#իվենթաPAN
May 16

Բռնաբարության հայտնի զոհերը, վարորդ-հոգեբանն ու «Վայնշտեյնի էֆեկտը». Կինոհսկայի մեծ անկումը

Երբ ամբողջ կյանքում քեզ ճանաչում են որպես շատ հաջողակ կինոպրոդյուսեր ու արդեն ճիշտ ժամանակն է «թոշակի անցնելու» և վայելելու ծերությունը, պարզվում է, որ հասել է «ահեղ դատաստանի ժամը» և աշխարհը քեզ սկսելու է ընկալել ոչ թե որպես կինոպրոդյուսեր, այլ բռնարար, իսկ ծերությունը վայելելու ես բանտում։

Սա կարող էր Հարվի Վայնշտեյնի նոր ֆիլմի սցենարը լինել, բայց իրականում հակիրճ ներկայացնում է կինոպրոդյուսերի կյանքի վերջին տարիները։ Մի քանի տասնյակ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված Վայնշտեյնը նախ դատապարտվեց 23 տարվա ազատազրկման, իսկ հիմա, պարզվում է, նոր դատավարություն է սպասվում։

ԻՆՉԻ՞Ց ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ

Եթե Վայնշտեյնի մասին լսել եք միայն այս աղմկոտ պատմությունների ֆոնին, ապա մի քանի բառով նախ հիշեցնենք, թե ո՞վ էր նա, մինչև այս պատմությունները ջրի երես դուրս եկան։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Miramax Films ընկերության կառավարման անդամ էր, նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիրն էր։ «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար նա Օսկարի ու BAFTA մրցանակի է արժանացել։ Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկն էր, որի ֆիլմերը տարբեր անվանակարգերում բազմիցս Օսկարի և այլ մրցանակների են արժանացել։

2017 թվականին ամեն բան գլխիվայր շրջվեց։ Վայնշտեյնին հեռացրին իր հիմնադրած The Weinstein Company ընկերությունից, դադարեցրին բոլոր համագործակցությունները, կինն ապահարզան պահանջեց, իսկ հասարակությունը պահանջեց դատապարտել պրոդյուսերին։

Հենց 2017-ին էր, որ մի քանի տասնյակ կանայք, որոնց թիվն, ի դեպ, հասնում է 80-ի, մեկը մյուսի հետևից մեղադրեցին պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ։ Այս կանանց թվում շատ էին հայտնի և մարդկանց լավ ծանոթ անունները՝ Անջելինա Ջոլի, Գվինեթ Փելթրոու, Ռոուզ ՄըքԳոուեն, Սալմա Հայեկը և այլք։

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԹԻՐԱԽՈՒՄ

2017 թվականի հոկտեմբերի 5-ին The New York Times-ը հրապարակեց նյութ, որտեղ հայտնի պրոդյուսերը մեղադրվում էր բազմաթիվ սեռական ոտնձգությունների մեջ։ Ըստ հոդվածի Վայնշտեյնը 30 տարի շարունակ երիտասարդ դերասանուհիներին և իր ընկերության մյուս աշխատակիցներին ստիպում էր ինտիմ հարաբերություններ ունենալ՝ դրա համար խոստանալով կարիերայի առաջխաղացում։

Այս տեղեկությունը հաստատելու համար The New York Times-ը մեջբերում է դերասանուհի Էշլի Ջադի պատմությունը, ով նկարագրել էր իր հանդիպումը Վայնշտեյնի հետ Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում։ Ջադի խոսքով՝ ազդեցիկ պրոդյուսերը հյուրանոցի ռեստորանում գործնական նախաճաշի փոխարեն իրեն առաջարկել է բարձրանալ իր սենյակ, հետո խալաթով հայտնվել է նրա առաջ և առաջարկել է մերսել նրան։

«Ես մտածում էի, թե ինչպես կարող եմ որքան հնարավոր է շուտ դուրս գալ սենյակից՝ չփչացնելով իմ հարաբերությունները Վայնշտեյնի հետ»։

Սկանդալային հոդվածից հետո մի քանի հայտնի հոլիվուդյան դերասանուհիներ խոստովանեցին, որ իրենք ևս դարձել են Հարվի Վայնշտեյնի ոտնձգությունների զոհը։ Կանանց խոսքով՝ Վայնշտեյնն իրենց հաջող կարիերա է առաջարկել՝ ինտիմ հարաբերությունների դիմաց։

Անջելինա Ջոլին օրինակ պատմել է, որ Վայնշտեյնի անպարկեշտ առաջարկներից հետո փորձել է ամեն կերպ խուսափել նրանից։

«Երիտասարդ տարիքում ես չափազանց բացասական փորձ եմ ունեցել Հարվի Վայնշտեյնի հետ, դրա համար էլ որոշեցի այլևս երբեք չաշխատել նրա հետ և զգուշացնել նաև մյուսներին»։

Օսկարակիր Գվինեթ Փելթրոուն նույնպես տհաճ հիշողություններով է կիսվել։ Դերասանուհու խոսքով՝ երբ ինքը նկարահանվում էր Ջեյն Օսթինի վեպի հիման վրա նկարահանված «Էմմա» ֆիլմում, պրոդյուսերը նրան կանչել է իր սենյակ ու մերսում առաջարկել։

«Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի, և նրանք ինձ աշխատանքի ընդունեցին, ես ապշած էի»։

Ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ով գլխավոր դերեր է խաղացել «La Vie Adèle» և «007: Spectre» ֆիլմերում, հարցազրույց էր տվել բրիտանական The Guardian-ին ու կիսվել Վայնշտեյնի հետ իր ունեցած ծանր ու բացասական փորձով։

«Մենք նստած զրուցում էինք, երբ նա հանկարծ կորցրեց վերահսկողությունը, «ցատկեց» ինձ վրա և փորձեց համբուրել։ Բավականաչափ ֆիզիկական ուժ է պետք ունենալ նրանից ազատվելու համար։»

Սեյդուի խոսքով՝ իր գործակալն իրեն խորհուրդ է տվել հեռու մնալ Վայնշտեյնից, բայց նաև չփչացնել պրոդյուսերի հետ հարաբերությունները։

Բայց ամեն ինչ սրանով չի սահմանափակվում: Սալմա Հայեկը հարցազրույցներից մեկում ասել է, որ Վայնշտեյնը սպառնացել է սպանել իրեն, ու խորհուրդ տվել չկասկածել իր խոսքերի լրջության մեջ:

Իսկ Վայնշտեյնի վարորդը հարցազրույցում պատմել է, որ շատ են եղել դեպքերը, երբ ինքը Վայնշտեյնի տանից հուզված կամ լաց լինող դերասանուհիների է տարել, ու երբեմն ստիպված է եղել հանգստացնել նրանց:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ՀՈԼԻՎՈՒԴԸ

Հարվի Վայնշտեյնի պահվածքը դատապարտել են դերասանուհիներ Մերիլ Սթրիփը, Ջուդի Դենչը, Ջենիֆեր Լոուրենսը, իսկ Վուդի Ալենն այս պատմությունն անվանել է «աղքատ կանանց ողբերգություն»՝ հավելելով, որ Վայնշտեյնի հետ կապված իրավիճակը չպետք է դառնա «վհուկների որս», որի ընթացքում ցանկացած տղամարդու կարող են մեղադրել ոտնձգությունների մեջ՝ իրեն դուր եկած կնոջն աչքով անելու համար:

Տարբեր երկրների գործընկերներն ու պետական ​​պաշտոնյաները երես թեքեցին հայտնի և ազդեցիկ Վայնշտեյնից։ Նա զրկվեց BAFTA-ի անդամակցությունից,  պրոդյուսերին հեռացրին բոլոր հնարավոր համագործակցություններից։

Իսկ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, ով աշխատել է Վայնշտեյնի հետ «Pulp Fiction» ֆիլմի նկարահանումների ժամանակ, խոստովանել է, որ վաղուց էր կասկածում պրոդյուսերի սեռական ոտնձգությունների մասին, բայց կարծում էր, որ դրանք առանձին դեպքեր են և ամբողջական պատկերացում չուներ, թե իրականում ինչ է կատարվել։

Քեյթ Ուինսլեթը դեռ այս աղմուկից տարիներ առաջ հրաժարվել էր Օսկար ստանալիս շնորհակալություն հայտնել Վայնշտեյնին: Տարբեր աղբյուրներ հաստատում են, որ Վայնշտեյնի «գաղտնի կյանքի» մասին շատերն են իմացել, բայց չեն պատկերացրել մասշտաբները:

Իսկ ի՞նչ էր ասում ինքը՝ Վայնշտեյնը։ The New York Times-ի սկանդալային հոդվածից անմիջապես հետո The Hollywood Reporter ամսագիրը հրապարակում է Վայնշտեյնի փաստաբան Չարլզ Հարդերի հայտարարությունն այն մասին, որ պրոդյուսերը դատի է տալու թերթին։

«Թերթն այսօր հրապարակել է կեղծ և զրպարտչական տեղեկատվություն Հարվի Վայնշտեյնի մասին»։

Հարվի Վայնշտեյնն իր առջև լցված մեղադրանքների տարափը չի ընդունում, բայց նաև ներողություն է խնդրել այն կանանցից, որոնց իր որևէ քայլով «վիրավորել» է։

Ի դեպ, այս դեպքից հետո առաջ եկավ «Վայնշտեյնի էֆեկտ» տերմինը, երբ նմանատիպ մեղադրանքների են արժանացել հայտնի բազմաթիվ մարդիկ: Տասնյակ կանայք բարձրաձայնել են, թե ինչպես են ոլորտի հսկաները սեռական ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ:

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2018 թվականի մայիսին Վայնշտեյնին մեղադրանք առաջադրվեց բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։ Նա հրաժարվեց ընդունել իր մեղքը։ Երկար ու աղմկոտ դատավարական գործընթացից հետո 2020 թվականի մարտի 11-ին Հարվի Վայնշտեյնը դատապարտվեց 23 տարվա ազատազրկման։

Նրան մեղավոր ճանաչեցին 2013 թվականին Նյու Յորքի հյուրանոցներից մեկում դերասանուհու բռնաբարության և իր օգնականի հանդեպ սեռական ոտնձգության մեջ։ Վայնշտեյնը հերքում է իր մեղքը, ըստ նրա, բոլոր հանդիպումները տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ։ Միաժամանակ, Վայնշտեյնին արդարացրել են երեք այլ մեղադրանքների համար, որոնցով նրան ցմահ ազատազրկում էր սպառնում:

Բայց հիմա էլ պարզվում է, որ նոր դատ է լինելու և 23 տարվա ազատազրկման վճիռը ենթակա է փոփոխման։ Վայնշտեյնին նորից են դատելու։ Նյու Յորքի դատարանը չեղյալ է համարել 2020 թվականի դատավճիռը և կարգադրել գործով նոր դատավարություն սկսել։ Որոշման մեջ ասվում է, որ Վայնշտեյնի դատավարությունը արդար չի եղել, քանի որ դատախազները որպես վկա են բերել մարդկանց, որոնց ցուցմունքները ոչ մի կապ չեն ունեցել դատավարության հետ։

Դատարանի կարծիքով՝ արդյունքը եղել է այն, որ Վայնշտեյնը դատվել է ոչ միայն այն հանցագործությունների մասով, որոնցում նրան մեղադրել են դատավարության ընթացքում, այլ նաև նախկինում իր անվան հետ կապված այլ հարցերով ևս։

Նոր դատավարությունը նոր սկանդալներ է խոստանում, Վայնշտեյնին մեղադրող կանայք, ինչպես նաև նրանց աջակցող մարդիկ դատարանի որոշումը չեն ընդունում և պատրաստվում են կրկին անցնել նույն ճանապարհը ու հասնել նույն արդյունքին։


✍️ Նանե Մանուկյան / PAN