Դժոխք՝ Paradise-ում, օնլայն դետեկտիվներ և կորցրած միլիոններ. Ինչպես Coldplay-ը մեկ համերգի ընթացքում 4 single «թողարկեց»
Փաստորեն, Coldplay-ի համերգները միայն Paradise-ի մասին չեն։ Շատ հազվադեպ, միլիոնից մեկ հավանականությամբ, այդ համերգը կարող է դառնալ իսկական դժոխք ու մղձավանջ։ Եթե համերգային դահլիճում ես, այս դեպքում՝ մարզադաշտում, ու թաքցնելու կամ ամաչելու ոչինչ չունես, ապա հանգիստ խղճով կարող ես վայելել համերգը։ Բայց ակնհայտ է, որ Coldplay-ի՝ վերջին շրջանի ամենահայտնի ու աղմկահարույց համերգից հետո, երբ շատերի վատ երազը երկու մարդու համար իրականություն դարձավ, «չարաճճիություն» անելուց առաջ մարդիկ յոթ կչափեն, մեկ կկտրեն։
ՀԱՄԲՈՒՅՐԻ ՏԵՍԱԽՑԻԿԸ
Astronomer ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը հուլիսի 16-ին վայելում էր Coldplay-ի համերգը, երբ հանկարծ «համբույրի տեսախցիկը»՝ kiss cam-ը, ֆիքսեց Բայրոնին ու նրա սիրելիին՝ նրանց դեմքերը հայտնվեցին հսկակայական էկրանին՝ ամբողջ մարզադաշտի ուշադրության կենտրոնում։ Արտասավոր որևէ բան առաջին հայացքից չկար, բայց ընդամենը մեկ վայրկյան էր պետք, որպեսզի կադրում հայտնված կինն ու տղամարդը խուճապի մատնվեին ու ամեն կերպ փորձեին թաքցնել իրենց դեմքերը։ Սա արդեն կասկածելի էր։ Սիրելին էլ, կարծես, կինը չէր։
Միայն ավելի ուշ՝ ամենազոր համացանցի շնորհիվ պարզվեց, որ այդ երեկո Բայրոնը համերգին եկել էր ոչ թե կնոջ, այլ իր ենթակա՝ HR բաժնի ղեկավար Քրիստին Քեբոթի հետ: Նրանք գրկախառնված էին, երբ համերգի ավանդական «համբույրի տեսախցիկը» ֆիքսեց իրենց։
Ինչպես ասացինք՝ զույգի արձագանքն ի սկզբանե, մեղմ ասած, տարօրինակ էր: Քեբոթը շտապ շրջվեց ու ձեռքերով ծածկեց բեմը, իսկ Բայրոնը բառացիորեն թաքնվեց ցանկապատի հետևում: Այս ամենը կատարվեց մարզադաշտի հանդիսատեսի, նաև՝ Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինի աչքի առջև: Նա էլ կես կատակ, կես լուրջ ասաց.
«Օ՜, նայեք այդ երկուսին: Կամ նրանք շատ ամաչկոտ են, կամ էլ... նրանց միջև սիրավեպ է»:
Ինչպես պարզվեց, երգիչը ճիշտ էր գուշակել: Ճիշտ պատասխանը երկրորդն էր։
ՀԱՄԱՑԱՆՑԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ
Համերգից հետո տեսանյութն արագորեն տարածվեց սոցցանցերում: Լավ դետեկտիվ պատմություններ սիրողների համար համացանցում իրական տոն էր։ Սկսեցին փնտրել՝ ով է այդ զույգը: Ու, իհարկե, շատ ժամանակ չպահանջվեց։
Տղամարդը Astronomer տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնն էր։ Առեղծվածային ու վախեցած կինը՝ նույն ընկերության HR բաժնի ղեկավար Քրիստին Քեբոթը։ Այս պատմության խնդրահարույց կորպորատիվ բաղադրիչից զատ, շատ արագ ի հայտ եկավ մեկ այլ, առանցքային խնդիր ևս։ Բայրոնն ամուսնացած է, երկու երեխա ունի։ Քեբոթը ևս ընտանիք ուներ։
ՄԵԿ ԳԻՇԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱԾ ASTRONOMER-Ը
Մինչև այս սկանդալի ի հայտ գալը Astronomer-ը համեմատաբար ոչ այնքան հայտնի ընկերություն էր տեխնոլոգիական աշխարհում: Հիմնադրվել է 2018 թվականին, զբաղվում է տվյալների կառավարման գործիքների մշակմամբ և աշխատում է Apple-ի, Ford-ի, Uber-ի ու այլ կազմակերպությունների հետ:
Ընկերությունն ավելի քան 375 միլիոն դոլար ներդրումներ էր ներգրավել, իսկ 2025-ի մայիսին հայտարարել էր 93 միլիոն դոլարի նոր ֆինանսավորման մասին: Ներդրողների թվում էին Bain Capital Ventures-ը, Insight Partners-ը և Salesforce Ventures-ը:
Բայց մեկ գիշերվա ընթացքում ընկերության անունը դարձավ ամենաորոնվածը Google-ում, իսկ «CEO» բառը՝ ամենաթրենդայինը: 24 ժամում Astronomer-ի մասին գրվեց ավելի քան 22,000 լրատվական նյութ:
Սրան զուգահեռ սոցցանցերը պայթեցին մեմերից ու կատակներից: Օգտատերերը սկսեցին հրապարակել անկառավարելի թվերի հասնող տեսանյութեր, արձագանքներ, կատակներ։ Օրինակ՝ ցույց էին տալիս, թե ինչպես պետք է «ճիշտ» արձագանքել նման իրավիճակում։ Մեկն առաջարկում էր ձևացնել, թե տնօրենն օգնում է գործընկերուհու մեջքը ձգել։ Մյուսը՝ խաղալ, թե կինը խեղդվում է, իսկ տղամարդը փորձում է օգնել։ Երրորդը՝ ցուցադրել ինքնապաշտպանական հնարքներ։ Հումորների ու համեմատությունների շարքին միացան բոլորը՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Ryanair ավիաընկերություն։ Ryanair-ը գրել էր.
«Ryanair և Coldplay` բաժանում ենք զույգերին»:
Հոգեբան Ալեքսեյ Ֆիլատովը բացատրում է, որ զույգի վարքագիծն ակնհայտորեն ցույց էր տալիս նրանց հարաբերությունների բնույթը: Մինչ տեսախցիկի «միջամտելը» նրանք ժպտում էին և գրկախառնված էին։
«Նրանց սխալն այն էր, որ չկարողացան հանգստություն պահպանել։ Եթե պարզապես ժպտային ու ձեռքով անեին տեսախցիկին, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Բայց նրանց խուճապային արձագանքը հենց այն էր, ինչը գրավեց բոլորի ուշադրությունը»:
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Astronomer-ի տնօրենների խորհրդից որոշ ժամանակ պահանջվեց արձագանքելու համար։ Հայտարարեցին, որ ներքին հետաքննություն են սկսում: Հուլիսի 18-ին ընկերությունը հայտարարեց, որ Բայրոնն ու Քեբոթը «ուղարկվել են» արձակուրդ:
Բայց սա միայն սկիզբն էր: Հուլիսի 19-ին՝ սկանդալից ընդամենը երեք օր անց, Astronomer-ը հայտարարեց Բայրոնի հրաժարականի մասին: Նրա փոխարեն գործադիր տնօրենի պաշտոնակատար նշանակվեց ընկերության համահիմնադիր Փիթ ԴեՋոյը:
Սրան զուգահեռ համացանցին հանգիստ չէին տալիս ընտանեկան դրամայի հնարավոր զարգացումները։ Բայրոնի կինը՝ դասախոս Մեգան Քերիգանը, անմիջապես հեռացրեց ամուսնու ազգանունն իր սոցցանցային էջերից և փակեց բոլոր էջերը: Ըստ որոշ աղբյուրների՝ նա արդեն դիմել է իրավաբանների և պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել: Իհարկե, սա հաստատված չէ։ Ապատեղեկատվությունն այս պատմությունն ավելի «սյուռեալիստական» դարձրեց։ Մեկ հրապարակում էին Բայրոնի կեղծ հայտարարությունը, հետո՝ կնոջ, և այսպես շարունակ։
HR բաժնի ղեկավար Քեբոթն էլ է ամուսնացած՝ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերության ղեկավարի հետ, և ունի երկու երեխա: Ըստ լուրերի՝ զույգը պատրաստվում է վաճառել իրենց տունը, որը գնել էին սկանդալից ընդամենը մեկ ամիս առաջ:
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԷԹԻԿԱ
Այս պատմությունը վառ օրինակ դարձավ, թե ինչու են խոշոր ընկերություններում աշխատակիցների միջև հարաբերությունները խիստ արգելքների տակ: Բիզնես-փորձագետները նշում են, որ գործադիր տնօրենի և HR ղեկավարի հարաբերությունները հատկապես խնդրահարույց են, քանի որ շահերի բախում են ստեղծում և կարող են խաթարել ընկերության կառավարումը:
Նոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Փիթ ԴեՋոյը, որը Astronomer-ի համահիմնադիրներից է, LinkedIn-ում հրապարակել իր առաջին հայտարարությունը.
«Վերջին օրերի իրադարձություններն այնպիսի մեդիա-ուշադրություն ստացան, որին քիչ ընկերություններ են արժանանում: Թեև ես երբեք չէի ցանկանա, որ դա տեղի ունենար հենց այսպես, բայց Astronomer-ն այժմ դարձել է ճանաչելի բրենդ»:
ԴեՋոյը հավաստիացրել է, որ ընկերությունը շարունակելու է իր աշխատանքը և կատարելու է հաճախորդների առջև իր պարտավորությունները։
Ամեն դեպքում՝ մասնագետները մի քանի կարևոր դաս են առանձնացնում գործարարների համար։ Նախ՝ լռությունը ռազմավարություն չէ։ Astronomer-ը մի քանի օր սպասեց՝ նախքան արձագանքելը, ինչը թույլ տվեց, որ լուրերը, ենթադրություններն ու ապատեղեկատվությունն անվերահսկելի կերպով տարածվեն։ Երկրորդ՝ աշխատակիցները պետք է ճգնաժամի մասին առաջինն իմանան։ Այս դեպքում՝ շատ աշխատակիցներ սկանդալի մասին իմացան սոցցանցերից, ոչ թե ընկերությունից։
Այս լուրջ, խնդրահարույց կորպորատիվ խնդիրների ֆոնին համացանցում հաշվում են Բայրոնի «ծախսերը». 1000 դոլար՝ համերգի տոմսի համար, 300 դոլար՝ ընթրիքի համար, 1.5 միլիոն դոլար՝ հնարավոր ամուսնալուծության համար։ Ու, իհարկե՝ անգին, բայց կորցված հեղինակություն ու կարիերա։
Թվային դարաշրջանում, երբ ամեն ինչ կարող է նկարահանվել ու տարածվել վայրկյանների ընթացքում, անգամ ամենահզոր գործարարներն ու մեծ գումարները փրկել չեն կարող։ Անձնական կյանքը մարդկանց ափի մեջ է։ Դե իսկ Coldplay-ն այդ օրը երկար կհիշի։ Ինչպես ասում են խմբի երկրպագուները՝ «Coldplay-ը տարիներ շարունակ սինգլներ չէր թողարկում, իսկ հիմա՝ միանգամից չորսը»: