Ցածրակարգ ֆիլմերը, «Ոսկե ազնվամորին» և քայքայող հիվանդությունը. «Պինդ ընկույզ» Բրյուս Ուիլիսն ավարտեց կարիերան
Էկրաններից այն կողմ աշխարհը տասնյակ անգամներ փրկած սուպերհերոսն այսօր ծանր վիճակում է։ Բրյուս Ուիլիսի կարիերան համաշխարհային բլոկբաստերներից կտրուկ անցում կատարեց դեպի փոքր բյուջեով նկարված միջակ ֆիլմեր։ Քննադատությունների ու նույնիսկ ծաղրի պակաս այս ընթացքում չեղավ, ու միայն վերջերս պարզվեց, որ Ուիլիսի առողջական վիճակը նրան ավելին թույլ չէր տալիս։
Դերասանի մոտ հայտնաբերված դեմենցիան այն փուլին է հասել, որ Բրյուս Ուիլիսը 67 տարեկանում ավարտել է դերասանական կարիերան։ PAN֊ը պատմում է դերասանի անցած հիշարժան ուղու, քննադատությունների մեծ ալիքի, հիվանդության և քննադատների զղջման մասին։
ԲՐՅՈՒՍԸ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ
Անվտանգության աշխատակցի կարիերայից մինչև ամենաբարձր վարձատրվող դերասանների թոփում հայտնվելը. Բրյուս Ուիլիսի կարիերան արտառոց էր ու արտասովոր, հիշվող ու տպավորիչ։ Ուիլիսի համաշխարհային ճանաչման հիմքում այնպիսի ֆիլմեր են, ինչպիսիք են «Պինդ ընկույզ» (Die Hard), «Վեցերորդ զգայարանը» (The Sixth Sense), «Հինգերորդ տարրը» (The Fifth Element), «Արմագեդոն» (Armageddon) և «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction) բլոկբաստերները։ Դեռ պատանեկան տարիքում Ուիլիսը միացել էր դրամատիկական մի ակումբի, բայց այնտեղ ոչ թե դերասան էր աշխատում, այլ անվտանգության աշխատակից։ Ավելի ուշ նրա անունը կապվում էր նույնիսկ մասնավոր հետաքննիչ լինելու հետ։ Հետո արդեն Ուիլիսին հայտնաբերեց դերասանական աշխարհը։
Բրյուս Ուիլիսը հինգ անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Ստացել է միայն մեկ անգամ՝ Moonlight Detective Agency հեռուստասերիալում իր դերի համար։ Դերասանն իր տիտղոսների շարքում նաև երկու Էմմի ունի, թեև առաջադրվել է երեք անգամ։
Բրյուս Ուիլիսի դերասանական կարիերան նախանշվում էր Բրոդվեյի տարբեր շոուներում, իսկ հետո արդեն կտրուկ թռիչք՝ դեպի էկրաններ։ 1985 թվականին Moonlighting֊ը դարձավ Ուիլիսի գլխավոր դեբյուտը և դարձրեց նրան ամենաճանաչելի դերասաններից մեկը։ Հինգ եթերաշրջան ու մի քանի մրցանակ հետո նոր դերերի ժամանակն էր։ Ուիլիսն ամրապնդեց իր դիրքերը խորհրդանշական մեկ այլ դերով՝ «Պինդ ընկույզում»։ Գուցե հենց սա էլ նրա կինոժառանգության ամենաորոշիչ դերերից մեկն էր, որը նրան դարձրեց իսկական կինոաստղ և տվեց մարտաֆիլմերի հերոսի «կարգավիճակ»։
Ուիլիսի կարիերայում կարծես օրինաչափություն էին անկումներն ու անվերահսկելի վերելքները։ Նա մի քանի տարին մեկ վերադառնում էր էկրաններ այնպիսի ֆիլմերով, որոնց մասին խոսում էին հաջորդող մի քանի տասնամյակում։ Նրա հերթական մեծ վերադարձը 1994֊ին էր՝ Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction)-ում:
Ուիլիսին հաճախ անվանում են վերջին տասնամյակների ամենաթերագնահատված ամերիկացի դերասաններից մեկը, բայց ազնիվ կլինի ասել, որ նրա դերասանական խաղն առնվազն համեմատելի է «Օսկար»-ի մրցանակակիր իր սերնդակիցների հետ։ Չորս տասնամյակների իր կարիերայի ընթացքում Բրյուս Ուիլիսը տասնյակ հիշվող ու լեգենդար դարձած հերոսների է կերտել։
2006 թվականին Հոլիվուդի փառքի ճեմուղում Բրյուս Ուիլիսը աստղ ստացավ և չնայած արդեն իսկ գրանցած մեծ հաջողություններին սա դերասանի համար սպասված պահ էր.
«Ես շատ հաճախ մտածում էի, թե ինչ են անում մարդիկ և ինչ է պետք անել, որպեսզի կարողանաս արժանանալ այս աստղին։ Այսօր ես այստեղ եմ ու իսկապես հուզված եմ։ Նաև անչափ ոգևորված եմ աշխատելու և նոր դերեր կերտելու համար»։
ՉՍՏԱՑՎԱԾ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ
Ուիլիսի երկրպագուների համար սիրելի դերասանին մեծ էկրաններին տեսնելը վերջին տասնամյակում ճոխություն էր։ Փոխարենը նրա մասնակցությամբ ֆիլմերը միանգամից առցանց հարթակներում էին հայտնվում, իսկ արձագանքներն էլ մեղմ ասած լավը չէին։ Իհարկե, մինչև հիվանդության մասին հրապարակային հաստատումը կինոմանները չէին հասկանում, թե ինչու է դերասանը սեփական ձեռքով փորում իր կարիերայի գերեզմանոցը։ Գուցե հիմա շատերն են ափսոսում դերասանին ցավեցնող մեկնաբանություններ անելու համար, բայց մյուս կողմից էլ, գուցե դա օբյեկտիվ իրականությունն էր։ Ամեն ինչ այնքան վատ էր, որ քննադատները նույնիսկ ծաղրական մրցանակ ու անվանակարգ էին հորինել՝ «Ոսկե ազնվամորի» մրցանակը՝ «Բրյուս Ուիլիսի տարվա վատագույն դեր» անվանակարգում։
2013 թվականից ի վեր Ուիլիսը նկարահանվել է 48 ֆիլմում, որոնցից 25-ը թողարկվել են վերջին երեք տարվա ընթացքում։ Այս ֆիլմերից 14-ն արտադրել է Emmett/Furla Oasis կինոստուդիան։ Այս ընկերության գլխավոր հաղթաթուղն այն է, որ 1980-ականների և 1990-ականների կինոաստղերին ինտեգրում են ցածր բյուջեով նախագծերում։ Ի դեպ, Ուիլիսն այստեղ միակ հայտնի անունը չէ։ Այս կինոստուդիայի ֆիլմերում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն, Սիլվեստր Ստալոնեն և այլ հոլիվուդյան աստղեր։
Այս դերասանները որպես կանոն գլխավոր դեր չեն ունենում։ Նման ֆիլմերում նրանց փոքր, երկրորդական դերեր են տալիս՝ 10-15 րոպե էկրանային ժամանակով, իսկ նկարահանումները տևում են մինչև երեք օր։ Հիմա արդեն պարզ է, որ Ուիլիսի համար սա ձեռնտու տարբերակ էր. Չկտրվել սիրելի մասնագիտությունից ու նաև լավ գումար աշխատել։ Երկու֊երեք օրվա և էկրանին մի քանի րոպե երևալու համար դերասանին երկու և ավելի միլիոն դոլար էին վճարում։
Այս կինոստուդիայն պարզունակ, բայց աշխատող մի մարտավարություն ունի։ Ֆիլմերի թրեյլերներն ու պաստառներն ամբողջությամբ հավաքվում են հայտնի դերասանի, այս դեպքում Ուիլիսի կերպարի ու անվան շուրջ։ Տպավորություն է ստեղծվում, թե նա գլխավոր դերում է։ Այս կերպ կարոանում են ֆիլմը վաչառել ամբողջ աշխարհում, իսկ հետո կինոդիտողին մեծ հիասթափություն է սպասվում՝ սիրելի դերասանն էկրանին է միայն մի քանի րոպե ու երկրորդական դերով։ Emmett/Furla Oasis֊ը նման 120 ֆիլմերի միջոցով 1,2 միլիարդ դոլար է վաստակել։ Մյուս կողմից, այս բոլոր ֆիլմերը Rotten Tomatoes-ում առավելագույնը 20% դրական գնահատական են ստացել։
Ի դեպ, գումար վաստակելու համար նման կինոստուդիաները չեն սահմանափակվում մեկ կամ երկու տարբերակով։ Եկամուտի մեկ այլ աղբյուր էլ ունեն։ Այս ֆիլմերում նկարահանվում են բլոգերներ և շոու բիզնեսի աստղեր, մի խոսքով մարդիկ որոնք ունեն գումար և նաև PR-ի կարիք։ Նման ֆիլմերից մեկում կարող եք հանդիպել նույնիսկ Դեն Բիլզերյանին։
Նկարահանման հրապարակում Բրյուս Ուիլիսի տարօրինակ պահվածքի մասին հիմա շատ են խոսում և պարզվում է, որ նման առաջին դեպքը եղել է դեռ 2017 թվականին։ Դերասանի անհասկանալի վարքը նկարահանող խումբը մեկնաբանել է տարբեր կերպ՝ սկսած նրանից, որ գուցե Ուիլիսը հարբած է, վերջացրած այն վարկածով, թե «արդեն առաջվանը չէ»։ Գործընկերները պատմում են, որ երբեմն Բրյուսը շփոթված էր թվում, օգնության կարիք ուներ թե՛ նկարահանման ընթացքում, թե՛ ընդմիջումներին կամ պատրաստվելու ընթացքում։
Այս վիճակը գնալով ավելի ծանր էր դառնում։ «Out of Death» ֆիլմի նկարահանումների ընթացքում վիճակն այնքան է բարդանում, որ ռեժիսորը որոշում է կրճատել Ուիլիսի եթերաժամանակը և հանում է բոլոր մոնոլոգները։ Ռեժիսոր Մայք Բերնսը սցենարիստին խնդրում է դերասանի հատվածը կրճատել «մոտ հինգ էջով»։ Դերասանը նկարահանման հրապարակում եղել է երկու օր և ստացել է երկու միլիոն դոլար։ Այդ երկու օրերին նրան ուղեցկող հատուկ աշխատակիցներ կային, որոնք ականջակալի միջոցով հուշում էին տեքստը, իսկ կային տեսարաններ, որտեղ դերասանին փոխարինում էր կրկնօրինակը։
Եվ ամենացավալի դրվագով ու ամենաթարմ դեպքը պատմում են White Elephant ֆիլմի նկարահանման խմբի անդամները։ Այս նկարահանումներից անձնակազմի մեջ ամենաշատը տպավորվել է Ուիլիսի հարցը՝
«Ես գիտեմ, թե ինչու եք դուք այստեղ և թե ինչ եք անում, բայց չեմ հասկանում, թե ես ինչու եմ այստեղ»:
Արդեն այս տարի կթողարկվի Ուիլիսի մասնակցությամբ գուցե վերջին ֆիլմը՝ Assassin։ Սրա համար ևս կինոքննադատները «Ոսկե ազնվամորի» կշնորհեին, բայց վերջին զարգացումներից հետո այս ֆիլմը կդառնա դերասանի կարիերայի վերջնակետը։
Այս թերագնահատված ու վերջին տարիներին անարդարացիորեն քարկոծված դերասանին հոլիվուդն ու հատկապես կինոքննադատների մի երկար ցանկ ներողություն են պարտք։ Մոտ չորս տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Բրյուս Ուիլիսը պայքարում էր բոլոր տեսակի ակնհայտ ու անհայտ թշնամիների դեմ՝ գերմանացի ահաբեկիչներից մինչև տիեզերական այլմոլորակայիններ: Հիմա դերասանը բախվել է մի թշնամու, որի դեմ անզոր է պայքարել։ Ու այս անհավասար մարտի պայմաններում նա արժանի է առնվազն առանց ծաղրի ու հեգնանքի հրաժեշտի։ «Ոսկե Ազնվամորի» մրցանակը կարծես Ուիլիսի հանդեպ վերաբերմունքի ամբողջական արտացոլումն էր։ Իհարկե, երբ պարզ դարձավ Ուիլիսի առողջական խնդիրների մասին՝ այս «մրցանակաբաշխության» հեղինակները հրապարակային հայտնեցին, որ չեղյալ են համարում Ուիլիսին հանձնած մրցանակը։
«Եթե ինչ-որ մեկի առողջական վիճակը նրա որոշումների կայացման և/կամ քայլերի գլխավոր գործոնն է, մենք ընդունում ենք, որ տեղին չէ նրան «Ոսկե Ազնվամորի» մրցանակ տալ»։
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
2022 թվականին դերասանի ընտանիքը հայտարարեց, որ Ուիլիսը աֆազիա ունի, և ավարտում է իր կինոկարիերան։ Սա, սակայն, վերջնական ախտորոշումը չէր։ Ժամանակի ընթացքում պարզվեց, որ Ուիլիսի աֆազիան այլ հիվանդության ախտանիշ է։ Նախորդ ամիս բժիշկները նրան տվել են վերջնական ախտորոշում՝ ճակատային դեմենցիա։ Այս հիվանդությունը բուժում չունի։ Ախտանիշների ի հայտ գալուց հետո մարդն ապրում է միջինում 7 տարի։
Ճակատաքունքային դեմենցիան 60 տարեկանից բարձր մարդկանց շրջանում դեմենցիայի ամենատարածված տեսակն է։ Փոփոխություններ է առաջացնում վարքի և խոսքի մեջ։ Աստիճանաբար նվազում է շարժողունակությունը, ընկալունակությունը, թուլանում են մկանները։ Ոիլիսի ընտանիքը հիվանդության մասին հայտարարելիս կարևորել էր այդ փաստի հանրայնացումը.
«Այսօր այս հիվանդության բուժումը չկա, և մենք հուսով ենք, որ դա կարող է փոխվել առաջիկա տարիներին: Մենք հույս ունենք, որ լրատվամիջոցներն ավելի շատ կտեղեկացնեն այս հիվանդության մասին, քանի որ այն պահանջում է ավելի շատ հանրային իրազեկում և ավելի շատ հետազոտություններ»։
Հայտարարությունը ստորագրել են Ուիլիսի նախկին կինը՝ Դեմի Մուրը, նրա ներկայիս կինը՝ Էմմա Հեմինգը և նրա բոլոր հինգ դուստրերը։
ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ
Կարիերան ավարտելուց կարճ ժամանակ առաջ դերասանը կնոջ հետ որոշել էր վաճառել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ընտանիքի գրեթե ողջ անշարժ գույքը։ Դերասանը վաճառել է առանձնատները, նաև Նյու Յորքում և Բևերլի Հիլզում գտնվող անշարժ գույքը։ Ընդհանուր առմամբ, Ուիլիսն իր ունեցվածքի դիմաց ստացել է 65 միլիոն դոլար։ Դրանից հետո ընտանիքը Լոս Անջելեսում 12 հազար քառակուսի մետր տարածքով առանձնատուն է գնել։ Ուիլիսը գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է այնտեղ և գրեթե չի հայտնվում հանրային վայրերում։
Հիմա, երբ մարդիկ գիտեն սիրելի դերասանի հիվանդության մասին, շատ ավելի պարզ ու տրամաբանական են դառնում վերջին տարիներին Ուիլիսի կայացրած որոշումներն ու ընտրությունները։ Այդ թվում՝ իր ներգրավվածությամբ ֆիլմերի առումով։ Երկրպագուներն արդարացիորեն փորձում էին հասկանալ, թե ինչու է Ուիլիսը «վատնում» իր ստեղծած իմիջը, բայց հիմա հստակ է, որ որևէ բան չպետք է շեղի տաղանդավոր ու տասնամյակներով առաջատար համարվող դերասանին արժանին մատուցելու առաքելությունից։ Ուիլիսի տպավորիչ կարիերան և դերակատարումներն արդեն ոգեշնչել են մի քանի սերունդների։ Եվ դեռ կոգեշնչեն գալիք սերունդներին։