ՆԱՏՕ-ից նեղացած Թրամփը, Իրանի պատասխանն ու նավթի գինը. «Մեր քթի տակ» լայնամասշտաբ պատերազմ է
Եթե անգամ լուրերին չեք հետևում՝ սոցցանցերում երրորդ համաշխարհայինի մասին հումորները հաստատ տեսած կլինեք։ Իսկ իրականում հումորը չխելագարվելու միակ միջոցն է, որովհետև իրավիճակն իսկապես լարված է, մենք էլ դեպքերի էպիկենտրոնից մի քանի հարյուր կիլոմետր ենք այն կողմ։ Իրանում և Իրանի շուրջ վերջին շաբաթներին տեղի ունեցող իրադարձությունները չափազանց արագ են զարգանում, իսկ տեղեկությունների հոսքը հաճախ հակասական ու խառն է։ Ռազմական գործողությունների մասին տվյալները գալիս են տարբեր աղբյուրներից, որոշ դեպքերում ուշացումով, որոշ դեպքերում էլ՝ առանց ամբողջական պատկերի։ Այս իրավիճակում որևէ վերլուծություն անելն անշնորհակալ գործ է ու անշուշտ, միայն մասնագետների գործառույթն է։ Փոխարենը մենք փորձում ենք համադրել եղած տեղեկությունները և որքան հնարավոր է պարզ ու հստակ ձևով վերականգնել վերջին իրադարձությունների ժամանակագրությունն ու հիմնական զարգացումները։ Կարճ ասած՝ ուր չգնալ, ինչ չանել այս ու գալիք շաբաթներին:)
Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դժվար է նկարագրել մեկ կամ անգամ մի քանի բառով։ Իրանի շուրջ զարգացող ռազմական գործողություններն արդեն վաղուց դուրս են եկել մեկ երկրի սահմաններից ու վերածվել են ավելի լայն, բարդ և բազմաշերտ ճգնաժամի, որի ազդեցությունը զգացվում է և դեռ երկար կզգացվի թե՛ տարածաշրջանում ու թե՛ ամբողջ աշխարհում։
Փետրվարի վերջին սկսված ռազմական գործողություններն առաջին օրերին շատ արագ զարգացան։ Իսրայելը, ԱՄՆ աջակցությամբ, լայնածավալ հարվածներ հասցրեց Իրանի տարածքում գտնվող ռազմական և պետական ենթակառուցվածքներին։ Հարվածները համակարգված էին, միաժամանակ տարբեր ուղղություններով, նպատակ ունեին վնասել ռազմական կարողությունները ու զուգահեռաբար կաթվածահար անել կառավարման համակարգը։ Թիրախների թվում էին հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային կայանները, ռազմավարական օբյեկտները և կառավարման կենտրոնները։
Բայց արձանագրված ամենածանր կորուստը մարդկային էր։ Սպանվեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նաև Իրանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության մի զգալի մասը։ Բայց, իհարկե, Իրանի նման երկրներում առանցքում համակարգն է, դրան որոշակի դիմադրողականություն ունեն ցնցումների նկատմամբ, հետևաբար իշխանությունը բավական արագ վերակազմավորվեց, ձևավորվեց ճգնաժամային կառավարման նոր կենտրոն, և պետական ու ռազմական համակարգերը շարունակեցին գործել։
Զուգահեռաբար առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ ռազմական գործողությունների նպատակները հստակ ձևակերպված չեն։ Միացյալ Նահանգների ղեկավարությունը խոսում էր մի քանի տարբեր ուղղությունների մասին՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակում, հրթիռային ներուժի ոչնչացում, տարածաշրջանային ազդեցության թուլացում, նույնիսկ՝ հնարավոր քաղաքական փոփոխություններ երկրի ներսում։ Սակայն հստակ սահմանված վերջնակետ կամ չափելի արդյունք, որը կարելի է համարել «հաղթանակ», այդպես էլ հրապարակային չի ձևակերպվել։ Կարճ ասած՝ Թրամփը՝ իր ոճի մեջ։
Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ այս հակամարտության առանցքային հարցերից մեկը։ Թեհրանն, իհարկե, մշտապես պնդել է, որ ծրագիրը խաղաղ նպատակներ ունի, սակայն արևմտյան երկրները երկար տարիներ կասկածի տակ են դնում այդ պնդումները։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը փորձեր էին արվում վերականգնել բանակցությունները, քննարկվում էին տարբեր փոխզիջումային տարբերակներ, սակայն այդ գործընթացն այդպես էլ չհասավ ավարտին։ Պատերազմի մեկնարկը փաստացի փակեց այդ փուլը։
Լայնածավալ հարվածներից հետո էլ հստակ էր, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքը ամբողջությամբ ոչնչացնելն այնքան էլ «հեշտ գործ չէ»։ Այդ ենթակառուցվածքների մի մասը գտնվում է խորքային ստորգետնյա համալիրներում և լեռնային շրջաններում, ինչը զգալիորեն բարդացնում է դրանց ոչնչացումը նույնիսկ բարձր ճշգրտության զինատեսակներով։ Այս հանգամանքն արդեն առաջին օրերին ցույց տվեց, որ ռազմական գործողությունները կարճաժամկետ չեն լինելու։
Իրանի արձագանքը նույնպես երկար սպասեցնել չտվեց։ Եթե որոշ փորձագետներ ենթադրում էին, որ Թեհրանը նախ կփորձի վերականգնել իր պաշտպանական համակարգերը և միայն հետո կանցնի հակահարվածների, իրականում պատկերն այլ էր։ Իրանը արձագանքեց գրեթե անմիջապես՝ օգտագործեց բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Բայց մի կարևոր նրբություն կար՝ հարվածները միայն Իսրայելի դեմ չէին։
Թեհրանը արագ փոխեց պատերազմի տրամաբանությունը ու այն վերաճեց տարածաշրջանային լայն ճգնաժամի։ Հարվածների թիրախ դարձան այն երկրները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ կամ ռազմավարական ենթակառուցվածքներ։ Մի քանի օրում հարվածներ հասցվեցին մի շարք երկրներում գտնվող ամերիկյան օբյեկտներին, ինչպես նաև այլ պետությունների ռազմական ենթակառուցվածքներին, որոնք, ըստ իրանական կողմի, օգտագործվում էին այդ գործողությունների համար։ Տարածաշրջանի տնտեսական կայունության խաթարումը և էներգետիկ շուկաների վրա ազդեցությունը, ըստ փորձագետների, փոխեցին խաղի կանոնները։
Այս համատեքստում առանցքային դեր ստացավ Հորմուզի նեղուցը՝ աշխարհի ամենակարևոր նավթային հաղորդուղիներից մեկը։ Այդ նեղուցով անցնում է համաշխարհային նավթի զգալի մասը, և ցանկացած խափանում անմիջապես անդրադառնում է գլոբալ շուկաների վրա։ Իրանը ռազմական առումով նեղուցը լիարժեք վերահսկելու հնարավորություն չուներ, հետևաբար սկսեց կիրառել այլ մեթոդներ։ Ըստ փորձագետների այս ռազմավարությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նավագնացությունը դառնում է չափազանց ռիսկային։ Եվ ահա՝ արդյունքը շատ արագ նկատելի էր։ Նավերի հոսքը կտրուկ նվազեց, նավթի գները բարձրացան, իսկ միջազգային շուկաներում լարվածությունն աճեց։ Իրանը փաստացի հասավ իր հիմնական նպատակներից մեկին՝ հակամարտությունը տեղափոխեց տնտեսական հարթություն և այն դարձրեց գլոբալ խնդիր։
Այս ընթացքում պատերազմի բնույթը սկսեց աստիճանաբար փոխվել։ Եթե սկզբում այն ներկայացվում էր որպես արագ և սահմանափակ գործողություն, ապա արդեն երկրորդ շաբաթից ակնհայտ դարձավ, որ այն վերածվում է մաշեցնող պատերազմի։ Կողմերը փորձում են ոչ թե արագ հաղթանակի հասնել, այլ սպառել միմյանց հնարավորությունները։
Իրանը փորձում է օգտագործել իր ունեցած մեծ քանակությամբ, համեմատաբար էժան հրթիռներն ու անօդաչու սարքերը՝ ստիպելով հակառակորդներին օգտագործել թանկարժեք հակահրթիռային համակարգեր։ Այս անհամաչափությունը կարևոր դեր է խաղում, քանի որ պաշտպանական համակարգերի պաշարները սահմանափակ են, իսկ դրանց արտադրությունը ժամանակատար է։
Միաժամանակ Իրանը շարունակում է հարվածներ հասցնել ոչ միայն Իսրայելին, այլև Պարսից ծոցի երկրներին։ Քաղաքագետների բնորոշմամբ այս քայլը երկու նպատակ ունի՝ մի կողմից տնտեսական ճնշում գործադրել այդ երկրների վրա, մյուս կողմից ստիպել նրանց քաղաքական ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ պատերազմի դադարեցման համար։ Բայց այս ռազմավարությունը նաև ռիսկեր է պարունակում հենց Իրանի համար, որովհետը այդ երկրները, օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, կարող են որոշել բացահայտ կերպով միանալ հակաիրանական գործողություններին։
Այս ամբողջ ընթացքում ակնհայտ է դառնում մի կարևոր բան՝ հակամարտությունը դեռևս հստակ ավարտի սցենար չունի։ ԱՄՆ-ում քննարկվում են տարբեր տարբերակներ՝ շարունակել ռազմական գործողությունները ավելի լայն նպատակներով կամ փորձել դուրս գալ հակամարտությունից։ Երկու դեպքում էլ լուրջ խնդիրներ կան։ Շարունակությունը կարող է անկանխատեսելի հետևանքների և նոր էսկալացիայի բերել, իսկ դուրս գալը՝ քաղաքական կորուստների, քանի որ հայտարարված նպատակներից ոչ մեկն ամբողջությամբ չի իրականացվել։
Իրանը, իր հերթին, ծանր կորուստներ ունի, պարտվում է ինֆորմացիոն պատերազմում, բայց փորձում է պահպանել իր հիմնական ուժային հենարանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը վերահսկում է ներքին իրավիճակը և թույլ չի տալիս, որ տեղային բողոքները վերածվեն լայնածավալ ապստամբության։
Պատերազմի երրորդ շաբաթում արդեն ավելի հստակ է երևում, թե ինչ ուղղությամբ է զարգանում իրավիճակը։ Եթե առաջին օրերին ուշադրության կենտրոնում էին հարվածների մասշտաբն ու արագությունը, ապա հիմա՝ դրանց հետևանքներն ու սահմանափակումները։ Չնայած ԱՄՆ-ը և Իսրայելը կարողացել են հասնել օդային գերակայության, զգալիորեն վնասել Իրանի հրթիռային ենթակառուցվածքը և գրեթե ամբողջությամբ ոչնչացնել դրա ռազմածովային ուժերը, սա դեռ չի նշանակում, որ հակառակորդը կորցրել է վտանգավոր լինելու իր կարողությունը։
Ընդհակառակը՝ Իրանը, զրկված լինելով դասական ռազմական հավասար մրցակցությունից, ավելի հստակ է անցել ասիմետրիկ պատերազմի տրամաբանությանը։ Սա այն մոդելն է, որը Թեհրանը զարգացրել է տասնամյակներով՝ ապրելով տնտեսական պատժամիջոցների պայմաններում և պատրաստվելով ավելի ուժեղ հակառակորդների դեմ դիմակայության։ Այդ մոդելի հիմնական գաղափարն այն է, որ պետք չէ փորձել հաղթել ուղիղ բախման մեջ, այլ պետք է փոխել խաղի կանոնները՝ հարվածելով այնտեղ, որտեղ հակառակորդը առավել խոցելի է։
Այս փուլում այդ խոցելի կետերը երկու հիմնական ուղղությամբ են՝ տնտեսություն և հասարակական տրամադրություններ։ Ինչպես արդեն նշեցինք՝ Իրանը շարունակաբար փորձում է խաթարել էներգետիկ շուկաները, մեծացնել նավթի և գազի գների տատանումները, ինչպես նաև ստիպել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ծախսել մեծ քանակությամբ ռեսուրսներ՝ պաշտպանական համակարգերը պահպանելու համար։ Միաժամանակ Թեհրանը հաշվարկում է, որ երկարատև պատերազմը կարող է ազդել հանրային կարծիքի վրա՝ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ արդեն իսկ նկատվում է որոշակի անհանգստություն ու հասունացող բողոքի ալիք։ Բայց սուրը երկսայր է, Իրանում այդ ալիքը շատ ավելի պայթյունավտանգ է։
Այս ֆոնին ավելի ակնհայտ է դառնում նաև Վաշինգտոնի ներսում գոյություն ունեցող դիլեման։ Մի կողմից՝ ռազմական առումով ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարող են շարունակել ճնշումը՝ փորձելով հասնել ավելի լայն նպատակների, նույնիսկ՝ Իրանի ներսում քաղաքական փոփոխությունների։ Բայց դա ենթադրում է ավելի երկար, ավելի ծախսատար և ավելի վտանգավոր պատերազմ, որի հետևանքները դժվար է կանխատեսել։ Եթե նույնիսկ ռազմական ճնշումը շարունակվի և բերի իշխանության թուլացման, պարզ չէ, թե ինչպիսի համակարգ կարող է ձևավորվել դրա փոխարեն։ Նախկին փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում հաճախ առաջանում է ավելի խորը անկայունություն, որը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանով։ Ի դեպ, Թրամփը նեղացած է ՆԱՏՕ-ից, որովհետև անդամ երկրները հստակ հայտարարել են, որ չեն պատրաստվում աջակցել ԱՄՆ նախագահին։ Թրամփն էլ, որն անձամբ էր օգնություն խնդրել, մերժում ստանալուց հետո հայտարարել է, որ իրենց ոչ մեկի օգնությունն էլ պետք չէ։
Այս ֆոնին սկսում են ավելի ակտիվ քննարկվել հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ։ Ամենաքիչ հավանականներից մեկը՝ արագ ներքին հեղափոխությունն է, որը կբերի իշխանության փոփոխության։ Չնայած Իրանի ներսում որոշ սպասումներ կան, բայց, փորձագետների դիտարկմամբ, նման զարգացումը կազմակերպված և զինված դիմադրություն է պահանջում, ինչն այս փուլում դժվար իրագործելի է։
Ավելի իրատեսական սցենարներից մեկը ենթադրում է երկարատև մաշեցնող պատերազմ, որտեղ կողմերը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց՝ առանց լայնածավալ գործողությունների։ Սա այն տարբերակն է, որն արդեն մասամբ իրականանում է։ Այն թույլ է տալիս պահպանել ճնշումը, բայց միաժամանակ խուսափել լայնածավալ բախումից, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Բայց նույնիսկ այս սցենարն ունի իր սահմանափակումները։ Ռեսուրսների սպառումն արդեն իրական խնդիր է դառնում։
Կա նաև ավելի բարդ և վտանգավոր սցենար՝ Իրանի ներսում երկարատև ապակայունացում, որը կարող է վերածվել տարբեր խմբավորումների միջև բախումների։ Այդ դեպքում երկիրը կարող է աստիճանաբար բաժանվել ազդեցության գոտիների, իսկ արտաքին դերակատարները կփորձեն աջակցել տարբեր կողմերին՝ առաջ տանելով իրենց շահերը։ Սա այն սցենարն է, որը կարող է առավել ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Այս տարածաշրջանին «նոր Սիրիա» ամենաքիչն է պետք։
Միևնույն ժամանակ չի բացառվում նաև բանակցությունների վերադառնալու տարբերակը, թեկուզ ոչ անմիջապես։ Թեև այս պահին կողմերի հայտարարությունները բավական կոշտ են, և նույնիսկ տեղեկություններ կան, որ Իրանի նոր ղեկավարությունը մերժել է բանակցությունների առաջարկները՝ հայտարարելով, որ խաղաղության համար դեռ «ճիշտ պահը չէ», ամեն դեպքում՝ որոշակի կապեր պահպանվում են։ Այս փուլում սա կարծես ավելի շատ միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ է, քան իրական բանակցային գործընթաց։ Այս պահին ամենակարևոր եզրակացությունը գուցե հենց սա է՝ այս կոնֆլիկտը կարող է երկար շարունակվել, փոխել ձևերը, ընդգրկել նոր դերակատարներ ու նոր ռիսկեր։ Այս պայմաններում ցանկացած հստակ գնահատական կամ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։ Ամեն դեպքում հստակ է մի բան՝ կոնֆլիկտը վերածվել է գլոբալ հավասարակշռության վրա ազդող որոշիչ գործոնի, որի հետևանքները դեռ երկար ժամանակ կզգացվեն տարբեր մակարդակներում։