#cinéPAN
March 3

Ղուկասավանցի Չղջոն, Կապիտան Արմենն ու Անհավատալի Հայկը. AI-ը հորինում է հայտնի ֆիլմերի հայկական տարբերակները  

Օրերս OpenAI ընկերությունը ներկայացրեց իր Sora նեյրոցանցը, որը կարողանում է տեքստային հարցումը վերածել բարձրորակ տեսանյութի։ Մի քանի տարի հետո ցանկացած մարդ կկարողանա ստանալ իր երազանքների կինոն` գեներացված նեյրոցանցի կողմից։ Իսկ մինչ այդ, արդեն գոյություն ունեցող գործիքները թույլ են տալիս նայել մարդկային գիտակցությունից այն կողմ` դեպի մեքենայական միտք ու մեքենայական երևակայություն։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Իսկ ի՞նչ, եթե նեյրոցանցերին վստահենք հայտնի ֆիլմերի հայկական տարբերակներ հորինելը. PAN-ը փորձել է դա անել, տեքստի հարցում, իհարկե, մի փոքր օգնելով։ Բայց նկարներն ու տեքստի զգալի մասը հեղինակել է նեյրոցանցը։ Ստացվել է տարօրինակ, երբեմն` ծիծաղելի, երբեմն` բացահայտ քրինջային, նաև` սյուռեալիստիկ տեքստ։

Սկսենք սուպերհերոսներից։ Չղջոն` սովորական կյանքում շարքային օլիգարխ Բորիս Ուեյնալյանը, պատգամավոր է, ով երբեք հարց չի տալիս կառավարությանը, որովհետև իշխող ուժից է, ունի սուպերմարկետների ցանց, առևտրի կենտրոններ ու պաչևնիկի գործարան, վարում է «Մայբախ», որի համարներն ավելի թանկ են, քան Հյուսիսային պողոտայի պենթհաուսը, որը նրա բազմաթիվ անշարժ գույքերից մեկն է։ Կարճ ասած,  ցերեկները Բորիսը նորմալ տղա է։

Կադր «Չղջոյի Վերածնունդը» ֆիլմից

Բայց գիշերը նա դառնում է Չղջո` պայքարելով Երևանում հանցավորության` աղջիկների հետևից ռեպլիկներ թողնող տղեքի, Օպելով Արշակունյացով սլացող ջահելների, ՀԴՄ կտրոնը չխփող աշխատակիցների դեմ։ Չղջոն կանգնած է օրենքի կողքին, որպես օրինականության մութ ասպետ։

«Չղջոյի օրրանը» ֆիլմի պրոմո պաստառը

Հայկական կինոկոմիքսներից կարելի է առանձնացնել նաև Կապիտան Արմենի ու Անհավատալի Հայկի մասին ֆիլմաշարը։ Բնագետ Արմեն Ստեփանի Ռոջոյանը ծնվել է 19-րդ դարավերջին, բայց Ամասիա այցելության ժամանակ մնացել է սառույցներում ու հայտնաբերվել միայն 21-րդ դարում։

«Վարկառուները». Հնդիկ Սուպերմենի առկայությունը մեզ համար անբացատրելի է

Իսկ Բագրատ Բենյամինյանն աշխատում էր Մեծամորի ատոմակայանում, ու սիրում էր մոտակա ձկնաբուծարանում աճեցված իշխան, որովհետև ձկներն այստեղ զարմանալիորեն խոշոր էին։

Ձախից` աջ. Ժեշտը, Կույս Արմինեն, Կապիտան Արմենը, Անհավատալի Հայկը, Չուգունն ու Լատունը

Բագրատի մարմնում ռադիոակտիվ նյութերը կուտակվում էին, ու մի օր, խիստ զայրանալով աշխատավարձի հերթական ուշացման պատճառով, Բագրատը վերածվեց Հայկի` հսկա կանաչ աժդահայի։

Մեզ համար անբացատրելի է նաև «խադավիկ» Վարդգեսի դեմքով Սուպերմենի առկայությունը նկարում

Ճակատագիրը կապեց Արմեն Ռոջոյանին ու Բագրատ Բենյամինյանին, ովքեր աշխարհի անարդարության դեմ պայքարելու համար ստեղծեցին Վարկառուների իրենց թիմը։ Իսկ ինչո՞ւ Վարկառուներ, այլ ոչ Վրիժառուներ. որովհետև յուրաքանչյուր օպերացիայից առաջ, տեխնիկական ապահովման ու տրանսպորտի, ինչպես նաև մյուս սուպերհերոսների աշխատավարձերն ապահովելու համար Արմենն ու Բագրատը վարկ էին վերցնում վարկային տարբեր կազմակերպություններից ու վաղուց արդեն նրանց սև ցուցակներում էին։ Բայց ոչինչ, այդ չարագործների հերթն էլ կհասնի։

Ֆրանշիզի վերջին մասի` «Վարկառուները 5. Վերջին զգուշացումը» ֆիլմի պրոմո պաստառը

«Փախուստ Սևանի գաղութից» դրաման հիմնված է սևանցի հայտնի գրող, Թագավոր մականունով Ստեփան Արքայանցի հեղինակած գրքի վրա։

Անդոն ու իր բանտային ընկեր Կարմիր Ռուբենիկը

Ըստ սյուժեի, խմած վարելու համար անարդարացի դատապարտված գլխավոր հերոսը` Անդոն, կարողանում է ստորգետնյա թունել փորել մինչև Աժդահակ լեռան ստորոտն ու փախուստի դիմել։

Չնայած ֆիլմը պատմում է 20-րդ դարասկզբի մասին, գլխավոր ֆինանսավորող Cricket ընկերությունը պահանջել է, որ կադրում երևան իր կրակայրիչները

«Մելանը» դրաման էլ 20-րդ դարասկզբին ապրող կնոջ պատմություն է, ով չի կարողանում ազատվել ծխելու վատ սովորությունից` չնայած ամբողջ գյուղը քաջալերում է ու փորձում նրան օգնել։ Արդյունքում, Մելանը դառնում է միանձնուհի, մի կողմ դնում աշխարհիկ կյանքն ու դրա հետ կապված սովորույթները, և իրեն նվիրում է հոգևորին։ Հեփփի էնդ։

Պավլիկը զրուցում է իր հոր` Լենդրո Սանտա Ատրեյիդայի հետ

«Ձյուն ա» գիտաֆանտաստիկ ֆիլմը հիմնված է Հերբերթ Ֆրանկեցու «Ձյուն ա արել Արամուսում» գրքի վրա։ Արամուսն անապատային մոլորակ է, որի միակ արժեքավոր ռեսուրսը ձյունն է. այսպես է արիստոկրատիան անվանում սպիտակ փոշին, որը հարուստների սիրելի թմրանյութն է երեկույթների ժամանակ։ Բնականաբար, ռեսուրսի վերահսկողության համար պայքարում են ուժեղագույն կարտելները` ի դեմս Սատնա Ատրեյիդայի ու Լոս Հարկոնուսի։ Ով տիրի ձյանը, տիրելու է ամբողջ տիեզերքին։

Կադր «Իշուկների լռությունը» ֆիլմից

Հաջորդ կադրը հռչակավոր «Իշուկների լռությունը» թրիլլերից է։ Ազգային անվտանգության ծառայության ստաժոր Կլառա Աստղունցը զրուցում է կալանավորված բժիշկ Համազասպ Դասախոսյանի հետ` փորձելով պարզել Մոնումենտի այգում թիթեռնիկների սպանդի մեջ կասկածվող սերիական թիթեռասպանի հոգեբանական կերպարը։

- Մի անգամ մարդահամարի անցկացնող մեկը դուռս ծեծեց։ Ես հետո իրեն հյուրասիրեցի շաքարով պատրաստված ընտիր փախլավա։ Շաքարով, ոչ թե մեղրով:

Ինքը` Դասախոսյանը, կալանավորվել է տարօրինակ գաստրոնոմիկ սովորությունների պատճառով, երբ հասարակական վայրում անանասով պիցցա է կերել։

Հայկական միֆոլոգիկ վամպիրի` Դախանավարի մասին դրամատիկ հորրորում միջնադարում Հայաստանն օտարներից պաշտպանող վամպիրը փորձում է հարմարվել նոր դարի պայմաններին ու դառնում մոտիվացիոն սփիքեր, ում սեմինարները միշտ լեփ լեցուն են։

Դախանավարը բացատրում է այցելուին, որ պետք է հավատալ սեփական ուժերին

Դախանավարը նաև բիզնես քոուչի դասընթացների է մասնակցում` իր կարողություններն ընդլայնելու ու սեմինարների թեմատիկան ավելի բազմազան դարձնելու համար։

Կադր «Դախանավարի առավոտը» ֆիլմից

«Ծիրանային պատերազմները» տիեզերական օպերա է բարու և չարի միջև հավերժական պայքարի մասին։ Այդ աշխարհում հայկական ավանդական մրգերը` ծիրանն ու նուռն օժտված են կախարդական հատկություններով ու շատ օգտագործելու դեպքում այդ հատկությունները փոխանցում են մարդուն։

Բիթհիների առաջնորդ Դարդ Վեդրոն մենամարտում է որդու` Ղուկաս Լեռնաքայլունցի դեմ։ Ֆոնին Մահվան նուռն է

Ծիրանի ջատագովները` չիրայները, բարու կողմից են, այն դեպքում, երբ նռան սիրահարները` բիթհիները` ընտրել են մրգային ուժի մութ կողմը։

Կադր «Ճռռիկ 16» ֆիլմից

Ավելի հոգեհարազատ ֆիլմերից կարելի է հիշել «Ճռռիկը»։ Այն պատմում է ավտովազքարշավերի էնտուզիաստների բանդայի մասին, ովքեր սիրում են իրենց թյունինգած զրովեցերով ու նիվաներով ճռռիկներ անել Երևանի փողոցներով։

Կադր «Վերջին Ճռռիկ» ֆիլմից

Բանդայի պարագլուխը` Ճռ Ճռ Դիզել մականունով, օգնում է անպատասխան սիրուց տապակվող երիտասարդներին փախցնել իրենց սիրած աղջիկներին, իհարկե, գումարի դիմաց։ Պարեկներն էլ, հանցավոր այս սխեման բացահայտելու համար, իրենց աշխատակցին ներդնում են Ճռ Ճռ Դիզելի բանդայում։ Ասում են, գոյություն ունի սփինօֆֆ, որում Չղջոն Արշակունյացի վրա որսում է Դիզելի բանդայի անդամներին։

Մաքսիմն առևանգում է կոնյակի սպիրտը գործարանի տարածքից

Ավելի թունդ մարտական տեսարանների սիրահարներն անպայման պետք է նայեն «Խելառ Մաքսիմը» ֆիլմը։ Իրադարձությունները ծավալվում են Արարատյան դաշտավայրում։ Չարագործներն առևանգում են մրգով եւ հայկական կոնյակով բեռնված բեռնատարը, ինչից հետո սկսվում է խելահեղ հետապնդում պարեկների, նորատուսցի ծովահենների ու Ախալքալաքի զորքի մասնակցությամբ։

Հետապնդման հռչակավոր տեսարանը

Օլդսքուլ մարտաֆիլմեր նույնպես կան։ Օրինակ, «Ռոբոն» պատմում է Ֆիզկուլտ ինստիտուտն ավարտելուց հետո հայրենի գյուղ վերադարձած երիտասարդի մասին։

AI-ը շատ տարօրինակ պատկերացումներ ունի Հայաստանի պետական դրոշի մասին

Ֆիզկուլտ ինստիտուտի վետերանին գյուղում ընդունում են, մեղմ ասած, ոչ այնքան լավ, ինչից հետո Ռոբը դույլով ծեծի է ենթարկում գյուղապետի որդուն ու առևանգում գյուղապետի տրակտորը։

Մնացած ֆիլմերի մասին` պաստառներով։

Ռոբոյի ուսուցիչը` Սև Վաղոն
Ռոբոյի մանկության ընկերը` Դերենիկը
Հայկական Տերմինտորը` AI պատկերացմամբ։ Հայկական լինելն ընդգծելու համար խեղճը խցկել է բոլոր հնարավոր սիմվոլները
Այսպես է AI-ը պատկերացնում հայկական մեյնսթրիմային կինոյի պաստառները կինոթատրոններում
Հայկական ֆենթեզի ֆիլմեր
Ու անգամ` հայկական նուար։ Հայերեն տառեր ծրագիրը, բնականաբար, չգիտի
Ինդիանա Ջոնսի հայկական տարբերակը` Հնդկացի Հովոն պետք է առավելագույնս հայեցի լինի
Ֆիլմերից մեկում պարզվելու է, որ Քարահունջը հնագույն աստղադիտարան է։ Ֆիլմը կոչվում է «Հնդկացի Հովոն ու Քարահունջի գաղտնիքը»
Այլմոլորակային հրեշի մասին «Քշ, գնա, օտար» ֆիլմի պաստառները
Ու դինոզավրերի մասին «Ջարբասիկ պակը»
«Ծիրանային պատերազմների» պաստառները
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ ձյաձ Վալեռի բարձրանալը քրեական աշխարհի աստիճաններով նկարագրված է «Անունս ասա, արա՜» սերիալում
AI-ը երբեմն շատ է տարվում ու խառնում է նաև դրոշի գույները
Տաքսու վարորդ Լենդրուշն ու իր Լադան
Հայկական Տիտանիկի դեպքում ֆրանսիական նավերը լեռներ բարձրանում են

🎬 Արման Գասպարյան / PAN