Ճապոնիայի ցունամին, հրեաներն ու գեյերը. Ի՞նչ գին ունի մեկ անհաջող թվիթը
Տասնամյակներ առաջ մարդիկ իրենց սիրելի երգիչներին կամ դերասաններին միայն ֆիլմերում և հոլովակներում կարող էին տեսնել։ Այդ կերպարներն այնքան անհասանելի էին, որ երկրպագուները երբեմն նույնիսկ մոռանում էին, որ իրենց կուռքերը ևս մարդիկ են և ունեն նույն կարիքները։
Անցավ ժամանակ, և այսօր նոր սերունդը հետևում է, թե ինչպես են սիրելի աստղերը նախաճաշում, հանգստանում, վիճում, հուզվում և այսպես շարունակ։ Այդ «հայտնագործության» անունը, իհարկե, սոցցանց է։ Բայց համացանցը նաև նոր դարաշրջանի «ատոմային ռումբն» է, որ մի քանի վայրկյանում և մեկ քլիքով կարող է զրոյացնել տարիների աշխատանքը, ստեղծած անունն ու համբավը։ Սա երբեմն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Որոշ դեպքերում՝ արժենալ կարիերա, հարաբերություններ ու ապագա։
ԵԿԵԼ Է ՄԱՍԿԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հայաստանում Թվիթերն այդպես էլ մեծ տարածում չունեցավ և սոցցանցերի կնքահայրն ու օդնոկլասսնիկիի գահաժառանգը շարունակում է մնալ Ֆեյսբուքը։ Բայց աշխարհում և հատկապես Միացյալ Նահանգներում մարդիկ «ապրում են» Թվիթերում։ Թվիթ են անում ամեն բան՝ սոցիալական լուրջ հարցերից մինչև ֆիլմերի մեկնաբանություն, վատ նախաճաշ և քաղաքական կանխատեսումները։ Եթե պարզ, մարդկային, օդնոկլասսնիկիի լեզվով խոսենք, ապա թվիթը կարող է համարժեք լինել հին ու բարի «ստատուսներին»։
Բայց վերջին շաբաթները Թվիթերի օգտատերերի համար շատ որոշիչ էին։ Հին ու բարի Իլոն Մասկը ամիսներ տևած բանակցություններից ու փոշմանելուց հետո վերջապես որոշեց գնել Թվիթերը։ Եվ այս անգամ իսկապես գնեց։ Մինչև Մասկը Թվիթերում ասում էին՝ let that sink in, կամ այլ կերպ ասած, հորդորում էին մարսել ինֆորմացիան: Մասկն էլ, իրեն հատուկ հեգնանքով ու ծաղրի նուրբ նոտաներով, Թվիթերը գնելուց հետո առաջին անգամ շենք մտավ լվացարանակոնքով, այսինքն՝ sink-ով:
Թե ինչ կփոխվի Մասկի era֊ի Թվիթերում՝ ցույց կտա ժամանակը։ Բայց մի քանի ժամն էլ պարզ էր, որ այդ ցանկում գլխավոր բառը լինելու է «խառնաշփոթը»։ Մասկը եկավ ու հայտարարեց, որ իր հետ խոսքի ազատություն է բերում։ Սոցցանցն այսուհետև մտքերն ազատ արտահայտելու հնարավորություն կտա և չի արգելափակի կամ ջնջի այն, ինչին մարդիկ իսկապես հավատում են։
Հիմա Թվիթերում իսկական վակխանալիա է։ Մարդիկ ցանցը ողողել են նացիստական, հակասեմական, ռասիստական ու հոմոֆոբ թվիթներով, զուգահեռ շնորհակալություն են հայտնում Մասկին, որ վերջապես կարող են ասել այն, ինչ երկար ժամանակ պահում էին իրենց ներսում։ Որոշներն էլ, երևի փորձարկում են, թե որքանով են Մասկի խոստումներն արժանահավատ։
Շատ կանայք արդեն բողոքում են, որ Թվիթերն այլևս ապահով հարթակ չէ իրենց համար։ Շատերն էլ սկսել են ջնջել իրենց թվիթերյան հաշիվները։ Ուրախացողներ ևս, ամեն դեպքում կան։ Հատկապես՝ աջ ծայրահեղականների շրջանում։ Այս ֆոնին Իլոն Մասկը գովազդատուներին վստահեցրել է, որ Թվիթերը շարունակելու է մնալ ջերմ և ապահով հարթակ բոլորի համար։ Նա հավաստիացրել է, որ ամենաթողություն չի տիրելու։
ԲԱՐԵՎՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ
Եթե Մասկն ավելի շուտ գներ Թվիթերը, գուցե շատ հայտնիներ այսօր շարունակեին իրենց հաջողակ կարիերան և մեկ չմտածված թվիթի պատճառով չկորցնեին ամեն բան։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Առաջարկում ենք վերհիշել մի քանի արտառոց թվիթներ, որոնք շատ հայտնի անունների կուռքից դարձրին ծաղրի ու քարկոծման առարկա։
ԻԳԳԻ ԱԶԱԼԻԱ
Ռեփերն իր փառքի գագաթնակետին հասավ, երբ 2014-ին թողարկեց «Fancy» երգը, բայց այս հաջողությունը, ցավոք, երկար չտևեց։ Երկրպագուները կամ այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել Չ֊երկրպագուները փորփրեցին Ազալիայի տարիներ առաջ արված թվիթներն ու… վոալա… հայտնաբերեցին ռասիստական և հոմոֆոբ ենթատեքստով մեկնաբանություններ։ Իգգիի անցյալում մնացած թվիթներին արդարացում գտնել դժվար է: Օրինակ, ռեփերը պատմում էր, թե ինչպես է վիրավորել ասիական արտաքինով
մի կնոջ, որն անգլերեն չէր խոսում: Թվիթների մեկ այլ շարքով էլ ծաղրում էր մեքսիկացի կանանց արտաքինը: Համացանցում նրա դեմ արշավը տեղափոխվեց իրական կյանք։ Վիճակն այնքան լրջացավ, որ ռեփերը ստիպված եղավ չեղարկել ԱՄՆ-ում որոշ միջոցառումներ։ Թեև Ազալիան չեղարկումները պատճառաբանում էր ծանրաբեռնվածությամբ և խիտ գրաֆիկով, բայց իրականում նրա շոուների տոմսերն այլևս չէին գնում նույն ոգևորությամբ։ 2019 թվականին Իգգի Ազալիայի թողարկած ալբոմը կարծես ստվերում և աննկատ մտաց։ Իր հայրենի Ավստրալիայում այն ընդամենը 52-րդ տեղում էր, ինչն, իհարկե, տպավորիչ արդյունք չէ։
ՋԵՅՍՈՆ ԲԻԳՍ
Դուք հավանաբար նրան ճանաչում եք American Pie֊ում իր դերակատարմամբ, որովհետև իրականում դրանից բացի Ջեյսոն Բիգսն այդպես էլ չհասցրեց զարմացնել իր տաղանդով։ 2010-ականներին comeback ունեցավ Netflix-ի «Orange Is The New Black»֊ում և «Teenage Mutant Ninja Turtles»֊ում, բայց սա էլ երկար չտևեց։ Իսկ պատճառն այն էր, որ Բիգսն այնքան էլ լավ հումորի զգացում չուներ։ Նրա թվիթ֊կատակները մարդկանց ոչ միայն չէին ծիծաղեցնում, այլև նյարդայնացնում էին։ Դրանց պատճառով Բիգսին նույնիսկ հեռացրին «Teenage Mutant Ninja Turtles»֊ից։ Իսկ Մալայզիական ավիաուղիների օդանավի վթարից հետո Բիգսի թվիթը պարզապես քշեց֊տարավ նրա կարիերայի վերականգնման մասին բոլոր հույսերը։
ԳԻԼԲԵՐԴ ԳՈԹՖՐԻԴ
Ամիսներ առաջ մահացած կատակերգու Գոթֆրիդի կարիերան անկում ապրեց ակնթարթորեն՝ մի քանի ժամում։ Մի քանի թվիթ և վերջ՝ հնչյունավորման խզված պայմանագրերը պատրաստ էին ստորագրման։
2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից և ցունամիից հետո դերասանը թվիթների մի ամբողջ շարք արեց աղետի մասին: Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվել էր ավելի քան 15000 մարդ և ոչ ոք ծիծաղելու տրամադրություն հաստատ չուներ։ Թվիթներից մեկում կատակերգուն ասում էր՝ «Ճապոնիան իսկապես առաջադեմ է: Նրանք չեն գնում լողափ: Լողափը գալիս է նրանց մոտ» կամ «Ճապոնիայից զանգահարեցին: Ասացին, որ գուցե այդ կատակներն իսկական հիթ են ԱՄՆ-ում, բայց այնտեղ բոլորը խորտակվում են։» Համացանցում նրա դեմ սկսված արշավն ուղղակի ոչնչացրեց այն համբավը, որ Գոթֆրիդը ձեռք էր բերել տարիների ընթացքում։ Գոթֆրիդը կորցրեց նաև իր դերերից շատերը, նրա հետ աշխատող գործակալություններից որոշները Ճապոնիայում հսկայական բիզնես գործունեություն էին ծավալում և վերջին բանը, որ այդ կազմակերպությունները կուզեին՝ դերասանի հետ ասոցացվելն էր։
ՍԻ ԼՈ ԳՐԻՆ
Ինչպես ասում են՝ մարդն իր ձեռքով փորեց իր փոսը։ Սի Լո Գրինը մի օր արթնացավ ու որոշեց, որ կայուն և լավ կարիերան իրեն չի բավարարում և էքստրիմի կարիք կա։ Արդյունքում գրեց թվիթ այն մասին, թե ինչպես է թմրանյութ տվել կնոջը և նրա հետ սեռական հարաբերություն ունեցել։ Սա, իհարկե, քննարկվեց հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավապաշտպանների մակարդակով։ Սի Լո Գրինի բռնության զոհ դարձած կինը հայտարարեց, որ այդ գիշերվա մասին ոչինչ չի հիշում։ Կարծես այս ամենը հերիք չէր, ռեփերը մեկ այլ թվիթով ասաց, թե «մարդիկ, որոնք բռնաբարվել են, այդ մասին հիշում են։» Արդյունքում ամեն ինչ սոցցանցային քննադատություններով չսահմանափակվեց և ռեփերը հայտնվեց դատարանում։ Երեք տարվա պայմանական ազատազրկման ենթարկված ռեփերի կարիերան ու անունն անդառնալիորեն արատավորվեցին։
ԷՆԹՈՆԻ ՎԻՆԵՐ
Թվիթերյան համայնքի անգութ պատժից ապահովագրված չեն նաև քաղաքական գործիչները։ Թվիթերը կարող է շատ վտանգավոր լինել, եթե չգիտես, թե ինչպես օգտվել դրանից։ Կոնգրեսմեն Վիների կարիերան մեծ ձեռքբերումներով էր սկսվել, բայց մեկ պատահաբար հրապարակված մերկ լուսանկար՝ ու ամեն ինչ կորած է։ Նրա կարիերան կարող էր լրիվ այլ ճանապարհ ունենալ, եթե պատահաբար չհրապարակեր լուսանկար, որը նախատեսված էր մի առեղծվածային կնոջ համար: Սկզբում կոնգրեսմենը պնդում էր, որ իր հաշիվը կոտրել են, բայց ստի ոտքը կարճ է։ 2011 թվականին Վիները վայր դրեց կոնգրեսականի իր մանդատը և խոստովանեց, որ տարիներ շարունակ լուսանկարներ է փոխանակել այդ կնոջ հետ:
ՎԱՆԵՍԱ ՀԱԴՋԵՆՍ
Վերադառնանք մեր օրեր, որտեղ ևս սկանդալների պակաս չկա։ Երբ կորոնավիրուսը նոր էր մտել մեր կյանք և սկսում էր բոլորիս կյանքը փչացնելու իր հաղթարշավը, մյուս կողմից էլ սկսվել էր դավադրության տեսությունների հաղթարշավը։ Իհարկե, այս դեպքում, հանրային մարդկանց կարծիքը շատ կարևոր էր, որովհետև նրանց հանդեպ վստահությունը կարող էր գոնե մի քանի մարդու դարձի բերել։ Վանեսսա Հադջենսն արեց ճիշտ հակառակը։ Նա քննադատում էր սահմանափակումները, հակահամաճարակային միջոցառումները, վստահ էր, որ բոլորն էլ հիվանդանալու են և, որ մահն անխուսափելի է։ Հետևաբար առաջարկում էր, որ գոնե մյուսները պարզապես շարունակեն ապրել իրենց կյանքը։ Նրա մեկնաբանություններն անպատեհ համարեցին ոչ միայն շատ երկրպագուներ, այլև գործընկերներ, բայց կչափազանցնենք, եթե ասենք, որ դերասանուհու կարիերան շատ տուժեց այս միջադեպից։ Ամեն դեպքում ներողությունն, իհարկե, չուշացավ։
ՋՈԱՆ ՌՈՈՒԼԻՆԳ
Գրող Ջոան Ռոուլինգին չփրկեց նույնիսկ «Հարրի Փոթերի» հանդեպ մարդկանց սերը։ Տրանսգենդերների մասին գրողի հակասական մեկնաբանությունը այնքան մեծ արձագանք ստացավ, որ արդեն մեկ տարուց ավելի է Ռոուլինգը փորձում է փակել այս չստացված էջն ու այդպես էլ չի կարողանում։ Նրան մեղադրում են տրանսֆոբիկ մեկնաբանությունների մեջ, բայց սա ևս միանշանակ չէ: Ամեն ինչ սկսվեց, երբ Ռոուլինգը հեգնանքով թվիթեց՝ «մարդիկ, որոնք դաշտան են ունենում» արտահայտությունը, այս կերպ դեմ արտահայտվելով այն փաստին, որ հաճախ այս կոնտեքստում սկսել են խուսափել «կանայք» բառը շեշտելուց: Ռոուլինգը մեկ անգամ չէ, որ ընդգծեց՝ տրանսգենդերների դեմ ոչինչ չունի, բայց նրա ամեն նոր մեկնաբանություն և պարզաբանում ավելի էր բարկացնում մարդկանց։ Բանը հասավ նրան, որ գրողն անհանգստանում էր սեփական անվտանգության համար: Ակտիվիստները համացանցում տարածում էին նրա առանձնատան լուսանկարները և դրանք ողողում ատելության խոսքով: Արձագանքեցին նաև «Հարրի Փոթերի» դերասանները։
Դենիել Ռեդքլիֆն ասաց, որ թեև Ռոուլինգը մեծ դեր է խաղացել իր կյանքում և կարիերայում, բայց ինքը ստիպված է արձագանքել այս խնդրին և շեշտել, որ տրանսգենդեր կանանց իրավունքներն ու պատիվը վարկաբեկող ցանկացած մեկնաբանություն պետք է համապատասխան արձագանք ստանա։ Էմմա Ուոթսոնն էլ ի աջակցություն տրանսգենդեր համայնքի մի շարք նվիրատվություններ արեց և հայտարարեց, որ նրանց կողքին է։ «Հարրի Փոթերի» 20-ամյակին նվիրված միջոցառումներին, դերասանների հետ հանդիպումներին Ռոուլինգը հրավիրված չէր: 20 ամյակին նվիրված ֆիլմի դրվագներում էլ Ռոուլինգից միայն արխիվային կադրեր էին ներառված:
ԻԿԵՐ ԿԱՍԻԼԻԱՍ
Սպորտում և հատկապես ֆուտբոլում համասեռամոլության թեման շատ նուրբ թեմա է։ Սա հատկապես ընդգծվում է, երբ խոսքը մեծ անունների մասին է։ Հիմա պատկերացրեք, որ ֆուտբոլային լեգենդ Իկեր Կասիլիասը թվիթ է անում ու հայտարարում, որ ինքը համասեռամոլ է։ Իրականում այո, այսպիսի թվիթ եղել է։ Շատերը նրան շնորհակալություն էին հայտնում խիզախության համար, մյուսները զարմանում, որ միայն այսքան տարի անց են իմանում այդ մասին։ Բայց ամենաարտառոցն Իսպանիայի հավաքականում Կասիլիասի խաղընկեր Պույոլի մեկնաբանությունն էր՝ «Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»։
Իհարկե, երկու ժամ հետո Կասիլիասը ջնջեց թվիթն ու մեկ այլ թվիթով հայտարարեց, որ իր էջը կոտրել էին։ Պույոլը ևս ջնջեց թվիթը, բայց այն ինչ մեկ անգամ հայտնվել է համացանցում, այլևս բոլորի սեփականությունն է։ Մարդիկ ոչինչ չեն մոռանում և փաստերը ևս սքրինշոթերի տեսքով զգուշորեն պահում են։ Արդյունքում երկու ֆուտբոլիստներին էլ մեղադրեցին հոմոֆոբիա տարածելու մեջ և առաջարկեցին ամոթից կախել գլուխը։ Կասիլիասը զրկվեց հազարավոր հետևորդներից և մեղմ ասած մերժվեց ԼԳԲՏ համայնքի կողմից։
ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹ
Փեսաները նախկին չեն լինում, եթե խոսքը Քանյե Ուեսթի պես փեսայի մասին է։ Ռեփերի կարիերան կարծես 9 կյանք ունի և այն ջախջախել ուղղակի հնարավոր չէ։ Այս շարքի բոլոր հերոսները միասին վերցված չունեն այնքան սկանդալային պատմություններ, որքան Քանյեն։ Բայց ռեփերն ամեն անգամ «հառնում է ինչպես փյունիկ» և շարունակում նույն տեմպով։ Արդեն նաև կատակում են, թե Քանյեն հակասական մեկնաբանություններ է անում այն ժամանակ, երբ նոր ալբոմ ունի ու պետք է գովազդի այն։
Բայց վերջին հակասեմական հայտարարությունները կարծես թե ամենաթանկն արժեցան ռեփերի համար։ Նա զրկվեց բազմամիլիոնանոց գործարքներից, հեղինակավոր բրենդների հետ գործակցությունից և հիմա այլևս միլիարդատեր չէ։ մի քանի շաբաթվա ընթացքում ռեփերի հետ գործակցության կապերը խզեցին Adidas-ը, Gap-ը, Balenciaga-ն, Vogue-ը: Բրենդները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ չեն կարող հանդուրժել հակասեմիտիզմը կամ որևէ այլ տեսակի ատելության խոսք: Մադամ Տյուսոյի թանգարանը ցուցադրությունից հանեց Քանյե Ուեսթի մոմե արձանը։ Քանյեի հակասեմական արտահայտությունների ենթատեքստն այն էր, որ հրեաներն այնքան ազդեցիկ են, որ շատ հանգիստ կարող են խնդիրներ ստեղծել բոլոր նրանց համար, նաև՝ Քանյեի, ովքեր ընդդիմանում են իրենց օրակարգին:
Ի դեպ, Քանյեի թվիթերի օգտահաշիվն այս մեկնաբանություններից հետո արգելափակել էին և վերաբացեցին այն նույն օրը, երբ Իլոն Մասկը գնեց Թվիթերը։ Ամեն դեպքում, Մասկը վստահեցնում է, որ բոլոր համընկնումները պատահական են և իր թիմը Թվիթերի բովանդակային քաղաքականության մեջ դեռ որևէ փոփոխություն չի կատարել։