#իվենթաPAN
June 22, 2023

Եվ հենց այդպես… Լեփ-լեցուն սենյակի սև հայելու միջից երևաց թագուհի Շառլոթը. Ինչ դիտել ամռանը՝ ծովափում կամ սենյակում

Ամռան հանգիստը պլանավորելիս, ակտիվ հանգիստ գերադասողները և պասիվ, ծովային հանգստի կողմնակիցները միայն մեկ ընդհանրություն ունեն։ Ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ աշխատանքի, հանգստի և մնացած ամեն ինչի արանքում տեղավորում են նոր ֆիլմերի, նոր սերիալների կամ արդեն սիրելի սերիալների նոր սեզոնների դիտումները։ Սա սուրբ արարողակարգ է, որին չի կարող խանգարել նույնիսկ ամենագայթակղիչ հանգստի տարբերակն ու ամենասպասված ճամփորդությունը։ Իսկ շատերի համար սա հենց հանգիստ է, որ կա։

Ձեզ համար Բալիի տոմս գնել, ցավոք, չենք կարող, բայց կարող ենք օգնել ոչ պակաս հաճելի ժամանակ անցկացնել տանը կամ Բալիում՝ այս ամռանը դուրս եկող սերիալների  ցանկ տրամադրելով։

Սերիալների հերթականությունը պատահականության սկզբունքով է ընտրված։ Սերիալները շատ են, հետևաբար այս ցանկն էլ կարող էր ամբողջովին տարբեր լինել ու մնալ նույնքան հետաքրքիր։ Մեր սկզբունքը հետևյալն է՝ փորձել ենք գտնել ու առաջարկել տարբեր ճաշակներին հարմար տարբերակներ։

Նախ նշենք, որ տպավորություն է, թե այս ամռանը սերիալներ թողարկելիս արտադրողներն առաջնորդվել են «լավագույն նորը մոռացված հինն է» սկզբունքով։ Կան սերիալներ, որոնց մասին դուք գիտեք արդեն երկար տարիներ, հասցրել եք սիրել, գուցե նույնիսկ մոռանալ։ Կան նաև այնքան սպասված սերիալներ, որոնք առաջին կամ երկրորդ սեզոնից հետո երկար չեն սպասեցրել ու վերադառնում են։

Մի կարևոր հանգամանք էլ կա։ Գուցե ամառային այս պրեմիերաները մոտակա առնվազն մեկ-երկու տարվա ընթացքում վերջինն են, որ արվում եմ ճիշտ ժամանակին և առանց խնդիրների։ Բանն այն է, որ 2023-ի կեսից արդեն մասնագետները կանխատեսում են սերիալային արտադրական գործընթացի կտրուկ նվազում։ Պատճառն էլ արդեն բոլորին հայտնի գործադուլներն են։ Սցենարիստները սցենար չեն գրում և վերջ։

Կարճ ասած, սա ևս մեկ պատճառ է՝ գնահատելու և ամբողջապես վայելելու այն սերիալային արտադրանքը, որը մեդիահսկաներն առաջարկում են մեզ այս ամառ։ Եվ այսպես՝ սկսեցինք։

ԿՈՒՌՔԸ / THE IDOL

Այս սերիալի շուրջ սկանդալային ու ոչ միանշանակ է ամեն ինչ։ Այդպես էր մինչև դրա ցուցադրությունը, այդպես է վերջին շաբաթներին, երբ սերիալն արդեն հասանելի է բոլորին։ Նախ, The Idol-ի շուրջ հավաքված են անուններ, որոնք արդեն իսկ խոսակցությունների ու քննարկումների առիթ են տալիս, առանց նույնիսկ սցենարի մասին որևէ բան իմանալու։ HBO-ի այս սերիալում մեկ այլ սկանդալային սերիալի՝ Euphoria-ի ռեժիսոր Սեմ Լեվինսոնի մատն է խառը։ Դա, կարծես, բավական չէր՝ նա համագործակցել է երգիչ The Weeknd-ի հետ։

Միայն այսքանն իմանալը կարող էր բավական լինել դիտելու սերիալը, բայց, ինչպես ասում են՝ սա դեռ ամենը չէ։ Սերիալի գլխավոր դերակատարներն են հենց ինքը՝ The Weekend-ը և Լիլի-Ռոուզ Դեփը։ Ազգանունը պատահական համընկնում չէ։ Լիլի-Ռոուզը Ջոնի Դեփի դուստրն է։

Կարիերայում ծանր փուլ ապրող փոփ աստղի և ինչ-որ պաշտամունքի առաջնորդի միջև զարգացող հարաբերություններն այս սերիալի հիմքում են, բայց ընդամենը շաբաթների ընթացքում համացանցը ողողել են սերիալը ստեղծողներին պախարակող մեկնաբանությունները։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ չեն հավանել սերիալը, բայց այն կարելի է դիտել գոնե թե դրա շուրջ ստեղծված աղմուկի, մեկը մյուսին հակասող կարծիքների և քննարկումներից հետ չմնալու համար։

ՍԵՎ ՀԱՅԵԼԻ / BLACK MIRROR

Այս սերիալի հին երկրպագուների համար «Սև հայելու» վերադարձն իսկապես սպասված է։ Վեցերորդ սեզոնը թողարկվում է հինգերորդից չորս տարի անց։ Այսօր արհեստական բանականության և առհասարակ տեխնոլոգիական զարգացման թեման մարդկանց խոշորացույցի տակ է և լցրել է նույնիսկ մեր առօրյա կյանքը։

Այն, ինչը սերիալի առաջին եթերաշրջանում գուցե իրականությունից հեռու մի բան էր թվում, այսօր արդեն շատ հնարավոր, չափելի ու տեսանելի է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նոր եթերաշրջանն ավելի ծանր է լինելու։ Դիտեք՝ բաց չթողնելու ապագայի մասին ներկայում պատմող ամենահետաքրքիր, անսպասելի և կաղապարներից դուրս պատմությունները։

ՀԻՄՔ / FOUNDATION

Apple TV+-ի գիտաֆանտաստիկ այս սերիալը վերադառնում է երկրորդ սեզոնով։ Այս անգամ իրադարձությունները զարգանում են առաջին սեզոնի ավարտից հարյուր տարի անց։ Եթե հասցրել եք դիտել առաջին եթերաշրջանը, ապա մի անհանգստացեք՝ ձեզ ծանոթ կերպարները հարյուր տարի անց էլ չեն անհետանալու։

Այզեկ Ազիմովի պատմվածքների վրա հիմնված այս սերիալն ունի ամեն ինչ, ինչը կարող է հետաքրքրել գիտաֆանտաստիկ ժանրի սիրահարներին՝ առեղծվածային գալակտիկա, պատմության վրա ազդեցություն թողնելու մղում, փլուզվող «իրականություն»։ Կայսրությունը կործանումից փրկելու միակ միջոցը դրան դիմակայելն է։ Դե իսկ երկրորդ սեզոնը խոստանում է լինել ավելի լարված և գրավել նաև action ֆիլմերի սիրահարներին։ Պրեմիերան հուլիսի 14-ին է։

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿ ՇԵՆՔՈՒՄ / ONLY MURDERS IN THE BUILDING

Hulu-ի ամենաեկամտաբեր սերիալներից մեկը վերադառնում է երրորդ եթերաշրջանով։ Առաջին և երկրորդ սեզոններում սպանություններ բացահայտած ու իրենց անունը մաքրած եռյակը վերադառնում է՝ լուծելու նոր գլուխկոտրուկ, այս անգամ՝ Broadway թատրոնում։

Այս սեզոնի համար սերալի դերասանական կազմին է միացել Մերիլ Սթրիփը։ Պրեմիերան օգոստոսի 8-ին է։ Չմոռանանք նշել, որ առաջին հայացքից լարված, սպանությունների ու առեղծվածների մասին սերիալի ընթացքում ծիծաղի պակաս չեք ունենալու։

ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ՍԵՆՅԱԿ / THE CROWDED ROOM

Մինի սերիալների և Թոմ Հոլանդի երկրպագուների համար սա «ամառային մարաթոնի» լավագույն տարբերակներից է։ Այս մինի սերիալի հիմքում գիրք է մի տղամարդու մասին, որն ինքն իրեն պաշտպանել է դատարանում՝ հիմքում ունենալով անհատականության դիսոցիատիվ խանգարման փաստը։

Մանհեթեն, 1979 թվական։ Երիտասարդ տղամարդուն ձերբակալում են շոկային հանցագործության մեղադրանքով։ Երիտասարդի կերպարում էլ մեզ համար ավելի շատ հերոսի, քան հակահերոսի հետ ասոցացվող Թոմ Հոլանդն է։ Ձեզ ավելի մոտիվացնելու համար ևս մեկ կարևոր փաստ՝ գործը հետաքննում է Ամանդա Սեյֆրիդի մարմնավորած կերպարը։ Մինի սերիալն արդեն հասանելի է։ Կարող եք դիտել առաջիկա հանգստյան օրերին։

ԵՎ ՀԵՆՑ ԱՅԴՊԵՍ… / AND JUST LIKE THAT

SATC երկրպագուներին մոռանալ չէինք կարող։ Նյու Յորքի ամենանորաձև կանայք վերադառնում են՝ հին ու նոր ընկերների, հին ու նոր խնդիրների, սիրային դրամաների, ծնողական մարտահրավերների և պարզապես գեղեցիկ վիզուալների միջոցով։

Սերիալի առաջին սեզոնը նոստալգիկ էր. առանց սփոյլ անելու ասենք՝ նաև ցավոտ։ Երկրորդը խոստանում է չզիջել գլխավոր եռյակի շուրջ դրամատիկ զարգացումներով և նաև նոր ու հին կերպարների անպասելի ներկայությամբ։

ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԹՌԻՉՔ / HIJACK

Apple TV+-ի մեկ այլ սերիալ, որը խոստանում է պահել ձեզ էկրանների առաջ նույնիսկ քաղցած ու հոգնած ժամանակ։ Իդրիս Էլբան յոթ մասից բաղկացած այս թրիլերի գլխավոր դերակատարն ու պրոդյուսերն է։

Մեծ հաջողությունների հասած բիզնես բանակցողը, իր բանակցային հմտություններն օգտագործելով, փորձում է փրկել ինքնաթիռում հարձակման ենթարկված և վտանգված մարդկանց կյանքը։ Այս նույն նպատակն ունեն նաև հակաահաբեկչական գործողություններով զբաղվող պետական մարմինները։

ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ… / NEVER HAVE I EVER

Որպեսզի մեզ չմեղադրեք ձեր ամառը միայն ծանր ու լուրջ սերիալներով լցնելու համար, առաջարկում ենք դիտել երիտասարդական, թեթև, ռոմանտիկ այս սերիալի վերջին սեզոնը։ Ավագ դպրոցում դրամատիկ զարգացումներ, մշակույթի տարբերություններ, սիրային եռանկյունի։ Մի խոսքով՝ ամեն բան ժանրի բոլոր կանոններով։

Բայց արդարության համար նաև ասենք, որ սա պատմություն է կորուստը հաղթահարելու, ինքնության փնտրտուքի, սեփական ես-ը գտնելու և ունեցածը գնահատելու մասին։ Կարճ ասած՝ դիտեք այս սերիալը, եթե թեթև, «հեշտ գնացող», բայց նաև ազդեցություն թողնող ինչ-որ բան եք փնտրում։

ԹԱԳՈՒՀԻ ՇԱՌԼՈԹ. ԲՐԻՋԵՐԹՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / QUEEN CHARLOTTE: A BRIDGERTON STORY

Եվ վերջում թույլ տվեք շեղվել խոստացված «ամառային ցանկից» և ամռանը դիտելու համար առաջարկել գարնան ամենաստացված պրեմիերաներից մեկը։ Bridgerton/ Բրիդջերթոն սերիալի մեծ հաջողության արդյունքում որոշվեց փրիքվելի տեսքով անդրադառնալ Շառլոթ թագուհուն։

Պետք է ասել, որ այս որոշումն առավել, քան արդարացված էր։ Պատմության կենտրոնում երիտասարդ թագուհի Շառլոթն է։ Պատմական մոտիվներով սիրո այս պատմությունը հաջողված էր, և դա են փաստում ռեկորդային քանակով դիտումներն ու արձագանքները։


✍️ Նանե Մանուկյան / PAN