#իվենթաPAN
December 22, 2022

Շոկոլադի ու ելակի համով նիկոտինը. Վեյփինգի թրենդի զարգացումն ու ռիսկերը

Եթե ծխում եք ու մտածում եք այդ վնասակար սովորությունից հրաժարվելու մասին, իմացեք՝ այդ բարդ պայքարում մենակ չեք։ 10 ծխողից 7-ն ասում է, որ ցանկանում է թողնել ծխելը: Իհարկե, դա լավագույն որոշումներից մեկն է, որ կարող եք նվիրել ձեր օրգանիզմին ու առողջությանը։ Բայց հիմա այնքան գայթակղիչ այլընտանքներ են հայտնվել, որ նույնիսկ ծխելը թողնելը կարող է վտանգավոր լինել, կախված նրանից, թե ինչ տարբերակ եք ընտրել։

Մարդիկ կան, որ ծխախոտից հրաժարվելուց հետո կրկնակի շատ քացրավենիք են ուտում ու շոկոլադով լրացնում «բացը»։ Սա էլ, իհարկե, լավագույն լուծումը չէ, բայց չարյաց փոքրագույնն է։ Հատկապես, եթե գայթակղվել եք էլեկտրոնային ծխախոտներով։ Հիմա հարցերի հարցը հետևյալն է, արդյո՞ք վեյփինգը ծխախոտային արտադրանքից պակաս վնասակար է։

ԾԽԱԽՈՏԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ. 20-ՐԴ ԴԱՐ

20֊րդ դարն ու հատկապես 1940-1970֊ականները վստահաբար հիշվելու են որպես ծխախոտի հաղթարշավի ամենաազդեցիկ տարիներ։ Պատճառներն իհարկե կքննարկենք, բայց մինչ դրան հասնելը մի քանի բառ այդ տարիների ընդհանուր պատկերի մասին։ Ծխելն առաջին անգամ զարգացած ու հարուստ երկրներում զգալի աճ է գրանցել 20-րդ դարի սկզբին: Այդ շրջանում ծխելու միտումներն անցել են մեկդարյա շրջան՝ գագաթից մինչև անկում։ Այդ երկրների մեծ մասը՝ բոլորն էլ արևմտյան, հիմնականում հետևել են նույն հետագծին։ 1900-ականների սկզբից մինչև կեսերը ծխախոտի սպառման կտրուկ աճ են գրանցել, իսկ վերելքի պիկին հասել են դարի երկրորդ կեսին։ Հաջորդող տասնամյակներում արդեն կտրուկ անկում է նկատվել։ Հատկանշականն այն է, որ վերելք-գագաթ-անկում այս ճանապարհը բոլոր դեպքերում տևել է մոտ մեկ դար:

Սա ճիշտ այն շրջանն է, երբ մեդիայի դերն անտեսելն ուղղակի անհնար է։ Ծխախոտը դարձել էր թրենդային ու նորաոճ։ Ամենագրավիչ տղամարդիկ կադրում ծխում էին, այդ ծուխը հասել էր մինչև անգամ հեռուստատեսային տաղավարներ։ Սա, իհարկե, առաջին հերթին գովազդային գրագետ արշավի արդյունք էր։ 1983֊ին Philip Morris֊ի տնօրենը հայտարարում էր՝ «Մենք պետք է շարունակենք բացահայտել ու օգտագործել նոր հնարավորություններ՝ ծխախոտը էկրանին և ծխողների ձեռքը հասցնելու համար։»

Ծխախոտն ու կինոն անտեսանելի կապով են կապված: Ծխախոտ արտադրող ընկերությունները դեռ վաղուց են զգացել ֆիլմերի ուժն ու ազդեցությունը մշակութային նորմերը ձևավորելու գործում: 1930-40-ական թվականներին ծխախոտ արտադրող ընկերությունները վճարում էին հոլիվուդյան աստղերին՝ ծխախոտի գովազդում նկարահանվելու և կադրում ծխելու համար: Դրա դիմաց ստուդիաները ստանում էին ֆիլմերի ֆինանսավորում։

1950-ականներին և 60-ականներին ծխախոտ արտադրող ընկերություններն իրենց ուշադրությունը սևեռեցին հեռուստատեսության վրա՝ ծախսելով հարյուր միլիոնավոր դոլարներ ու հովանավորելով փրայմ֊թայմ ծրագրեր։
Իսկ հեռուստատեսային եթերում որոշ սահմանափակումներից հետո կրկին վերադարձան կինո։Ծխախոտի արդյունաբերության ներքին փաստաթղթերի ուսումնասիրությունը թվերով ու մանրամասներով ցույց է տալիս, թե ինչպես էր ծխախոտային արտադրանքը գովազդներով թիրախավորում մարդկանց։

Օրինակ, Ջեյմս Բոնդ ֆիլմաշարի License to Kill֊ում 350,000 դոլար է ծախսվել ծխախոտային բրենդներից մեկը ցուցադրելու համար։ Superman II֊ում Marlboro ծխախոտները ցուցադրել են 42,000 դոլարով։ Beverly Hills Cop֊ում շատ ավելի համեստ՝ 5,000 դոլարով։ Եվ բոլորը գոհ էին։ Ֆիլմարտադրողները ստանում էին գումար՝ ֆիլմի ծախսերը հոգալու համար, ծխախոտ արտադրողներն էլ ստանում էին սպառողների օրեցոր մեծացող թիվ։

License to Kill

Նման մարքեթինգային քայլը ֆենոմենալ ու հզոր էր ոչ միայն ծխելը թրենդային դարձնելու, այլև իրականությունը իրենց ձեռնտու կերպով ներկայացնելու առումով։ Հիմա ասում են «օ՜, բոլորը ծխում են 1920-ականներին և 1930-ականներին», բայց պարզվում է, որ այն ժամանակ մարդիկ ավելի քիչ էին ծխում քան օրինակ 10-20 տարի առաջ։ Պարզապես ամենուր ծխախոտի թաքնված գովազդը միանգամից այլ տպավորություն էր ձևավորում։

Ի դեպ, կա ամերիկյան հետազոտություն, որը փաստում է՝ առաջին՝ հեռուստատեսությունն իսկապես պատճառ դարձավ, որ ավելի շատ մարդիկ սկսեցին ծխել, երկրորդ՝ 16-ից 21 տարեկանները հատկապես տուժեցին հեռուստատեսության այդ արտադրանքից, և երրորդ՝ հեռուստատեսության ազդեցությունը տեսանելի դարձավ այդ գովազդների ներդրումից միայն տարիներ անց։

Այս թեման փակենք, հիշեցնելով, որ 20-րդ դարի ընթացքում մոտ 100 միլիոն մարդ վաղաժամ մահացել է ծխելու պատճառով, նրանց մեծ մասը զարգացած երկրներից էին:

ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՎԵՅՓԻՆԳԻ ՖԵՆՈՄԵՆԸ

2021 թվականին ԱՄՆ-ի միջին և ավագ դպրոցի ավելի քան 2 միլիոն աշակերտներ ասել են, որ օգտագործում են էլեկտրոնային ծխախոտներ, ընդ որում, այդ դեռահասներից 10-ից 8-ն օգտագործում է համային հավելումներով էլեկտրոնային ծխախոտ: Սա պարզապես մի օրինակ, որ կօգնի ավելի պատկերավոր պատկերացնել այն, ինչ կքննարկենք հիմա։

Նախ, կա երեք հիմնական պատճառ, թե ինչու էլեկտրոնային ծխախոտները կարող են հրապուրիչ լինել հատկապես երիտասարդների համար: Նախ, շատ դեռահասներ կարծում են, որ վեյփինգը պակաս վնասակար է, քան ծխելը: Երկրորդ, էլեկտրոնային ծխախոտներն ունեն մեկ օգտագործման համար ավելի ցածր արժեք, քան ավանդական ծխախոտը: Ու ի վերջո, երիտասարդներն ավելի գրավիչ են համարում ծխի բացակայությունը։

Իսկ իրականում՝ վեյփերը կարող են նույնքան կախվածություն առաջացնել, որքան ավանդական ծխախոտը։ Ե՛վ էլեկտրոնային, և՛ սովորական սիգարետները պարունակում են նիկոտին, որը, ըստ հետազոտությունների, կարող է նույնքան կախվածություն առաջացնել, որքան հերոինն ու կոկաինը:

Հիմա հերթով անդրադառնանք այն առողջական խնդիրներին, որոնք կարող է առաջացնել վեյփինգը, ու որոնք ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտի ազդեցությունը։ Դե, բոլորս էլ գիտենք, որ ավանդական ծխախոտից այրման պրոցեսի արդյունքում ծուխ էառաջանում։ Իսկ վեյփերը ծխախոտ չեն այրում, դրանք տաքացնում են հատուկ հեղիուկները՝ հատուկ ջերմաստիճանում ու արտանետում են գոլորշի։ Այրում չի առաջանում, ծուխ ևս, բայց քիմիական բազմաթիվ նյութեր է պարունակում, այդ թվում նիկոտին, օքսիդացնող նյութեր, համային հավելումներ և քիմիական տարրեր։ Իհարկե, կա վարկած, որ ի տարբերություն ավանդական ծխախոտի արտադրած 6000 քիմիական նյութերի էլեկտրոնային ծխախոտը շատ ավելի քիչ վնասակար նյութեր է առաջացնում, բայց սա որևէ կերպ չի ապահովագրում ո՛չ առողջական խնդիրներից, ո՛չ էլ, առավել ևս, կախվածության նվազումից։

Ամերիկյան ազգային ակադեմիայի 2018 թվականի զեկույցը զգալի ապացույցներ է գտել, որ էլեկտրոնային ծխախոտը խթանում է սրտի զարկերի հաճախականությունը: Հեղինակները նաև ապացույցներ են ներկայացրել, որոնք փաստում են, որ էլեկտրոնային ծխախոտի պարբերաբար օգտագործումը բարձրացնում է արյան ճնշումը: Այս երկու խնդիրն էլ երկարաժամկետ կտրվածքով կարող են ազդել սրտի վրա։

2019 թվականի մեկ այլ ուսումնասիրություն, որը հիմնված է նույն համազգային հետազոտության վրա, ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նպաստում է նաև սրտի կաթվածի և սրտային անբավարարության բարձր ռիսկի հետ:

Անցնենք թոքերին։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վեյփինգը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև թոքերի վրա, բայց ավելի մանրակրկիտ հետազոտության կարիք կա։ 2018 թվականին արված ուսումնասիրությունը գնահատել է 10 մարդկանց թոքերի ֆունկցիան, ովքեր երբեք ծխախոտ չեն ծխել և օգտագործել են վեյփեր՝ նիկոտինով կամ առանց դրա։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ վեյփինգը և՛ նիկոտինով, և՛ առանց նիկոտինի խաթարում է թոքերի նորմալ աշխատանքը այս մարդկանց մոտ։ Այս հետազոտությունը փոքր ընտրանքի չափ ունի, հետևաբար արդյունքները կարող են անհատական լինել, և ոչ թե մասսայական։

Ի դեպ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը 2018֊ին ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի օգտագործումից առաջացած թոքերի ախտահարման հիվանդության առաջին զեկույցը։ Այս հիվանդության ախտորոշումից կես տարվա ընթացքում 3000 մարդ հոսպիտալացվեց, 68 մարդ մահացավ։ Բոլոր հիվանդները ախտանշանների առաջանալուց առաջ՝ առնվազն երեք ամսվա կտրվածքով էլեկտրոնային ծխախոտ էին օգտագործել։
Ինչպե՞ս է վայփինգն ազդում ձեր ատամների և լնդերի վրա: Վեյփինգը, ըստ երևույթին, մի շարք բացասական հետևանքներ ունի նաև բերանի խոռոչի առողջության վրա:

Օրինակ, 2018 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտի աերոզոլն ատամների մակերեսն ավելի հակված է դարձնում բակտերիաների զարգացմանը: Հեղինակները եզրակացրել են, որ վեյփերը կարող են մեծացնել կարիեսի վտանգը: 2016 թվականի մեկ ուսումնասիրություն էլ ցույց է տալիս, որ վեյփինգը կարող է նպաստել նաև լնդերի բորբոքման, որը հայտնի գործոն է պարոդոնտալ հիվանդությունների զարգացման համար: 2018 թվականին մեկ այլ զեկույց էլ եզրակացրեց, որ ինչպես նիկոտին պարունակող, այնպես էլ առանց նիկոտինի էլեկտրոնային ծխախոտները կարող են վնասել բերանի բջիջներն ու հյուսվածքները այն մարդկանց մոտ, ովքեր չեն ծխում:

Էլեկտրոնային ծխախոտների երկարաժամկետ ազդեցության մասին սահմանափակ ապացույցներ կան ու որոշ հետազոտողներ նույնիսկ կարծում են, որ հետևանքների զարգացումը տասնամյակներ կպահանջի:

Մի քանի բառ էլ պասիվ ծխողների մասին, այսինքն այն մարդկանց, որոնք չեն ծխում, բայց փչացնում են առողջությունը իրենց շուրջ ծխող մարդկանց պատճառով։ Այս մասով կրկին երկարաժամկետ հետազոտության կարիք կա, բայց այն ինչ կա հիմա, փաստում է, որ էլեկտրոնային ծխախոտները պասիվ ծխողների համար պակաս վնասակար են, բայց ամբողջովին անվնաս չեն։

Այս թեման էլ փակենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետով։ Իհարկե, այս կազմակերպության մասին շատերն իմացան չարաբաստիկ քովիդի օրերին, բայց ԱՀԿ֊ի տեսակետն ամփոփ պատկեր է տալիս վերևում քննարկված հետազոտություններին։ ԱՀԿ-ն ասում է, որ վեյփինգը վնասակար, ինչպես օգտագործողների, այնպես էլ պասիվ ծխողների առողջության համար։ Այստեղ ԱՀԿ֊ն առաջարկում է իրար կողք դնել երկու պարզ փաստ՝ կան հստակ տվյալներ, որ էլեկտրոնային ծխախոտները վտանգավոր են առողջության համար, մյուս կողմից, չկան հստակ ապացույցներ, որ դրանք ծխող մարդուն օգնում են թողնել ծխելը կամ թուլացնել կախվածությունը։ ԱՀԿ֊ն փաստում է, որ վեյփինգը պահանջում է արտադրանքի և տարածման խիստ կանոնակարգում, ներառյալ հանրային տարածքներում օգտագործման արգելքները:

ՄԻ ՔԻՉ ԷԼ ԹՎԵՐ

Վերևում արդեն քննարկվածն առաջարկում ենք համադրել մի քանի խոսուն թվային տվյալների հետ։

- Սկսենք մեկ երկրի օրինակով։ 20 ամերիկացիներից 1-ը ծխում է էլեկտրոնային սիգարետ, իսկ դեռահասների կողմից էլեկտրոնային ծխախոտի սպառումը վերջին տարվա ընթացքում աճել է 1800%-ով:

- 2021 թվականին աշխարհում 55 միլիոն մարդ էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել։

- 2018 թվականին վեյփերի համաշխարհային վաճառքը հասել է 15,7 միլիարդ դոլարի, իսկ մինչև 2023 թվականը դրանք կհասնեն 40 միլիարդ դոլարի:

- Մոտ երկու անգամ ավելի հավանական է, որ ապագայում ավանդական ծխախոտ կծխեն էլեկտրոնային ծխախոտ օգտագործող դեռահասները։

- ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների ընդամենը 15%-ն է չծխող:
Ամեն դեպքում, չմոռանանք նաև ավանդական ծխախոտի անհանգստացնող թվերը։

- Ամեն տարի ծխախոտը սպանում է ութ միլիոն մարդու։ Մոտ յոթ միլիոնը ծխողներ են, մեկ միլիոնը՝ պասիվ ծխողներ։

- Աշխարհում ծխախոտ օգտագործում է 1.3 միլիարդ մարդ, որոնց 80%֊ն ապրում է աղքատ, զարգացող երկրներում։

- Ամեն տարի սպառվում է մոտ 5 տրիլիոն ծխախոտ։

ԱՐԳԵԼՔՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կառավարությունների վերաբերմունքը վեյփինգի նկատմամբ շատ տարբեր է։ Մեծ Բրիտանիայում վեյփինգը նույնիսկ խրախուսվում է պետական առողջապահական գործակալությունների կողմից։ Այնտեղ կարծում են, որ եթե ծխողներն անցնեն էլեկտրոնային ծխախոտի պետությունը կփրկի և՛ մարդկային կյանքեր, և՛ մեծ գումարներ։ Մյուս կողմից, կան մի քանի տասնյակ երկրներ, որտեղ վեյփինգի որոշակի արգելք կա՝ դրանք կապված են կա՛մ պահելու և օգտագործելու, կա՛մ վաճառքի, կա՛մ ներմուծման հետ։ Վերջին տարիներին ԱՄՆ որոշ նահանգներ սահմանել են վաճառքի արգելքներ։ ԱՄՆ֊ում երիտասարդների շրջանում վեյփերի օգտագործումն այնքան էր տարածվել, որ նույնիսկ պետական մակարդակով սա անվանեցին «համաճարակ»։

Հետաքրքիրն այն է, որ այն երկրները, որոնք ամբողջությամբ արգելել են էլեկտրոնային ծխախոտների կիրառումը, շարունակում են թույլ տալ և օրինական համարել ավանդական ծխախոտների կիրառումը։ Կան պետություններ, օրինակ Սինգապուրը, որ սա բացատրում են պարզ մի բանաձևով. Պետք է «դեմն առնել», քանի շատ չի տարածվել ու քանի դեռ հնարավոր է։ Ավանդականի դեպքում սա չի գործի։

37 երկիր ընդհանրապես արգելում է վեյփերի վաճառքը։ Եվս 73֊ը թույլատրում են, բայց տարբեր արգելքներով ու սահմանափակումներով։ Ի դեպ, արգելքների դեպքում կախված այդ երկրի օրենքներից պատիժը կարող է տատանվել փոքր տուգանքից մինչև ազատազրկում։ Այնպես որ, եթե չեք ուզում զրկվել գումարից, առողջությունից կամ ազատությունից, ամեն դեպքում ամենացանկալի տարբերակը ամեն տեսակի ծխախոտներից հրաժարվելն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ

Վեյփինգը վերջին տարիներին լայն տարածում է գտնել նաև Հայաստանում։ Մեր երկիրն աշխարհի ամենածխող երկրներից մեկն է համարվում։ Տարիներ առաջ մեզ մոտ վեյփի անցնողներն առանձնապես շատ չէին, IQOS֊ն էլ նոր էր սկսում տարածվել որպես անծուխ այլընտրանք։ Իսկ հիմա վեյփերն իրենց փառքն են վայելում։ Վեյփինգը Հայաստանում շարունակում է տարածվել ու դրա մասին են փաստում ցանկացած սուպերմարկետում բավականին մատչելի գնով վաճառվող վեյփերն ու անգամ հատուկ էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված խանութների բացումը։ Իհարկե, ռուսների մեծ ներգաղթը ևս այս տարածման գործոններից կարող է լինել, հաշվի առնելով, թե որքան պոպուլյար է վեյփինգը նրանց շրջանում։

Օրենքի տեսանկյունից մեր երկրում ևս կան սահմանափակումներ։ Նախ՝ արգելված է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի, այդ թվում վեյփերի ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։ Հետո՝ 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ է մտել նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների, այդ թվում էլեկտրոնային ծխախոտի, օգտագործման արգելքը։ Ամեն դեպքում՝ սա այն է, ինչ գրված է թղթի վրա։

Վերջերս էլ կառավարությունը սահմանափակել է էլեկտրոնային սիգարետների ներմուծումը Հայաստան։ Դեկտեմբերի 1-ից ԵԱՏՄ տարածքից Հայաստան բերվող ծխախոտների, այդ թվում էլեկտրոնային ծխախոտների համար սահմանվել են հստակ չափաքանակներ։ Սրանք գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է ակցիզային հարկ վճարեն։


✍ Նանե Մանուկյան / PAN