Թագուհու մշակութային էպոխան. Պատմական կերպար, որ բախտի բերմամբ նաև մեր ժամանակակիցն էր
Մեծ Բրիտանիայի օրհներգում God Save the Queen֊ը վերափոխվեց God Save the King֊ի, և սա մի ամբողջ էպոխայի ավարտ է։ Եղիսաբեթ Երկրորդի մասին ամենասովորական փաստն էլ արտառոց ու տպավորիչ է։ Բրիտանական պատմության ամենաերկարակյաց միապետն իր կառավարման օրոք ոչ միայն երկրի 15 վարչապետին է տեսել, այլև հետևել է, ազդել ու ձևավորել իր դարաշրջանի մշակութային կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով։
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՃԱՆԱՉԵԼԻ ԴԵՄՔԸ
Եղիսաբեթ Երկրորդը դեռ նորածին էր, երբ առաջին անգամ հիշատակվեց գրքի էջերում, և միայն մեկ տարեկան էր, երբ հայտնվեց ամսագրի շապիկին՝ որպես արքայադուստր Լիլիբեթ։ Մեկ ամբողջ դար անց 96֊ամյա թագուհին աշխարհի ամենաճանաչելի դեմքն էր։ Անկախ սերունդներից, մայրցամաքներից, կյանքի որակից ու հետաքրքրություններից՝ նրան ճանաչում էին բոլորը։ Վերջին տարիներին թագուհու մասին հիշատակումներն ու կատակները հաճախ նրա երկարակեցության շուրջ էին, բայց Եղիսաբեթ Երկրորդը շատ ավելին էր, քան պարզապես երկարակյաց միապետ։
Արքայական ընտանիքի շուրջ հետաքրքրությունն ու զրույցներն աճեցին հենց թագուհու կառավարման շրջանում։ Սրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կային։ Եղիսաբեթ Երկրորդի կառավարման տարիները համընկան նախ հեռուստատեսության, հետո արդեն սոցցանցերի ստեղծման ու զարգացման հետ։ Հատկապես նոր սերնդի համար թագուհին պատմական կերպար էր, որը բախտի բերմամբ նաև իրենց ժամանակակիցն էր։
ԹԱԳՈՒՀՈՒ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
Բրիտանական միապետը հարյուրավոր նկարիչների, լուսանկարիչների, ու, առհասարակ, արվեստագետների ոգեշնչման աղբյուր էր։ Նրա ստեղծած կերպարը սեփական վրձնով պատկերելու հնարավորություն քչերն ունեին։ Թագուհին որպես բնորդուհի համբերատար զուսպ էր, մոտ 200 դիմանկար ունի, դրանց մասին իր կարծիքը հրապարակային երբևէ չի հայտնել, նկարիչներին ժամանակ տրամադրելն էլ համարում էր իր մշակութային պարտականությունների մի մասը։
Ընդհանրապես, Եղիսաբեթ Երկրորդն աշխարհում ամենաշատը պատկերված կինն է։ Նրա լուսանկարներն արտատպվել են միլիարդավոր նամականիշների, միլիոնավոր մետաղադրամների և թղթադրամների, հարյուր հազարավոր բացիկների վրա է։ Նրա հայացքը ճանաչում են անգլախոս ու ոչ անգլախոս բոլոր հասարակությունները, նա պատմական հեղինակություն է, որին պատկերելը պատմական պատասխանատվություն էր։
Թագուհուն պատկերող ամենահայտնի գործերի մեկն Էնդի Ուորհոլի 1985֊ին արված Reigning Queens / «Իշխող Թագուհիներ» շարքից է։ Մի առիթով Ուորհոլն ասել էր՝ «Ես ուզում եմ թագուհու չափ ճանաչված լինել»։ Այս ցանկությունն, իհարկե, դժվար իրականանալի էր, բայց Ուորհոլի աշխատանքը Եղիսաբեթ Երկրորդը գնահատել էր։ Արդեն 2012֊ին չորս դիմանկարներն արքայական հավաքածուի մաս դարձան և ցուցադրվեցին Վինձորի ամրոցում։
Միշտ չէ, որ թագուհուն ստացված արդյունքը հիացնում էր։ Քննարկումներ ու չհաստատված կարծիք կա, որ Եղիսաբեթ Երկրորդն առանձնապես չէր հավանել Լյուսյեն Ֆրոյդի արած դիմանկարը։ 23.5 սմ երկարությամբ և 15.2 սմ լայնությամբ դիմանկարն ամբողջովին Ֆրոյդի ոճով էր, որը հաճախ հակասական կարծիքների էր արժանանում։
Թագուհուն անմահացրել են նաև արձանների տեսքով։ Նիգերիացի քանդակագործի հետ թագուհին համաձայնել է 12 անգամ հանդիպել։ Վերջնարդյունքն առնվազն հետաքրքիր էր։ Շատերը կարծում էին, որ թագուհու շուրթերը սովորականից ավելի «լցված են», ինչը կապում էին արտիստի աֆրիկյան մոտիվներով ստեղծագործելու հետ։ Հիմա քանդակը Նիգերիայի ազգային պատկերասրահում է, բայց թագուհին դեռ այն ժամանակ իր անձնական հավաքածուի համար ձեռք էր բերել արտիստի ևս մեկ քանդակ և մի քանի կտավ։
Ինչ վերաբերում է լուսանկարներին՝ թագուհին կրկին առաջամարտիկ է։ Թագուհու և արքայական ընտանիքի ամենահայտնի լուսանկարների հեղինակը կանադահայ հանրահայտ լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է։ Հայկական արմատներով լուսանկարիչը 20֊րդ դարի պատմության մեջ մնացած ամենահայտնիներից շատերի հեղինակն է։ Թագուհուն հինգ անգամ է լուսանկարել, որից երկուսում թագուհին դեռ արքայադուստր էր։
Vogue ամսագիրը թագուհուց ընդամենը տասը տարի է մեծ, և Եղիսաբեթ Երկրորդն ամսագրի պատմության ամենաառանցքային կերպարներից է։ Առաջին անգամ շապիկին հայտնվել է մեկ տարեկանում՝ 1927 թվականին, մայրիկի գրկում։ Հետո ամուսնությունից մինչև երեխաների ծնունդ, թագադրում և պարզապես Վինձորի այգում զբոսանքներ՝ թագուհու կյանքը Vogue֊ի էջերում էր։
ՈՃ ԹԵԼԱԴՐՈՂՆ ՈՒ ՃԱՇԱԿ ՁԵՎԱՎՈՐՈՂԸ
Եթե մի քանի բառով, ապա թագուհու ոճը թելադրում էր կրել այն, ինչն ուրիշ ոչ ոք չէր հագնի։ Ոտքից գլուխ նույն վառ երանգով հագուստը, ձեռնոցները, ակցենտավորված գլխարկը, դիվանագիտորեն ընտրված զարդերն ու բրոշները, հարմար ու հասարակ կոշիկները և Launer պայուսակներն ամբողջացնում էին թագուհու կերպարն ու նրա մասին մեր մեջ տպավորված պատկերը։
Թագուհին չէր վախենում համարձակ ու մեծ նախշերից, վառ ու աչք ծակող գույներից, որոնք ակնթարթորեն առանձնացնում էին նրան ամբոխից։ Ու ոչինչ, եթե այդ գույնն ու պրինտը նորաձև չէին, թագուհին ինքն էր ճաշակ ձևավորում։ Նա ստիպված չէր ժամանակին համընթաց քայլել, որովհետև ժամանակն էլ, նորաձևությունն էլ ինչ֊որ մի պահի վերադառնում էին այն կետին, որտեղ թագուհին էր։ Դիզայներները թագուհուն համարում են «կայունության մշտական աղբյուր»։ Նրա ոճն անվանում էին «Եղիսաբեթյան», թագուհուց ոգեշնչվում էին թագավորական ընտանիքի անդամներից մինչև հասարակ կանայք, առաջին տիկիններից մինչև քաղաքական գործիչներ։
Թագուհին գրեթե առանց բացառությունների միշտ բրիտանական բրենդներն էր նախընտրում։ Բոտիչելլիից ոգեշնչված հարսանյաց զգեստից մինչև ձիավարության համար ընտրված հագուստ. Եղիսաբեթ Երկրորդի ձեռագիրը հստակ էր։ Նա ուշադիր էր ամենափոքր մասնիկներին, կարևորում էր սիմվոլիզմը և տարիների ընթացքում կայուն ու հաստատուն էր նույնիսկ իր հագուստի ընտրության հարցում։ Թագուհու համար ամենաառանցքային աքսեսուարը պայուսակն էր և հատկապես Launer London֊ինը։ Մի առիթով նույնիսկ թագուհին անկեղծացել է ընկերության ղեկավարի հետ ու ասել, որ առանց պայուսակի կարծես հագնված չլինի։
2018֊ին Եղիսաբեթ Երկրորդը Լոնդոնի նորաձևության շաբաթին էր մասնակցում, առաջին շարքում նստած էր Աննա Վինտուրի կողքին և կատակում էին, թե որքան երկար են երկուսն էլ զբաղվում իրենց գործով։
ՈԳԵՇՆՉՈՒՄԸ՝ ԷԿՐԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Ֆիլմեր, սերիալներ, նույնիսկ մուլտֆիլմեր. Թագուհին ամենուր էր և նրա կերպարԸ ճանաչելի էր։ Միշտ չէ, որ բրիտանական միապետին լավ լույսի տակ էին ներկայացնում, բայց այն, որ թագուհին ամենաքննարկվողն էր՝ ոչ ոք չէր հերքում։
Ամերիկյան The Simpsons անիմացիոն սիթքոմում, օրինակ, թագուհին հայտնվել է վեց էպիզոդում, և դրանցից մեկում ավտովթարի է ենթարկվել։ Հիմա Simpsons֊ի երկրպագուները առաջ են տանում այն թեզը, թե սիթքոմը հերթական անգամ կանխագուշակել է ապագան։
Եղիսաբեթ Երկրորդին բազմաթիվ դերասանուհիներ են մարմնավորել, նրանցից շատերն արժանացել են ամերիկյան ու բրիտանական կինոակադեմիաների մրցանակների։ Հելեն Միրենը, օրինակ, 2006֊ին Օսկար է ստացել արքայադուստր Դիանայի մահվանը հաջորդող օրերին թագուհու կերպարը մարմնավորելու համար։ Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած Նեթֆլիքսի The Crown֊ը, իհարկե, գերազանցում է բոլոր ռեկորդները։ Սերիալի միայն երկու սեզոնը նկարահանելու համար 130 մլն դոլար է ծախսվել։ Սա թագավորական ընտանիքի և թագուհու մասին պատմող ամենամանրակրկիտ և ծավալուն աշխատանքն է, որը դիտումների նոր ռեկորդ է սահմանում հատկապես թագուհու մահից հետո։
Ֆիլմարտադրության ոլորտում մեծ ներդրման համար թագուհին Bafta մրցանակի է արժանացել։ Սա բրիտանական ամենահեղինակավոր կինոմրցանակն է, բրիտանական Օսկարը։ Թագուհին ինքն էլ լավ առաջարկի դեպքում չէր հրաժարվում երևալ կադրում։ Հումորի նուրբ զգացմամբ օժտված Եղիսաբեթ Երկրորդը Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի առիթով համաձայնվել էր Ջեյմս Բոնդի հետ նկարահանվել հոլովակում։ Արդյունքում այս դուոն իսկապես պայթեցրել էր համացանցը։
Համացանցը պայթեցնելու համար թագուհուց շատ բան չէր պահանջվում։ Պետք էր ընդամենը կանգնել «Գահերի խաղը» սերիալի հայտնի գահի դիմաց և անվերջանալի թվիթների, հումորների և մեմերի թեմա տալ։
Եղիսաբեթ Երկրորդին չէին մոռանում նաև երգիչներն ու երգահանները։ Նրանցից ոմանք միապետության համակարգի դեմ իրենց բողոքն էին արտահայտում, մյուսները պարզապես սեր խոստովանում թագուհուն կամ էլ երկար կյանք մաղթում։ Ամեն դեպքում, թագուհին ներշնչանքի գլխավոր աղբյուրն էր։ Փանկ ռոքից մինչև ֆոլկ մյուզիք՝ թագուհուն անդրադառնում էին բոլորը։
Փոլ ՄաքՔարթնին, օրինակ, դեռ 1969֊ին է թագուհուն նվիրել 26 վայրկյան տևողությամբ Her Majesty երգը, որը կատարել է նաև Բուքինգհեմյան պալատում՝ 2002֊ին։ Առավել հայտնիների շարքում նաև Sex Pistol֊ի God Save The Queen սինգլն է, որը բողոքի նոտա էր համակարգի և ոչ անձի դեմ։
ԵՂԻՍԱԲԵԹ ԿԱՌՈՒՑՈՂԸ
Ճարտարապետության զարգացումն ու նյութական ժառանգության պահպանումը ևս թագուհին իր առաքելությունն էր համարում։ Տասնյակ կառույցներ՝ թատրոններ, ինստիտուտներ, կենտրոններ, կառուցվել են թագուհու որոշմամբ ու աջակցությամբ։ Եվ ոչ միայն կառուցվել, այլև վերականգնվել։
1992 թվականը թագուհին հայտարարեց annus horribilis (լատիներենից՝ սարսափելի տարի)։ Սա կապված էր, նախ, արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի աղմկոտ պաշտոնական բաժանման, նաև Վինձոր ամրոցում մեծ հրդեհի հետ, որը հնարավոր էր եղել մարել միայն 15 ժամ անց։ Հրդեհի հետևանքով հարյուրից ավելի սենյակներ էին վնասվել, ավերածություններ կային։ Չնայած բյուրոկրատական խնդիրներին, անհամաձայնություններին, թագուհին պարտավորվեց վերականգնել տարածքն ու հետևողական աշխատանքի շնորհիվ հենց այդպես էլ արեց։