#իվենթաPAN
October 19, 2023

ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՊԱՀԵՍՏ, ԴՊՐՈՑԸ՝ ԿԱՑԱՐԱՆ, ՄԱՐԴԻԿ՝ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ. ՑԱՎՆ ՈՒ ԲԵՌԸ ԿԻՍՈՂ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Կոռնիձորի մարդասիրական կայանում կամ Գորիսի դրամատիկական կայանի շենքում Կարմիր Խաչի հանդերձանքով երիտասարդներն Արցախից բռնի տեղահանվածների համար հաճախ առաջին շփումն էին շրջափակված, իսկ հետո արդեն օկուպացված Արցախից դուրս գալուց հետո։ Կային նաև հարյուրավոր կամավորներ, որոնց շապիկին ո՛չ Կարմիր Խաչի նշան կար, ոչ էլ որևէ բան հուշում էր, որ այդ մարդկանցից շատերը մի քանի օր արդեն անդադար փորձում են այս կամ այն կերպ օգտակար լինել։

PAN-ի այս անդրադարձը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր մի կողմ են դրել սեփական հարմարավետությունն ու գերադասել են կամավորության սկզբունքով օգնել կարիքի մեջ գտնվողներին։

Նախ վերհիշենք, թե ինչ արեցին կամավորներն Արցախից բռնի տեղահանվածներին դիմավորելու մի քանի օրվա ընթացքում։

Սեպտեմբերի 24-ից 30-ը Կոռնիձորի մարդասիրական կայանում, Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում, 6-րդ դպրոցում և Վայքի մշակույթի տանը տեղահանված մարդկանց ընդունման կետերում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված մարդասիրական արձագանքի ընթացքում առաջին օգնություն տրամադրվեց 2400֊ից ավելի մարդու, առաջին հոգեբանական աջակցություն՝ մոտ 70,000-ի։

Տեղադրված վրաններում հանգստանալու և փոքր երեխաներին խնամելու հնարավորություն է ստացել մոտ 40 000 մարդ։ Սննունդ, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, քնապարկեր ու հատկապես սեր և ջերմություն տալու մասին խոսելն ավելորդ է։ Այս աշխատանքներում ներգրավված է եղել Հայկական Կարմիր խաչի անձնակազմի մոտ 445 անդամ և կամավոր։

Հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն այդ օրերին օգնում էին նաև գրանցման աշխատանքներում, իսկ ընտանեկան կապերի վերամիավորման ծառայությունն օգնում էր տվյալների գրանցման և հավաքագրման հարցում, հնարավորություն տալիս կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։

Սա Կարմիր Խաչի կամավորների մասին։ Իսկ առհասարակ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ ինքնակազմակերպվում էին, խմբերով գնում Գորիս, տանում անհրաժեշտ պարագաներ, սնունդ, հագուստ, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել մյուս կամավորներին։ Ներկաներն են պատմում, որ ինչ֊որ պահի արդեն կամավորների հերթեր էին գոյացել, դրա համար էլ մարդիկ բերում էին հավաքած օգնությունն ու միանգամից հեռանում, որ չխանգարեն մյուսներին։

Իսկ տեղահանված արցախցիները հարցազրույցներում առաջինն այս ընդունելության համար էին շնորհակալություն հայտնում։ Հետո արդեն նրանց սպասում էին Երևանում և մարզերում ինքնակազմակերպված խմբերը, բարեգործական միջոցառումները, աջակցության ծրագրերը։ Բայց դրանց մասին՝ ավելի ուշ։

Հիմա չէր խանգարի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մասին փոքրիկ պատմական ակնարկ։ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հիմնադրվել է 1921 թվականին։ Դեռ այն ժամանակ քաղաքներում և խոշոր բնակավայրերում Կարմիր Խաչն օգնում էր կապ հաստատել հայկական գաղութների հետ, հիմնում ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բժշկական կետեր։

Առհասարակ, Կարմիր խաչը կամ Կարմիր մահիկը պատերազմի ժամանակ օգնություն է տրամադրում ռազմագերիներին, պատերազմական գործողություններում չներգրավված վիրավորներին, իսկ խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին։

Մարդասիրական առաքելության գլխավոր շարժիչ ուժը հենց կամավորներն են։ Հայկական Կարմիր խաչի ընկերությանը կարող են անդամագրվել և կամավոր գրանցվել բոլոր նրանք, ովքեր ընդունում են ՀԿԽԸ կանոնադրությունը, նպատակները և խնդիրները, ցանկանում են մասնակցել կամ նպաստել նրա գործունեությանը: Ի դեպ, կամավոր դառնալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ։

Մյուս կողմից, 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ օր ու գիշեր կամավորության սկզբունքով մարդկանց օգնելու համար հայերի համար պարտադիր չի գրանցվել ու դառնալ որևէ կազմակերպության կամ նախաձեռնության անդամ։ Այդ օրերին սոցցանցերում մեկը մյուսի հետևից ստեղծվում էին աջակցության խմբեր, իրականացվում էր դրամահավաք, հավաքում էին ամեն ինչ՝ դեղորայքից մինչև անվադողեր, հագուստից մինչև հուզիչ նամակներով սնիկերսներ։

Պատերազմի ժամանակ կային պատկերասրահներ ու թանգարաններ, որտեղ սրահներից հեռացնում էին արվեստի գործերն ու տարածքը դարձնում բանակի և ապաստարանների համար անհրաժեշտ պարագաների պահեստ։

Դպրոցներում ու համալսարաններում ևս անհրաժեշտ պարագաների մի ամբողջ արտադրամաս ու «կարի ֆաբրիկա» էին ստեղծում, անձրևանոցներ կարում, հեծանիվի անվադողից բժշկական լարան՝ «ժգուտ» էին սարքում։ Խմբեր էլ կային, որ անհրաժեշտ իրերը հավաքում էին դրսում, օրինակ՝ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում։

Առհասարակ, հումանիտար աղետների, պատերազմների և ճգնաժամային այլ իրավիճակների ժամանակ կամավորության երևույթն աշխարհում այն լուսավոր կետն է, որն ամենամեծ հիասթափությունների ժամանակ էլ մարդկային որակների մասին հուսադրող մի երևույթ է դառնում։ Հենց այս օրերին էլ Իսրայել֊Պաղեստին հակամարտության ընթացքում խաղաղ բնակչությանն օգնելու հարյուրավոր ծրագրեր են կազմվել։ Արաբական աշխարհը պաղեստինցիներին օգնելու համար ինքնակազմակերպվում է։ Բժիշկները պատրաստ են մեկնել ու տեղում օգնություն ցուցաբերել, իրավապաշտպանների խմբերը հայտարարում են իրենց անշահախնդիր օգնության մասին և այսպես շարունակ։

Պատկերը նույնն էր նաև ռուս֊ուկրաինական պատերազմի սկզբում։ Ուկրաինան լքող հարյուր հազարավոր փախստականների սահմանակից ԵՄ երկրներում դիմավորում էին կամավորները։ Օրինակ, Լեհաստանում կամավորական խմբերն աշխատում էին ընդունման կետերում, թարգմանչական ծառայություններ էին մատուցում, իրավաբանական խորհրդատվություն ու հոգեբանական աջակցություն տրամադրում, օգնում մատակարարումների ու տրանսպորտային փոխադրումների հարցում։ Շատերն ուկրաինացիներին ապահովում էին անվճար կացարանով կամ հյուրընկալում իրենց տանը։

Հետո արդեն պետական մակարդակով այս կամավորներին շնորհակալություն էին հայտնում։ Կառավարությունն էլ անկեղծանում էր՝ ոչ ոք պատրաստ չէր նման մեծամասշտաբ ճգնաժամի, պետական համակարգի ճգնաժամային կառավարման ջանքերը չէին հաջողի, եթե աշխատանքներին չներգրավվեին հազարավոր կամավորներ և չթեթևացնեին պետության բեռը։

Կամավորական այս մեծ ալիքն ուսումնասիրելու համար անգամ հետազոտություններ են անցկացվել։ Ռուս-ուկրաինական պատերազմի և փախստականների հոսքի հետևանքով կամավորների մեջ գերակշռող զգացմունքներն էին կարեկցանքը (79.1%), տխրությունը (78.6%) և օգնելու պատրաստակամությունը (75.5%)։ Միաժամանակ, շատ հարցվածներ զգում էին զայրույթ (66,3%) և վախ (58,2%)։ Ի դեպ, հարցվածների կեսից ավելին որևէ մեկի հետ չի խորհրդակցել կամավորության անցնելու իր որոշման մասին (53,6%), մինչդեռ 25%-ը խորհրդակցել է ընկերների հետ, 23,5%-ը՝ զուգընկերոջ և 14,8%-ը՝ ծնողների հետ:

Թե ինչո՞ւ էթնիկ զտման ենթարկված արցախցիները միջազգային նման արձագանք չստացան՝ այլ հարց է ու բազմաթիվ շերտեր ունի՝ քաղաքականից մինչև մշակութային։ Փոխարենը, վերադառնալով մեր իրականություն կրկին ընդգծենք, որ վերջին շաբաթներին ու այսօր էլ մեր քաղաքացիները ոչ միայն կիսում են Հայաստանի կառավարության բեռը, այլև երբեմն անգամ իրենց վրա վերցնում հարյուրավոր ընտանիքների սնունդով, տանիքով ու աշխատանքով ապահովելու հարցը։ Նման տասնյակ նախաձեռնություններ կան թե՛ բարեգործական կազմակերպությունների, թե՛ հիմնադրամների, թե՛ այս կամ այն բիզնեսի ու շահույթ հետապնդող ընկերությունների ու թե՛ անհատների կողմից։

Լրագրող Շուշանիկ Փափազյանի համար օրինակ, կամավորական ճանապարհը սկսվել է դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ։ Առաջին անգամ որպես կամավոր գնացել է Երևանում գտնվող մի ժամանակավոր կացարան, որտեղ  120 մարդ էր բնակվում։

«Ամեն ինչ սկսվեց դեռևս 44-օրյայի ժամանակ, երբ ես առաջին անգամ գնացի ժամանակավոր կացարան՝ կամավորության։ Կացարանը Երևանում էր, այնտեղ կար 120 մարդ, կին և երեխաներ։ Առաջին անգամ գնացի սեպտեմբերի 30-ին և մնացի այնտեղ մինչև դեկտեմբերի 25-ը։ Այդ օրը վերջին ընտանիքին տեղավորեցինք, քանի որ ոչ Շուշին կար, ոչ էլ Հադրութը։»

Ժամանակավոր կացարանում Շուշանիկ Փափազյանը սկսեց զբաղվել ուսուցչությամբ ու դարձավ ընկեր Շուշանիկ։ Երեխաների հետ կապը այս տարիների ընթացքում պահել էր։ Երբ իմացավ, որ էթնիկ զտման արդյունքում Արցախը հայաթափվում է՝ միանգամից հիշեց երեխաներին ու ծնողներին։ Բոլորի հետ կապի մեջ էր՝ ուր են հասել, ինչ են անում։ Բարեբախտաբար, բոլորը բարեհաջող հասել են Հայաստան, Շուշանիկն էլ նրանց համար կացարաններ է գտել։

«Սեպտեմբերի 27-ի գիշերը գնացի ընկերներիցս մեկի աշխատավայր, իրենք զբաղվում էին արցախցիների համար վարձով ու անվճար տներ գտնելով։ Հիշում եմ, մինչև ուշ գիշեր մնացի այնտեղ։ Քիչ էին, ես էլ սկսեցի զանգերին պատասխանել և օգնել։ Հիշում եմ, մի կին զանգեց ու ասաց, որ դրսում են մնացել երեխաների հետ։ Ես սկսեցի լացել ու հասկացա, որ պետք է հավաքեմ ինձ ու օգնեմ մարդկանց։»

Անձնական կապերն օգտագործելով Շուշանիկն արդեն օգնում էր ոչ միայն ծանոթ երեխաներին, այլ նաև լրիվ անծանոթ մարդկանց։ Ընկերների մի մասը Կարմիր խաչի կամավորներից էին։ Զանգում, ներկայացնում էին այս կամ այն ընտանիքի կարիքները, Շուշանիկն էլ արագ արձագանքում էր, փորձում կացարան գտնել։

«Հետո սկսեցի զբաղվել ծնողազուրկ երեխաներով և միայնակ ծերերով, դեղեր էի ուղարկում, կացարանի հարց լուծում և այլն։ Համացանցում արագ տարածվեց հեռախոսահամարս, զանգում էին Արցախից բռնի տեղահանված մարդիկ կամ անհատներ, որոնք ուզում էին օգնել։ Բնականաբար ինձ օգնում են ընկերներս կամ անծանոթ մարդիկ, գումար են ուղարկում, քանի որ վստահում են ինձ։»

Շուշանիկը լրագրող է, աշխատում է Երևան ամսագրում, Հետք-ում։ Ինչ֊որ պահից հասկացել է, որ այս ընտանիքների պատմությունները պետք է վավերագրել, պետք է բարձրաձայնել մարդկանց անձնական ողբերգությունների մասին և լսելի դարձնել նրանց ձայնը։

«Ոչ միայն ես եմ այդ մարդկանց գտել, այլ նաև իրենք՝ ինձ։ Մի ընտանիքի մոտ էի գնում, պատմում էին իրենց տան զոհերի մասին ու խոսքի մեջ ասում հարևանի կամ հարազատ մեկի մասին։ Ես էլ խնդրում էի նաև մյուսների տվյալները տրամադրել։ Գնում էի, սրճում, լսում իրենց պատմություններն ու գրի առնում։ Շատերի պատմությունները չեմ հանրայնացրել, քանի որ շատ ծանր էին։»

Շուշանիկը վստահ է, որ ցանկացած աջակցությունից զատ ամենակարևոր բանն ապրումակցումն է, մարդկանց վշտի մեջ միայնակ չթողնելը, իրենց հետ մի բաժակ սուրճ խմելը, հաց կիսելը կամ պարզապես լսելը։

Արցախցի եղբայրներին ու քույրերին աջակցելու տարբերակները բազմաթիվ են։ Բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու ամենահամապարփակ ուղեցույցներից մեկը թողնում ենք այստեղ։ ReArmenia֊ն մեկ տեղում հավաքել է աջակցություն տրամադրող նախաձեռնությունների, կազմակերպությունների ու անհատների ցանկը։ Կրթության, աշխատանքի, հումանիտար, բժշկական, հոգեբանական աջակցության, կացության ապահովման մի քանի հարյուր տարբերակները պարբերաբար թարմացվում են։

Կամավորների մասին խոսելիս նվազագույնը, որ պետք է անենք՝ գնահատանքի խոսքերն են, իսկ շատ ավելի օգտակար կլինի, եթե միանանք նրանց ու թեթևացնենք պատասխանատվության կամ էլ ալյուրի պարկի ծանր բեռը։


✍️ Նանե Մանուկյան / PAN