#cyberPAN
October 17, 2023

Անցյալը հուշ է, ապագան` անորոշ, թե՞ այնքան էլ չէ. Եկեք մի քիչ փիլիսոփայենք  

Ժամանակը, որպես երևույթ, մարդկանց հետաքրքրել է ամենահին շրջանից։ Լինելով ֆունդամենտալ` այն անհնար է բացատրել ավելի ֆունդամենտալ երևույթների միջոցով (չնայած, ֆիզիկայի ոլորտում ամենանոր մշակումները փորձում են)։ Այդուհանդերձ, փիլիսոփաները ժամանակի մետաֆիզիկական հատկությունների մասին տարատեսակ մոդելներ են մշակել, քննարկել, պատկերացրել` փորձելով նկարագրել այդ երևույթը։

PAN-ը պատմում է ժամանակի մետաֆիզիկական երեք գլխավոր ուղղության մասին։

ՊՐԵԶԵՆՏԻԶՄ

Ժամանակի փիլիսոփայության առաջին մետաֆիզիկական մոտեցումը պրեզենտիզմն է, որը պնդում է, որ իրական է միայն ներկա պահը, իսկ անցյալն ու ապագան օնթոլոգիկ որևիցե իմաստ չունեն, այսինքն` այն բացառում է անցյալի ու ապագայի գոյությունը։ Ըստ պրեզենտիստների` անցյալի իրադարձությունները արդեն տեղի են ունեցել (գոյություն են ունեցել), ապագայինը` տեղի կունենան (գոյություն կունենան), սակայն միայն ներկայի կարգավիճակում։ Հետևաբար, իրական է միայն ներկան։

Պրեզենտիզմը

Պրեզենտիզմը փիլիսոփայության մեջ ունի խորը արմատներ, որոնք հասնում են մինչև Հին Հունաստան` հատկապես Պարմենիդեսի ու Հերակլիտոսի աշխատություններին։ Պարմենիդեսը պնդում էր, որ իրական է միայն ներկան, այն դեպքում, երբ ըստ Հերակլիտոսի` իրականությունը գտնվում է մշտական շարժման մեջ, հետևաբար` ներկան անընդհատ փոխվում է։ Ավելի ուշ շրջանում պրեզենտիզմի մասին պատկերացումների զարգացման գործում մեծ դերակատարում է ունեցել անգլիացի փիլիսոփա Ջոն Էլլիս Մակ-Տագարտը` քննարկելով ժամանակի A-շղթայի ու B-շղթայի մասին պատկերացումները։ Ավելի ժամանակակից փիլիսոփաներից Չառլի Դունբար Բրոդը, Դեյվիդ Լյուիսն ու Դեյվիդ Հյու Մելորը նույնպես ներդրում են ունեցել պրեզենտիզմի զարգացման մեջ։

Պրեզենտիզմի պնդումների կենտրոնում այն է, որ գոյություն ունենալու օնթոլոգիկ ստատուս թույլատրվում է ունենալ միայն ներկա իրադարձություններին։ Անցյալի իրադարձությունները գոյություն ունեին, երբ ներկա էին, սակայն դադարել են գոյություն ունենալ` դառնալով անցյալ։ Ապագայի իրադարձությունները պոտենցիալ կարող են գոյություն ունենալ միայն եթե դառնան ներկա։ Գոյություն ունի միայն ներկան ու ներկա իրադարձությունները, որոնք անընդհատ փոխվում են։ Սա դինամիկ հայացք է ժամանակին, ըստ պրեզենտիզմի` ժամանակն անընդհատ հոսում է։ Ներկան անընդհատ դառնում է անցյալ (անհետանում է), փոխարինվելով նոր ներկայով (գոյություն չունեցող ապագան սկսում է գոյություն ունենալ` դառնալով ներկա)։

Պրեզենտիստների արգումենտները բավականին պարզ են։ Նրանք պնդում են, որ շատ մարդկանց առօրյա փորձը համապատասխանում է հենց պրեզենտիզմին, քանի որ մենք ընկալում ենք աշխարհն ու փոխազդում նրա հետ հենց ներկայում։ Մենք ընկալում ենք ժամանակը որպես ներկա պահերի սահուն հերթականություն, ու պրեզենտիզմը բացատրում է այդ սուբյեկտիվ փորձառությունը մետաֆիզիկական եղանակով։ Նրանք նաև կարծում են, որ պրեզենտիզմը ժամանակի ավելի պարզ ու հասկանալի մետաֆիզիկական տեսություն է, քան այլընտրանքները։ Այն չի պահանջում խորհրդավոր էությունների, օրինակ` անցյալի ու ապագայի օբյեկտների մասին պոստուլատի առաջադրում։ Բացի այդ, պրեզենտիզմը կարող է լուծել օբյեկտի` ժամանակի հետ փոխվող ներքին հատկությունների խնդիրը. եթե անցյալն ու ապագան գոյություն չունեն, ապա կարիք չկա հաշվի առնել ներքին հատկությունները, որոնք փոխվում են գոյություն չունեցող ժամանակներում։

Ինչպես ցանկացած մետաֆիզիկական հայացք, պրեզենտիզմն ունի իր հակառակորդները, ում արգումենտները նույնպես պետք է հաշվի առնել։ Գլխավորն այն է, որ պրեզենտիզմը բախվում է խնդիրների ժամանակակից ֆիզիկայի, հատկապես` Հարաբերականության տեսության կոնտեքստում, որը ենթադրում է, որ գոյություն չունի բացարձակ ներկա պահ ու որ միաժամանակությունը հարաբերական է դիտորդի հաշվարկային համակարգին։ Այլ կերպ ասած, մի դիտորդի ներկայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են լինել մեկ այլ դիտորդի անցյալում կամ ապագայում։ Քննադատները պնդում են նաև, որ պրեզենտիզմը խնդիրների է բախվում փոփոխությունների իրական լինելը բացատրելու ընթացքում, քանի որ հասկանալու համար, ինչպես է ամեն ինչ ժամանակի հետ փոխվում, անհրաժեշտ է, որ գոյություն ունենան անցյալն ու ապագան։ Բացի այդ, պրեզենտիզմը խնդիրներ է առաջացնում` կապված ազատ կամքի ու բարոյական պատասխանատվության հետ։ Օրինակ, եթե գոյություն ունի միայն ներկան, հասկանալի չէ, ինչպես ենք կարող ազատ լինել որևիցե ընտրություն կատարելու հարցում, քանի որ ապագան դեռ գոյություն չունի։ Պրեզենտիզմի համար դժվար է բացատրել, ինչպես ենք մենք կարող հիշել անցյալն ու կանխատեսել ապագան, ու ինչպես կարող է պատճառահետևանքային կապն աշխատել ժամանակի մեջ։

Այսպիսով, չնայած իր ինտուիտիվ գրավչությանն ու պարզությանը, պրեզենտիզմը բախվում է բազմաթիվ խնդիրների։

ՏԻԵԶԵՐՔԻ ԱՃՈՂ ԲԼՈԿ

Էլ ավելի հետաքրքիր ու տարօրինակ է ժամանակի մասին պատկերացումը Տիեզերքի աճող բլոկ կոչվող մետաֆիզիկական հայացքի տեսանկյունից։ Ի տարբերություն պրեզենտիզմի, այստեղ ենթադրվում է, որ անցյալը ու ներկան գոյություն ունեն, սակայն ապագան անընդհատ ավելացվում է իրականության բլոկին` դառնալով ներկա, ինչի շնորհիվ քառաչափ այդ բլոկը անընդհատ աճում է։ Հետևաբար, այս պատկերացման համաձայն ժամանակը ոչ անընդհատ փոխվող ներկան է, ոչ էլ ֆիքսված անփոփոխ ստրուկտուրա, այն աճում ու ընդլայնվում է` նոր պահերի ավելացման (ապագայի` ներկա դառնալու) հետ միասին։ Ընդ որում, ներկան օբյեկտիվ հատկություն է, որը նման է շարժվող լուսարձակի։

Տիեզերքի աճող բլոկը

Տիեզերքի աճող բլոկը հարաբերականորեն ժամանակակից կոնցեպտ է, որը առաջացել է ի պատասխան ժամանակի փիլիսոփայության այլ, ավանդական մոտեցումների առջև ծառացած խնդիրների ու զարգացել 20-րդ դարի ընթացքում։

Փիլիսոփայական այս մոտեցումը ներդնում է նոր հասկացություն` իրականության բլոկ` կազմված անցյալից ու ներկայից (ներկան աճող բլոկի եզրին է)։ Ապագան չունի նույն օնթոլոգիկ ստատուսն, ինչ անցյալն ու ներկան, այն բաց է, անորոշ ու անընդհատ միանում է աճող բլոկին` վերածվելով ներկայի. այսինքն, այս մոդելում ժամանակը դինամիկ է ու ասիմետրիկ։ Այստեղ ժամանակն ունի սեփական սլաքը կամ ուղղությունը` շարժվելով բաց ու անորոշ ապագայից դեպի հստակ ու իրական անցյալ։

Ըստ այս մոտեցման կողմնակիցների` այն ավելի լավ է արտացոլում մեր առօրյա փորձառությունը, քան պրեզենտիզմը. դինամիկ ու փոփոխվող ներկայի հետ մենք ընդունում ենք նաև անցյալի գոյությունը։ Այն համապատասխանում է ֆիզիկայի ոլորտի պատկերացումներին, որոնք համակարգերի էվոլյուցիան մաթեմատիկորեն նկարագրում են որպես ժամանակի մեջ աճող։ Ընդ որում, այս մոտեցումը լուծում է փոփոխությունների հետ կապված որոշ փիլիսոփայական խնդիրներ, քանի որ ընդունում է անցյալի իրադարձությունների իրական լինելը։

Բնականաբար, կան նաև հակառակորդներ։ Օրինակ, երբ այս մոտեցման կողմնակիցը պնդում է, որ ապագան անընդհատ դառնում է իրական, նա պարտավոր է բացատրել նաև, ինչպես է տեղի ունենում չգոյության վերածվելը գոյության, ու ինչն է որոշում, թե ապագայի որ տարբերակը կդառնա ներկա։ Տիեզերքի աճող բլոկը նույնպես այնքան էլ համատեղելի չէ Հարաբերականության տեսության հետ, որովհետև բլոկի եզրը` «հիման», չի կարող ընդհանուր լինել բոլոր դիտորդների համար։ Մոդելը խնդիրների է բախվում նաև պատճառայնության ու դետերմինիզմի բացատրության հարցում, քանի որ անցյալը համարվում է ֆիքսված, ապագան` բաց,  ինչը հարց է առաջանում. ինչպես են որոշվում իրադարձություններն ու ինչպես են ազդում միմյանց վրա։

Տիեզերքի աճող բլոկը լավ է նայվում գեղեցիկ նկարներում, բայց կրկին բախվում է բազմաթիվ խնդիրների։ Սակայն ոչինչ չի համենատվի էլ ավելի խելահեղ գաղափարի` էթերնալիզմի հետ։

ԷԹԵՐՆԱԼԻԶՄ

Ժամանակի փիլիսոփայության ամենատարօրինակ պատկերացումներից մեկը, հավանաբար, էթերնալիզմն է։ Եթե պրեզենտիզմը պնդում էր, որ գոյություն ունի միայն ներկան, Տիեզերքի աճող բլոկը` որ գոյություն ունեն միայն անցյալն ու ներկան, ապա էթերնալիզմը պնդում է, որ անցյալ, ներկա ու ապագա իրադարձությունները գոյություն ունեն անդրժամանակային ու հավերժական ձևով։

Էթերնալիզմը

Մետաֆիզիկական այս պատկերացման արմատները, ինչպես պրեզենտիզմի դեպքում, հասնում են մինչև Հին Հունաստան։ Այս տեսակետի մասին մտորում էին Պլատոնը, Արիստոտելը, Պարմենիդեսը։ Սակայն միայն 20-րդ դարում էթերնալիզմը հայտնվեց փիլիսոփայական մեյնսթիմում։

Էթերնալիզմը պնդում է, որ Տիեզերքը իրենից ներկայացնում է ստատիկ քառաչափ բլոկ, որում բոլոր իրադարձությունները անցյալում, ներկայում ու ապագայում նույնչափ իրական են ու գոյություն ունեն այդ բլոկի տարբեր հատվածներում։ Դա հակասում է պրեզենտիզմի ու աճող բլոկի հայացքներին, համաձայն որոնց ժամանակը դինամիկ է։ Էթերնալիստի տեսանկյունից ժամանակը ոչ թե հոսող կամ զարգացող երևույթ է, այլ ֆիքսված ստրուկտուրա, իսկ անցյալը, ներկան ու ապագան այդ ստրուկտուրայի մասերն են։ Դրանք չեն առաջանում ու չեն անհետանում, այլ ուղղակի կան։

Հետևաբար, ժամանակային հարաբերությունները նման են տարածական հարաբերություններին։ Ճիշտ նույն կերպ, ինչպես օբյեկտները կարող են կապված լինել տարածականորեն (օրինակ, գտնվել կողք կողքի), իրադարձությունները կարող են կապված լինել ժամանակի մեջ (օրինակ, մի իրադարձությունը տեղի է ունենում մյուսից առաջ կամ հետո) քառաչափ բլոկում։ Էթերնալիզմի համար գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին տվյալ պահն է, որովհետև բոլոր պահերը հավասարապես իրական են։

Բոլոր երեք մոտեցումները

Էթերնալիստները պնդում են, որ իրենց մոդելը հրաշալի համապատասխանում է ժամանակակից ֆիզիկական տեսություններին, հատկապես` Հարաբերականության տեսությանը, որը ենթադրում է, որ գոյություն չունի բացարձակ ներկա պահ ու որ տարբեր դիտորդներ կարող են ապրել իրադարձությունները տարբեր հերթականությամբ։ Բացի այդ, ինչպես էթերնալիստական հայացքում, Հարաբերականության տեսությունում տարածության երեք չափումներն ու ժամանակային մեկ չափումը կազմում են միասնական քառաչափ օբյեկտ` տարածություն-ժամանակ։

Այն նաև լուծում է փոփոխությունների հետ կապված փիլիսոփայական խնդիրները, քանի որ Տիեզերքի ֆիքսված ու ստատիկ բլոկում բոլոր իրադարձությունները հավասարապես իրական են ու ֆիքսված։ Էթերնալիստները կարծում են, որ իրենց տեսությունը պարզ է ու էլեգանտ, քանի որ այստեղ անհրաժեշտություն չկա բացատրել ներկայից տարբերվող ժամանակային պահերի գոյությունը։

Էթերնալիզմի ընդդիմադիրները պնդում են, որ այն հակասում է ժամանակի սովորական ընկալմանը, որը ներառում է ժամանակի հոսելու զգացումն ու հավատը, որ իրադարձությունները տեղի են ունենում, ապա անհետանում անցյալում։ Էթերնալիզմը նաև դժվարությամբ կարող է բացատրել անձի իդենտիկության փոփոխության փաստը ժամանակի հետ, քանի որ այն ենթադրում է, որ անցյալի ու ներկայի «ես»-ը նույն կերպ իրական են` չնայած այդ տարբեր «ես»-երը, ըստ էության, տարբեր մարդիկ են։

Քննադատների պնդում են նաև, որ էթերնալիզմը չի կարող ադեկվատ բացատրել բաց ապագան, որում հնարավոր են ազատ կամքը ու իրական ընտրությունը։ Էթերնալիզմում դրանք ընդհանրապես գոյություն չունեն, քանի որ ապագան նույնքան ֆիքսված ու որոշակի է, որքան անցյալը։

Ընդհանուր առմամբ, թե պրեզենտիզմը, թե Տիեզերքի աճող բլոկն ու թե էթերնալիզմը գրեթե ոչինչ չեն ավելացնում ժամանակի հետ կապված ֆունդամենտալ մեխանիզմները բացահայտելու հարցում, հետևաբար, որ կողմն ընտրել, զուտ ճաշակի հարց է։


✍️ Արման Գասպարյան / PAN