#ֆինանսաPAN
September 25

💸 #ֆինանսաPAN Weekly (109)

📊  Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ոսկի արտադրող թոփ տարածաշրջանները. առաջատարն Աֆրիկան է՝ տարեկան 1010 տոննա ծավալով, որտեղ ամենամեծ բաժինն ընկնում է Գանային, Մալիին ու Հվ. Աֆրիկային՝ https://lav.pan.am/ig33


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Անցան այն լավ ժամանակները, երբ ռուբլին 12 դրամ էր ու Մոսկվայում прораб աշխատող պապաների ընտանիքները ամենացոփ ու շվայտ կյանքով էին ապրում՝ չնայած պապային տեսնում էին մի քանի տարին մեկ՝ բարեկամների հարսանիքներին ու թաղումներին…2025-ի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումներն ավելի արագ տեմպերով են աճել՝ քան հակառակ ուղղությամբ: Այնուամենայնիվ, դեպի Հայաստան ներհոսքի «առյուծի բաժինը» շարունակում է մնալ Ռուսաստանինը՝ $2.1 մլրդ: Իսկ ահա ԱՄՆ բարեկամների վրա, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, հույս դնել չարժե, քանի որ ԱՄՆ-ից եկած դրամական փոխանցումները մոտ x5 զիջում են Ռուսաստանին… https://tinyurl.com/56nwaf24


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

💾  Nvidia-ն $5 մլրդ է ներդրել Intel-ում, որի արդյունքում հենց իր արժեքն աճել է $150 մլրդ-ով՝ սա կարելի է համարել 1-ին 30 շահութաբերությամբ գործարքը. գործակցության շրջանակում Intel-ը Nvidia-ի համար կարտադրի հատուկ պրոցեսորներ և նոր սերնդի չիպեր՝ https://tinyurl.com/6c6djztr

📊  Tesla-ի բաժնետոմսերն էլ 6% աճել են, երբ Մասկը հայտարարել է, որ $1 մլրդ-ի բաժնետոմս է գնել. Մասկի նման գնումները հազվադեպ են՝ վերջին անգամ նա $10 մլն Tesla-ի բաժնետոմսեր էր ձեռք բերել 2020-ին՝ https://tinyurl.com/59hfh2ny

🔌  Ուորեն Բաֆեթի հիմնադրամն էլ ամբողջությամբ վաճառել է BYD-ում իր բաժնետոմսերը, որոնք ձեռք էր բերել 17 տարի առաջ ու որոնք մինչ օրս ապահովել էին մոտ 3900% եկամտաբերություն` https://tinyurl.com/58pxnfum

…տնտեսությունից

🚢  Իսկ BYD-ն շարունակում է ընդլայնել իր բիզնեսն ու արտահանման ծավալների աճին զուգահեռ որոշել է ավտոմեքենաների արտահանումը կազմակերպել սեփական նավերով՝ առանց միջնորդի. ընկերությունը նպատակը ունի մինչև 2030-ը վաճառքների 50%-ը արտահանել՝ https://tinyurl.com/34uab3cf

🇺🇲  ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են, որ TikTok-ի ամերիկյան բաժանմունքի ղեկավարների կազմում 7 տեղից 6-ը կանցնի ԱՄՆ-ին, վերջինիս ձեռքում կլինի նաև հավելվածի ալգորիթմի վերահսկողությունը. միլիոնատեր  բլոգերները պետք է աղոթեն, որ ալգորիթմները շարունակեն հօգուտ իրենց աշխատել՝ https://tinyurl.com/hm6vejpc

📗  Իսկ եթե այնքան «ուժեղ» մասնագետ եք, որ չեք սպասում Գրին Քարտ շահելուն ու H-1B աշխատանքային վիզայով մեկնում եք ԱՄՆ, ապա գործատուն ստիպված կլինի $100,000 պետտուրք վճարել ձեզ համար՝ https://tinyurl.com/yckd6zpv

… ֆինտեխից

🧠  Google-ը Agent Payments Protocol է ստեղծել, որով AI գործակալները կկարողանան օգտատիրոջ փոխարեն գործարքներ կատարել՝ այդ թվում կրիպտոարժույթներով. նախաձեռնությանն արդեն միացել են Mastercard-ը, PayPal-ը, Revolut-ն ու ոչ միայն՝ https://tinyurl.com/5668essn

💳  Վճարային ոլորտը շարունակում են գլխավորել համաշխարհային թվային գործարքների մեծ մասն ապահովող երկու հսկա՝ Visa, Mastercard. ու չնայած Visa-ի կշիռը շուկայում մեծ է, Mastercard-ն այս տարի ավելի արագ տեմպով է աճում ու վերլուծաբանների կողմից վերջինիս բաժնետոմսերը համարվում են ներդրման համար ավելի գրավիչ գործիք՝ https://tinyurl.com/46brzdxr

🌬️  Ամերիկյան FinWise ֆինտեխի նախկին աշխատակցի «թեթև ձեռքով» մոտ 700,000 հաճախորդի անձնական տվյալ է արտահոսել. մինչ հետաքննությունը կպարզի, թե ինչպես է նա տվյալներին հասանելիություն ստացել՝ տուժածներին անվճար պաշտպանություն է առաջարկվում՝ https://tinyurl.com/mve6djx7

…կրիպտոյից

🪙  Ռուսաստանում առաջին անգամ աշխատավարձը թվային ռուբլով է վճարվել` Պետդումայի ֆինանսական կոմիտեի նախագահին. կենտրոնական բանկի համաձայնությամբ պետական աշխատողները կարող են ապագայում ընտրել թվային ռուբլով վճարումները, իսկ «հասարակ մահկանացուներին» այն հասանելի կդառնա 2026-ին՝ https://tinyurl.com/4nx933u2

🚙  Toyota-ն, BYD-ն և Yamaha-ն  Բոլիվիայում արդեն կրիպտոյով վճարումներ են ընդունում (դեռ USDT stablecoin-ով). սա դոլարին կցված կրիպտո է, որը գրավիչ է դառնում հատկապես արժույթի արժեզրկման և տնտեսական անկայունության ժամանակ՝ https://tinyurl.com/z3jbmtse

☄️  Իսկ Bitcoin-ի գինը երկուշաբթի ընկավ՝ հասնելով $112,000-ի, սակայն սա չի խանգարել շուկայի ակտիվությանը՝ 24 ժամում այս կրիպտոյով կատարվող գործարքներն աճել են 200%-ով` https://tinyurl.com/3zc8xe5u


🎥 Վերջում՝ բոնուս. որո՞նք էին իրականում առաջին բորսաները, ինչպե՞ս սկսվեց հրապարակներում ու առևտրային տներում հացահատիկի և պարենի առևտուրը, դարձավ թվային ու այժմ տեղավորվում է յուրաքանչյուրի հեռախոսի մեջ՝ https://tinyurl.com/2xfa793c


🤟 Եվ հիշեք՝ պարտքով լյուքս դասի ապրանք գնելը նման է հարսանիքին վարձակալած շորին՝ շքեղ է, բայց շատ անհարմար~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N108)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan