#իվենթաPAN
September 19

Բրիթնիի ու Մադոննայի համբույրը, Էմինեմի կլոնները, Swiftie-ներից չվախեցող Քանյեն. MTV VMA-ը՝ ամենասկանդալային մրցանակաբաշխություն

Եթե MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մասին պետք է իմանալ մեկ բան, ապա դա այն է, որ այն երբեք առանց սկանդալների ու անակնկալների չի անցնում։ Ամենամյա մրցանակաբաշխությունից հետո հաջորդող օրերն ու շաբաթները ողողվում են արտիստների ելույթների, հաղթողների ու պարտվողների շուրջ սկանդալների, հագուստների և այլ թեմաների մասին քննարկումներով։

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Քանյե Ուեսթը փորձում «վերցնել» Թեյլոր Սվիֆթի մրցանակն ու պնդում, որ Բիյոնսեն ավելի արժանի էր։ Կամ գուցե մտաբերեք, թե ինչպես էր Մադոննան համբուրում Բրիթնի Սփիրսին, կամ ինչպես Բիյոնսեն հենց բեմից հայտարարեց իր հղիության մասին։ Առաջարկում ենք նախ վերհիշել տարբեր տարիների ամենասկանդալային ու անսպասելի դրվագները, ապա անդրադառնալ այս տարվա մրցանակաբաշխությանը։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունը MTV հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն է, որն առաջին անգամ անցկացվել է 1984 թվականին՝ Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլում»։ Սովորաբար մրցանակաբաշխությունն անցկացվում է Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում, սակայն արարողությունը հյուրընկալել են նաև Մայամին և Լաս Վեգասը։

Մրցանակաբաշխության մասին խոսելիս պետք է նախ անդրադարձ կատարել Music Television-ին, նույն ինքը՝ MTV-ին։ 1981 թվականին MTV-ն իսկական հեղափոխություն արեց հեռուստատեսության և երաժշտության ասպարեզներում։ Կես կատակ, կես լուրջ ասում են, որ փոփ մշակույթի համար MTV-ի ազդեցությունը համեմատելի է Յուրի Գագարինի առաջին թռիչքի հետ դեպի տիեզերք։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Ինչևէ, MTV-ն իսկապես կարողացավ դառնալ պատուհան դեպի անսահմանափակ երաժշտական բովանդակության աշխարհ ու սա արեց այն ժամանակ, երբ նման մոտեցումը դեռևս եզակի էր։ MTV-ն բառացիորեն ապացուցեց, որ մարդկանց համար արդեն կարևոր է ոչ միայն լսել, այլև տեսնել արտիստին։ Հեռարձակումը սկսվեց Video Killed the Radio Star (1979) երգով:

Արդյունքում MTV-ն ապահովեց մի քանի սերունդների ժամանցը, օգնեց երաժշտական ոլորտի հսկաներին կարիերա անել, իսկ հետո համացանցի հայտնվելով «սպանվեց»։ Բայց տխուր բաների մասին հիմա չենք խոսելու։ Փոխարենը կվերադառնանք MTV-ի համանուն մրցանակաբաշխությանը, որի շրջանակում բազմաթիվ ցուցադրված տեսահոլովակներից որոշեցին պարգևատրել լավագույններից լավագույններին։

Ընդունված է համարել, որ այս մրցանակաբաշխությունը երտասարդ արտիստների ու երիտասարդ երկրպագուների համար է։ Իրականում այն իսկապես մեծ հեղինակություն է ձեռք բերել միլիոնավոր երիտասարդների շրջանում։ Ի սկզբանե մրցանակը հավակնում էր դառնալ  «Գրեմմի» մրցանակի այլընտրանք, որն ընկալվում էր որպես ավելի «մեծահասակների» մրցանակ։ Բայց երիտասարդ կատարողներին պետք էր հարթակ՝ աչքի ընկնելու և գնահատվելու, իսկ երկրպագուներին՝ իրենց սիրելի երաժիշտների անցած ճանապարհը տոնելու համար:

Առաջին մրցանակաբաշխությունը ամենաշատ մրցանակները տուն է տարել երաժիշտ Հերբի Հենքոքը։ Նրան հաջորդում էր Մայքլ Ջեքսոնը, ով այդ օրը երեք մրցանակ է շահել։ Ի դեպ, ի՞նչ եք կարծում, այդ ժամանակ ո՞վ է արժանացել «Տարվա տեսահոլովակ» մրցանակին։ Գուցե անսպասելի թվա, բայց հաղթողն այդ թեժ մրցապայքարում  You Might Think-ի  The Cars-ն էր։

ՀԻՇԱՐԺԱՆ ՊԱՀԵՐԸ

Հիշարժան պահեր ասելով մի մասը կպատկերացնեն մրցանակաբաշխության ընթացքում հնչած անմոռանալի ելույթները, մյուսները գուցե հիշեն սկանդալները, նորաձևությանը հետևող մարդիկ երևի առավել ուշադիր են եղել տարբեր տարիների անսպասելի հագուստների հանդեպ։ Սրանցից յուրաքանչյուրն էլ առանձին անդրադարձի են արժանի, հետևաբար մեր ծաղկաքաղը կներկայացնի ամեն ինչից՝ քիչ-քիչ։

Բրիթնի Սփիրսի անունն այս ցանկում ամենահաճախն է հանդիպում։ Օրինակ՝ 2000 թվականի VMA-ի իր ելույթում Սփիրսը կատարում էր իր գլխավորը հիթը՝ Oops I Did It Again-ը, որի հենց ընթացքում էլ պատռում է հագուստն ու նոր look ստանում։ Համաձայնեք, այսօր արդեն սովորական դարձած այս «հնարքը» 2000 թվականին կարող էր բավականին մեծ հետաքրքրություն առաջացնել։

Մեկ տարի անց՝ 2001 թվականի մրցանակաբաշխությանը երգչուհին վերադարձավ վագրի և օձի հետ։ Ոչ թե խաղալիք, այլ՝ իրական։ Բրիթնին կատարեց I'm a slave 4 U երգը: Նախ նա բեմ բարձրացավ վանդակի մեջ, որտեղ իր հետ նույն վանդակում նաև վագր կար, իսկ երգի կեսից մի մեծ օձ կախեց պարանոցից։ Երկրպագուները հիացած էին երգչուհու համարձակությամբ, դե իսկ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խիստ զայրացած էին։

2000-ականներն իսկապես Բրիթնիի մասին էին։ 2003-ին նրա խելահեղ ելույթների շարքին միացավ նաև Մադոննայի և Քրիստինա Ագիլերայի հետ կատարումը։ Արտիստները միասին կատարում էին Like A Virgin երգը։

Բրիթնին և Քրիստինան հագել էին հարսանյաց զգեստներ, իսկ Մադոննան՝ սև կոստյում։ Կատարման վերջում էլ Մադոննան կատարեց բազմաթիվ տղամարդկանց երազանքն ու համբուրեց Բրիթնիին ու Քրիստինային։

Չմոռանանք նաև հիփ-հոփի 2000-ականների ու բոլոր ժամանակների գլխավոր անուններից մեկին, ժամանակաշրջան ձևավորած Էմինեմին։ Նրա ելույթները բոլորն էլ հիշարժան, բայց VMA-ի բեմում երկրպագուները մինչև օրս էլ հիշում են 2000 թվականին Էմինեմի Real Slim Shady-ի կատարումը։ Ռեփերը կատարում էր երգը, իսկ հետևի պլանում… նրա կլոններն էին։

Այս շարքում չի կարելի չնշել նաև Բիյոնսեի մեծ անակնկալը։ 2011 թվականին մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում երգչուհին ցույց տվեց փորիկն ու հայտարարեց, որ հղի է։

Երգչուհին կատարում էր իր Love On Top երգը։ Նա նախ բեմ դուրս եկավ լայն տաբատով և փայլուն բաճկոնով, սկսեց պարել և նույնիսկ ցատկել բարձրակրունկներով, իսկ երգի վերջում ցած նետեց միկրոֆոնը, արձակեց բաճկոնի կոճակներն ու շոյեց կլորացած փորը։ Հանդիսատեսը հիացած էր, իսկ ծափերը մի քանի րոպե չէին դադարում։

Ինչպե՞ս խոսել VMA-ից ու չանդրադառնալ մրցանակաբաշխության պատմության գուցե ամենասկանդալային դրվագին։ Իսկ մենք գիտենք, որ նախկին փեսա Քանյե Ուեսթի երկրորդ անունը սկանդալ է, հետևաբար զարմանալի չէ, որ այստեղ ևս գլխավոր դերերում հենց նա է։ Եթե այս միջադեպը լիներ այսօր, ոչ թե 15 տարի առաջ, ապա Քանյեին մեղմ ասած լավ օրեր չէին սպասվի, որովհետև մենամարտի մյուս ճակատում մեր օրերի ամենաազդեցիկ արտիստներից մեկն էր՝ Թեյլոր Սվիֆթը։ Զարմանալի է, թե ինչպես Swiftie-ների բանակը Քանյեին «չի պատժել», գուցե պատճառն այն էր, որ նաև այս միջադեպի շնորհիվ Սվիֆթի անվան շուրջ խոսակցություններն ու քննարկումները ակտիվացան։

Այսօր Թեյլորը ստանում է հնարավոր բոլոր մրցանակները, համաշխարհային sold out շոուներ ունենում ու անգամ քաղաքական գործիչների համար կարևոր ֆիգուր է համարվում, բայց 2009-ին իրավիճակը բավականին այլ էր։ Երբ Քանյեն բարձրացավ բեմ ու հենց նոր հաղթանակած Սվիֆթին ասաց, որ այդ մրցանակին արժանի էր Բիյոնսեն, ոչ ոք չէր մտածի, որ տարիներ հետո Սվիֆթը անգամ անհաղթելի Բիյոնսեի ռեկորդներն է անցնելու։ Իսկ այն ժամանակ Քանյեին քննադատեցին գրեթե բոլորը, անգամ նախագահ Բարաք Օբաման։

Բայց 2015 թվականին այս դուետը կրկին հայտնվեց մեկ բեմում, կրկին՝ VMA-ի շրջանակում։ Ուեսթը մրցանակ էր ստանում վիդեո ինդուստրիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Իսկ մրցանակը նրան հանձնում էր… Թեյլոր Սվիֆթը։ Քանյեն շնորհակալական խոսքը սկսեց Թեյլորից ներողություն խնդրելով, իսկ հետո արեց մի հայտարարություն, որը ցնցեց բոլորին։ Ասաց, որ որոշել է 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

«Դուք հավանաբար մտածում եք, թե ես ինչ-որ բան եմ ծխել բեմ դուրս գալուց առաջ: Այո, ինչ-որ բան կար»:

Բայց պարզվեց, որ Քանյեն խոսքն օդում թողնողներից չէ։ Նա իսկապես փորձեց իր բախտն ընտրարշավում, բայց, ինչպես արդեն գիտեք՝ չհաջողեց։

Այս ցանկն ավարտենք VMA-ի պատմության ամենաանսպասելի ու մինչև օրս քննարկվող հագուստներից մեկով։ Վստահաբար համացանցում ինչ-որ մեմի միջոցով կամ մեկ այլ կոնտեքստում տեսել եք «մսային» հագուստով Լեդի Գագային։ Հիմա արդեն գիտեք, թե որտեղ էր նա ներկայացել այդ հագուստով։ Սա 2010-ի VMA-ի ամենահիշարժան դրվագներից էր։ Գագայի հագին հում միս էր։

Ամփոփենք սկանդալաշատ այս նյութը այս տարվա հաղթողների անուններով։ Մրցանակաբաշխությունն այս տարի այնքան էլ լեցուն չէր սկանդալներով, բայց պատմական առումով մի կարևոր բան արձանագրվեց։ Թեյլոր Սվիֆթը VMA-ի սոլո մրցանակների թվով առաջ անցավ ռեկորդակիր Բիյոնսեից։ 30 մրցանակ՝ Բիյոնսեի արդեն նախկին ռեկորդ համարվող 26 մրցանակի դիմաց։

Այս տարի Թեյլոր Սվիֆթի Fortnight երգն արժանացավ «Տարվա հոլովակ», «Տարվա համագործակցություն», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Ամռան լավագույն երգ» մրցանակներին։ Թեյլորը նաև «Տարվա Արտիստն» էր ու «Տարվա փոփ կատարողը»։ Դե իսկ «Տարվա երգ» անվանակարգում անհաղթելի Թեյլորին կարողացավ հաղթել Սաբրինա Քարփենթերի «Espresso»-ն։

Սկանդալներով, թե առանց դրանց, VMA-ը հերթական երաժշտական տոնն է պարգևում իրենց սիրելի արտիստների ելույթներին սպասող և նրանց հաղթանակներով ուրախացող երկրպագուներին։ Սա նաև երիտասարդ արտիստներին արժանին մատուցելու և մեծարելու կարևոր հարթակներից մեկն է, դե իսկ որպես բոնուս մարդիկ ստանում են պատմության մեջ մնացող ելույթներ։

✍️ Նանե Մանուկյան / PAN