18+ | Հիմնական բնազդ. էրոտիկ տեսարանները` որպես կինոյի նարրատիվի բացահայտման միջոց
Եղել է, չէ՞, երբ փոքր տարիքում տնեցիների հետ շատ հետաքրքիր ֆիլմ եք նայել, ու հանկարծ, լրիվ անսպասելի, սկսվել է «խուժանական մոմենտ». ձեզ էլ արագ ուղարկել են կամ խոհանոց` սուրճ դնելու, կամ, վատագույն դեպքում, քնելու։ Ու մտածել եք` լավ էլ կինո էր, ինչի՞ հարամեցին էդ տեսարանով, ինձ էլ զրկեցին նայելու հնարավորությունից։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Իրականում, էրոտիկ դրվագները կինոյում շատ հազվադեպ են ինքնանպատակ լինում։ PAN-ը մի քանի օրինակով կպատմի, թե ինչու։
80-90-ականների մարտաֆիլմերում էրոտիկ դրվագները, որտեղ թշնամիների ոսկորները կոտրելու արանքում գլխավոր հերոսը ցույց էր տալիս իր մկանները, իսկ հերոսուհին` մարմնի տպավորիչ մասերը, անհրաժեշտ էին ավելի շատ հանդիսատես գրավելու համար։ Եզրափակիչ մարտից առաջ հերոսն ու հերոսուհին վերջապես տրվում էին կրքին` ավելի բարձրացնելով խաղադրույքները. ի վերջո, նրանցից յուրաքանչյուրը կարող էր զոհվել։
Իսկ հորրորում սեքսի տեսարանները շատ ավելի ակնհայտ մեսիջ էին փոխանցում. կյանքն իր հաճույքներով անցողիկ է։ Պատահական չէր, որ հենց սեքսով զբաղվող զույգերն էին սպանվում առանձնահատուկ դաժանությամբ` ակտից անմիջապես հետո, կամ անգամ ընթացքում։
Սակայն կան ֆիլմեր, որտեղ սեքսը սյուժեի համար շարժիչ ուժ է, առանց որի անհնար կլինի պատմել պատմությունը։ Դա ոչ միայն հանդիսատեսին գրավելու միջոց է, այլև կերպարներին բացելու (թե փոխաբերական, թե ուղիղ իմաստով) գործիք։
90-ականների դեռահասները կհիշեն, թե ինչ մարտեր էին ընթանում դպրոցում Փոլ Վերհուվենի «Հիմնական բնազդ» (Basic Instinct, 1992) ֆիլմի VHS տեսաերիզի համար։ Ամբողջ դպրոցում միայն մեկ հոգի էր, որպես կանոն, «դուխ անում» հոր պահարանից ցրել արգելված կասետը (որի վրա գրված էր ֆիլմի հետ կապ չունեցող ինչ-որ բան, օրինակ` Старый фильм) ու շատ կարճ ժամանակով (երբեմն` «վճարի», օրինակ` «Դոնալդի» թղթերի դիմաց) տալ համադասարանցիներին։
«Հիմնական բնազդի» սցենարի համար 80-ականների վերջին իսկական պատերազմ էր ընթանում ստուդիաների միջև։ Ջո Էսթերհազի գրած էրոտիկ նեոնուարային թրիլլերն արդյունքում $3 միլիոնով բաժին հասավ Carolco-ին (ի դեմս լեգենդար Մարիո Կասսարի)։
Ֆիլմը սկսվում է սեքսի բավականին կոշտ ու անկեղծ տեսարանից. անդեմ շիկահերը սեռական ակտի վերջում սառույց կոտրելու դանակով դաժանորեն սպանում է հռչակավոր ռոք աստղի։ Իսկ սպանության հետաքննությունը դետեկտիվ Նիկ Կարենին (Մայքլ Դուգլաս) բերում է դետեկտիվների հեղինակ Քեթրին Թրամելի (Շերոն Սթոուն) մոտ, ում գրքում նկարագրվում է ճիշտ նմանատիպ սպանություն։
Էրոտիկ դրվագները «Հիմնական բնազդում» նախ բացում են կերպարներին։ Նիկ Կարենը` ալկոհոլային կախվածություն ունեցող խնդրահարույց ոստիկան, ով վերջերս պատահաբար գնդակահարել է երկու զբոսաշրջիկի, սեփական դժոխքից դուրս գալու համար պատրաստ է գլխով նետվել էլ ավելի վտանգավոր գեհենը` խելացի ու խորամանկ femme fatale Քեթրինի գիրկը։ Նիկի քաոտիկ ու անկայուն ներաշխարհը բացահայտվում է նույնքան քաոտիկ, կոպիտ, բռնության տարրեր պարունակող սեքսի միջոցով. նա սիրում է քայլել անդունդի եզրով, չիմանալով` արդյո՞ք Քեթրինն է այն մարդասպանը, ով կարող է ցանկացած պահի Նիկի «փոքրիկ մահը» վերածել իսկական մահվան սառույց կոտրելու դանակով։
Ինչ վերաբերում է Քեթրինին, նա խաղացող է։ Հասկանալով սեփական գրավչությունը` Քեթինն առիթը բաց չի թողնում պրովոկացիայի դիմելու համար. առանց կիսավարտիքի նստել իրեն հարցաքննող ոստիկանների առաջ ու ոտքը ոտքին գցել, մոլորեցնել Նիկին, կիսաակնարկներով էլ ավելի խճճել հետաքննությունը։ Քեթրինը բոլորովին դեմ չէ Նիկի կոպտությանն ու բռնության էլեմենտներին սեքսի ժամանակ. տեղի ունեցողն ընդամենը խաղ է հարուստ, խելացի, գեղեցիկ ու շատ ձանձրացող կնոջ համար։
Էդրիան Լեյնի «9½ շաբաթ» (9½ Weeks, 1986) էրոտիկ մելոդրամայում բռնությունը թաքնված է սեքսուալ նոր փորձառության պահանջների միջոցով զուգընկերոջն էմոցիոնալ ճնշման ենթարկելու մեջ։
Ջոն Գրեյի (Միքքի Ռուրք) ու Էլիզաբեթ ՄակԳրոույի (Քիմ Բեսինջեր) հարաբերությունները տարատեսակ սեքսուալ փորձարկումների պարույր են, ու յուրաքանչյուր դրվագ, լինի դա բռնության միջոցով սեռական ակտի հասնելը, Ջո Քոքերի երգի ուղեկցությամբ ստրիպտիզի հռչակավոր էպիզոդը, թե գաստրոնոմիկ փորձարկումները, երբ կնոջ մարմինը մենյուի մաս է, կամ էլ աչքերը կապած ու միայն մաշկային սենսորային մուտքով սառույցի կտորի հետ փոխազդեցությունները։
Յուրաքանչյուր դրվագ ընդգծում է կրքի ու Ջոնի ֆանտազիաների նկատմամբ Էլիզաբեթի անպաշտպան լինելը, ինչպես նաև, դրանից օգտվելով, Ջոնի ախորժակների աճը, որն Էլիզաբեթին տանում է ուղիղ դեպի էմոցիոնալ ճգնաժամ։ Էդրիան Լեյնը` էրոտիկ ֆիլմերի մեծ վարպետ, սեքսի միջոցով պատկերում է կրքից դեպի դատարկություն, սքանչանալուց դեպի հիասթափություն տանող ուղին։
Հակառակ կախվածությունը` պայմանավորված ֆիզիկական անօգնական վիճակով, նկարագրվում է Ռոման Պոլյանսկու «Դառը լուսին» (Bitter Moon, 1992) թրիլլերում։ Պասկալ Բրյուկների համանուն գիրքը, որի հիման վրա նկարվել է էկրանավորումը, որոշ աղերսներ ունի Վլադիմիր Նաբոկովի «Ծիծաղ մթության մեջ» (Laughter in the Dark) գրքի հետ։
Դոմինանտ դիրքի փոփոխությունը հարաբերություններում, ինքնաոչնչացման ենթագիտակցական ձգտումն ու անդադար եզրին գտնվելու ցանկությունը Պոլանսկին նկարագրում է սադոմազոխիզմի սահմանին անառողջ սեռական հարաբերությունների պատկերման միջոցով։
Մի ժամանակ Օսկարը (Պիտեր Կոյոտ) ինքն էր թելադրում սեփական նախասիրությունները Միմիին (Էմանուել Սենյե), իսկ ձանձրանալուց հետո ամեն կերպ ստորացնում վերջինիս։ Դերերը փոխվեցին, երբ Օսկարը գամվեց անվասայլակին, իսկ Միմին հնարավորություն ստացավ ստիպելու սիրեցյալին վճարել իրեն պատճառած ամբողջ ցավի համար։ Կրքի` այրող ատելության վերածվելու մասին նուրբ ու ողբերգական այս ֆիլմում սեքսը ոչնչով սակրալ չէ, այլ տանջելու ու ցավ պատճառելու միջոց է, անձնական դժբախտությունն ու անօգնականությունն ընդգծելու գործիք։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Ի տարբերություն հոլիվուդյանի, եվրոպական կինոն ավելի անկաշկանդ է թե նարրատիվում սեքսի դրվագների դերի, թե դրանց նկարագրության հարցում։
Օրինակ, Գասպար Նոեն հանդիսատեսին ոչ միայն շոկի ենթարկելու, այլև ամոթի ու մեղքի զգացում առաջացնելու համար իր «Անդառնալիություն» (Irreversible, 2002) ֆիլմում պատկերում է ամենազարհուրելի տեսարաններից մեկը, որ երբևիցե եղել է կինոյում. խոսքը մեկ պլանով նկարված բռնաբարության ինը րոպեանոց դրվագն է, որի պատճառով Կաննի փառատոնում ցուցադրության ժամանակ հանդիսատեսի մեծ մասը լքել է դահլիճը։
Այս դրվագում, որը տեղի է ունենում ստորգետնյա անցումում, կա մի պահ, երբ անցումի հակառակ կողմում հայտնվում է ինչ-որ անցորդ, ով, օգնության հասնելու փոխարեն ուղղակի թողնում, հեռանում է։ Հանդիսատեսը կարող է հայհոյել այդ անծանոթին իր անտարբերության համար` միաժամանակ ամոթի ու մեղքի զգացում ունենալով նրանից, որ ինքը նույնպես հետևում է տեղի ունեցողին` առանց օգնելու հնարավորության։ Նույնկերպ, կան բաներ, որոնք մենք անկարող ենք փոխել։ Հատկապես այն, ինչ ժամանակի տիրույթում է, այն, ինչ ժամանակն անդառնալիորեն ոչնչացնում է։
Նոեն խիստ տաղանդավոր պրովոկատոր է։ «Սեր» (Love, 2015) ֆիլմում սեքսը ոչ միայն սիրո բաղադրիչ է, այլև հենց սերն է, որ կա։ Ու եթե կինոյում խոսում են սիրո մասին, ապա առանց սեքսի անկեղծ ու անթաքույց դրվագների դրա մասին խոսելը, ըստ Նոեյի, կեղծավորություն է։
Այդ իսկ պատճառով ֆիլմում էրոտիկ դրվագները չեն թաքցնում ոչինչ. Նոեն դիֆերամբներ է երգում սիրուն, բայց սիրուն, որ ծնվում է մեր մարդկային էությունից, կրքի ու ցանկության զգացումին, որ սահմանված է մեր մեջ Բնության կողմից, սիրուն, որից պետք չէ ամաչել ու որը պետք չէ ստորադասել ավելի «վերամբարձ», պոետիկ ու արհեստական զեղումներին։
Սեքսի դրվագներ` գրեթե պոռնոգրաֆիայի եզրին. Լարս Ֆոն Թրիերը «Նիմֆոմանուհի» (Nymphomaniac, 2013) դրամայում նույնպես անդրադառնում է սիրո մարդկային, ֆիզիոլոգիական սկզբին` խոստովանելով, որ այլ սկիզբ չի էլ կարող լինել։
Ֆոն Թրիերը հավատարիմ է ինքն իրեն. ֆիլմը պիտի նման լինի կոշիկի մեջ ընկած քարի, իսկ «Նիմֆոմանուհու» դեպքում գործ ունենք իսկական ժայռաբեկորի հետ։ Ռեժիսորը սովորականը հասցնում է աբսուրդի` այդ սովորականն էլ ավելի ընդգծելու համար. սեքսը շատ հասարակություններում ու մարդկանց գիտակցության մեջ տաբուավորված է, բայց Ֆոն Թրիերը կոտրում է բոլոր տաբուները, իջեցնում սակրալացվածը կենցաղային մակարդակի, պոետների գովերգածը` կենդանական բնազդների։
Վերջապես, սեքսուալության արթնացման ու կորուստի մասին Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» (La vie d'Adèle, 2013) դրամայում սեքսի դրվագները նույնպես գրեթե պոռնոգրաֆիայի եզրին են, սակայն ռեժիսորի ու դերասանների մեծ վարպետության շնորհիվ չեն հասնում բացահայտ վուլգարության։ Սա ավելի շուտ սեփական մարմնի ճանաչման և ուրիշի մարմինն ուսումնասիրելու մասին խիստ զգացմունքային ու նուրբ ֆիլմ է, որում սեքսը կոչված է համալրելու այդ զգացմունքները, որպես դրանց բնական ու անքակտելի մաս։