#իվենթաPAN
May 4, 2023

Թրամփը, #MeToo-ն ու ճաշակը՝ որպես ալիբի. Սեռական բռնության քաղաքական երանգները

Աշխարհով մեկ թափ հավաքող պոպուլիզմի առաջամարտիկ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է բռնաբարության մեջ։ Խոսքը, իհարկե, կարող էր լինել էքսցենտրիկ բառապաշարով, աջ ու ձախ շռայլվող վիրավորանքներով ու շրիշակի մակարդակից ցածր քաղաքական տեքստերով ամերիկացիների ուղեղների բռնաբարության մասին, սակայն վերոնշյալ մեղադրանքները դեռ դատարան չեն մտել։ Իրականությունն այն է, որ 26 կին մեղադրել է Թրամփին սեռական ոտնձգությունների մեջ, իսկ նրանցից մեկը՝ բռնաբարության։

Սկսենք սկանդալային գործչի 26 դեպքին էլ տրված նույն արձագանքից։ Թրամփը, բնակաբանար, հերքել է իրեն ուղղված մեղադրանքները, սակայն արել է դա իրեն բնորոշ ոճով՝ մի դեպքում ասելով, որ իրեն մեղադրողը «իր ճաշակով չէ, և ամենևին էլ իր առաջին ընտրությունը չէր լինի», մեկ այլ դեպքում՝ անվանելով մեղադրողներին ստախոսներ և կապելով մեղադրանքներն իր քաղաքական կարիրերայի հետ։

«Բոլոր կանայք խաբել են՝ ցանկանալով վնասել իմ ընտրարշավին»-, ասել էր նա 2016-ին՝ խոստանալով դատի տալ նրանց սուտ մատնության համար։
Ջեսիկա Լիդսը

Հատկանշական է, սակայն, որ Թրամփի դեմ ուղղված մեղարդանքները և անգամ վաղ անցյալում ենթադրաբար տեղի ունեցած դեպքերի մասին բարձրաձայնելը համընկել է ոչ միայն վերջինիս նախագահական ընտրարշավի, այլև համացանցը պայթեցրած #MeToo («Ես նույնպես») շարժման հայտնիության գագաթնակետի հետ։ #MeToo-ն բռնության ենթարկված կանանց՝ բռնության զոհ լինելու հանգամանքից չամաչելուն և դրա մասին բարձրաձայնելուն ուղղված շարժում էր, որի համատեքստում վերոնշյալ հեշթեգի ուղեկցությամբ ամենատարբեր կանայք պատմում էին բռնության ենթարկվելու իրենց պատմությունը։

Սեռական բռնության ենթարկված կանանց կողմից դեպքի մասին տարիներով լռելը, ի զարմանս Թրամփի, կարող է քաղաքականից բացի շատ ավելի խորքային և հոգեբանական պատճառներ ունենալ։ Դրանցից մեկը հանրության աչքերում հավերժ «անբարոյականի» պիտակը կրելն է, ինչն ապացուցել է մեղադրյալն իր ենթադրյալ զոհի հետ մի դրվագում։

Ջեսիքա Լիդսը մեղադրել էր Թրամփին օդանավում իր հանդեպ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ։ Ըստ Լիդսի, դեպքը տեղի էր ունեցել 1970-ականների վերջում, և նրանք պատահականորեն հանդիպել են դեպքից մի քանի տարի անց։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ Թրամփը՝ ճանաչելով կնոջը, նրան անվանել է «անբարոյական»: Լիդսն այս մասին պատմել է New York Times-ին՝ 2016 թվականին, ինչից հետո այդ ժամանակ ընտարշավի մասնակցող Թրամփի կողմից ստացել է հնարավոր ամենագրոտեսկային պատասխանը՝ «հավատացեք, նա իմ առաջին ընտրությունը չէր լինի»։

Փաստը, որ ոչ այս պատասխանը, ոչ նրա անվան հետ կապված նմանօրինակ պատմությունների շարքերն այդպես էլ չխանգարեցին Թրամփին ընտրվել, խոսում է այն մասին, որ թե՛ #MeToo-ն, թե՛ կանանց հանդեպ սեռական բռնության մասին իրազեկմանն ուղղված այլ ակցիաներն ու շարժումենրը դեռ երկար պետք է լինեն հանրային օրակարգում։ Մեկ այլ հատկանշական փաստ է այն, որ Թրամփը, ի հեճուկս իր խոստման՝ ստախոսներին դատի տալու, այդպես էլ դա չարեց։

«Երբ տեսնում եք նման կասկածելի հարձակումներ, որոնք կախարդական կերպով դրսևորվում են նախագահական քարոզարշավի վերջին ամսվա ընթացքում, դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք, թե որոնք են քաղաքական դրդապատճառները և ինչու են ԶԼՄ-ներն այդ ամենը քաջալերում»- ասում էր Թրամփը։

Նույն հարցն է առաջանում նշված ընտրություններից հետո իրեն մեղադրած կանանց դեմ մեղադրանքներ չներկայացնելու արդեն նախագահի որոշման վերաբերյալ։

Ջին Քերոլը

Իսկ ահա Elle ամսագրի նախկին սյունակագիր Ջին Քերոլը, ում վերաբերյալ գործն էլ հենց Թրամփին հասցրել է «դատարանի դռները», ամենևին էլ 2016-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ չէր խոսում բռնաբարության դեպքի մասին։ Նա այդ մասին պատմել է 2019 թվականին գրած «Ինչու են մեզ պետք տղամարդիկ» գրքում։ Որպես իրական պոպուլիստ, Թրամփը, իհարկե, սրան էլ պատասխան ուներ. «միակ շարժառիթը նախագահին վատ լույսի տակ ներկայացնելն է»։ Քերոլի խոսքով՝ Թրամփին հանդիպել է 1995 թվականի աշնանը Նյու Յորքի Bergdorf Goodman հանրախանությում: Թրամփն ասել է, թե ինչ֊որ նվեր է փնտրում մի աղջկա համար, ու այդ պատրվակով Քերոլին տարել ներքնաշորերի բաժնի հանդերձարան և այնտեղ էլ բռնաբարել։ Ոստիկաններին կինը չի հայտնել։ Տեղյակ են եղել միայն երկու մտերիմ ընկերները։ Նրանք էլ հաստատել են Քերոլի պատմությունը:

Նախագահին վատ լույսի տակ ներկայացնել, սակայն, պարզվում է ցանկանում էին դեռ նրա նախագահությունից և անգամ նախագահի թեկնածու լինելուց առաջ։ Ավելին, դա ցանկանում էր անել նրա սեփական կինն ու երեխաների մայրը։ Իվանա Թրամփը պատկանում է Դոնալդ Թրամփին սեռական բռնության մեջ մեղադրած կանանց ցանկին։ Ըստ 1993 թվականին Հարի Հուրթ 3-ի լույս տեսած գրքում առկա տեղեկության, Իվանան Դոնալդին մեղադրել էր հենց բռնաբարության մեջ՝ տեղի ունեցած իրենց բաժանման փուլում՝ 1989 թվականին։ Գրքի լույս տեսնելուց հետո, սակայն, Իվանան հայտարարել էր, որ նկատի չի ունեցել բռնաբարություն ուղիղ կամ կրիմինալ իմաստով։ Այն մասին, թե արդյոք սեփական խոսքերը հերքելու Իվանայի դրդապատճառները քաղաքակա՞ն էին, թե՝ ոչ, Թրամփը լռում է։

Դոնալդ ու Իվանա Թրամփերը

Այս և այսօրինակ այլ բազմաթիվ պատմությունների մասին բարձրաձայնելուն նպաստած #MeToo շարժման ձեռքբերումը, փաստորեն, ոչ միայն այս կամ այն քաղաքական գործիչին, կամ այլ՝ մեծ հնարավորությունների տիրապետող տղամարդկանց «վատ լույսի տակ ներկայացնելն էր», այլ շատ ավելի կարևոր առաջընթացն ամերիկյան դատական համակարգում։

Խոսքը 2022 թվականին Նյու Յորք նահանգի օրենսդիրների կողմից ընդունված «Մեծահասակ վերապրածների մասին ակտի» մասին է։ Այն ստեղծեց մեկ տարվա պատուհան, որի ընթացքում սեռական բռնության զոհ դարձած մարդիկ կարող են դատի տալ բռնարարներին, նույնիսկ եթե ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետն անցել է:

Հենց այս օրենքից օգտվելով, Ջին Քերոլը դատի տվեց Թրամփին և արդեն իսկ դատական մակարդակով հնչեղություն ստացավ նրա հանդեպ ենթադրյալ բռնության գործը։ Թրամփն ու էլի շատերը, իհարկե, կրկին քաղաքական դրդապատճառներ կփնտրեն այս ամենի տակ՝ կապելով դատական գործը հաջորդ մոտալուտ ընտրությունների հետ։ Ոչ մի քաղաքական պատճառ, սակայն, Թրամփին չի ստիպել հերքել մեղադրանքը «նա իմ ճաշակով չէ» անտակտ բնորոշմամբ։


✍️ Նանե Մանուկյան / PAN