#իվենթաPAN
June 29, 2023

Որբացած քաղաքը, փրկված հայերը և աքսորված ճապոնացին. «Անխորտակելի» Տիտանիկի ոդիսականը

«Տիտանիկ»-ը և դրա հետ կապվող երևույթները ճակատագրական ու ողբերգական են նույնիսկ մեկ դար անց։ Նավի խորտակման վայրում անհետացած սուզանավի հինգ ուղևորի ճակատագրին շունչը պահած հետևում էր ամբողջ աշխարհը։ Եվ ինչքան էլ հրաշքի սպասումը մեծ էր՝ հրաշք տեղի չունեցավ։

Այս վայրն ու առհասարակ «Տիտանիկ»֊ն ինչ֊որ առեղծվածային նախախնամությամբ կապում են ներկան ու անցյալը։ Անհետացած սուզանավի հինգ ուղևորից մեկի՝ Սթոքթոն Ռաշի կինը 1912 թվականի ողբերգական նավաբեկության զոհերից երկուսի՝ տարեց ամուսիններ Այսադոր Շտրաուսի և կնոջ՝ Իդայի ծոռնուհին է։

Թվում է, թե նախորդ դարասկզբի ողբերգական այս դրվագի մասին բոլորն ու ամեն ինչ արդեն գիտեն, իսկ ով էլ չգիտի՝ առնվազն դիտել է «Տիտանիկ» ֆիլմը և մոտավոր պատկերացում կազմում է։ PAN֊ը որոշել է մի տեղում հավաքել առեղծվածային նավաբեկության մասին ամենաարտառոց փաստերը։ Նավաբեկության մանրամասները պատմելիս ինչ֊որ «հայտնագործություն» դժվար թե անենք, փոխարենը փնտրել ու գտել ենք «իրական» Տիտանիկում հայկական հետքերն ու շատ ավելին։

ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՏԼԱՆՏԻԿԱ

Տիտանիկի կառուցումը տևել է երեք տարի՝ 1909-1912 թվականներին։ Բրիտանական տրանսատլանտյան այս շոգենավը «Օլիմպիկ» դասի երկրորդ նավն էր։ Ի դեպ, երբ Տիտանիկը հանձնվում էր շահագործման՝ այն համարվում էր աշխարհում ամենամեծ նավը։ Դրա ջրատարողությունը «Օլիմպիկ» երկվորյակ-նավին գերազանցում էր 243 տոննայով։ Եթե կարճ ասենք՝ Տիտանիկը հսկաների մեջ գերհսկան էր, որին «անխորտակելի» կոչումն էին շնորհել։ Իսկ իրականությունը չափազանց դաժան էր։ Հենց առաջին ուղևորության ժամանակ Տիտանիկը բախվում է այսբերգին և խորտակվում Հյուսիսային Ատլանտիկայում։

Նավն այնքան մեծ էր, որ դրա խորտակումը միայն երկու ժամից ավելի է տևում, իսկ այդ ընթացքում կատարվածը դառնում է հաջորդող տասնամյակների ու մի ամբողջ դարի համար քննարկումների, ծանր դասերի, ու վատ է հնչում, բայց նույնիսկ ոգեշնչման թեմա։

Վերադառնալով դեպքի օրվան։ Կեսգիշերն անց նավի կապիտան Էդվարդ Սմիթը հրամայում է սկսել տարհանումը, նաև տագնապ ազդարարող հրթիռներ արձակել։ Ողբերգությունից հետո արդեն մասնագետներն ու հետաքրքրասերները պիտի քննարկեին, թե ով ինչ սխալ է արել, ով որտեղ է ուշացել կամ ինչում է թերացել։ Մի բան հստակ էր բոլորի համար. Տարհանումը վատ էր կազմակերպված, իսկ նավի անձնակազմը նման մասշտաբի արտակարգ իրավիճակի համար պատրաստված չէր։

Փրկամակույկները կարող էին փրկել նավի ուղևորների կեսից ավելիին, բայց կատարվում է ճիշտ հակառակը։ Կեսից ավելին ողբերգական կերպով մահանում է։ Փրկամակույկները ջուրն էին իջեցվում կիսադատարկ և կարողանում են փրկել միայն 729 մարդու։ Առնվազն 1500 մարդ մահանում է։ Ողջ մնացածներն էլ փրկվում են «Կարպատիա» շոգենավի շնորհիվ։

ՄԱՀՎԱՆ ՊԱՀԻՆ ԳՐՊԱՆԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

Ասում են, թե մահվան առջև բոլորն անզոր ու բոլորը հավասար են։ Գուցե այդպես է, բայց լինում են դեպքեր, երբ բախտի գործոնը մի փոքր էլ խառնվում է գրպանի պարունակության գործոնի հետ ու ստեղծվում են ոչ այնքան օբյեկտիվ պայմաններ։

Նավում ուղևորները, ըստ իրենց գնած տոմսերի արժեքների, բաժանվում էին երեք դասի։ Առաջին դասում, ինչպես հարկն է և ինչպես կարելի էր ենթադրել, կային անհրաժեշտ բոլոր պայմանները՝ լողավազան, մարզասրահ, թուրքական բաղնիք, ռեստորաններ, նույնիսկ շների համար նախատեսված առանձին հատված։ Արդարության համար պետք է նշել, որ Տիտանիկի երրորդ դասի սպասարկումն ու պայմանները համեմատության մեջ շատ ավելի լավն էին, քան անդրատլանտյան շոգենավերի մեծ մասի դեպքում։ Կար մի պայման միայն. Մի դասի ուղևորներին արգելված էր ինչ֊որ պատճառով հայտնվել մյուս դասի համար նախատեսված հատվածում։

Այս ամենը երկրորդական կարևորության դետալներ կլինեին, եթե դասերը չկանխորոշեին այս մարդկանց ապագան։ Տիտանիկի առաջին դասի տոմս գնած ուղևորները չէին էլ կարող պատկերացնել, որ իրականում գնում են իրենց փրկության ուղեգիրը։ Իսկ պատճառը շատ պարզ է։ Փրկարարական աշխատանքներն իրականացնելիս առաջինը նավից դուրս էին բերում առաջին դասի ուղևորներին։ Արդյունքում նավաբեկության 1500 զոհից միայն չորսն էին առաջին դասի կանայք։ Երրորդ դասից զոհվել է 89 կին և 387 տղամարդ։ Ընդհանուր առմամբ, զոհերի թվում մեծ էր նավի աշխատակիցների թիվը՝ մեխանիկներից մինչև երաժիշտներ։

ՏԻՏԱՆԻԿԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐԸ

Ավելորդ է ասել, որ նավի կործանման պատճառների շուրջ հետաքննությունը երկար ու աղմկահարույց գործընթաց էր, բայց այս դեպքն ունեցավ իր հստակ հետևանքները։ Աղետի պատճառները բացահայտող հանձնաժողովները ջրում անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված բազմաթիվ քայլեր ձեռնարկեցին։ Դրանց զգալի մասը ողբերգությունից ընդամենը երկու տարի անց ներառվեց 1914 թվականին ընդունված Ծովում մարդկային կյանքի պահպանության միջազգային կոնվենցիայում։ «Տիտանիկ»֊ի դեպքից հետո և կոնվենցիայի վավերացմամբ միջազգային ուղերթներ իրականացնող բոլոր նավերը պետք է ունենային անհրաժեշտ քանակությամբ փրկամակույկներ։ Թե որքան է անհրաժեշտ քանակությունը՝ որոշվում էր՝ ուղևորների թվաքանակով։

Մինչև Տիտանիկը նավարտադրողներն ուշադրություն էին դարձնում հրդեհների, փոթորիկների և հավանական այլ խնդիրների լուծմանը։ Այսբերգների վտանգն առանձնապես չէր կարևորվում։ Սա ևս վերանայվեց։ Նավերը մոտակայքում այսբերգ հայտնաբերելու դեպքում պետք է ընթանան ցածր արագությամբ կամ փոխեն ուղղությունն ու շրջանցեն վտանգավոր գոտին։

Մեկ այլ փոփոխություն, որ արվեց դեպքից երկու տարի անց։ 1914 թվականին 14 երկրներ ստեղծեցին Միջազգային սառցային պարեկային ծառայությունը, որը պետք է սառցային իրավիճակի մոնիտորինգ իրականացներ։ Ծովային նավարկության կանոնների մյուս կարևոր փոփոխությունը պահանջն էր առ այն, որ նավի վրա պետք է պարտադիր լիներ ռադիոհաղորդակցության և ռադիոեթերի շուրջօրյա վերահսկում։

2 ԺԱՄԸ՝ ՄԵԿ ԴԱՐ ՈՒ ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹ

Երկու֊երեք ժամում Տիտանիկի վրա այնքան ճակատագրեր փոխվեցին և այնքան դեպքեր տեղի ունեցան, որ դրանցից յուրաքանչյուրը կարող էր դառնալ առանձին ֆիլմի կամ գրքի ոգեշնչման աղբյուր։ Ի դեպ, այդպես էլ եղավ։ Ողբերգության հիման վրա նկարահանվեցին ֆիլմեր ու գրվեցին վեպեր, դրանցից մի քանիսն աննախադեպ հաջողություն գրանցեցին։

Այս պատմություններն արհեստական կերպով կապելու որևէ միտում չունենք, դրա համար էլ այս ենթաբաժնում առաջարկում ենք կարդալ Տիտանիկի դեմքերի ու դեպքերի մասին ամենաարտառոց պատմություններից մի քանիսը։

  • Տիտանիկի մասին առաջին ֆիլմը նկարվել է նավաբեկությունից մեկ ամիս չանցած։ Եվ ամենահետաքրքիրը՝ ֆիլմում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է աղետից փրկված դերասանուհին։
  • Տիտանիկի մնացորդները հայտնաբերվել են նավաբեկությունից տասնամյակներ անց. Ավելի հստակ՝ 73 տարի։ Այն հայտնաբերելուց հետո շատ հարցերի պատասխաններ են տրվել։ Օրինակ՝ հաստատվել է, որ նավն իսկապես երկու մասի էր կիսվել։ Ի դեպ, գիտնականները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականը Տիտանիկի մնացորդներն ամբողջովին կվերանան։
  • 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմն ավելի մեծ բյուջե ուներ, քան իրական «Տիտանիկի» կառուցումը: Արդեն հիշում եք, որ քսաներորդ դարասկզբին Տիտանիկն ամենամեծ և ամենաթանկարժեք նավն էր։ 1912֊ին Տիտանիկը կարժենար մոտ 7.5 միլիոն դոլար, ինչը համարժեք է այսօրվա 231 միլիոն դոլարին։ Ի դեպ, նավի վրա այսօր ամենաթանկ համարները կարժենային ավելի քան 100,000 դոլար: Իսկ 1997֊ի համանուն ֆիլմի բյուջեն 200 միլիոն դոլար էր, որը համարժեք է այսօրվա 376 միլիոն դոլարին։
  • 13 նորապսակ զույգ Տիտանիկում անցկացնում էր իր մեղրամիսը։ Նրանց թվում էին այդ ժամանակաշրջանում աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Ջեյքոբ Ասթոր IV֊ը և նրա երիտասարդ կինը։ Աղետի հետևանքով Ջոն Ջեյքոբ Ասթոր IV֊ը զոհվում է, կնոջը հաջողվում է փրկվել։
  • Նավի խորտակման ամբողջ ընթացքում երաժիշտներն անընդմեջ մի քանի ժամ նվագել են և արդյունքում բոլորն էլ մահացել։ Ֆիլմում այս դրվագն ամենևին էլ չափազանցված չէր։
  • Նավաբեկության հետևանքով ամենից շատ տուժած քաղաքը բրիտանական Սաութհեմփթոնն էր։ Հենց այս քաղաքից էր նավը սկսել իր ընթացքը։ Քաղաքի դպրոցներից մեկում աշակերտների ուղիղ կեսն աղետի հետևանքով կորցրել էին իրենց հայրերին։
  • Աղետից փրկված միակ ճապոնացուն հայրենիքում ծաղիկներով չդիմավորեցին։ Ավելին, նրան երկրից արտաքսեցին ու մեղադրեցին «դասալիք» և վախկոտ լինելու մեջ։ Ամերիկյան մեդիան նրան «հաջողակ ճապոնացի տղա» էր անվանում, իսկ տանը նրան անվանում էին «սրիկա», որը չի զիջել տեղը կանանց ու երեխաներին։ Նույնիսկ ասում էին, թե նա կանացի հագուստ է հագել, որպեսզի կարողանա փախչել, սակայն այս վարկածը որևէ կերպ չի ապացուցվել։ Ավելին, 1997֊ի ֆիլմից հետո ճապոնացու ընտանիքը հրապարակել է անձնական մի նամակ, որտեղ տղամարդն իր կնոջը բացատրում է, որ մահվան մտքին համակերպվել էր, որևէ մեկի տեղը չէր ուզում զբաղեցնել, բայց վերջին պահին փրկամակույկի վրա երկու ազատ տեղ է եղել ու ինքը զբաղեցրել է դրանցից մեկը։
  • Եվ վերջում՝ հայկական հետքի մասին։ Տիտանիկի ողբերգական նավաբեկությունից փրկվել է երկու հայ՝ Դավիթ Վարդանյանը և Նշան Գրիգորյանը։ Եվս չորսը զոհվել են աղետի հետևանքով։ Էրզրումցի գաղթականներն ուղևորվում էին Կանադա։ Գումարը քիչ էր, և հազիվ բավարարել էր վերջին դասի տոմսեր գնելու համար։ Նշան Գրիգորյանը նույնիսկ պատահաբար էր հայտնվել նավին։ Վերջին դասից փրկվելու հնարավորությունը հատկապես տղամարդկանց համար գրեթե զրոյական էր։ Նշանն արագ կողմնորոշվում է և խորտակվող նավից վերջին պահին նետվում է կիսադատարկ փրկարար մակույկներից մեկի մեջ։ Իսկ Դավիթն այդ օրը նշում էր ծննդյան օրը։ Նավի ամենակրտսեր հայն էր՝ 22 տարեկան։ Դավիթն էլ խուճապահար նետվել էր ջուրն ու լողալով հասել ամենամոտ փրկարար մակույկին։ Իսկ լողալ Դավիթը սովորել էր հայրենի Կեխիից ոչ հեռու՝ փոքրիկ գետակում։ Հենց սա էլ փրկել է նրա կյանքը։

✍️ Նանե Մանուկյան / PAN