Մութ ու ցուրտ տարիներին. 90-ականների հորինված դեռահասները պատմում են սիրելի ֆիլմերի մասին
Նրանց համար, ում մանկությունն ու պատանեկությունն անցել են 90-ականներին, յուրաքանչյուր նոր ֆիլմ դիտելը մեծ իրադարձություն էր։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում էր տպավորիչ վիզուալ լուծումներով ֆիլմերին, դիտումը կարող էր անգամ կյանքեր փոխել։ Ինֆորմացիայի սղության պայմաններում ցանկացած նոր ինֆորմացիա հարվածում էր ճիշտ նշանակետին, ոգեշնչում, ոգևորում ու իրապես տպավորում։
PAN-ը հերթական հետաքրքիր էքսպերիմենտն է անցկացրել ալտերնատիվ տիեզերքներում։ Պատկերացրեք, որ գոյություն ունեն անվերջ քանակի զուգահեռ տիեզերքներ։ Դրանց մի մասում Հայաստանի 90-ականներն անցնում են գրեթե նույն կերպ. պատերազմ, հովհարային անջատումներ, էներգակիրների դեֆիցիտ, տալոնով հաց։ Ու երեխաներ, ում համար նոր ֆիլմ դիտելը կամ Dendy-ով նոր խաղ խաղալն ահռելի իրադարձություն էր։ Նման 15 տիեզերքից ընտրել ենք 15 հոգու, ովքեր իրենց տիեզերքի 2025-ին արդեն հասուն մարդիկ են ու դեռ շատ վառ հիշում են իրենց մանկության կինոտպավորությունները։ Այդ հորինված (եթե զուգահեռ տիեզերքներ իրոք կան, ապա նրանք բոլորովին էլ հորինված չեն) մարդիկ պատմում են ավելի շատ իրենց զգացումների, քան բուն ֆիլմերի մասին։
1. «Պտտահողմ» (Twister, 1996)
Ասել, որ Յան դե Բոնտի այս ֆիլմ-աղետը ժամանակին ազդել էր ինձ վրա, կնշանակի ոչինչ չասել։ Քառորդ դար առաջ երեկոյան հեռուստացույցով լրիվ պատահաբար նայված ֆիլմը այնպիդի ազդեցություն էր թողել ինձ վրա իր հեղափոխական հատուկ էֆֆեկտներով ու ահռելի մասշտաբներով, որ դրանից հետո դեռ երկար ժամանակ ես ամեն շենքի հետևում տորնադո էի տեսնում, տորնադո էի նկարում ու երազում տորնադոների որսորդ դառնալու մասին։ Վստահ եմ, եթե դուք էլ այն ժամանակ 10 տարեկան լինեիք, ձեզ էլ այս ֆիլմը կցնցեր, մանավանդ՝ ոչ ոք երբեք նման բան նախկինում չէր տեսել։ Համենայն դեպս, այդքան համոզիչ ու տպավորիչ։
Դրամատուրգիայի ու ռեալիզմի առումով Սփիլբերգենց թիմի այս աշխատանքը շատ թույլ է. իհարկե, 96-ին դրա մասին ես չէի էլ պատկերացնում, ինձ հետաքրքիր էլ չէր (չնայած, սցենարը գրել էր հրաշալի Մայքլ Կրայտոնը)։ Բայց սա գրեթե իդեալական ֆիլմ-աղետ է՝ աննկարագրելի ու բարդ հատուկ էֆֆեկտներով ու մեզ լքած, բայց իմ սիրելի դերասաններից մեկի՝ Բիլ Պաքսթոնի մասնակցությամբ։ Իսկ դե Ֆուձիտայի սանդղակով հինգերորդ աստիճանի տորնադոն կարող է շաբլոնի պատռվածք առաջացնել՝ կապված եղանակային պատկերացումների հետ։ Դրանից հետո ես երկար ժամանակ պատկերացնում ու թղթին էի հանձնում նույն սանդղակով 10, 100, 1000 աստիճանի հասնող՝ Յուպիտերյան տորնադոներ խեղճ Երկիր մոլորակի վրա: Պատկերացրեք ավերածությունների ու իմ մանկական հրճվանքի աստիճանը (հատկապես, երբ մի օր պատկերացրի ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական տորնադո, այն էլ՝ կրակից):
2. «Ջումանջի» (Jumanji, 1995)
Քրիս Վան Օլսբուրգի՝ 1981թ-ի մանկական պատկերազարդ գրքի էկրանավորման մասին կարելի է երկար խոսել։ Ասել, օրինակ, որ Ջո Ջոնսթոնը նկարել է գրեթե իդեալական մանկական արկածային ֆիլմ, որ հատուկ էֆեկտներն իրենց ժամանակի համար հեղափոխական էին և այլն։ Բայց քանի որ շարքը նոստալգիկ-սուբյեկտիվ բնույթ է կրում, այլ ոչ թե վերլուծական, ես կկենտրոնանամ իմ զգացումների, ավելի ճիշտ՝ բուռն զգացումների վրա։
1996 թվական։ Իմ շատ մոտ ընկերուհին պատմում է, որ իր հայրը Ռուսաստանում նայել է «Ջումանջի» անունով ֆիլմն ու ահավոր տպավորվել։ Այդ հանգամանքը մխվում է իմ ուղեղում, որովհետև, ճանաչելով ընկերուհուս հորը, շատ լավ գիտեմ, որ քիչ ֆիլմեր կան, որ կարող են իրեն տպավորել այնքան, որ նա անգամ որդուն պատմի։
Նույն 1996-ին, «Պրոմեթևս» ալիքով (նախկին Հ2) կա «Արտ 13»հաղորդաշար, որը վարում է Հրաչ Քեշիշյանն, ով այն ժամանակ լրագրող էր։ Ընդհանրապես, Իջևանի կաբելայինից բացի հենց «Պրոմեթևսն» էր նոր կինոբացահայտումների իմ շտեմարանը, հենց այս ալիքով եմ նայել ինձ համար առանցքային ֆիլմերը։ «Արտ 13»-ի թողարկումներից մեկում Քեշիշյանը պատմում է «Ջումանջիի» մասին, գովերգում ու ասում, որ հենց «Արտ 13»-ի շրջանակներում էլ այն ցուցադրվելու է։ Ես միանգամից հիշում եմ ընկերուհուս ասածը։
Բուն դիտման պրոցեսն այնքան վառ էմոցիոնալ փորձառություն էր, որ այն խորը դաջվել է իմ հիշողության մեջ։ Սկսած Tri Star-ի լոգոյից, մշուշոտ պատկերից, որից ձևավորվում է ֆիլմի անվանումը, մինչև վերջին տիտրերը։ Հսկա առյուծը, կապիկները, մարդակեր լիանը, պատի հետևից դուրս եկող փղերն ու ռնգեղջյուրները, սարդերը, կոկորդիլոսները, մեղուները և այլն, և այլն։ Ֆիլմի ամենաուժեղ կողմը՝ ֆաբուլան, հիանալի է առաջին դիտման համար, երբ չգիտես, թե ամեն նոր քայլն ինչ կբերի, ու աչքերդ չռած նայում ես խաղաքարերի տեղաշարժմանը։ Դա երևակայության իսկական փոթորիկ էր, ինչից հետո թղթի վրա ինքս էի հորինում նոր տիպի արհավիրքներ ավելի մեծ խաղերում։ Պատի հետևից դուրս պրծնող վայրի կենդանիների տեսարանի հիման վրա հորինել էի իմ սեփականը. աֆրիկյան անտառներ՝ շրջապատված հսկայական պատով, գետինը դղրդում է, ու հանկարծ ահռելի պատը փլվում է ու դուրս են վազում հազարավոր... դինոզավրեր։
Ֆիլմը թողել էր շատ խորը տպավորություն։ Հսկայական ազդեցություն։ Հետո երկար ժամանակ այն գտնել հնարավոր չէր։ Մի անգամ միայն «Կոմպյուտեր ժամ»-ով պատմեցին ֆիլմի մասին ու դրվագներ ցուցադրեցին, որոնք ես ագահությամբ կլանում էի ու անգամ հաղորդման այդ թողարկումը ձայնագրել էի՝ պարբերաբար այդ դրվագները վերանայելով։ Դե իմ գրած-նկարածների մասին էլ չասեմ, տոննաներով մակուլատուրա էի արտադրում։
3. «Առանց դեմքի» (Face/Off, 1997)
Սա իմ սիրած մարտաֆիլմերից մեկն է։ Ու լավագույն մարտաֆիլմերից մեկն ընդհանրապես։ 90-ականների առանձնակի հմայիչ կողմերից մեկն այն էր, որ մենք հիմնականում դուրս էինք մնում կինոաշխարհի ակտիվ իրադարձություններից՝ ստանալով միայն վերջնական պրոդուկտը։ Ինտերնետի բացակայության պայմաններում սպասվող, արդեն նկարահանվող, էկրաններ բարձրացած ֆիլմերի մասին չնչին ինֆորմացիա էինք ստանում. ոչ մի ռեվյու, ոչ մի թրեյլեր, ոչ մի պաստառ։ Այս իրավիճակում նոր ֆիլմն իրոք անակնկալ էր, բացահայտում, ու ոչինչ չիմանալով հոլիվուդյան ներքին խոհանոցից, իրենցից անընդհատ հրաշքներ էիր սպասում։
Այդպիսի հրաշք էր լեգենդար Ջոն Վուի «Առանց դեմքի» մարտաֆիլմի դիտումը։ Տանը ավտոմեքենայի փոքրիկ սովետական սև ու սպիտակ հեռուստացույց ունեինք, ու ինչ որ շրջանում այն միայն իմն էր։ Ու քնելուց առաջ, արդեն անկողնում, ես այդ միկրոսկոպիկ հեռուստացույցով պարտադիր պիտի ինչ որ (ցանկացած) ֆիլմ նայեի։ Որպես կանոն, նայում էի Գորիսի կաբելայինով, որովհետև իրենք էին ամեն օր նոր կասետներ էին ճարում ու ցուցադրում։ Երբ էկրանին երևաց Paramount Pictures-ի լոգոն, հասկացա, որ հետաքրքիր է լինելու։ Բայց չէի էլ պատկերացնում, թե ինչ աստիճան հետաքրքիր կլինի։
Հաստատվելով Հոլիվուդում ու իրեն ցույց տալով որպես ոճային մարտաֆիլմերի վարպետ արդեն առաջին իսկ ֆիլմով՝ «Բարդ թիրախով» (Hard Target, 1993) Ջոն Վուն քարտբլանշ ստացավ մյուս խոշոր ստուդիայից՝ առաջին կարգի դերասանների, մեծ բյուջեի ու ոչ տրիվիալ սյուժեի տեսքով։ Պրոդյուսերներ Տերենս Չանգն ու Մայքլ Դուգլասը գիտաֆանտաստիկ այս մարտաֆիլմի ղեկը վստահեցին Վուին՝ հաշվի առնելով հերոսների ու անտագոնիստների զուգահեռ զարգացման նրա ֆիրմային մոտեցումը։ Վուն կրկին իր հոնքոնգյան ֆիլմերից բազում դետալներ բերեց՝ առանձնահատուկ շարմ հաղորդելով ֆիլմին։
Արդյունքում, «Առանց դեմքին» ուղղակի մարտաֆիլմ չէ։ Սա կաֆկայական պատմություն է գլխիվայր շրջված աշխարհի մասին։ Այստեղ երկու դերասան սկզբում խաղում են իրենց կերպարներին, տեղավորվում են այդ կերպարների մաշկի տակ, ինչից հետո փոխվում են տեղերով ու անում են դա այնքան համոզիչ, որ դու զգում ես՝ Ջոն Տրավոլտայի դիմակի տակ Նիկոլաս Քեյջի դեմքով Կաստոր Տրոյն է, իսկ Նիկոլաս Քեյջի դիմակի տակ՝ Ջոն Տրավոլտայի դեմքով Շոն Արչերը։ Ու երբ վերջինը սկսում է երրորդ շերտը բերել՝ փորձելով ընդօրինակել Տրոյին Տրոյի դիմակով, որի տակ Արչերն է, կինոդիտողի մոտ կարող է կոգնիտիվ դիսոնանս առաջանալ։
Վարպետորեն բեմադրված էքշնի մասին, կարծում եմ, խոսելն ավելորդ է։ Մոտորանավակների դրվագը այնքան դասական է, որ ցիտվում է ամեն երկրորդ հոլիվուդյան մարտաֆիլմում։ Սա ունիկալ գործ է, որն արդեն 23 տարի չի դադարում հիացնել։
4. «Մահացու մենամարտ» (Mortal Kombat, 1995)
Դժվար է առանց հուզվելու սրա մասին գրելը: Իմ ու այս ֆիլմի սիրո պատմությունը սկսվել է դեռ մինչև իր գոյության մասին իմանալը։ 1995թ-ի նոյեմբերի վերջին մեր տուն է այցելում հորեղբայրս ու իր հետ բերում է Super Nintendo խաղային կոնսոլը։ Կյանքում միայն Dandy տեսած սևանցի 13-ամյա երեխայի համար այդ կոնսոլն իր խաղերով, դրանց գրաֆիկայով, թվում են ինչ-որ ֆանտաստիկ, հեքիաթային մի բան։ Կարծես արդեն պատմել եմ, թե այդ երկու օրվա (որոնք կարծես քաղցր երազ լինեին) ընթացքում ինձ ինչ աստիճանի է ցնցում Donkey Kong Country լեգենդար պլատֆորմերը։ Բայց չեմ նշել, որ առկա քարթրիջների թվում էր մի ֆայթինգ, որը հավերժ փոխեց իմ կյանքն ու պատկերացումները հնարավորի ու անհնարինի միջև։
Պատկերացրեք մի բան, ինչն անգամ երևակայությունը մինչև վերջ զոռ տալու դեպքում չէիք կարող պատկերացնել։ Բազմապատկեք ձեր զգացածը հազարով, բացեք բերանը, չռեք աչքերը. մոտավորապես նույն բանն էի ես զգում, երբ Super Nintendo կոնսոլի վրա միացրեցին Mortal Kombat II-ն ու ջոյստիկը տվեցին ինձ, որ ես կառավարեմ էկրանի այն կողմ կռվող, լրիվ իրական մարդկանցից մեկին։ Ես անգամ քաշվում էի կոճակ սեղմելուց, որովհետև այն ամենն, ինչ ես տեսնում էի, իրական էր, նույնքան իրական ու շոշափելի, որքան դրսում մոլեգնող ձնամրրիկը։ Ու ես անվերադարձ սիրահարվեցի. դա առաջին անգամն էր, երբ ես իմացա լեգենդար ֆայթինգի մասին։
Անցավ որոշ ժամանակ։ Ես ուղղակի զառանցում էի վերոնշյալ երկու խաղերով, ու արդեն շատ հեռու ու այդքան անհասանելի հրաշք կոնսոլով։ Սովորական Dendy-ի խաղերը թվում էին պրիմիտիվ ու զզվելի, կարճ ասած՝ մարդու ապրել չէր գալիս։ Ու մի երեկո, լրիվ միամիտ, հեռուստացույցով (ռուսական երկրորդով) ցուցադրում են ֆիլմի գովազդ, որի հենց սկզբում քրմերը մտնում են տաճար ու կադրի հետևի ձայնն ասում է.
- Мы собрались здесь, чтобы сразиться в смертельном бою... (փշաքաղվեցի)։ Ու ես նայում եմ այդ հոլովակն ու զգում, թե ինչպես են ցցվում ծոծրակիս մարզերն ու էլեկտրական հոսանք է անցնում իմ միջով։ Ու, չնայած գովազդն ամբողջությամբ ռուսերեն է, այդ թվում՝ ֆիլմի անունը, ես արդեն կեսից վեցերորդ զգայարանով գիտեմ, որ վերջում երևալու է պաշտելի վիշապի էմբլեմը։ Սխալվելն անհնար է։ Սա այն նույն խաղի կինոն է։
Պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը։ Ինչ աստիճանի է բորբոքվում իմ մանկական երևակայությունը։ Հերիք չի՝ զառանցում եմ խաղով, պարզվում է՝ կինո էլ կա:
Մի քանի ամիս հետո, երկար սպասված VHS կասետը ճարվում է, դիտվում, հետո էլի, էլի, էլի, գնվում է լիցենզավորված տարբերակը լրացուցիչ նյութերով, հետո համակարգչային սրահներում ժամեր են անցկացվում MK3-ի շուրջ ու այդպես շարունակ։ Կոնկրետ այս ֆիլմի, իր երաժշտության, իր հետ կապված պատմության համար ես ներում եմ Փոլ Վ. Ս. Անդերսոնին թե Միլա Յովովիչի, թե Resident Evil-ը հարամելու համար։
5. «Կոնգո» (Congo, 1995)
Ներկայումս Lucasfilm-ի ղեկավար, իսկ նախկինում՝ Սթիվեն Սփիլբերգի Amblin Entertainment-ի ղեկավարներից Քեթլին Քենեդիի ամուսինը՝ Ֆրենկ Մարշալը, ոչ միայն իր կնոջ լավ գործընկերն էր պրոդյուսինգի ոլորտում, այլև բավականին հետաքրքիր ռեժիսոր, «փոքր Սփիլբերգ» (փոքր ոչ թե տարիքի, այլ տաղանդի առումով)։ Նա էր նկարել ցնցող «Կենդանի մնալը» (Alive, 1993) Անդերի լեռներում մնացած մարզիկների իրական պատմության հիման վրա, ովքեր ողջ մնալու համար ուտում էին իրենց մեռածներին, ինչպես նաև «Արախնոֆոբիա» (Arachnophobia, 1990) սարսափ ֆիլմը՝ հսկա ու թունավոր սարդերով։
«Կոնգոն», հիմնված Jurassic Park գրքի հեղինակ Մայքլ Կրայտոնի վեպի վրա, ժամանակին արժանացավ քննադատների գրեթե միաձայն բացասական արձագանքին, բայց կոնկրետ ինձ համար, 8 տարեկան հասակում այս արկածային հորրորը նայելն իսկական ցնցում էր։ Հիմա, իհարկե, ֆիլմը ոչ մի քննադատության չի դիմանում իր տափակ սյուժեի, Ինդիանա Ջոնս խաղալու թույլ փորձերի ու տախտակ կերպարների պատճառով, բայց 96-ին այն ինձ համար իսկական բացահայտում էր։ Ես այդ շրջանում ընթերցում ու վերընթերցում էի կենսաբան, Ջերսիի կենդանաբանական այգու հիմնադիր Ջերալդ Դարելի գրքերն այն մասին, թե ինչպես էր նա աֆրիկյան մութ ջունգլիներում տարօրինակ գազաններ բռնում։ Ու երազում էի նման ապագա ունենալու մասին։ Իսկ ֆիլմը տալիս էր այդ ամենը. խորհրդավոր ջունգլիներ, կորուսյալ քաղաք, զարհուրելի կապկանման հրեշներ ու իսկական հրաբուխ իսկական լավայով: Ինչպե՞ս կարելի էր չսիրահարվել այս ֆիլմին։
Պլյուս, այստեղ, թեև փոքր դերում, բայց կա Բրյուս Կեմպբելը։ Իսկ Կեմպբելի մասնակցությամբ ֆիլմը վատն անվանելը մահացու մեղք է։
6. «Ուրվականն ու խավարը» (The Ghost and the Darkness, 1996)
Պետրոս, 44 տարեկան, ծրագրավորող
Համոզվելու համար, որ կինոքննադատ Ռոջեր Էբերտն, ընդհանուր առմամբ, հիմար էր, ուղղակի նայեք, թե ինչ ցածր է նա գնահատել այս հիանալի ֆիլմը։ Չնայած, Էբերտի խոսքերը հիմք չեն, բայց իրոք վիրավորական է, երբ ինքնահավան սնոբերը կործանում են օբյեկտիվորեն ահագին լավ կինոն։
1898 թվական։ Արդյունաբերական ու տեխնոլոգիական, գիտական ու մշակութային հեղափոխությունների այս փուլում մարդկությունը պայծառ ու զարգացած ապագայի հեռանկարով փորձում է մտնել նոր դար։ Արևմտյան տեխնիկական լույսը՝ երկաթուղու տեսքով, իր սարդոստայնն է ձգում վերջին վայրի մայրցամաքում՝ Աֆրիկայում։ Բայց բնությունը ձեռնոց կնետի ամենակարող մարդուն՝ Ցավո գետի ափին իսկական արյունալի խնջույք կազմակերպելով։ Պետք է հասկանալ, որ իմ շատ սիրելի Սթիվեն Հոպքինսի այս արկածային թրիլլերը՝ համեմված հորրորի էլեմենտներով, հիմնված է իրականում տեղի ունեցած պատմության վրա։ Երեք մետրանոց մարդակեր առյուծների խրտվիլակները մինչև հիմա պահվում են Չիկագոյում։
Իհարկե, ֆիլմը դոկումենտալ ճշգրտությամբ չի պատմում տեղի ունեցածի մասին։ Օրինակ, որ առյուծները, չնայած արու էին, բայց բաշ չունեին։ Կամ որ նրանք մարդկանց ուտում էին ոչ թե որովհետև մարդու միսը դուրեկան է, այլ որովհետև իրենց տարածքում ուտելու ոչինչ չէր մնացել։ Սակայն իրական պատմությունը ոչ պակաս վախենալու էր, քան ֆիլմը։ Հոպքինսը նկարել է հնաոճ, արկածային ոգով լցված, սասփենսով ու հերոսությանբ լի ամուր կինո, որը անցած տարիներին չի հնացել ոչ մի րոպե։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ֆիլմի մասին ես սկզբում իմացել եմ գովազդներից։ Այն ժամանակ Екатеринбург Арт-ի կամ Концерн "Видеосервис"-ի լիցենզավորված VHS կասետները ոգեշնչման առարկա էին ոչ միայն տուփի (կինոյի նկարով ու անունով տուփի), այլև ֆիլմից առաջ ցուցադրվող կարճ կինոգովազդների համար, որոնց ընթացքում տվյալ ստուդիան հայտնում էր, թե ինչ այլ ֆիլմեր ունի թարգմանած, իսկ մեզ համար դա միակ միջոցն էր իմանալու, թե ինչ այլ неведомый ֆիլմեր կան։ Գովազդների մեծ մասը, իհարկե, աղբ էր (ֆիլմերն էին աղբ, բայց ոչ բուն հոլովակները, որոնցից ահավոր ոգևորվում էինք), բայց լինում էին գանձեր, որոնցից մեկը հենց «Ուրվականի ու խավարի» գովազդն էր։
Բուն ֆիլմը ես նայեցի ավելի ուշ, ոչ լիցենզավորված կասետով։ Հետո պարբերաբար ընկերոջիցս վերցնում էի վերանայելու։ Հատկապես տպավորվել էր երկու դրվագ։ Առաջինը՝ երբ մտնում են քարանձավ։ Հնչող երաժշտությունը մինչև հիմա գլխումս է։ Երկրորդը՝ եզրափակիչ մարտից առաջ, Պատերսոնի մղյավանջային արթնացումն ու այն, ինչ նա գտնում է դաշտում։ Մինչև հիմա հիշելուց արյունը երակներումս սառչում է։ Կարճ ասած՝ դու սխալ էիր, Ռոջեր Էբերտ։
Հ. Գ. Ֆիլմը նայելուց նորից ես հիշում, թե ինչքան են Մայքլ Դուգլասին սազում նման դերերը։ Նոստալգիա «Սիրավեպ քարի հետ» (Romancing the Stone, 1984) ֆիլմի մասին։ Համ էլ հիշում ես, որ փոքր ժամանակ երազում էիր Աֆրիկա գնալու, Ջերալդ Դարելի նման կենդանիներին ուսումնասիրելու ու սեփական կենդանաբանական այգի բացելու մասին։
7. «Մարտաֆիլմերի վերջին հերոսը» (Last Action Hero, 1993)
Գոհար, 41 տարեկան, վարսահարդար
Ես պաշտում եմ այս ֆիլմը։ 80-ականների մասկուլինային ոստիկանական մարտաֆիլմերին հրաժեշտ տալը նոր տասնամյակի նոր իրողությունների կոնտեքստում ծնեց պոստմոդեռնիստական բլոկբաստերի բացառիկ օրինակ, որին չդիմացավ կինոքննադատների նուրբ քիմքը, սակայն որը ժամանակի հետ վերածվեց կուլտային ֆիլմի։ Պրոֆեսիոնալ կինոքննադատները փրփուրը բերաններին զայրույթ էին արտահայտում առ այն, որ «Գիշատիչի» (Predator, 1987) ու «Կռու պոպոքի» (Die Hard, 1988) ռեժիսոր Ջոն Մակտիրնանը բավարար հարգանք չի ցուցաբերում դասական կինոյի հանդեպ ու հանդգնում է անգամ ծաղրել անմահ գործերը։
Իհարկե, ժամանակի հետ շատերը հասկացան, որ «Մարտաֆիլմերի վերջին հերոսը» աբսուրդային ու ծայրահեղ հիպերտրոֆիկացված, երգում է նախորդ տասնամյակին կինոթատրոնները լցնող ֆիլմերի կարապի երգը (նույն այն ֆիլմերի, որոնց շնորհիվ մեր սերունդն իմացավ, թե ինչ է հոլիվուդյան մարտաֆիլմն ընդհանրապես)։ Ու երբ Արնիի, Սլայի, Վան Դամի ու Չակ Նորիսի ֆիլմերի, VHS-ի ու տեսավարձույթների վրա մեծացած սերունդը նայեց Մակտիրնանի այս ֆիլմը, նրանք (մենք) հասկացան (ք), որ սա ֆիլմ է առաջին հերթին հենց մեր մասին, մեր մանկության, մեր հերոսների ու այդ հերոսների նկատմամբ մեր վերաբերմունքի մասին։ Սա հենց այն է, ինչ պատկերացնում էի 9-ամյա ես՝ երազելով հայտնվել Արնիի հետ միևնույն ֆիլմում։ Ահա թե ինչու հենց մեր սերնդի համար այս «կլիշեավորված» շեդևրը հարվածում է հենց այն լարերին, որոնց պետք է։ Երբ կինոքննադատները լպստում էին «Քունգ Ֆյուրին» (Kung Fury, 2015), լրիվ անարդար էր նրանց կողմից «Մարտաֆիլմերի վերջին հերոսին» հալածելը։
Ֆիլմի մասին առաջին անգամ իմացա ինչ որ առավոտյան հեռուստահաղորդման ընթացքում, երբ փոքրիկ ռեպորտաժում ցույց տվեցին կտոր առաջին դրվագից, որում Դեննին հայտնվում է Ջեյք Սլեյթերի կաբրիոլետում, ու իրենց հետապնդում են։ Հետո NES-ի ահագին անհաջող խաղն էր, որը չեմ էլ անցել։ Հետո նոր ստացվեց ամբողջությամբ նայել այս հրաշքը։ Ասել, որ տպավորված էի, կնշանակի ոչինչ չասել։ Ու դրանից հետո պարբերաբար վերանայում եմ։ Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։
8. «Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park, 1993)
Ռուբեն, 43 տարեկան, տաքսու վարորդ
Եթե ես ասեմ, որ Սթիվեն Սփիլբերգն ինձ մանկություն է նվիրել, խաբած չեմ լինի, բայց լրիվ ճշմարտությունն էլ ասած չեմ լինի։ Ավելի ճշգրիտ կլինի ասել, որ Արթուր Կոնան-Դոյլն իր «Կորուսյալ աշխարհով» ու Սփիլբերգն իր «Յուրայի դարաշրջանի այգիով» ինձ մանկություն են պարգևել։ Սկզբում «Կորուսյալ աշխարհն» էր իր պատկերազարդումների ու տեքստի տեսքով, հետո՝ կրկնակի ցնցումն ինֆորմացիայից, որ գոյություն են ունեցել դինոզավրեր ու որ դրանք գոյություն են ունեցել ԻՐԱԿԱՆՈՒՄ։
Իմ «դինոմանիան», ինչպես մեր սերնդի շատ ու շատ երեխաների մոտ, շատ խորը արմատներ ունի։ Նախ, մեր մանկության ժամանակ դինոզավրերը միաժամանակ շատ պոպուլյար էին (մերսի բրիտանացիներին ու իրենց «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» (One Million Years B.C., 1966) ֆիլմին) ու խորհրդավոր, անհասանելի։ Հիմա են նրանք ինֆորմացիայի առատության ժամանակներում տրիվիալացել, իսկ մեր մանկության օրերին դինոզավրի մի պատկերը, դրանց մասին մի կտոր տեղեկությունը քաշով մեկ ոսկի էին ու ցնցում էին երևակայությունը (հիշում եմ, ինչպես էի ժամերով նայում «Մանկական հանրագիտարանում» հնագույն սողունների հրաշալի իլյուստրացիային)։ Ու սա ստեղծել էր պարարտ հող համընդհանուր «դինոմանիայի» համար, մենք ապրում ու շնչում էինք դինոզավրերով, կարդում, նկարում, հորինում նոր, ավելի մեծ ու ավելի գիշատիչ տեսակներ, անգամ պատմում քաղաքային լեգենդներ (Սևանա լճի հրեշի լեգենդը հենց այդ ժամանակից էր)։
Հուսով եմ՝ այս նախաբանը ձեզ հուշեց, թե ինչ մշակութային շոկ պիտի ապրեր 12 տարեկան պատանին «Յուրայի դարաշրջանի այգին» առաջին անգամ նայելուց։ Բայց ես այդ ժամանակ տեսել էի ոչ թե ամբողջ ֆիլմն, այլ փոքրիկ, մի քանի վայրկյան տևողությամբ հոլովակ, որում Ալան Գրանտն ու երեխաները վազում էին՝ փախչելով գալիմիմուսների երամից։ Բայց այդ ժամանակ այդքանն էլ բավական էր։ «Դինոմանիան» էլ ավելի սրվեց։ Հետո, 1996-ին ես նայեցի Aladdin մուլտսերիալի էպիզոդներից մեկը, որտեղ հերոսներին հետապնդում էր ահռելի տիրանոզավր ռեքսը։ «Դինոմանիան» հասավ գագաթնակետին, անգամ գրքերից դինոզավրերի նկարները սկսեցի կտրել ու սոսնձով կպցնել իմ անձնական ալբոմի մեջ։
Բուն «Յուրայի դարաշրջանի այգու» դիտումն ինձ համար բաղկացած էր մի քանի փուլից։ Առաջին փուլում, սև ու սպիտակ հեռուստացույցով միամիտ բռնացնում եմ ֆիլմի երրորդ ակտը ու ահավոր վատ, գրեթե չերևացող պատկերով նայում։ Իհարկե, դա ինձ չի խանգարում ուղղակի նվվալ հիացմունքից։ Երկրորդ փուլում «Կոմպյուտեր ժամ» հաղորդաշարի վերջում մոտ 3-4 րոպեանոց ռեպորտաժ է ֆիլմի հատուկ էֆեկտների մասին. հենց այդ ժամանակ եմ ես նորմալ տեսնում Տիրանոզավր ռեքսին ու խելակորույս լինում, թե ինչպես էր հնարավոր իրական տիրանոզավր բերել ու նկարել ֆիլմում։ Վերջապես, երրորդ փուլով, ես Երևանի ՑՈՒՄ-ից գնում եմ VHS-ը, որի վրա գրված էր ФИЛМ ДИНАЗАВРВ СПИЛБЕРГ ու վերջապես նայում։
Նկարագրել իմ զգացմունքները ֆիլմը ծայրից ծայր Վոլոդարսկու թարգմանությամբ նայելիս, ես անկարող եմ։ Ոչ մի լեզվում չկան համապատասխան բառեր։ Բայց վերևում նկարագրվածից հետո ինքներդ կարող եք պատկերացնել։
Արմեն, 40 տարեկան, հեռուստաօպերատոր
Այս հորրորի մասին մի քանի անգամ էլի եմ գրել։ Ինձ զարմացրեց, որ քչերն են ֆիլմը նայել, մանավանդ, որ անգամ հիմա ինքը կարող է համ վախեցնել, համ զարմացնել։ Ամերիկացի ռեժիսոր ու օպերատոր Պիտեր Հայամսի (ով նկարել էր Կուբրիկի լեգենդար «2001 թվականի տիեզերական ոդիսականի» (2001: A Space Odyssey, 1968) սիքվելը) ֆիլմի հիմքում Լինքոլն Չայլդի ու Դագլաս Փրեսթոնի գիրքն է, որն էլ խուզարկու Ալոյսիս Պենդերգաստի մասին գրքաշարի գրքերից մեկն է (գրքերից երկուսը կարդացի հետագայում, ու ասեմ, կարդալուց կարելի է Չինական պատ շարել): Բուն ֆիլմում Պերնդերգաստը չկա, բայց կա Վինսենթ Դ՛Ագոստան՝ գրքաշարի մյուս հերոսը։ Ու առկա է ուղղակի աննկարագրելի շքեղության մի հրեշ, հռչակավոր Սթեն Ուինսթոնի ստեղծածը, որը ֆիլմի դիտումից հետո դեռ երկար ժամանակ այցելում էր մղձավանջներում։
Մի անգամ, կարծեմ, պատմել եմ, որ առաջին անգամ ֆիլմը կիսատ ու ահավոր վատ որակով միամիտ բռնացրել էի Գյումրու կաբելային ալիքով, ինչից հետո մի քանի շաբաթ նույն ալիքի աշխատակիցներից խնդրում էի (իհարկե, ոչ անվճար) ձայնագրել այն VHS-ի վրա։ Ու վստահ էի, չգիտեմ ինչու, որ դա «Օտար 3» (Alien 3, 1992) ֆիլմն է։ Արդյունքում, նպատակիս հասա։
«Բրածոն» մռայլ, դաժան, արյունոտ, տեղ-տեղ վախենալու, երբեմն՝ ահավոր հիմար, բայց լրիվ 90-ականների ծնունդ հորրոր է, մի քիչ միֆոլոգիայով, մի քիչ շամանիզմով, որը, չնայած գրքում տեղ գտած գաղափարները չի կարողացել ռեալիզացնել, այդուհանդերձ՝ դժվար է անվանել վատ էկրանավորում։ Ու, քանի որ ֆիլմը ես նայել էի գիրքը կարդալուց մոտ մեկ տասնամյակ առաջ, անգամ համաձայն լինելով, որ գիրքը մի քանի գլուխ ավելի լավն է, ես ֆիլմը շարունակում եմ սիրել։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս նայել, եթե բաց եք թողել։
10. «Վիշապի սիրտը» (Dragonheart, 1996)
Տաթև, 38 տարեկան, իլյուստրատոր
«Օսկար 1997»-ի ընթացքում «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում ներկայացված էր երեք ֆիլմ, որոնցից առաջին երկուսը արդեն նայել էի. «Անկախության օրը», «Պտտահողմն» ու «Վիշապի սիրտը»։ «Օսկարը», բնականաբար, տարան ահռելի այլմոլորակային տիեզերանավերը, բայց անվանակարգը ներկայացնելու մի քանի վայրկյանների ընթացքում ինձ զարմացրեց ահավոր իրական վիշապը։ Ու ես որոշեցի, որ ֆիլմն անպայման պետք է նայվի։
Կինոն ես նայեցի մի փոքր ավելի ուշ, VHS կասետն ինչ-որ հրաշքով հայտնվեց ինձ մոտ։ Ու այո, Ռոբ Քոենը հիմա է վերածվել էժանագին թռեշ նկարողի, իսկ 90-ականներին նա շատ ամուր ձեռք ունեցող, լավ արհեստավոր էր, ում վստահում էին խոշոր ու թանկարժեք նախագծեր։ Ու «Վիշապի սիրտը» իննը տարեկան երեխայի համար հարյուր տոկոսանոց աշխատող կինո է իր ամեն ինչով. այստեղ ուղղակի աննկարագրելի Դեյվիդ Թյուլիս է, ու վիշապ, որը «կարող է լիարժեք տեղ զբաղեցնել ցանկացած երեխայի երևակայության գազանանոցում»։ Իսկ ֆինալին, այո, ես լացել եմ, որովհետև ինքը շատ հուզիչ էր, իսկ ես երեխա էի։
Նույն այդ ժամանակ ես նայել էի Մել Գիբսոնի «Խիզախ սիրտը» (Braveheart, 1995), որն ինձ կոնկրետ սպանել էր, ու, ինչպես միշտ, «Վիշապի սրտից» ոգեշնչված, միքսելով վիշապների մասին կախարդական ֆենթեզին գիբսոնյան ֆիլմի հետ, ես սկսեցի անխնա ստեղծագործել. գրել փոքրիկ պատմություններ ու դրվագներ, նկարել տարբեր չափերի ու ձևի վիշապներ, կարճ ասած՝ սովորականի նման։ Իսկ կինոն շատ լավն է, անպայման նայեք։
11. «Անկախության օր» (Independence Day, 1996)
Վաղուց, շատ վաղուց, երբ խոտը դեռ կանաչ էր, երկինքը՝ կապույտ, իսկ Հոլիվուդի գլխավոր գիգանտոման Ռոլանդ Էմմերիխն ու իր համահեղինակ և բոյֆրենդ Դին Դեվլինը դեռ միասին էին, Էմմերիխը դեռ չէր սկսել երկրորդ կարգի բիգբադաբումեր նկարել, իսկ Դեվլինը չէր նկարել զզվելի «Գեոփոթորիկը» (Geostorm, 2017)... Կարճ ասած, «Աստղային դարպասների» (Stargate, 1994) փառահեղ ժամանակներում Էմմերիխն ու Դեվլինը որոշեցին բացատրել Սթիվեն Սփիլբերգին, որ եթե տեխնոլոգիապես մեզ զգալիորեն գերազանցող այլմոլորակայինները գան Երկիր, նրանք, վստահաբար, փափլիկ ու բարի չեն լինելու, այլ կհիշեցնեն ավելի հին ու ավելի բարի ժամանակները, երբ իսպանացիք հայտնաբերեցին Նոր աշխարհը…
Վերոնշյալը՝ Սփիլբերգի ու այլմոլորակայինների մասին, Էմմերիխն ու Դեվլինն ասացին հեռավոր 1996թ-ին՝ Սերգեյ Շոլոխովի հեղինակային Тихий дом հաղորդման ժամանակ, որն այն ժամանակ կինոյի մասին ինֆորմացիա քաղելու իմ հազվադեպ աղբյուրներից էր։ Այդ ժամանակ ես ոչ գիտեի ով է Էմմերիխը, ոչ տեղյակ էի, ինչ է նկարել, բայց ինձ տպավորեցին թե բառերը, ու թե այն, որ ինչ-որ մեկը ռիսկ է անում մատ թափ տալ մեծն Սփիլբերգի ուղղությամբ։ Դա առաջին անգամ էր, երբ ես լսեցի «Անկախության օրվա» մասին, որը հետո դառնալու էր ինձ ու իմ կյանքը փոխած ֆիլմերից մեկը։
Նույն 96-ին, այն ժամանակվա կանոնիկ ու ճշմարիտ «Կոմպյուտեր ժամ» հաղորդաշարի վերջում (որը ես պաշտում էի) Բագրատ Սարգսյանը ավանդաբար ներկայացնում էր հերթական հոլիվուդյան հրաշքի հատուկ էֆեկտները։ Ու հենց այդ ժամանակ ես առաջին անգամ տեսա դրվագներ «Անկախության օրվանից»։ Անհնար է նկարագրել այն, թե ինչ ես զգում ինչ-որ բան կյանքում առաջին անգամ տեսնելիս։ Հիմա դա նկարագրելն առավել բարդ է, որովհետեւ ինֆորմացիայի առատության պարագայում դժվար է մարդուն զարմացնել։ Իսկ այն ժամանակ, ահռելի թռչող ափսեները, պայթող շենքերը, հսկա մասշտաբներն ու հեղափոխական հատուկ էֆեկտները հուզել էին անգամ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, էլ ո՞ւր մնաց 14 տարեկան, տպավորվող երեխայի։ Ընդ որում, ինքը՝ Սարգսյանը, չէր խորշում ներկայացնելու ընթացքում չափազանցություններից՝ ավելի գրգռելով երևակայությունը, ասելով, որ ֆիլմի բյուջեն կազմել է 600 միլիոն դոլար (իրականում, ֆիլմի բյուջեն 75 միլիոն է, բայց այն ժամանակ լրիվ 600 միլիոնի տեսք ուներ):
Բուն ֆիլմը նայեցի մեկ, թե երկու ամիս հետո՝ Հայաստանի առաջին ալիքով։ Ինչը հատկանշական է, ֆիլմի ցուցադրությունից առաջ ինչ-որ կին նախազգուշացնում էր, որ դա ընդամենը ֆիլմ է, ու, չնայած այն պատմում է աշխարհի վերջի մասին, տեղի ունեցողն իրական չէ։ Պատկերացնո՞ւմ եք։
Ֆիլմի մասին բան չեմ ասի, բոլորդ էլ նայել եք։ Բայց դիտումից հետո ես դեռ երկար ժամանակ օդերում էի։ Այդ ժամանակներում արդեն եռացող դինոզավրոմանիային էր միացել նաև UFO-մանիան, այլմոլորակայիններն իմ երևակայության մեջ շարունակում էին հարձակվել ավելի ու ավելի մեծ նավերով։ Բնականաբար, դա ուղեկցվում էր թեմատիկ ֆանֆիկեր գրելով ու նկարելով, որոնք հետո շատ հատումներ ունեին ֆիլմի իրական սիքվելի հետ (ինչի համար Էմմերիխին դեռ դատի չեմ տվել, բայց պատրաստվում եմ)։
12. «Ժայռը» (The Rock, 1996)
Հավատս չի գալիս, բայց կար ժամանակ, երբ Մայքլ Բեյը կարգին կինոներ էր նկարում: Դա մոտ 30 տարի առաջ էր, երբ Բեյը համագործակցում էր Disney-ի հետ, նկարում թանկարժեք մարտաֆիլմեր R ռեյթինգով, ուներ չափի ու ճաշակի զգացում, նրա համար անգամ ջանք էր թափում անձամբ Սըր Շոն Քոներին: Է՜խխխ: Ինչ ժամանակներ էին: Բեյի ուղեղը դեռ չէր խոցել չարորակ բիգբադաբոման, նա երիտասարդ էր, առույգ, մեծ հեռանկարներով, իսկ «Տրանսֆորմերների» (Transformers, 2007) ու Սփիլբերգի ուրվականները դեռ հորիզոնին չէին էլ նշմարվում:
«Ժայռն» ընդհանրապես 90-ականների լավագույն մարտաֆիլմերից մեկն է: Առաջին դիտումն ինձ վրա այնպիսի ուժեղ տպավորություն էր թողել, որ ես բառի բուն իմաստով օդերում էի: Բայց դրա մասին՝ մի փոքր հետո: «Ժայռն» ունի գրեթե իդեալական դերասանական կազմ, ջերմամիջուկային քիմիա Քեյջ-Քոների խարիզմատիկ զույգի միջև, փառահեղ չարագործ, ում ապրումակցում ես, աննկարագրելի էքշն. հնարամիտ, երբ ամեն հաջորդ գործողությունն ունիկալ է ու հիշվող, երբ ամեն ինչ մանրամասն տեսնում ես, ոչ թե ինչպես Բեյի ուշ ֆիլմերում՝ պայթյուն, պայթյուն, պատռված արագ մոնտաժ, որի արանքում ինչ-որ բան տեսնելու համար պետք է մի հինգ անգամ դանդաղեցնես: Վերջապես, «Ժայռում» կա Մայքլ Բիեն։ Իսկ ես պաշտում եմ Մայքլ Բիենին: Պլյուս՝ Դեյվիդ Մորսը, ում ես մինչ այդ տեսել էի միայն ինձ ահավոր տպավորած «Լանգոլիերները» (The Langoliers, 1995) մինի սերիալում:
«Ժայռը» հրաշալի է նաև դրամատուրգիայի առումով, ինչը հազվագյուտ երևույթ է մարտաֆիլմի համար: Զարմանալի չի, որովհետև սցենարի վրա աշխատել են անգամ Քվենտին Տարանտինոն ու Աարոն Սորկինը (չնայած տիտրերում չեն նշվում), չարագործների մոտիվացիան ընկալելի է, իսկ Քոներիի կերտած կերպարը՝ շատ թունդ: Կար ժամանակ, երբ պրոդյուսեր Ջերի Բրուկհայմերը գումար չէր խնայում R ռեյթինգով որակյալ բլոկբաստերի համար, դա այն ժամանակներն էին, երբ դեռ ողջ էր նրա գործընկեր Դոն Սիմպսոնը (ում հիշատակին էլ նվիրված է ֆիլմը):
Վերջապես, մի քանի բառ առաջին դիտման մասին: Ես էդ ժամանակ տառապում էի «Անկախության օր»-ացավով, որը դեռ չէի նայել, բայց «Կոմպյուտեր ժամ» հաղորդաշարով դրվագներ էի տեսել: Հիշում եմ, հեռուստացույցով ինչ-որ ուրիշ հաղորդում էր, որում ինչ-որ հիթ-շքերթ էր. դրա երկրորդ տեղում «Ժայռն» էր, առաջինում՝ «Անկախության օրը»: Այդ ժամանակ ուղղակի ինձ համար նշեցի, որ նման կինո կա: Տարօրինակ զուգադիպությամբ՝ «Ժայռի» հետ կապված երկրորդ դրվագը կրկին առնչվում էր «Անկախության օրվան». վերջինիս հեռուստատեսային պրեմիերայի օրը, որը պետք է փոխեր իմ ամբողջ կյանքը, ֆիլմի ցուցադրության անհամբեր սպասումների մեջ փոխում էի ալիքներն ու հանդիպեցի «Ժայռը»՝ կեսերից: Մի քանի րոպե նայեցի ու փոխեցի՝ առանձնապես չխորանալով, որովհետև լրիվ այլ բան էր հետաքրքրում:
Բուն դիտումը տեղի ունեցավ ավելի ուշ՝ VHS կասետով: Ասել, որ ես տպավորված էի, ցնցված, կնշանակի՝ ոչինչ չասել: Ու սկսեցի հորինել իմ սեփական Ալկատրասները՝ ավելի մեծ ու ավելի անթափանց:
13. «Տերմինատոր 2. Դատաստանի օր» (Terminator 2: Judgment Day, 1991)
Սյուզաննա, 41 տարեկան, կենսաբան
Այս ֆիլմի մասին, երևի, ընդհանրապես կարելի էր ոչինչ չգրել, միայն անվանումը։ Սա ոչ միայն կինոֆանտաստիկայի դասական գործ է, այլև տեխնոլոգիական բեկում ընդհանրապես կինոինդուստրիայում։
Առաջին ֆիլմը՝ «Տերմինատորը» (The Terminator, 1984), ինձ համար ուղեկից էր դեռ վաղ մանկությունից, 80-ականների վերջերից, երբ մեր տանը հայտնվեց սովետական Электроника տեսամագնիտոֆոնն ու դրա հետ՝ VHS ժապավեն երկու ֆիլմով՝ «Կոմանդոն» (Commando, 1985) ու «Տերմինատորը»․ հենց այդ ժամանակ ես առաջին անգամ տեսա Առնոլդ Շվարցենեգգերին։
«Տերմինատորը», որն իմ ու շատերի կարծիքով լավագույնն է ֆրանշիզում, ահռելի ազդեցություն է թողել իմ ձևավորման, աշխարհայացքի ու երևակայության վրա։ Սիքվելը, որպես շարունակության իդեալական օրինակ, թեև ինձ համար զիջում է օրիգինալին, սակայն ինքն իրենով կատարյալ գիտաֆանտաստիկայի հրաշալի օրինակ է։ Ավելին, սա ոչ միայն գիտաֆանտաստիկայի, այլ, ընդհանրապես, բլոկբաստերի իդեալական օրինակ է․խելացի, լարված, օրիգինալ ու հետաքրքիր սյուժե, խարիզմատիկ ու ծավալուն կերպարներ, որոնք սյուժեի ընթացքում զարգացում են ապրում, հնարամիտ ու այն ժամանակվա համար ուղղակի աննկարագրելի էքշն, որը հիացնում է անգամ 30 տարի հետո։
Օրիգինալը ցնցող ու հրաշալի էր իր մռայլությամբ ու անելանելիության մթնոլորտով, սասփենսով ու կերպարների էմոցիոնալ աճով ու ապրումակցումով, իսկ երկրորդը փառահեղ է իր մասշտաբներով, սյուժետային խաղերով ու էքշնով, ու Ջեյմս Կեմերոնի կողմից շատ ճիշտ որոշում էր՝ սիքվելում օրիգինալի մռայլ տոնայնությունն ավելի մասշտաբային էքշն տոնայնությամբ փոխելը, ինչպես նա դա արել էր «Օտարների» (Aliens, 1986) դեպքում։ Ու եթե «Օտարների» դեպքում «Օտարի» (Alien, 1979) իրական երկրպագուները (այդ թվում՝ ես) շարունակում են հայհոյել Կեմերոնին կանոնը հարամելու համար, ապա երկրորդ «Տերմինատորի» պարագայում կանոնը մնաց կուռ ու անթափանց, ի տարբերություն դրանից հետո ծնված շարունակությունների։ Տոնայնությունը փոխվեց այնքան խելացի ձևով, որ առաջինի չարագործը լրիվ օրգանապես ընկալվեց որպես գլխավոր հերոս՝ փոխարինվելով էլ ավելի սարսափազդու չարագործով։
Կարճ ասած՝ նայեք երկրորդ «Տերմինատորի» կինոթատրոնային տարբերակն, ինքը լավագույնն է, բայց կարող եք նայել նաև ռեժիսորականը, ինքը ունի խնդիրներ, բայց էլի հրաշալի է։ Ու հիշեք, որ երկրորդ ֆիլմից հետո ամեն ինչ աղբ է։ Ես «Տերմինատոր 2. Դատաստանի օրն» առաջին անգամ նայեցի, եթե չեմ սխալվում՝ 92-ին կամ 93-ին՝ «Երրորդ ալիքով»։ Ընդ որում, ինչը զարմանալի էր, ցուցադրեցին ոչ թե Արտավանդ Եղոյանի անկրկնելի թարգմանությամբ, այլ ռուսերեն։ Ֆիլմը, բնականաբար, ձայնագրվեց հեռուստացույցից կասետի վրա (որովհետև մինչև ցուցադրությունը անընդհատ օրվա ընթացքում գովազդում էին, որ շուտով ցույց են տալու «Կիբորգ ուբիյցայի» շարունակությունը, իսկ ես այդ կիբորգին շատ լավ գիտեի) ու հետո նայում էի շաբաթական մի քանի անգամ։
14. «Դիմակը» (The Mask, 1994)
Ես անգամ չգիտեմ, թե ինչ կարելի է գրել այս ֆիլմի մասին, ինչը դուք հազար անգամ լսած չեք լինի։ Որ սա վարձույթային ռումբ էր, երբ ոչ շատ մեծ բյուջե ունեցող ֆիլմը ապահովեց հսկայական եկամուտներ ու արժանացավ քննադատների ու կինոդիտողների ջերմ ընդունելությանը։ Որ բավականին սովորական ռեժիսոր Չակ Ռասելը հանկարծ իր մոտ ստեղծագործելու կարողություն բացահայտեց ու Dark Horse Comics-ի պոստմոդեռնիստական կոմիքսը գրեթե իդեալական տեղափոխեց էկրաններ։ Որ վիզուալ էֆեկտների մասնագետներն աներևակայելի աշխատանք ու հերոսություն դրսևորեցին՝ համակարգչային գրաֆիկան բարձրացնելով մինչ այդ անհասանելի թվացող մակարդակի։ Որ խելացի կատակերգություն հասկացությունը կրկին հայտնվեց 90-ականների մեյնսթրիմում։
Միգուցե այս ֆիլմը բեկումնային էր նրանով, որ վերջապես աշխարհը լիարժեք տեսավ Ջիմ Քերիի տաղա՞նդը, որի տարբեր դրսևորումները հետագայում նրանից կպահանջեն պրոդյուսերներն ու որը հաճախ կխանգարի նրան իր կարիերան կառուցել նաև լուրջ դրամատիկական դերերով, քանի որ նա միաժամանակ շատ տաղանդավոր դրամատիկ դերասան է։ Մարդ էլ կա, կասի «Դիմակը» կարևոր էր նրանով, որ աշխարհը ճանաչեց Կեմերոն Դիասին։
Ամեն ինչ էլ կարելի է ասել։ Բայց իրականությանը այն է, որ ամեն մեկն ունի իր «Դիմակը», ոչ թե դիմակի, այլ ֆիլմի իմաստով։ Մեզանից ամեն մեկն այս ֆիլմը դիտել է առաջին անգամ իր կյանքի ինչ-որ փուլում, ու դա եղել է ամենավառ կինոդիտումներից մեկն, այլապես ֆիլմը կադր առ կադր ցիտատների չէր բաժանվի։
90-ականների կեսերը բավարար ծանր ժամանակներ էին, ու հաճախ կինոն մեզ սկզբում հասանելի էր դառնում միջնորդավորված։ Օրինակ, ընկերներից մեկը բարեկամի տանը նայում էր ֆիլմը, սպունգի նման ներքաշում ամբողջ տպավորությունն ու հետո այն մանրամասն պատմում իր ընկերներին։ Ընդ որում, պատմում էր այնպես, որ ոչ մի տարբերություն՝ լսելու ու իրականում նայելու միջև։ Հենց այդպես ես առաջին անգամ ֆիլմի մասին իմացա (ֆիլմը «նայեցի») իմ մանկության ընկերոջ պատմածով։ Հատկապես տպավորել էր «սրա վրա մի մագազին կրակում են, էսի պուլեքը ներս ա քաշում ու բերանով դը-դը-դը-դը-դը» պահը։
Հետո ինչ որ հաղորդման ժամանակ դրվագ էի տեսել, որում Սթենլիի ալտեր էգոն հսկա մուրճով հետապնդում է զարթուցիչին։ Այդ դրվագից իմ մոտ մշակութային շոկ էր։ Դա հիմա ոչ ոքի ոչնչով չես զարմացնի, իսկ այն տարիներին ամեն ինչ նոր էր ու ամեն նոր բան առաջին անգամ էր թե ընկալման, թե նախադեպի իմաստով։ Իսկ հետո նայեցի իմ «Դիմակը»։ Ամբողջությամբ։ Դա աննկարագրելի էր։ Խորհուրդ եմ տալիս։
15. «Ցնցումներ» (Tremors, 1990)
Գայանե, 39 տարեկան, մաթեմատիկայի ուսուցչուհի
Օ՜, այս ֆիլմի առաջին դիտումն ինձ համար իսկական մշակութային շոկ էր։ Մոտավորապես նույն սրբազան երկյուղն են ապրել հին մայաները՝ զինված կոնկիստոդորներին տեսնելուց հետո։ Սկսենք նրանից, որ սկզբում ֆիլմը ոչ թե նայել եմ, այլ դրա մասին ինձ պատմել են։ Այն, որ մութն ընկնելուն պես խաղերը թողնում էինք ու հավաքվում՝ իրար սարսափելի պատմություններով վախեցնելու։ Նման մի հավաքներից մեկի ժամանակ մեր ընկերներից մեկը պատմեց ֆիլմի մասին, որում գետնի տակով շարժվող հրեշները մարդկանց են խժռում, անգամ ավտոմեքենաներով։ Ու մի դրվագ կա, որ գետնին ընկած գլխարկը բարձրացնում են, ու տակը մարդկային դեմք է։ Մնացած ամեն ինչ կերել են, մնացել է դեմքը:
Պատմությունն այնքան տպավորիչ ու վառ էր, որ երբ հեռուստացույցի ալիքները փոխելիս հանդիպեցի դրվագը, որում ինչ որ բան ներքև է քաշում ավտոմեքենան, իսկույն հասկացա, թե որ ֆիլմն է։ Դրան հաջորդեց փոքր կոնֆլիկտ տնեցիների հետ, ովքեր ուզում էին հնդկական «Վրեժի ծարավը» (Khoon Bhari Maang, 1988) նայել, ու ես արդյունքում ավտոմեքենայի միկրոսկոպիկ սև ու սպիտակ հեռուստացույցով, որը անընդհատ խոտաններ էր բերում, առանձնացա սենյակում ու, չնայած կեսից, բայց լիովին վայելեցի այս հորրոր գլուխգործոցը։
Մշակութային շոկ էր։ Այն աստիճան, որ սկսել էի հավատալ գրաբոիդների գոյությանը։ Այն աստիճան, որ ընկերուհուս հետ բարձրացել էինք բեռնատարի վրա ու լուրջ տեսնում էինք, թե ինչպես է «գետինը շնչում»՝ պատրաստ ամեն վայրկյան խժռել մեզ։ Տարիներ հետո նայեցի երկրորդը, որը կրկին լավն էր, բայց առաջինի ազդեցության անգամ չնչին մասը չունեցավ։ Էպոխալ կինո էր։