#ֆինանսաPAN
October 30

💸 #ֆինանսաPAN Weekly (114)

📊  Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք երկրների պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը, ի դեպ, ամենաբարձրը եղել է 2020-ին՝ համաշխարհային միջինը 98.7% է, նույն տարում Հունաստանի ցուցանիշը հասել էր 210%-ի` https://lav.pan.am/ig38


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Made in Armenia թրենդի մեջ է մտնում նաև ֆինանսական ոլորտը. 2026-ին ներդրվելու է հետվճարի համակարգ, ըստ որի քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2%-ը հետ կստանան cashback-ի տեսքով, եթե այդ առևտուրը կատարվել է ArCa քարտով։ Չնայած առևտրի կետն է անկանխիկ առևտրից միջնորդավճար վճարում բանկերին, հետվճարը ստանալու է առևտուր կատարողը (մի քիչ անարդար է)։ Այսպես պետությունն առաջին հերթին փորձում է լուծել ստվերային առևտրի խնդիրը, ու եթե նախկինում գերադասում էիք միրգն ու բանջարեղենը կանխիկով ու մի քիչ էժան գնել շենքի տակի կրպակից, այժմ իրավիճակը կարող է փոխվել: Բացի այդ, պետությունն անուղղակիորեն կխթանի տեղական վճարահաշվարկային համակարգի զարգացումը, ու երկրի ներսում առևտրի համար քաղաքացիները կսկսեն ArCa քարտեր օգտագործել` Visa-ի ու Mastercard-ի փոխարեն։ Հետևաբար՝ նաև վերջիններիս ուղղված միջնորդավճարները կուղղվեն տեղական ընկերության…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🔐  Խոշոր չիպ արտադրողները (Nvidia, AMD, Broadcom) սկսել են բաժնետոմսերով վարձատրել՝ աշխատակիցները ստանում են «սահմանափակ» բաժնետոմսեր, որոնք իրենց սեփականությունն են դառնում որոշակի ժամանակ անց. այս հնարքը համարվում է «ոսկե ձեռնաշղթա»` ուղեղների արտահոսքը կանխելու համար՝ https://tinyurl.com/39rd7rpk

🍫  Այս տարի Արևմտյան Աֆրիկայում կակաոյի բերքը 7%-ով բարձր է վերջին 5 տարվա միջինից, ինչի շնորհիվ զգալի կակաոյի գինը նվազել է. բայց սա չի նշանակում, որ Ամանորի շոկոլադն ավելի էժան եք գնելու՝ տեսե՞լ եք դրա մեջ կակաոյի պարունակության մակարդակը՝ https://tinyurl.com/f7us6av

⚙️ Չինաստանը հայտարարել է հազվագյուտ մետաղների արտահանման նոր սահմանափակման մասին, որը խուճապ է առաջացրել համաշխարհային արդյունաբերության մեջ. այս մետաղներն օգտագործվում են գրեթե ամենուր` մեքենաներից մինչև զենք` https://tinyurl.com/4sh3nzay

…տնտեսությունից

💼 Amazon-ը մոտ 14,000 աշխատատեղ կկրճատի՝ փորձելով հարմարվել նոր իրականությանը, որտեղ արհեստական բանականությունը փոխարինում կամ փոխում է մարդու աշխատանքը. աշխատակիցներին 90 օր ժամանակ կտրվի ներսում նոր աշխատանք գտնելու համար՝ https://tinyurl.com/y5dhcrnu

☢️ Ատոմային էներգիայից հրաժարման ծրագրի շրջանակում Գերմանիայում պայթեցվել են ատոմակայանի հովացման աշտարակները, որոնք մոտ 56,000 տոննա բետոն էին պարունակում. գերմանացիները ստիպված են եղել կարճ ժամանակով շնչել այն օդը, որն արդեն նստել է երևանաբնակների թոքերին՝ https://tinyurl.com/4wmufsr7

🤝  Չինաստանն ու ԱՄՆ-ն էլ այս շաբաթ քննարկելու են առևտրային նոր համաձայնագիրը, որի առանցքային հարցերն են մաքսերի չեղարկումը, TikTok-ի ամերիկյան հատվածի անցումն ամերիկյան կառավարման և Չինաստանից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների ժամանակավոր դադարեցումը՝ https://tinyurl.com/34c7thps

… ֆինտեխից

🥷  Mastercard-ը նոր համակարգ է գործարկել, որը կօգնի կանխել կիբեռհարձակումներից բխող խարդախությունները՝ նախքան դրանց տեղի ունենալը. 60% դեպքերում կազմակերպությունները կիբեռհարձակման մասին իմանում են միայն դեպքից հետո, ու այս գործիքը հենց այդ բացը լրացնելու համար է՝ https://tinyurl.com/42n8fr8d

📫  Իսկ խարդախները միշտ մի քայլ առաջ են՝ PayPal-ի օգտատերերի հանդեպ նոր կիբեռհարձակումներ են իրականացվում՝ իրական PayPal-ի էլ․հասցեներից կեղծ invoice-ներ են ուղարկվում, ու քանի որ հասցեներն իրական են՝ պաշտպանական ֆիլտրերը չեն ճանաչում դրանք որպես կեղծ՝ https://tinyurl.com/4h3sks5e

🪪  Revolut-ն էլ Կիպրոսի կարգավորող մարմնի կողմից կրիպտոարժույթներով գործունեության լիցենզիա է ստացել, որը նրան թույլ կտա առաջարկել կրիպտոծառայություններ ամբողջ ԵՄ-ում. ընկերության ամեն 5-րդ օգտատեր այժմ կրիպտոառևտուր է իրականացնում ՝ https://tinyurl.com/4vmpfwts

… կրիպտոյից

🚀  Մասկի SpaceX-ը $133 միլիոնի Bitcoin է փոխանցել հասցեների, որոնք դեռևս չեն նույնացվել որպես SpaceX-ին պատկանող. ենթադրվում է, որ ընկերությունը պատրաստվում է վաճառել իր ակտիվների մի մասը՝ https://tinyurl.com/yp4pyzfb

💰  Ամերիկյան ֆինանսական հսկա JPMorgan-ը թույլ է տալիս Bitcoin և Ethereum օգտագործել որպես գրավ՝ վարկ ստանալու համար. սա պատմական շրջադարձ է բանկի քաղաքականության մեջ, քանի որ տնօրենը տարիներ շարունակ քննադատել է կրիպտոն՝ https://tinyurl.com/5xafup25

⚖️  Իսկ Ուկրաինայի Պոլտավա քաղաքի խորհրդի ներկայացուցիչը կասկածվում է $4.7 մլն-ի կրիպտոակտիվները հայտարարագրից թաքցնելու մեջ. եթե սա հաստատվի, նրա սպասվում է 2 տարվա ազատազրկում ու որոշ պաշտոններ զբաղեցնելու արգելք՝ https://tinyurl.com/3t6zydfe


🎥 Վերջում՝ բոնուս. ինչի՞ց է կախված արժույթի փոխարժեքը, ինչպե՞ս է այն ազդում գնաճի, աշխատավարձերի, ներմուծման ու արտահանման վրա, և ինչպես են պետությունները «պահում» փոխարժեքի մակարդակը՝ https://tinyurl.com/3cwd6chm


🤟 Եվ հիշեք՝ եթե երաշխավորված եկամտով ներդրում եք ուզում, գնեք բազմակի օգտագործման սուրճի բաժակ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N113)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan