Նորաձևության ըմբոստ թագուհին․ Վիվիեն Վեսթվուդի ճանապարհը՝ հեղափոխական փանկից մինչև էկոակտիվիզմ
Նրա անունը հեղափոխության հոմանիշն էր, նրա ստեղծածը բոլոր կաղապարների ու նորմերի տապալման մասին էր, նրա կերպարն արվեստով ապստամբելու և կարծրատիպերը մերժելու մասին էր: Վիվիեն Վեսթվուդը Միացյալ Թագավորության ոչ պաշտոնական թագուհին էր:
Նորաձևության աշխարհը մեկընդմիշտ փոխած դեղին մազերով ու կարմիր շուրթերով ինքնատիպ կնոջ պատմությունը ոչ պակաս ինքնատիպ ու ապշեցնող է: Վեսթվուդը մահացավ 2022-ի վերջին՝ 81 տարեկանում: Աշխարհը շարունակում է հարգանքի տուրք մատուցել դիզայներին ու հիշել նրա ապրածն ու ստեղծածը: Հերթը մերն է:
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ
Վեսթվուդին կարելի է տարբեր կերպ բնորոշել, բայց կա մի բան, որի շուրջ բոլորը համակարծիք են: Վիվիեն Վեսթվուդն ապագայի մարդ էր, միշտ մի քանի քայլ առաջ էր տեսնում ու մտածում: Այն, ինչ այսօր մեյնսթրիմ է, տասնամյակներ առաջ Վեսթվուդի թեթև ձեռքով ապշեցրել էր նորաձևության աշխարհը: Վեսթվուդը չհասկացված լինելու բարդույթ չուներ, ու նույնիսկ եթե իրեն ծաղրում էին, դիզայները խնդրին հասկանալով էր մոտենում: Այս հարցազրույցը, օրինակ, հստակ ցույց է տալիս Վեսթվուդի զուսպ կերպարն ու հանդիսատեսի՝ դիզայներին և նրա ստեղծածը չընկալելու տխուր պատկերը: Մարդիկ ծիծաղում են ցուցադրված հագուստի վրա, Վեսթվուդն էլ քաղաքավարի կերպով խնդրում է դադարեցնել ծիծաղը, այլապես ինքը կխնդրի մոդելներին դադարեցնել ցուցադրությունը:
Բրիտանացի մոդելավորողի մասին ամենաքննարկված փաստերից մեկն էլ այն է, որ նա մասնագիտական կրթություն չուներ. ինքնուս էր: Ավելին՝ Վեսթվուդի առաջին աշխատանքը տարրական դպրոցում ուսուցչուհու հաստիքն էր: Ուսուցչուհին որոշեց գլխիվայր շրջել սեփական կյանքը և սա Վիվիեն Վեսթվուդին ճանաչողների համար ամենևին էլ զարմանալի չէր: Փոքր տարիքից արդեն նրան բնութագրում էին որպես խիզախ ու անկանխատեսելի: Ու հերթական խիզախ որոշման արդյունքում Վեսթվուդը նախ դերձակ դարձավ, հետո սկսվեցին ճակատագրական հանդիպումները: Առաջին ամուսնու՝ Դերեկ Վեսթվուդի դեպքում ճակատագրական եղավ միայն ազգանունը: Երեք տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվեց և Վիվիենին ամուսնությունից մնաց մեկ որդի և ամուսնու ազգանունը, որն էլ հետո համաշխարհային բրենդ դարձավ:
Ճակատագրական հերթական հանդիպումը Մալքոլմ Մաքլարենի հետ էր, որից հետո ամեն ինչ նոր ընթացք ստացավ: Երկու խելահեղ մտածողներ միացան իրար ու բացեցին Let It Rock հագուստի խանութը, որը մեկ տարի անց վերանվանվեց Too Fast to Live, Too Young to Die-ի, իսկ հետո՝ Sex: Յուրաքանչյուր նոր հավաքածուի հետ փոխվում էր նաև խանութի կոնցեպտը, հագուստի ոճի շեշտադրումը: Ու հենց այսպես էլ Վիվիեն Վեսթվուսդը և Մալքոլմ Մաքլարենը ստացան նորաձևության մեջ փանկ ոճի հիմնադրի կոչումը: Այս ամենը ծավալվում էր 1970-ականներին: 1981-ին արդեն Վեսթվուդն իր հավաքածուները ներկայացնում էր Լոնդոնի նորաձևության շաբաթներում, 1983-ից էլ՝ Փարիզի:
Վերջին առնվազն չորս տասնամյակի տարբեր դրվագների մասին դեռ կխոսենք, բայց ժամանակային արագ թռիչք կատարենք մեր օրեր, որպեսզի Վեսթվուդի թողած ժառանգությունն ու դրան հասնելու ճանապարհն ավելի ընդգծված ու խոսուն լինի:
Vivienne Westwood-ի ավելի քան 500 խանութ կա ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայից մինչև Հարավային Կորեա, Սինգապուրից մինչև ԱՄՆ ու Ֆրանսիա, Թայվանից մինչև Իտալիա: Վեսթվուդի ներդրումը հագուստի դիզայնի զարգացման մեջ տեսնում ու գնահատում են բոլորը, բայց դրանք ամրագրված են նաև տասնյակ պարգևներով ու մեդալներով: 2007-ին օրինակ դիզայները ստացավ British Fashion Awards մրցանակը: 2000-ականներին արդեն նախկին ուսուցչուհուն որպես պրոֆեսոր դասախոսության էին հրավիրում արվեստի տարբեր ակադեմիաներ՝ Լոնդոնից մինչև Վիեննա:
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆԹԱՑՔԸ
Վեսթվուդի նորաձևության կարիերան եզակի էր, իհարկե, մասամբ նաև նրա երկարակեցության շնորհիվ, ինչը դիզայներին հնարավորություն տվեց բացահայտել իր տաղանդի ամբողջ ներկապնակը: Մյուս կողմից, նրա բրենդի երկարակեցության գլխավոր խաղաքարտն իր ստեղծածի ու թողած ազդեցության մեջ էր: Այն պահից սկսած, երբ Վեսթվուդը մեյնսթրիմ նորաձևության գործող անձ ու կարևոր խաղացող դարձավ, նա անգամ չէր երկմտում ու իր ստեղծածով ակնհայտորեն ասում էր այն, ինչ մտածում էր:
Օրինակ, 1980-ականներին ծաղրում էր բարձր խավին: Վեսթվուդը սիրում էր ուսումնասիրել պատմությունն ու դրանից նաև ոգեշնչվում էր: Արդյունքում դիզայները վերցնում էր 18-րդ դարի տղամարդկանց ժիլետներն ու 19-րդ դարի կանանց պարահանդեսային հանդերձանքը՝ ընդգծված գոտկատեղով ու կորսետներով, և դրանց նոր շունչ ու նոր նշանակություն տալիս: Բայց ոչինչ ինքնանպատակ չէր արվում:
Կորսետն օրինակ բոլորովին այլ նշանակություն ու տեսք ստացավ Վեսթվուդի ձեռքերում: Եթե դարեր առաջ կանայք այն որպես ներքնազգեստ էին կրում ու վտանգում սեփական առողջությունը, ապա Վեսթվուդի շնորհիվ այդ կորսետները դարձան վերնազգեստներ: Դրանք դադարեցին կանացի ցավոտ ու գաղտնի զենք լինել, որ թաքնված էին բլուզների կամ զգեստի տակ: Փոխարենը դիզայներն օգտագործում էր ճկուն գործվածքներ, որպեսզի կանանց համար ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ ու անվտանգ հագուստ ստեղծի:
Արդեն 2000-ականներին Վեսթվուդի զգեստները զարդարում էին կարմիր գորգերը: Դե իսկ վերջին տասնամյակի ընթացքում Վեսթվուդը Z սերնդի համար իսկական հերոս էր դարձել: Նրա ստեղծած կորսետները նոր շունչ ստացան նոր սերնդի միջոցով, որովհետև դեռ տարիներ առաջ Վեսթվուդը խոսում էր այն լեզվով, որը հիմա ծանոթ ու ընկալելի է նոր սերնդին: Վեսթվուդն ասում էր, որ «դիզայնը մշտական փորձ է՝ մեկտեղել հարմարավետությունը՝ ճոխության, կենցաղայինն էլ երազանքի հետ»: Ու սա նոր դարի ամենաբնորոշ նկարագրություններից մեկն է:
ՎԵՍԹՎՈՒԴ ԱԿՏԻՎԻՍՏԸ
Վեսթվուդն անարխիկ իդեալիստ էր, ով որոշել էլ կանգուն չթողնել ոչ մի ստատուս քվո և փոխակերպել ոչ միայն նորաձևության, այլև կյանքի կանոնները: Նա ապագա հեղափոխական էր, որը չէր համակերպվում կոռուպցիայի ու անարդարության հետ, ու հաճախ հուսահատվում էր նոր սերնդի անտարբեր պասիվությունից: Վեսթվուդի համար նորաձևությունը զենք էր։ Իհարկե, գեղեցիկ ու կաղապարներից դուրս հագուստը միշտ էլ աչք է շոյում, բայց նրա գլխավոր խնդիրը խղճուկ համապատասխանությունը ոչնչացնելն ու աշխարհին անհանգստացնող խնդիրների մասին նորաձևության լեզվով բարձրաձայնելն էր: Իհարկե, լինում էին դեպքեր, երբ Վեսթվուդն իրական երկընտրանքի առաջ էր: Նա տանել չէր կարողանում Մարգարետ Թետչերի վարած քաղաքականությունը, բայց գնահատում էր նրա ճաշակի զգացումն ու հավանում նրա ոճը:
Վեսթվուդն իր ոլորտի եզակի դեմքերից է, որը շատ լայն շրջանակների հայտնի է որպես քաղաքական ու բնապահպանական ակտիվիստ: Նախ նա Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության կողմնակից էր, հետո քաղաքական կողմնորոշումները նրան տարան դեպի պահպանողականների շարքեր: Վեսթվուդը Շոտլանդիայի անկախության մարտիկ էր ու այդ գաղափարի մեջ ջատագով: Նրա դիրքորոշումները կոշտ ու հստակ էին մինչև կյանքի վերջին օրերը։ Նա կապիտալիզմը հանցագործություն էր անվանում և պնդում, որ «հենց կապիտալիստական համակարգն է պատերազմի, կլիմայի փոփոխության և կոռուպցիայի հիմնական պատճառը»:
Վիվիեն Վեսթվուդը Ջուլիան Ասանժի մեծ աջակից էր: Նրան հերոս էր անվանում, որը Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից արժանացել է անտեղի դաժան վերաբերմունքի:
Դիզայները հետ չէր մնում նաև բնապահպանական գործունեությունից: Միջուկային զինաթափման արշավներից մինչև սպիտակ տանկով արշավ՝ դեպի վարչապետի տուն. Վեսթվուդը միշտ առաջին շարքերում էր: Վեսթվուդն ասում էր.
«Հեղափոխությունն արդեն սկսվել է: Տեխնածին կլիմայի փոփոխության փաստն ընդունված է մարդկանց մեծ մասի կողմից։ Կյանքի բոլոր ոլորտներում մարդիկ փոխում են իրենց արժեքներն ու վարքագիծը: Պայքարն այլևս ոչ թե դասակարգերի կամ հարուստների ու աղքատների միջև է, այլ հիմարների և էկոգիտակիցների»:
Ի դեպ, ինքը՝ Վեսթվուդը, ևս ապահովագրված չէր ակտիվիստների հարձակումներից: Կլիմայի ակտիվիստները շատ լավ գիտեին, թե ինչպես է աշխատում համաշխարհային մատակարարման շղթան: Նրանք նաև գիտեին քիմիական նյութերից ստացված սինթետիկ գործվածքների ու շրջակա միջավայր արտանետված թափոնների մասին, և Վեսթվուդին հաճախ մեղադրում էին երկակի ստանդարտներ ունենալու մեջ:
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՎԵՍԹՎՈՒԴԸ
Նորաձևության ոլորտի ամենահայտնի «ավազակներից մեկը» մշտապես սկանդալների կենտրոնում էր ու քննարկման թոփ թեմա: Բայց պատճառը միայն նրա ստեղծած հագուստները չէին: 1992-ին Վեսթվուդի և Եղիսաբեթ Երկրորդի պատմական հանդիպումը սրա ամենախոսուն օրինակներից մեկն է: Այդ օրը թագուհին Վեսթվուդին շքանշան էր հանձնում նորաձևության ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար: Մրցանակը ստանալուց հետո առաջին բանը, որ Վեսթվուդը որոշեց ասել, այն էր, որ այդ երեկո ինքն առանց ներքնազգեստի է:
Վիվիեն Վեսթվուդի ստեղծած շապիկներն էլ լրիվ այլ պատմություն են, իսկ դրանց վրա տպագրված պատկերներն ու տեքստերը՝ մեկը մյուսից սկանդալային: Շարունակելով թագավորական թեման, օրինակ, կարող ենք հիշել պիրսինգով Եղիսաբեթ Երկրորդի շապիկը, կամ էլ «Ես ահաբեկիչ չեմ, ինձ մի ձերբակալեք» վերտառությամբ շապիկների հավաքածուն:
Վեսթվուդը մասնագիտական կրթություն գուցե չուներ, բայց իր ոլորտի գիտակ էր: Նորաձևության պատմությունն ուսումնասիրելը նրա համար միայն ինֆորմացիա ստանալու աղբյուր չէր: Փոխարենը Վեսթվուդը գտնում էր բաց տեղերը, համարձակվում մերժել մեյնսթրիմն ու մարտահրավեր նետում նորաձևության բարձր աշխարհին: Դեռ 20-րդ դարի վերջում Վեսթվուդը բրիտանական ավանգարդի խորհրդանիշն էր դարձել ու արդեն ուներ սեփական ձեռագիրը, դե իսկ շոտլանդական վանդակավոր պրինտը շատերի մտքում ամրագրվեց որպես Վիվիեն Վեսթվուդին ու նրա դիզայնին բնորոշ առանձնահատուկ մի տարր: Ու սա ևս պատահական չէր: Այս պրինտը լայնորեն օգտագործվում էր որպես անցյալի ու ապստամբության բնութագիր: Վիվիեն Վեսթվուդը «երկարատև սիրային կապ» ուներ Շոտլանդիայի հետ և օգնեց վերափոխել «մոռացված» տեքստիլի մասին ընկալումները:
Նա շատ հարցերում էր առաջամարտիկ ու գենդերային տաբուներին վերջ դնելը դրանցից մեկն էր: Վեսթվուդն առաջիններից էր, որ հայտարարեց՝ իր ցուցադրություններում կանայք և տղամարդիկ միասին են ներկայանալու և հագուստները ցուցադրվելու են մեկ շոուի ընթացքում: Մինչև այս որոշումն էլ Վեսթվուդի ցուցադրություններում հայտնվում էին կնոջ հագուստով տղամարդիկ:
ԻՆՉ ԹՈՂԵՑ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Այն, ինչը ժամանակին համարվում էր ապստամբություն, այժմ ընկալվում է որպես արվեստ: Այն, ինչը նախկինում շռայլություն և էքսցենտրիկություն էր, հիմա հանճարեղություն է և տաղանդ: Վիվիեն Վեսթվուդի ստեղծած հագուստները աճուրդի են հանվում Sotheby's-ում կամ Christie's-ում, ցուցադրվում են աշխարհի լավագույն թանգարաններում: Փանկ ոճի հիմնադիրը մեկ անգամ չէ, որ վերաձևակերպել է նորաձևության չգրված օրենքներն ու մինչև վերջին պահն էլ հավատարիմ է մնացել իր հեղափոխական ու չենթարկվող տեսակին: Արքայական ընտանիքի անդամներից մինչև հոլիվուդյան աստղեր. նրա ստեղծած հագուստը կրելը բոլորի համար պատիվ էր:
Sex and the City-ում Քերրի Բրեդշոուի ամենաքննարկված ու մեգապոպուլյար հարսի զգեստը նման տասնյակ օրինակներից միայն մեկն է:
Ինչպիսի՞ն կլինի Վեսթվուդի ստեղծած ապրանքանիշի ապագան: Այս պահին միայն կարելի է ենթադրել, որ դիզայների ժառանգությունն ապահով ձեռքերում է: Նրա նախկին աշակերտը՝ ավստրիացի դիզայներ Անդրեաս Կրոնտալերը, որը համատեղությամբ նաև Վեսթվուդի ամուսինն էր, արդեն իսկ հաստատել է՝ Վիվիեն Վեսթվուդի ստեղծած բրենդը, որը միշտ սպասված է, բայց հագեցած անսպասելի լուծումներով, շարունակելու է աշխատել նույն ոճով ու եռանդով: Չի փոխվելու նաև կարծրատիպերը կոտրելու և եղածը հարցակնի տակ դնելու մոտեցումը: