#իվենթաPAN
July 6, 2023

Ուր գնալ, ինչ անել այս ամառվա արձակուրդին. Հանգստի թեժ ուղղություններ՝ առանց վիզայի գլխացավանքի  

Տարին արդեն կես է եղել, իսկ ամառը շուտով կկիսվի, բայց հանգստի մեկնելու ցանկալի տարբերակների մեջ կողմնորոշվելը մեկ է՝ շարունակում է դժվար մնալ. PAN-ն այսօր հիշեցնում է արձակուրդ գնալու ձեր աշխատանքային իրավունքի մասին՝ առաջարկելով վերհիշել այնպիսի ուղղություններ, որտեղ գնալ կարող եք նաև առանց ձեր կատվի արյան խումբը դեսպանատուն ներկայացնելու. ասել է թե՝ առանց (կամ համարյա առանց) թղթաբանական քաշքշուկների:

ԴՈՒԲԱՅ․ ՄԻ ԳԼՈՒԽ՝ «ԱՄԵՆԱՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Ներող եղեք, բայց այս ենթավերնագրում անխղճաբար կրկնվելու է «ամենան»։
Ամենամեծի, ամենաշատի, ամենաբարձրի ու հնարավոր գրեթե բոլոր ամենաների հետ ասոցացվող այս քաղաքը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ տանող թոփում է՝ ակնհայտորեն թիկունքում թողնելով, օրինակ, Աբու Դաբին, Շարժան։
Դուբայը տեղավորվում է ամառային հանգստի մասին մեր ունեցած բոլոր ստանդարտացված պատկերացումներում․ կա ջուր, ավազ, արև, հետևաբար նաև՝ արևայրուք, հանգստի կազմակերպման ակտիվ ու պասիվ տարբերակներ ու համեղ ուտեստներ։

Ամենաների իր ցանկին զուգահեռ՝ Դուբայն ԱՄԷ ամենախոշոր քաղաքն է, որը, անշուշտ, աչքի չի ընկնում իր պատմական կոթողներով, հնագույն ճարտարապետությամբ և համաշխարհային պատմության մեջ թողած մշակութային հետքով։ Փոխարենն այստեղ գլխապտույտ դինամիզմ կա, թե քաղաքի ալիքի վրա լինես ու քաղաքում՝ մի շաբաթով։

Իհարկե, Բուրջ Խալիֆան, Դուբայի հայտնի ակվարիումները, առագաստի տեսքով Բուրջ ալ-Արաբը, Արմավենիների կղզին (Palm Jumeirah), սաֆարի տուրերն ամենաճանաչելին են, երբ հնչում է Դուբայի անունը, բայց «ստանդարտ փաթեթին» զուգահեռ՝ դուք կարող եք թռչել ու վերևից նայել EMAAR ու DAMAC (սրանք անշարժ գույքի շուկայի խոշորագույն ընկերություններից են Միջին Արևելքում) գրություններով հարյուրավոր շենքերին ու ավելի բարձր լինել, քան Դուբայի մյուս հսկայական շենք շինությունները։
Skydiving-ը, պարաշյուտով ու պարապլանով թռիչքները Դուբայի երկնքի զարդերն են ու էքստրեմալ տուրիզմի սիրահարների նախընտրելի ուղղություններից մեկը։ Skydiving-ի՝ ասել է թե՝ օդում թռչելու էքստրեմալ հաճույքից օգտվելը, օրինակ, արժե մոտավորապես $600։ Հաշվի առնելով, թե սոցցանցերում (հատկապես Ինստագրամում) skydiving հեշթեգը որքան պոպուլյար է Դուբայի երկնքի համար՝ իրոք արժե թևերը բացել հենց այստեղ։

Իր բարձր ու ավելի բարձր «սկզբունքներին» զուգահեռ՝ Դուբայում բարձր են լինելու նաև ձեր անվտանգության աստիճանն ու ամեն ինչի գինը․ այստեղ դժվար թե որևէ մեկի մտքով անցնի գողանալ ձեր պայուսակը, բայց ձեր մտքով անպայման անցնելու է՝ նորից վերադառնալ՝ գնելու համար ա՜յ այն պայուսակը։ Շոփինգն այստեղ վրեժխնդրության զանգվածային ակտ է՝ տարերայնության թմրեցուցիչ նշաններով․ բոլորն ուզում են ծախսել շեյխուհու պես, բայց ստիպված են ցուցաբերել լորդուհու չափավորություն։

Դուբայ

Դուբայից վառ տպավորություններ ստանալու համար քաղաքը պետք է վայելել կիզիչ ամռան նահանջից հետո։

Համարյա չենք հավատում, թե Դուբայում թանգարան եք գնալու, բայց, այնուամենայնիվ, հետաքրքրվողների համար։ Ի դեպ, Աբու Դաբիում, օրինակ, հավատում ենք, որ թանգարան կգնաք․ այնտեղ գտնվող Լուվրը վկա։

Հայաստանը 2017-ի մարտի 22-ից միակողմանիորեն չեղարկել է ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի վիզան: Այս տարվանից արդեն ՀՀ քաղաքացիները ևս կարող են ԱՄԷ մեկնել առանց մուտքի արտոնագրի։

ՇՐԻ ԼԱՆԿԱ ԵՎ ԹՈՒՆԻՍ, ՄՈՆՏԵՆԵԳՐՈ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆ. ԱՄԱՌԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾՈՎ ՈՒԶԵԼ

Մեր կապույտ անձնագրերի համար կանաչ լույս վառող այս ուղղությունները նախընտրելի են հատկապես վերջին տարիներին։

Սկսենք Շրի Լանկայից․ Հնդկական օվկիանոսի այս կղզին հեռու, բայցև գրավիչ է հատկապես իր լանդշաֆտով՝ միախառնելով ծովը, սաղարթախիտ անտառներն ու էկզոտիկ բնությունը։

Տարածքը ոչ միայն բնությամբ է հարուստ, այլև պատմամշակութային հետքով․ Սիգիրիա ամրոցը, օրինակ, կամ, ասենք՝ Բուսաբանական այգին, Ամբուլուվավա աշտարակը, Ինը կամարների կամուրջը: Տուրիստական այս ուղղություններն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանք իրարից բավականին հեռու են տեղակայված ու մեկ կամ երկու ժամանոց երթերով չեք հասցնի տեսնել ամենը: Այս պարագայում արժե հիմնվել խելամիտ պլանավորման վրա՝ հաշվարկելով հանգստի ու ճանապարհների վրա ծախսված ժամանակը:

Շրի Լանկա

Շրի Լանկան, ասում են, 7 օրյա հանգստի համար քիչ է, ավելի լավ է «հազիվ պոկած» արձակուրդին աշխարհագրորեն ավելի մոտիկ վայր ընտրել, դեպի կղզի այցը պլանավորելով գոնե 10 օրից 2 շաբաթվա կտրածքով (հաշվի առնելով, որ Երևանից ուղիղ չվերթեր դեռ չկան, դրանք կմեկնարկեն հոկտեմբերից):

Դեպի Շրի Լանկա տուրերը Հայաստանում հետաքրքիր են ոչ միայն էկզոտիկայի տեսանկյունից, այլև վիզայի. այստեղ վիզան տեղում ենք ստանում:

Դե, իսկ վերադառնալիս լավ տպավորությունների հետ արժե Հայաստան բերել Կոլոմբոյից թեյեր. էլ ի՞նչ՝ Շրի Լանկայից:

Համեմատաբար ավելի մատչելի, աշխարհագրորեն ավելի մոտ, բայց կրկին ծովային ու ամառային հանգստի մեկ այլ ուղղություն՝ Թունիսը, պոպուլյար է դարձել բոլորովին վերջերս: Հյուսիսաֆրիկյան այս երկրում հանգստանալու համար հայաստանցիներին ցանկություն և գումար է պետք, մյուս մեծ հարցը՝ վիզա ստանալը, բարեբախտաբար, տանջալի պրոցես չէ. ՀՀ քաղաքացիների համար չեղարկված է նաև վիզայի համար նախատեսված վճարի $25-ականները: Վաղ ամրագրումների դեպքում Թունիս կարելի է հասնել $800-ից սկսած, տեղում արդեն ինքներդ կարող եք որոշել՝ պառկել ծովի ափին ու արևայրուք ընդունել, թե դրան զուգահեռ գնալ նաև տեսնելու Էլ Ջեմ ամֆիթատրոնը, տեղական շուկաներն ու թանգարանները, երկրի ամենահայտնի արվարձանը՝ Կարթագեն հին քաղաքը կամ պատմական Դուգան: Ու, իհարկե, ի՞նչ Աֆրիկա առանց անապատների ու դիտարժան մզկիթների. Թունիսում ևս ծովային հանգիստն արժե ընդմիջել սաֆարի տուրով ու տեղական մշակույթին ծանոթանալու նախաձեռնություններով:

Իսկ եթե առավել գրավիչ եք համարում դեպի Եվրոպա ուղղությունը, առաջարկում ենք նայել հարավարևելյան Եվրոպայի ուղղությամբ, օրինակ. Մոնտենեգրո կամ, այո, Ալբանիա:

Ալբանիա

Երկու դեպքում էլ մուտքի վիզայի պահանջը հանված է զբոսաշրջիկների համար. չկա վիզայի քաշքշուկ, կան ուղիղ չվերթեր:

Թե Մոնտենեգրոն, և, թե Ալբանիան հրաշալի տարբերակներ կարող են լինել ծովն ու կանաչը համադրել սիրողների համար:

Այս ցանկում առաջարկում ենք հիշել նաև Հորդանանը. կրկին առանց վիզայի, բայց ծովով, պատմամշակութային կոթողներով ու ավանդույթներով հարուստ տարածք՝ ամառային հանգստի համար:

Ցուցակում, իհարկե, կարելի է ներառել նաև Թաիլանդն ու Ինդոնեզիան՝ bounty-ի գովազդ հիշեցնող իրենց լողափերով: Բայց, Բալիի դեպքում, օրինակ, արժե հիշել, որ այստեղ ամեն ինչ մի փոքր ավելի է թանկացել, քանի որ բազմաթիվ ռուսներ 2022-ից հետո բնակություն են հաստատել կղզում՝ բարձրացնելով անշարժ գույքի վարձակալության արժեքը:

Ու վերջում, ծովերից ամենահասանելին՝ հին ու բարի Եգիպտոսը՝ իր Կարմիրով, տաք ավազով, անվերջ սակարկելի տուր փաթեթներով ու «էս անգամ հաստատ բուրգեր էլ եմ գնալու» ինքնախաբեությամբ հեշտացնում են հանգիստն առանց խոշոր գլխացավանքի և մեծ ծախսերի պլանավորելու մեր շանսը։

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Տուրիստական ընկերությունները ձեզ, իհարկե, կառաջարկեն իրենց կողմից վաղօրոք ամրագրված ու վիզա ստանալու պրոցեսն արհեստականորեն քաոսի վերածած  ստանդարտ փաթեթները՝ Եվրոպայի խիստ թրենդային ուղղություններով (Իտալիա, Իսպանիա), բայց առաջարկում ենք նայել նոր թրենդների կողմը:

Ոչ ոքի կամ համարյա ոչ ոքի մանկության երազնաքը Պրահա գնալը չէ, և շատ իզուր. Չեխիայի մայրաքաղաքն իսկական հեքիաթային քաղաք է՝ ու այդպիսին է և ամռանը, և ձմռանը՝ տոնական հանդերձանքով:

Պրահան միաժամանակ շքեղ ու պարզ քաղաք է. այստեղ կարելի է հանդիպել «ժամանակակից եվրոպական քաղաք» արտահայտության բոլոր դրսևորումներին, ամեն քայլափոխի տեսնել վառ, բայցև իրար հետ հստակորեն համադրվող շենքեր, իսկապես հին քաղաք ու փորձարկել ավանդական և խիստ չեխական ուտելիքներ:

Հայաստանից դեպի Չեխիա ճանապարհն ավելի է հեշտացել՝ շնորհիվ Wizz Air-ի՝ օրերս բացված Երևան-Պրահա-Երևան չվերթի: Լոուքոսթերի թռիչքները նախատեսված են ամեն երկուշաբթի և ուրբաթ, Չեխիայի դեսպանատունն իր հերթին գործարկել է շենգենյան վիզաների համար դիմելու գրանցման նոր համակարգ: Այնպես որ, դեպի Պրահա ճանապարհորդելիս հանգիստ կարելի է չապավինել տուրիստական ընկերություններին:

Իհարկե, Վիեննան նոր ուղղություն չէ, բայց Չեխիա գնալիս կարելի է հաշվի առնել նաև այս տարբերակը: Ավստրիայի ու Չեխիայի մայրաքաղաքների միջև գնացքի ճամփան մոտ 4.5 ժամ է, իսկ գնալ-գալու տոմսի արժեքը՝ 10-20 եվրո:

Տուրիստական գործակալության միջոցով, ընկերներով կամ թեկուզ՝ միայնակ, հանգստի գնալիս չպետք է մոռանալ երկու բան՝ անձնագիրն ու նախապես արված դետալային պլանավորումը սպոնտան որոշումներով «խաթարելու» տրամադրությունը։ Իսկ իմպրովիզներ անելիս փորձանքները հնարավորինս շրջանցելու համար առաջարկում ենք հիշել ապահովագրված առողջության, զբոսաշրջիկների համար նախատեսված օգնական-հավելվածների և ուշքը վրան պահելու փորձված մեթոդների մասին։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN