#իվենթաPAN
June 1, 2023

Կլիմայի, յոգայի ու Մարս թռչելու մասին՝ պարզ լեզվով. Անվտանգ և օգտակար կոնտենտ՝ երեխաների համար  

Երեխաների պաշտպանության օրը, ճիշտ այնպես, ինչպես կանանց միջազգային օրը, օրինակ, մեկ օրվա մասին չէ և չպետք է լինի։ Ի՞նչ կերպ է արտահայտվում երեխաներին պաշտպանելու մեր հանձնառությունը։ Առողջությունից մինչև կրթություն և բարեկեցություն. այս ցանկում շատ կետեր կարելի է տեղավորել։ PAN-ն առաջարկում է քննարկել պաշտպանության այն կոնցեպտը, որի կարիքը չկար, երբ մենք էինք երեխա։

Հիմա հաճախ կարելի է հանդիպել, թե ինչպես են դեռ մի քանի ամսական երեխաները հեռախոսների, պլանշետների, հեռուստացույցների էկրաններին գամված ժամերով դիտում ինչ֊որ ծրագրեր կամ մուլտֆիլմեր։ Առհասարակ, մանկաբույժները խորհուրդ են տալիս երկու տարեկանից փոքր երեխաներին ընդհանրապես հեռու պահել էկրաններից։ Երկուսից հինգ տարեկան երեխաների դեպքում էլ խորհուրդ են տալիս միայն 1-2 ժամ հատկացնել տարիքին համապատասխան բովանդակություն դիտելու համար։

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի վերջերս կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնք օրական երկու ժամից ավելի են անցկացնում էկրանների առջև, ավելի ցածր արդյունքներ են գրանցում լեզուն և մտածողությունը ստուգող առաջադրանքներում: Իսկ այն երեխաները, որոնք օրական հինգ և ավելի ժամ են անցկացնում էկրանների առաջ, ակնհայտ լուրջ խնդիրներ են ունենում քննադատական մտածողություն և դատողություն ձևավորելիս։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ գնալով ավելի անհնար է դառնում երեխաներին համացանցից կտրելը։ Հետևաբար, այս նախաբանը և ժամային սահմանափակումները հաշվի առնելով, առանձնացրել ենք վիդեո բովանդակություն՝ ձեր երեխաների տարիքին ու հետաքրքրություններին համապատասխան։ Ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքներով՝

  • Կրթական արժեքը. ընտրված ալիքների մի մասն առաջարկում են բովանդակություն, որը ոչ միայն ժամանցային է, այլև ունի կրթական արժեք։ Երեխաները կարող են սովորել գիտության, բնության, արվեստի, շրջակա միջավայրի մասին կամ պարզապես զարգացնել սոցիալական ու հուզական հմտությունները։
  • Ներգրավվածություն և մատչելիություն. Ալիքներն ընտրվել են՝ ելնելով նաև դրանց բովանդակությունը հասանելի կերպով ներկայացնելու սկզբունքից: Օրինակ՝ անիմացիաների, ինտերակտիվ տարրերի, պարզ լեզվի կիրառումը երեխաների համար նյութն ավելի գրավիչ կարող է դարձնել։
  • Հեղինակություն. Այս ալիքներն ընտրվել են նաև՝ ելնելով լսարանի լայն ճանաչումից և վստահության մակարդակից:
  • Անվտանգություն. ալիքներն ընտրվել են՝ հաշվի առնելով բովանդակային ապահովությունն ու անվտանգությունը:

2-4 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Կրթական

  • Super Simple Songs. Այս ալիքը երկար տարիներ արդեն երեխաներին առաջարկում է պարզ, գրավիչ և ուսուցողական երգեր: Դրանք օգնում են լեզվի յուրացմանը և հիմնական հասկացությունների ուսուցմանը:
  • Ангел Бэби. Այս ալիքն առաջարկում է ռուսալեզու կրթական մուլտֆիլմերի, երգերի և խաղերի մի երկար ցանկ, որոնք նախատեսված են երեխայի ընդհանուր զարգացմանը նպաստելու համար:

Արվեստ

  • Art for Kids Hub. Այս ալիքն առաջարկում է արվեստի հետ առնչվելու, նկարելու պարզ օրինակներ, որոնք շատ հարմար են փոքր երեխաների ստեղծարարությունը զարգացնելու համար:
  • Cool School. Նույնաբովանդակ մեկ այլ անգլալեզու ալիք։

Ժամանցային

  • Blippi. Բլիպին զվարճալի մի կերպար է, որը երեխաներին տանում է ժամանցային  «շրջագայությունների»՝ ընդգրկելով թեմաների լայն շրջանակ:
  • Лунтик.  Ռուսական մուլտֆիլմի սիրելի հերոս Լունտիկն ու նրա ընկերները հումորով և զվարճալի պատմություններով ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհը՝ ընթացքում երեխաներին կյանքի մասին կարևոր դասեր ու խորհուրդներ տալով:

5-8 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Կրթական

  • National Geographic Kids. Այս ալիքը տրամադրում է կրթական բովանդակության լայն շրջանակ՝ երեխաներին ծանոթացնելով բնությանը, գիտությանը, մշակույթին և պատմությանը:
  • SciShow Kids. Բարդ գիտական հասկացությունները, այդ թվում՝ շրջակա միջավայրի հետ կապված թեմաները բացատրում են երեխաների համար հետաքրքիր և մատչելի տարբերակներով։

Ժամանցային

  • Peppa Pig - Official Channel. Բոլորին հայտնի Պեպպան, որն ուսումնասիրում է աշխարհը՝ երեխաներին սովորեցնելով առօրյա կյանքի և հարաբերությունների մասին:
  • Easy Kids Craft. Այս ալիքն առաջարկում է տարատեսակ իրեր ստեղծելու պարզ և հետաքրքիր գաղափարներ, որոնց երեխաները կարող են հեշտությամբ հետևել և սովորել:

Սպորտ

  • Cosmic Kids Yoga. Այս ալիքն առաջարկում է ինտերակտիվ և արկածային կերպով երեխաներին վաղ տարիքից հետաքրքրել յոգայով։ Սա երեխաների համար հրաշալի միջոց է՝ զարգացնելու ճկունությունն ու հավասարակշռությունը։
  • GoNoodle | Get Moving. Այս ալիքը երեխաներին առավոտյան ակտիվ պահելու լավագույն տարբերակներից է։ Երաժշտություն, խաղեր, մարզումներ. Ամենակարևոր նպատակը՝ զարգացնել երեխայի ընդհանուր շարժիչ հմտությունները։

9-12 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Կրթական

  • Khan Academy Kids. Այս ալիքն առաջարկում է կրթական տեսահոլովակներ տարբեր թեմաներով` մաթեմատիկայից մինչև հումանիտար գիտություններ:
  • CrashCourse. Այստեղ կարելի է գտնել կարճ, տեղեկատվական տեսանյութեր մի շարք թեմաներով՝ ներառյալ գիտությունը, պատմությունը, գրականությունը և այլն:

Շրջակա միջավայր

  • Mother Goose Club Playhouse. շրջակա միջավայրի և բնության թեմաներով երգեր, զրույցներ։
  • Редакция.Наука. Սա կրթական ալիք է, որը ներկայացնում է գիտությունն ու տեխնոլոգիաները մատչելի և գրավիչ ձևով:

✍️ Նանե Մանուկյան / PAN