալու է։ Հետևաբար, Starfield-ը ճիշտ զոհողության է դիմում։
Gaming Age-ը A- գնահատական է դրել` նշելով, որ ընդհանուր առմամբ, Starfield-ը շատ լավ RPG է ստուդիայից, որը հայտնի է իր շատ լավ RPG-ներով։ Հաճելի է տեսնել, որ նրանց հաջողվել է կտրվել Elder Scrolls-ի ու Fallout-ի տրամադրությունից, ու Տիեզերքի ուսումնասիրության իրենց մոտեցումը թարմ օդ է դերային փորձի այս տիպի համար։ Ընդհանուր առմամբ, սա հսկայական խաղ է, այնպես որ, եթե դուք այն մարդն եք, ով արժեք է համարում խաղացած ժամանակը, դուք շատ գոհ կմնաք այս խաղից, միաժամանակ, եթե ձեզ անհանգստացնում է ընդհանուր որակը, դուք նույնպես կվայելեք այն ժամանակը, որ անցկացրել եք խաղում։
«Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկա մի քանի ամիսներին ավելի շատ խաղալու հնարավորությանը` փորձելով տեսնել այն ամենն, ինչ խաղը կարող է առաջարկել։ Կարճ ասած, խաղացեք, այն ահավոր լավն է», - հավելում է հեղինակը։
Worth Playing-ը (9/10) գրում է, որ Starfield-ը միաժամանակ համ կպնում է թիրախին, համ էլ վրիպում։ Այստեղ, նախորդ խաղերի համեմատ, կան թե բարելավումներ, ու թե հետքայլեր, ու այն, համարում եք խաղը Fallout-ից լավը, թե վատը, կախված է նրանից, թե ինչ եք այդ խաղերում գնահատում։ Եթե որոնում եք ավելի շատ Fallout 4 ավելի խոշոր ու դետալացված շրջակայքով ու քվեստերով, ապա Starfield-ը այն ամենն է, ինչի հույս կարող էիք ունենալ, ու դեռ ավելին։ Սակայն եթե փնտրում էիք No Man’s Skyrim, խաղը ձեզ կհիասթափեցնի։ Երկրի վրա գրեթե ամեն ինչ լավ է, այն դեպքում, երբ տիեզերական ճամփորդությունները ու հետազոտությունները խամրած տեսք ունեն։ Եթե փնտրում եք Bethesda-ի ոճում բաց աշխարհով RPG, Starfield-ը կազատի ձեզ այդ քորից, ու Bethesda-ի երկրպագուները անհաշվելի ժամեր կանցկացնեն յուրաքանչյուր անկյուն ուսումնասիրելով։
Gaming Trend-ը (90/100) անդրադառնում է բագերին` նշելով, որ դրանք նման մասշտաբի խաղի համար քիչ են։ Լավ նորությունն այն է, որ դրանք ավելի շատ Skyrim-ի մակարդակի ծիծաղելի բագեր են, որոնք չեն կոտրում խաղը, ու քիչ դեպքեր են եղել, երբ ինչ-որ բան խանգարել է առաջ շարժվել։ Հիմնական բագերը ուղղակի ծիծաղ կառաջացնեն։ Starfield-ը իրոք մաքուր խաղ է, որից շատ գոհ կմնաք։
«Bethesda-ն Starfield-ում հասել է նոր բարձունքների։ Տպավորիչ պատում` լցված հետազոտության համար մի ամբողջ տիեզերքով, որին աջակցում են անթերի կերպով հղկված տեխնիկական լուծումները։ Դուք երկար ժամանակ կպչելու եք էկրանին` ուղևորվելով այնտեղ, ուր դեռ չի գնացել ոչ մի հետազոտող», - հավելում են հեղինակները։
Ի տարբերություն Gaming Trend-ի, CNET-ի վերլուծաբանը բողոքում է բազմաթիվ բագերից. «Bethesda-ի հավակնոտության հակառակ կողմն այն է, որ ստուդիայի խաղերը հայտնի են իրենց բագերով, ու Starfield-ում դրանք նույնպես շատ են»։
The Gamer-ի (4/5) վերլուծաբանը նկատում է` Starfield-ում կան սիրելու բաներ, ու խաղն իրեն լավագույնս դրսևորում է, երբ հեռանում է Bethesda-ի արխայիկ բանաձևից։ Պատմությունը բացառիկ է, խմբավորումների միջև կոնֆլիկտները գրավիչ են, իսկ տիեզերական մարտերը մեխանիստիկ են։ «Նավի վահաններից հզորությունը ուղղելով հրթիռներին ու սկսելով անսպասելի հակահարձակում Սատուրնի ուղեծրին` ես ինձ զգացի Աստղային Նավատորմի իսկական կապիտան», - պատմում է հեղինակը։
Starfield-ը պատմություններ են, որոնք այն պատմում է, ու պատմում է դրանք լավ։ Կենտրոնական պատումն ու այստեղ առկա կերպարները լավագույններից է, ինչ Bethesda-ն երբևիցե ստեղծել է, սակայն, ցավոք, հիասթափեցնում է պարզունակությունը, որը հաճախ նրանց շրջապատում է. «Ես եկա Starfield, ցանկանալով ուսումնասիրել աստղերը, բայց դրա փոխարեն ստացա փայլուն գիտաֆանտաստիկ պատմություն։ Դա վատ չէ, բայց ես կստեի` ասելով, որ ընդհանրապես հիասթափված չեմ»։
Digital Trends-ը (70) նույնպես զուսպ է իր գնահատականներում։ Որպես դրական կողմեր պարբերականն առանձնացրել է ուժեղ կողմնակի քվեստերը, տպավորիչ խաղային ընտրությունն ու խաղի չափերը, գեղեցիկ տիեզերական համայնապատկերները, նավի ու ավանպոստի գերազանց կաստոմիզացիան։ Որպես բացասական կողմեր նշվում են տափակ հիմնական սյուժեն ու կերպարները, ձանձրալի հետախուզությունը, հիասթափեցնող թռիչքներն ու խնդիրները խաղի կայունության հետ` եզրափակելով, որ Starfield-ը մեծ է, գեղեցիկ, բայց դատարկ։
«Անգամ չնայած քննադատական դիտարկումների այս ցուցակին, ես դեռ զարմանքով փաստում եմ, որ սարսռում եմ Starfield-ի առաջ։ Խաղում գործող Constellation խումբը, որի առջև իսկական սիզիփոսյան խնդիր է դրված, գործում է անկասելի համոզվածությամբ` անգամ անողոք անվերջության հայացքի ներքո։ Նույնը վերաբերում է Bethesda-ի թիմին, ովքեր շարունակում են հետապնդել իրենց հեռավոր երազանքը։ Starfield-ն անկատար է, սակայն շնորհիվ այդ անկատարության այն անում է իր ամենաազնիվ եզրակացությունը։ Սա մարդկային ոգու ու բոլոր այն անկանոն և հրաշալի բաների վկայությունն է, որոնք հնարավոր են, երբ մենք բավարար համարձակ ենք աստղերին հասնելու համար», - նկատում է հեղինակը։
«Ի տարբերություն ամեն անգամ Fallout խաղալու, ես չէի վախենում անընդհատ ինչ-որ կրիտիկական խնդրի բախվելուց, որը կարող էր դադարեցնել իմ առաջընթացն ու ստիպել ինձ սկսել վերջին սեյվից։
Starfield-ը չի փոխում բանաձևը, որի վրա Bethesda-ն կառուցել է իր համբավը։ Սա ևս մեկ ահռելի փորձ է` բաղկացած անելու ու տեսնելու հսկայական քանակությամբ բաներից, համադրված կերպարների հիանալի զարգացման, դերային ֆունկցիաների ու միջինոտ գործողության հետ։ Միաժամանակ խաղը հարթեցնում է ստուդիայի նախորդ ռելիզների համար հատուկ սուր անկյունները, առաջարկում է նոր թեմա ու նոր պատում, որոնք համապատասխանում են գրանդիոզ հավակնություններին, որոնց միշտ ձգտել է Bethesda-ն։ Պատերազմը երբեք չի փոխվում, սակայն տիեզերքում այն շատ ավելի հետաքրքիր է», - գրում է The Verge-ի վերլուծաբանը։
Polygon-նն էլ նկատում է` Starfield-ը գոյություն ունի մանրակրկիտ կառուցված աշխարհի ու պրոցեդուրալ գեներացվող մոլորակների անսահմանության միջև հակասության տեսքով։ Bethesda-ն վերցրել է տիեզերական հետազոտությունների ու բացահայտումների մի ասպեկտը, ու թուլացրել դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի հատվածը։ Starfield-ի աշխարհի մեծությունը որոշ հատվածներ դատարկ է թողնում, որովհետև Bethesda-ն որոշել է շարունակել տարածվել` արդեն եղածը կոնկրետացնելու փոխարեն։
Ստուդիան կիրառել է բոլոր ջանքերը` տիեզերական տարածության մութ, հսկայական անկյունները խաղում ուսումնասիրելու համար։ Այս ընթացքում նա սպառել է մարդկության մեծ մասին։
Եզրափակելով` կարող ենք ասել, որ սա բավականին ոչ միանշանակ խաղ է, որը վստահաբար դուր կգա Bethesda-ի մյուս խաղերի սիրահարներին, բայց կհիասթափեցնի նրանց, ովքեր ձգտում էին տիեզերական արկածների նոր, անհայտ մոլորակներում։