#ֆինանսաPAN
October 9

💸 #ֆինանսաPAN Weekly (111)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաթանկ սննդամթերքի գներն ունեցող առաջատար քաղաքները. թոփ քառյակում են Ժնևը, Սան Ֆրանցիսկոն, Ցյուրիխն ու Նյու Յորքը. ի դեպ, վերջինի համեմատ Փարիզում մթերքը մոտ 30% էժան է՝ https://lav.pan.am/ig35


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Եթե դեռ մտածում եք եկամուտների հայտարարագիր լրացնել, թե՝ ոչ, կարող եք շատ չանհանգստանալ՝ ձեր փոխարեն շուտով ամեն ինչ որոշված կլինի: Նոր օրենսդրական փոփոխության արդյունքում, եթե անգամ հայտարարագիրը չլրացնեք, այն ավտոմատ կերպով կհամարվի լրացրված, որը կներառի հարկային մարմնին հասանելի տեղեկատվությունը. այսինքն, եթե ձեր եկամուտը միայն գրանցված աշխատավարձից է, ապա կարող եք այլևս ոչ մի գործողություն չանել: Սակայն, ի տարբերություն գործող կարգավորման, որի դեպքում ուղղակի տուգանվելու էիք հայտարարագիր չլրացնելու համար, այս դեպքում դուք կկրեք սխալ տեղեկատվություն լրացնելու ամբողջ պատասխանատվությունը, եթե բացահայտվի, որ բացի աշխատավարձից այլ եկամուտներ ունեք (ավանդի տոկոս, վարձով գույքից եկամուտ և այլն), որոնք ինքնըստինքյան չեն լրացվել… նաև նկատի ունեցեք, որ, այնուամենայնիվ, չպետք է մնաք «ինքնալրացման» հույսին, եթե ուզում եք օգտվել պետության առաջարկած սոցիալական ու առողջապահական ծախսերի փոխհատուցումից…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🏅 ԵՄ-ն դուրս է մնացել աշխարհի ամենաթանկ 25 ընկերության «մայր» երկրների ցանկից. գերակշիռ մեծամասնությունն ամերիկյան են, իսկ Սաուդյան Արաբիային, Չինաստանին ու Թայվանին մեկական ընկերություն է բաժին հասել՝ https://tinyurl.com/4j5j78zm

🧠 OpenAI-ի ներկայիս և նախկին աշխատակիցները վաճառել են իրենց բաժնետոմսերը՝ ընդհանուր $6.6 մլրդ արժեքով. գործարքից հետո ընկերությունը գնահատվել է $500 մլրդ` առաջ անցնելով SpaceX-ից ու դառնալով աշխարհի ամենաթանկ մասնավոր ընկերությունը՝ https://tinyurl.com/dacmd2va

🚀 SpaceX-ն էլ այլ հաջողություններ ունի, չնայած Մասկ — Թրամփ տանդեմին՝ ընկերության ու Պենտագոնի միջև $714 մլն-ի պայմանագիր է կնքվել, որի շրջանակում իրականացվելու են կարևոր ռազմական ծրագրեր՝ https://tinyurl.com/yc7bny77

…տնտեսությունից

👠 Temu-ից, AliExpress-ից և Shein-ից գնված 51 ապրանքից կեսը կեղծ են գնահատվել անկախ փորձագետների կողմից. չինական fast fashion-ի հսկաները մեղադրվում են արտադրողների իրավունքների խախտման մեջ՝ https://tinyurl.com/2kr37cuk

🍝 Ու մինչ որոշ երկրներ նավթի ու գազի գներից են կախված, Իտալիան կախված է պաստայից (մեր լեզվով՝ մակարոնից). ԱՄՆ-ն մոտ x2 բարձրացնում է ներմուծված իտալական մակարոնների մաքսատուրքերը, իսկ $4 մլրդ արտահանման ծավալով Իտալիան կարող է լուրջ վնաս կրել՝ https://tinyurl.com/mpfyrm64

🪪 Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև ստորագրված հուշագրով երկրներում փոխադարձաբար կճանաչվեն վարորդական վկայականները. եթե Դուբայի հիփոթեքի մայր գումարի հարցը մի կերպ լուծեք, կարող եք սկսել ավտովարկի հարցերով զբաղվել՝ https://tinyurl.com/59yt9ymb

… ֆինտեխից

🧑‍🎄  Նոր տարվան բան չմնաց, իսկ հարցումները ցույց են տվել, որ տոներին ընդառաջ մարդկանց 60%-ը ֆինանսական սթրեսի մեջ է, իսկ 80%-ը նախընտրում է գնումներ կատարել «գնիր հիմա, վճարիր հետո» մեթոդով. կարելի է ասել՝ սա lite տեսակի սպառողական վարկ է՝ https://tinyurl.com/k2ac7cd4

📱  Samsung Wallet-ն էլ ընդլայնվում է ԱՄՆ-ում ու Galaxy օգտատերերին հնարավորություն է տալիս կրիպտոակտիվներ գնել Coinbase բորսայի հավելվածի միջոցով՝ անմիջապես Samsung Pay-ի ինտեգրմամբ՝ https://tinyurl.com/e3evu9b5

🤝  OpenAI-ը, կարծես, մուտք է գործում ֆինտեխ. ընկերությունը ձեռք է բերել Roi ստարտափը, որը մշակել է արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական հավելված ֆինանսների անհատականացված կառավարման համար. գործարքի մանրամասները դեռ չեն բացահայտվում՝ https://tinyurl.com/hbbev7sy

…կրիպտոյից

🎯  Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ $126,000, ու այս անգամ շուկան ձևավորվել է ոչ թե մանրածախ, այլ խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների գործարքների արդյունքում՝ https://tinyurl.com/bdeujvbz

📛  ԱՄՆ-ի նոր կարգավորման համաձայն, Bitcoin-ից ստացված չիրացված շահույթը չի հարկվի. դա ակտիվի գնի բարձրացման հետևանքով առաջացած եկամուտն է: Եթե սեփականատերն այն չի վաճառում ու փաստացի օգուտ չի ստանում՝ հարկ չի մուծում՝ https://tinyurl.com/ym9z7byf

💰  Պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ առնչություն ունեցող ու ռուբլու հետ կապված stablecoin-ի միջոցով ավելի քան $6 մլրդ է տեղափոխվել՝ շրջանցելով միջազգային պատժամիջոցները՝ https://tinyurl.com/yrwnd5uh


🎥 Վերջում բոնուս «ռեսուրսային անեծքի» մասին՝ երբ նավթն ու գազը դառնում են տնտեսական ճգնաժամի ու քաղաքական անկայունության պատճառ, ու բնական ռեսուրսներով հարուստ բազմաթիվ երկրներ բախվում են աղքատության ու կոռուպցիայի՝ https://tinyurl.com/3xf556nj


🤟 Եվ հիշեք՝ ֆինանսական խորհուրդը նման է դեղամիջոցի՝ ազդեցությունը զգում եք միայն այն ընդունելուց հետո~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N110)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan