Տիտանների բախումը. Ինչպես են երկու խոշորագույն ՏՏ ընկերությունները պայքարում ինտերնետում AI հեգեմոնիայի համար
Ընդամենը մի քանի ամսում OpenAI-ի ChatGPT չատ բոտը, հիմնված արհեստական բանականության վրա, իսկական հեղափոխություն իրականացրեց ինտերնետից ինֆորմացիա ստանալու ոլորտում։ Դա առաջին հերթին անհանգստացրեց ոլորտի ավանդական հեգեմոնին` Google-ին, որը շտապեց ներկայացնել իր համանման գործիքը` շուկան չկորցնելու համար։ Իսկ Google-ի գլխավոր մրցակիցը` Microsoft-ը, հեծանիվ չհորինելով, OpenAI-ի հետ գործակցությամբ, ցույց տվեց իր նոր լուծումները։
Տիտանների բախումը, որը, միանշանակ, օգտակար կլինի մեզ նման սովորական օգտատերերի համար, դեռ նոր է սկսվել։ PAN-ը պատմում է առաջին ռաունդի մասին։
MICROSOFT-Ի BING-ն ՈՒ EDGE-Ը
Microsoft-ը նախորդ շաբաթ գործարկել է արհեստական բանականության հիմքի վրա Bing որոնողական համակարգի ու Edge բրաուզերի նոր տարբերակները, որոնք պետք է ապահովեն «ավելի լավ որոնում, չատի նոր ինտերֆեյս, ավելի լիարժեք պատասխաններ ու կոնտենտի ստեղծման հնարավորություն»։
«Արհեստական բանականությունն արմատապես փոխելու է ծրագրային ապահովման յուրաքանչյուր կատեգորիա, սկսած ամենախոշորից` որոնումից։ Այսօր մենք գործարկում ենք Bing-ը ու Edge-ը` արհեստական բանականության չաթի հիմքի վրա, որպեսզի օգնենք մարդկանց ավելին ստանալ ինտերնետից ու որոնումից», - ասել է Microsoft-ի ղեկավար ու գլխավոր գործադիր տնօրեն Սատյա Նադելան։
Ըստ ընկերության, ինտերնետում ամեն օր իրականացվում է մոտ 10 մլրդ հարցում, որոնց կեսը մնում է անպատասխան։ Պատճառն այն է, որ մարդիկ հաճախ օգտագործում են որոնումն այնպիսի հարցերի լուծման նպատակով, որոնց համար այն ի սկզբանե նախատեսված չի եղել։ Որոնումը հիանալի գործիք է կայքեր գտնելու համար, սակայն ավելի բարդ հարցերի ու խնդիրների դեպքում այն հաճախ անօգուտ է։
Microsoft-ը միավորել է որոնումը, բրաուզերն ու չաՏը միասնական ինտերֆեյսի տեսքով։ Ըստ այդմ, ընկերությունն առաջարկում է հետևյալ նորարարությունները.
- Բարելավված որոնում։ Ըստ Microsoft-ի, նորացված Bing-ն առաջարկում է ծանոթ որոնողական համակարգի բարելավված տարբերակը, պարզ հարցումների համար ավելի ռելեվանտ արդյունքներ, ինչպես նաև նոր պատուհան, որը ցույց կտա ավելի ամբողջական պատասխանները, եթե դրանք պետք են օգտատիրոջը։ Ընկերությունը շեշտում է, որ Bing-ը հարցերի պատասխանները գտնում է ամբողջ ինտերնետից` դրանք ավելի ամբողջական ու լիարժեք դարձնելու համար։ Օրինակ, օգտատերը կարող է ստանալ մանրամասն ինստրուկցիաներ այն մասին, թե ինչ բաղադրիչով կարելի է փոխարինել հավկիթները թխվածք թխելիս, ընդ որում` պատասխանը կլինի ամբողջական ու մի քանի արդյունք ուսումնասիրելու կարիք չի լինի։
Ավելի բարդ որոնումների համար, օրինակ, եթե օգտատերն ուզում է պլանավորել ճամփորդության մանրամասն երթուղին, կամ հասկանալ, թե ինչ հեռուստացույց կարելի է գնել, Bing-ն առաջարկում է նոր ինտերակտիվ չաթը։ Դրանով հնարավոր է անընդհատ ճշգրտել որոնումը` մինչև օգտատերը չստանա իր փնտրած լիարժեք պատասխանները, խնդրել ավելի մանրակրկիտ ինֆորմացիա, պարզություն ու անգամ` գաղափարներ, որ կարող է առաջարկել չաթ բոտը։ Ու այդ ամենը` հասանելի հղումներով, ինչը թույլ կտա օգտատիրոջն անմիջապես գործի անցնել։
Microsoft-ը հիշեցնում է. լինում են պահեր, երբ օգտատիրոջն անհրաժեշտ է ավելին, քան պատասխանն է, նրան անհրաժեշտ է ոգեշնչում։ Նոր Bing-ը կարող է կոնտենտ գեներացնել` օգտատիրոջն օգնելու համար, օրինակ` գրել էլեկտրոնային նամակ, ստեղծել Հավայան կղզիներում հինգօրյա երազանքների արձակուրդի լավագույն երթուղին անհրաժեշտ հղումներով, հյուրանոցային գրանցմամբ ու ավիատոսմսեր գնելով, պատրաստվել հարցազրույցի և այլն։
- Microsoft Edge բրաուզերը նույնպես թարմացվել է արհեստական բանականության նոր հնարավորություններով ու նոր արտաքին տեսքով։ Ավելացվել է երկու նոր ֆունկցիա` չատն ու հաղորդագրությունները։ Օրինակ, Edge-ի հատուկ պատուհանում օգտատերը կարող է ստանալ երկար ֆինանսական հաշվետվության ամփոփումը` հիմնական եզրակացությունների տեսքով, ապա` օգտագործելով չաթի ֆունկցիաները, ստանալ մրցակից ընկերության ֆինանսական ցուցանիշների հետ համեմատություն։ Կարելի է Edge-ին խնդրել կոնտենտ ստեղծել, օրինակ` հրապարակում LinkedIn-ում` տրամադրելով գործիքին ընդամենը մի քանի պարզ հուշում։ Դրանից հետո կարելի է խնդրել Edge-ին փոխել գրառման տոնայնությունը, ֆորմատը կամ երկարությունը։ Edge-ը կարող է հասկանալ վեբ հասցեն, որում գտնվում է օգտատերն ու համապատասխանաբար ադապտացվել։
Microsoft-ն առաջարկում է բարդ հարցեր տալ Edge-ին` ստանալով լիարժեք պատասխաններ։ Օրինակ.
- Սեպտեմբերին իմ տարեդարձն է, օգնեք պլանավորել ինչ-որ ուրախ ճամփորդություն Եվրոպա, թռիչքը Լոնդոնից։
- Կտեղավորվի՞ արդյոք երկու տեղանոց Ikea Klippan նստատեղն իմ 2019-ի Honda Odyssey-ում։
- Ես սիրում եմ էլեկտրոնային երաժշտություն ու ուզում եմ այցելել տարվա իմ առաջին փառատոնը։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Microsoft-ը նշում է, որ Bing-ի նոր ինտերֆեյսը միավորում է միանգամից չորս տեխնիկական ձեռքբերում.
- Այն աշխատում է OpenAI-ի հաջորդ սերնդի նոր խոշոր լեզվական մոդելով, որն ավելի հզոր է, քան ChatGPT-ն ու կարգավորված հատուկ որոնման համար։ Այն հիմնված է ChatGPT-ի ու GPT-3.5-ի հիմնական գիտելիքների ու ձեռքբերումների վրա, ավելի արագ է, ճշգրիտ ու էֆեկտիվ։
- Microsoft Prometheus մոդելն ընկերության ստեղծած միջոցն է OpenAI-ի մոդելի հետ աշխատանքի համար, ինչը թույլ է տալիս մաքսիմալ էֆեկտիվ օգտագործել ChatGPT-ի հնարավորությունները։ Այս կոմբինացիան օգտատիրոջը տալիս է ավելի ակտուալ ու թիրախային արդյունքներ` բարձր անվտանգությամբ։
- Արհեստական բանականության կիրառումը որոնման հիմնական ալգորիթմում բերել է պատասխանների առավել ռելեվանտության ու ճշգրտության։
- Որոնման վերոնշյալ հնարավորությունները հնարավոր են դարձել այն բանից հետո, երբ Microsoft-ն իր վրա պարտավորություն վերցրեց Azure-ը վերածել արհեստական բանականությամբ սուպերհամակարգչի, իսկ OpenAI-ն օգտագործեց այս ենթակառուցվածքն իր մոդելների ուսուցման համար։
GOOGLE-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը նախորդ շաբաթ հայտարարեց Google Bard հաղորդակցման նոր տեխնոլոգիայի մասին, որը հիմնված է արհեստական բանականության վրա ու ինտեգրվելու է որոնողական համակարգին։ Առաջիկա շաբաթներին ընկերությունն այն բացելու է տեխնոլոգիան թեստավորման համար` մինչև մասսայական մեկնարկը։
Google-ի որոնողական ստորաբաժանման ղեկավար Պարաբհաքար Ռագհավանը չորեքշաբթի Փարիզում կայացած պրեզենտացիային ներկայացրեց ընկերության նոր խոսակցական տեխնոլոգիայի` Bard-ի հնարավորությունները, որը հանդես է գալիս որպես ChatGPT-ի (նաև` նոր Bing-ի) մրցակից։
Կարճ պրեզենտացիայի ընթացքում Ռագհավանը ներկայացրեց սլայդեր Bard-ի նոր հնարավորությունների օրինակներով։ Դրանցից մեկում ցույց էր տրված, թե ինչպես կարելի է Bard-ի միջոցով հասկանալ էլեկտրոմոբիլ գնելու դրական ու բացասական կողմերը, կամ պլանավորել ճամփորդություն Հյուսիսային Կալիֆորնիա։
«Ենթադրենք, դուք փնտրում եք նոր ավտոմեքենա, որը լավագույնը կհամապատասխանի ձեր ընտանիքին։ Bard-ը կարող է օգնել ձեզ մտածել դրա մասին տարբեր տեսանկյուններից` բյուջեից մինչև անվտանգություն և այլն», - ասաց Ռագհավանը` ցույց տալով, թե ինչպես է Bard-ը պատմում էլեկտրոմոբիլների դրական ու բացասական կողմերի մասին։
Դրական կողմերի մասին առաջին պատասխանը հետևյալն էր.
- Էլեկտրամոբիլները շարժման ընթացքում ունեն զրոյական արտանետումներ, ինչը լավ է շրջակա միջավայրի համար` ի տարբերություն ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների։ Բենզինով ավտոմեքենաների արտանետումները նպաստում են կլիմայական փոփոխություններին։
- Էլեկտրամոբիլները, որպես կանոն, ավելի էժան են շահագործման առումով։ Դրանք ժամանակ առ ժամանակ ավտոմեքենայի յուղը փոխելու ու կարգավորումների կարիք չունեն, բաղկացած են ավելի քիչ շարժվող մասերից, հետևաբար` դրանց շարքից դուրս գալու հավանականությունը փոքր է։
Բացասական կողմերը Bard-ը նկարագրեց հետևյալ կերպ.
- Էլեկտրամոբիլները, կախված մարտկոցի չափերից, ունեն ընթացքի ավելի փոքր հեռավորություն։
- Էլեկտրամոբիլի լիցքավորումը կարող է որոշ ժամանակ տևել, հատկապես, եթե դուք օգտագործում եք հասարակական լիցքավորման կայան։
Google-ի որոնողական ստորաբաժանման ղեկավարը ցուցադրեց ևս մեկ սլայդ, որը ենթադրում է, թե ինչպես կարող է Bard-ը ճամփորդություն պլանավորել. «Կարծում եմ, մեր առաջին, ավելի երկար ճամփորդությունը կլինի Սան Ֆրանցիսկոյի դեպի Սանտա Կրուս. կարո՞ղ եք ճանապարհին մի քանի կանգառ առաջարկել»։
Bard-ը տրամադրեց երկու քաղաքի միջև չորս կանգառի ցուցակը, այդ թվում` Half Moon Bay, Pescadero քաղաքներն ու Santa Cruz Beach Boardwalk զվարճանքների այգին։ «Կանգ առեք նաև Pigeon Point փարոսի մոտ` սքանչելի տեսարանը վայելելու համար», - ասվում է նկարագրություններից մեկում։
Այդուհանդերձ, ինչպես այլ AI գործիքները, Bard-ը նույնպես երբեմն կարող է ոչ ճշգրիտ լինել։ Օրինակ, Google-ի վերջին գովազդի ընթացքում Bard-ը նկարագրեց Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակը որպես աստղադիտակ, որով ստացվել է էկզոմոլորակի առաջին պատկերը, ինչը չի համապատասխանում իրականությանը, որովհետև էկզոմոլորակի առաջին պատկերը ստացվել է դեռ 2004-ին։
«Դա ընդգծում է թեստավորման մանրակրկիտ պրոցեսի կարևորությունը, ու այն մեկնարկելու է այս շաբաթ», - ասել է Google-ի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ընկերությունը միավորելու է արտաքին ֆիդբեքերը իր ներքին թեստավորման հետ` համոզվելու համար, որ Bard-ի պատասխանները համապատասխանում են որակի, անվտանգության ու ինֆորմացիայի իրական լինելու ամենաբարձր պահանջներին։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Նոր Bing-ի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ աճ է ապահովել Microsoft-ի պրեզենտացիայից հետո։ Google-ի Bard տեխնոլոգիայի նկատմամբ օգտատերերը դեռ զգուշավորություն են ցուցաբերում, իսկ չատ բոտի միակ սխալը Ջեյմս Վեբի աստղադիտակի մասին բերել է Alphabet ընկերության բաժնետոմսերի արժեքի նվազման։ Պայքարն ինտերնետում արհեստական բանականության կիրառման համար թեժ է լինելու։