#իվենթաPAN
November 14

Գրետայի անունով միջատը, Թրամփի հետ առճակատումն ու հայաստանյան այցը. Գրետա Թունբերգը՝ աշխարհի ամենահայտնի էկոակտիվիստը

Այս օրերին Հայաստանում է աշխարհի ամենահայտնի էկոակտիվիստներից մեկը՝ Գրետա Թունբերգը։ Դպրոցական տարիքում, երբ համադասարանցիների մեծագույն խնդիրը դպրոցում ցածր գնահատական ստանալն էր, Գրետան ՄԱԿ-ում ելույթներ էր ունենում և սաստում աշխարհի առաջնորդներին, փողոցում բնապահպանական ակցիաներ էր իրականացնում ու TIME-ի տարվա մարդ դառնում։ PAN-ը պատմում է Թունբերգի հայաստանյան այցի, բողոքի ակցիաների, համաշխարհային առաջնորդների հետ շփումների, քննադատության և գրանցած հաջողությունների մասին։

ԳՐԵՏԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ-վրացական սահմանը հատելուց հետո Թունբերգը հայ բնապահպանների հետ գնացել է Հաղպատի վանք, եղել նաև Ջերմուկում։ Նրան ուղեկցել են բնապահպան ակտիվիստներ Հայաստանից։

Ակտիվիստը Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին, պատրաստվում է Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացնել։

Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է Բաքվում անցկացվող COP29-ը։ Ակցիաների ժամանակ էլ կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերից զատ խոսել է նաև  Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, Արցախում հայերի էթնիկ զտումների մասին։

«Բացարձակապես անընդունելի է՝ կլիմայի վերաբերյալ համաժողովը հյուրընկալում է Ադրբեջանը՝ երկիր, որ շարունակաբար ճնշում է քաղաքացիական հասարակությանը, բռնաճնշումների ենթարկում իր բնակչությանը և, հատկապես, նրանց, ովքեր փորձում են պաշտպանել մարդու տարրական իրավունքները։ Մի երկիր, որ էթնիկ զտումներ է իրականացնում հայերի դեմ»։

Գրետա Թունբերգն այս տարի Բաքու չի մեկնել, նախորդ տարի՝ Դուբայ, դրանից առաջ՝ Շարմ էլ Շեյխ։ Փոխարենը՝ վերջին 7 տարում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովների ընթացքում նա բողոքի ակցիաներ է անցկացնում տարբեր քաղաքներում։

ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍՎԵՑ ԳՐԵՏԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«Դուք գողացել եք իմ մանկությունը». ՄԱԿ-ի` կլիմայի հարցերով գագաթնաժողովում 16-ամյա էկոակտիվիստն այս խոսքերով սկսեց իր ելույթը։ 2019 թվականի սեպտեմբերին նա փաստացի քննադատության տարափ ուղղեց աշխարհի առաջնորդների վրա, ովքեր, իր կարծիքով, ոչինչ չեն անում էկոլոգիական խնդիրները լուծելու համար։ Նրա ելույթը ՄԱԿ-ում դարձավ վիրուսային ու տարածվեց աշխարհով մեկ։

«Ահա իմ ուղերձը. մենք հետևելու ենք ձեզ։ Այս ամենը սխալ է, ես չպետք է լինեի այստեղ, ես պետք է լինեի դպրոցում՝ օվկիանոսի մյուս ափին։ Բայց դուք դիմում եք մեզ՝ երիտասարդությանն օգնության համար։ Ինչպե՞ս եք համարձակվում։ Մարդիկ մահանում են, աշխարհը փլուզվում է։ Մենք վերացման շեմին ենք, իսկ այն ամենը, ինչի մասին դուք կարող եք խոսել, փողն է և տնտեսական աճի մասին պատմությունները։ Ինչպե՞ս եք համարձակվում»։

Գրետայի How dare you? (Ինչպե՞ս եք համարձակվում) հռետորական հարցը պայթեց ամբողջ աշխարհում։ Մի քանի ամիս անց նա դարձավ «Տարվա մարդ»՝ ըստ ամերիկյան Time պարբերականի։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ էր սա նշանակում, միայն ասենք, որ «Տարվա մարդ» կոչմանը հավակնում էին, օրինակ, Դոնալդ Թրամփը և Մարկ Ցուկերբերգը։

Իրականում Գրետայի ճանապարհը սկսվել էր այս ելույթից դեռ մեկ տարի առաջ՝ 2018-ի օգոստոսի 20-ին, երբ երկու հյուսիկով 15-ամյա աղջիկը միայնակ բողոքի ակցիա սկսեց  Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ։ Այդ ցույցին նախորդել էր Շվեդիայի օդերևութաբանական կանխատեսումների 262-ամյա պատմության մեջ ամենաշոգ ամառը, որն ուղեկցվել էր բազմաթիվ անտառային հրդեհներով։ Նրա ձեռքին պաստառ էր՝ «Դասադուլ՝ հանուն կլիմայի» (Skolstrejk For Klimatet) գրությամբ։ Ընդամենն ամիսներ անց այս գրությամբ պաստառների կարելի էր հանդիպել աշխարհի տարբեր կետերում։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Սկզբում դասընկերները ծաղրում էին Գրետային, իսկ ծնողները՝ փորձում հետ պահել խորհրդարանի պատերի մոտ ամենօրյա ցույցերից։ Բայց շուտով համացանցն արեց իր անելիքը և սոցցանցերի օգտատերերն ուշադրություն դարձրին #Fridaysforfuture և #Climatestrike հեշթեգերին։ Թունբերգի գաղափարն աջակցություն ստացավ բազմաթիվ աշակերտների և ուսանողների շրջանում։

Սկզբնական շրջանում այս ակցիաները տեղային բնույթ էին կրում, բայց շուտով վերաճեցին մեծ շարժման։ Կես տարի անց՝ 2019 թվականի մարտի 14-ին, Fridays for Future շարժմանը միացավ մոտ 1,5 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Հենց այն պահին, երբ ցույցերը բողոքի մեծ ալիքի հիմք դարձան՝ Գրետայի ձեռքբերումները, կարծես, արձանագրվեցին «ամենապաշտոնական» ձևով՝ աղջիկն առաջադրվեց Նոբելյան մրցանակի։

Այդ շրջանում նա ելույթեր էր ունենում TED համաժողովներում, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, ինչից հետո Շվեդիայի և Նորվեգիայի մի խումբ քաղաքական գործիչներ շվեդուհի բնապահպանական ակտիվիստին ներկայացրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի։

ՊԱՅՔԱՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ինչի՞ համար է պայքարում Գրետան։ Առաջին հերթին, երիտասարդ աղջկա ցանկությունն է, որ աշխարհի կառավարությունները դադարեն «մտահոգություն հայտնել» և սկսեն գործել։ Իր ելույթներում նա հարուստ երկրներին կոչ է անում ածխաթթու գազերի արտանետումները կրճատել նվազագույնը 15 տոկոսով, որպեսզի երկրագնդի ջերմաստիճանի միջին բարձրացումը պահպանվի 2°C-ի սահմաններում։ Գրետան նշում է, որ հարուստ երկրները 6–12 տարվա ընթացքում պետք է հասնեն ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի։

Դեռ 2019 թվականի ապրիլին՝ Ստրասբուրգում ունեցած իր ելույթի ընթացքում Գրետան քննադատեց Եվրախորհրդարանին՝ «Բրեքսիթի թեմայով երեք հրատապ գագաթնաժողով անցկացնելու և գլոբալ էկոլոգիական ճգնաժամի թեմայով զրո գագաթնաժողով անցկացնելու համար»։

Ի դեպ, Գրետայի կոշտ դիրքորոշումը տարբեր կերպ է ընկալվում հենց այդ նույն առաջնորդների կողմից։ Օրինակ, Դոնալդ Թրամփի և Գրետայի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն։ Դեռ 2019-ին Թրամփը խորհուրդ էր տվել շվեդացի էկոակտիվիստին կառավարել ցասումը և կինո գնալ։

«Հանգստացի՛ր, Գրետա, հանգստացի՛ր»։

Փոխարենը Գրետային աջակցության խոսքեր էին ասում ԱՄՆ նախկին նախագահ  Բարաք Օբաման և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Իմ սերունդը չկարողացավ հաղթահարել կլիմայի փոփոխությունները։ Երիտասարդությունը զգում է դա։ Զարմանալի չէ, որ նրանք զայրացած են»։

Դե, իսկ 2019 թվականի հունվարին Գրետան ներկա է եղել Դավոսյան ֆորումին։ Այնտեղ մեկնել է գնացքով՝ միակողմանի ճանապարհի վրա ծախսելով 32 ժամ, քանի որ, գաղափարական մոտեցումներից ելնելով, ինքնաթիռ չի նստում։

Գրետան քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել.

«Կա՛մ մենք կանխարգելում ենք ջերմաստիճանի բարձրացման 1,5°C-ը, կա՛մ՝ ոչ։ Կա՛մ մենք խուսափում ենք մարդկային վերահսկողությունից դուրս գտնվող անխուսափելի շղթայական ռեակցիայի առաջացումից, կա՛մ դա չենք անում... Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է։ Որովհետև դա այդպես էլ կա»։

ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գրետան իսկապես շատ կտրուկ է իր ձևակերպումներում և խիստ՝ դիրքորոշման մեջ։ Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկում, հայտնի ծնողների ընտանիքում ծնված աղջիկը կարողացել է փոխել անգամ ընտանիքի դիրքորոշումը։ Մայրն օպերային երգչուհի Մալենա Էրնմանն է, հայրը՝ դերասան Սվանտե Թունբերգը։ Հայրն աղջկա ազդեցությամբ բուսակեր է դարձել, մայրն այլևս չի օգտվում ինքնաթիռներից։

Գրետայի մասին լսելիս մարդկանց մոտ սովորաբար հարց է առաջանում, թե ի՞նչը դրեց աղջկան շեղվել իր «մանկական» թեմաներից ու մտածել գլոբալ էկոլոգիական հարցերի շուրջ։

«Ես իմացա էկոլոգիական խնդիրների մասին, երբ ութ տարեկան էի։ Դպրոցում մշտապես ցուցադրում էին սարսափելի ֆիլմեր օվկիանոսում պլաստիկի կամ այն մասին, թե ինչպես են մահանում բևեռային արջերը։ Ես լաց էի լինում, երբ տեսնում էի այդ կադրերը։ Ինչ-որ պահի հասկացա, որ չեմ կարող ապրել այնպես, ինչպես առաջ»։

Թեմային ծանոթանալուց հետո Գրետան սկսեց աստիճանաբար հրաժարվել այն ամենից, ինչն ամենաշատն է վնասում շրջակա միջավայրին. դադարեց միս ուտել, աշխատում է ավելորդ իրեր չգնել, ճանապարհորդում է գնացքներով, հրաժարվել է պլաստիկից, բանջարեղեն է աճեցնում սեփական այգում, տան տանիքին արևային մարտկոցներ են տեղադրել։

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄԸ

«Գրետայի էֆեկտը», ինչպես հետագայում անվանեցին նրա ազդեցությունը, արագորեն տարածվեց։ 2019 թվականին բրիտանական Penguin Books հրատարակչությունը թողարկեց ակտիվիստի ելույթների ժողովածուն՝ No One Is Too Small to Make a Difference վերնագրով։ Այժմ Amazon-ում կարելի է գտնել տասնյակից ավելի գրքեր տարբեր լեզուներով՝ նվիրված Թունբերգին։

2020 թվականի ապրիլին Թունբերգը ստացավ Human Act Award մրցանակը՝ ստացված միջոցները նվիրաբերելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին։ Նույն թվականի հուլիսին նրան շնորհվեց «Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրության մրցանակը։

Անշուշտ, Գրետայի գործունեությունը միանշանակ չի ընդունվել։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, օրինակ, չէր սատարում դասերը բաց թողնելու գաղափարը, իսկ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն էկոլոգիական դասադուլներում «արտաքին միջամտություն» էր տեսնում։

Մինչ շատերը թերահավատորեն են վերաբերվում Թունբերգին, նրա անվան շուրջ տարբեր մեմեր են ստեղծում ու քննադատում ակտիվիստին, Գրետան համարվում է աշխարհի ամենաազդեցիկ երիտասարդներից մեկը՝ մոտ 14 մլն հետևորդով, GQ և Time ամսագրերի շապիկներին հայտնվելով, միջազգային բազմաթիվ համաժողովներում ելույթներով։ Գրետայի անունով անգամ վերջերս հայտնաբերված միջատի են անվանակոչել։ Ամեն դեպքում, նրան կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց անտեսել հաստատ չի ստացվի։


✍️ Նանե Մանուկյան / PAN