#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (131)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ ու երջանիկ պետությունները․ կհամոզվեք՝ միշտ չէ, որ երջանկությունը փողի մեջ է, օրինակ՝ Լիխտենշտեյնն ու Սինգապուրը, լինելով մեկ շնչի հաշվով ամենամեծ ՀՆԱ ունեցող երկրները, չկան նույնիսկ երջանիկ թոփ 20-յակում՝ https://lav.pan.am/ig55


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Մինչ ոմանք երկրպագում են տարածաշրջանային պատերազմի այս ու այն կողմին, մյուսները՝ խաղադրույքներ կատարում, երրորդներն էլ մեմեր սարքում, այն ազդում է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Ազդեցության առաջին ուղղությունը կարող է լինել լոգիստիկան, քանի որ Իրանը ՀՀ արտաքին առևտրում ունի մոտ 5-8% կշիռ, հիմնականում՝ ներմուծումների հաշվին, իսկ սահմանային կամ լոգիստիկ խափանումները կարող են թանկացնել ներմուծումը և բարդացնել արտահանումը։ Բացի այդ, Հայաստանն Իրանից գազ է ստանում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով, ու ցանկացած խաթարում կավելացնի Հայաստանի էներգետիկ ռիսկերը: Ամենամեծ անուղղակի ազդեցությունը, հավանաբար, կլինի նավթի համաշխարհային գնի աճն ամբողջ աշխարհում, որը կբերի վառելիքի թանկացման և նոր գնաճային ճնշումների։ Միակ «լավ» բանն իրանցիների մեծ ներհոսքի դեպքում վարձով տան գների բարձրացումն է լինելու, որից օգուտ են ստանալու շատ սահմանափակ թվով մարդիկ, բայց այս պահին Սյունիքում դեռ նման հոսքեր չեն նկատում…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

💰 OpenAI-ը հաստատել է $110 մլրդ ֆինանսավորման ծրագիրը, որտեղ ներգրավված են SoftBank-ը, Nvidia-ն, Amazon-ը, իսկ Microsoft-ը մնում է հիմնական ռազմավարական ներդրողը. ընկերության գնահատականը կարող է հասնել $730 մլրդ-ի, որը նրան կդարձնի ԱՄՆ պատմության ամենամեծ տեխնոլոգիական IPO-ն` https://tinyurl.com/2ve2un8x

🛢️ Տարածաշրջանային հակամարտության սրման պատճառով նավթի գներն արդեն իսկ աճել են մոտ 13%-ով. հիմնական պատճառը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակելն է, որով օրական անցնում է մոտ 15 մլն բարել նավթ՝ https://tinyurl.com/2b4efht6

🛳️ Նավթի գների աճի պատճառով անկում են ապրել ծովային կրուիզների ոլորտի բաժնետոմսերը. կանխատեսվում է, որ նավթի թանկացումը կարող է ավելացնել ծախսային ճնշումները և նվազեցնել ընկերությունների շահութաբերությունը՝ https://tinyurl.com/yc8fv89u

…տնտեսությունից

🤝 Իսկ նավթ արդյունահանող ութ երկրից կազմված OPEC+-ը հայտարարել է, որ ապրիլից արդյունահանումը կավելացնի օրական 206,000 բարելով՝ փորձելով մեղմել մատակարարման խափանումների պատճառով գների կտրուկ աճը՝ https://tinyurl.com/3fn9drxs

🚺 Մինչև 2048-ը սպասվում է $105 տրլն-ի հարստության փոխանցում, որի մեծ մասը կհասնի կանանց․ Չնայած վերջիններս ավելի հաճախ իրենց ներդրումային մոտեցումը նկարագրում են «պահպանողական», տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի շատ են հակված ռիսկային ներդրումների՝ https://tinyurl.com/ynbv9td3

☁️ Հայաստանն էլ ստացել է բարձր արտադրողականությամբ AI սարքավորումների առաջին խմբաքանակը, որոնք կարող են թույլ տալ իրականացնել AI հետազոտություններ, ներդնել ձեռնարկատիրական լուծումներ և զարգացնել ամպային ծառայությունները՝ https://tinyurl.com/u5msuurk

… ֆինտեխից

🪙 Revolut-ը պատրաստվում է ֆունտով ապահովված stablecoin-ներ թողարկել Մեծ Բրիտանիայում, որը կարող է օգտագործվել ինչպես հավելվածում, այնպես էլ փոխանցվել՝ որպես կրիպտո էկոհամակարգի գործիք. ի տարբերություն հաշվին առկա գումարի, stablecoin-ը չի երաշխավորվելու հիմնադրամի կողմից՝ https://tinyurl.com/54p5arec

🤖 Mastercard-ը և Santander-ն իրականացրել են առաջին վճարումը՝ ամբողջությամբ կատարված AI գործակալի կողմից. hամակարգը թույլ է տալիս AI գործակալներին կատարել վճարումներ նախապես սահմանված թույլտվությունների շրջանակում, որոնք կառավարում է հաշվի սեփականատերը` https://tinyurl.com/2zw3taak

🍏 Apple-ը նախատեսում է Apple Pay-ը գործարկել Հնդկաստանում. ծառայությունն արդեն ունի 800+ մլն օգտատեր և մշակել է $9.5 տրլն-ի գործարք, իսկ Հնդկաստանի արագ աճող շուկայում մուտքը կարող է նաև iPhone-ի պահանջարկը մեծացնել՝ https://tinyurl.com/36452b93

…կրիպտոյից
💸 ԱՄՆ-Իսրայել օդային հարվածներից անմիջապես հետո Իրանում կրիպտոարտահոսքերն աճել են 700%-ով, հավանաբար, պատժամիջոցներն ու ֆինանսական սահմանափակումները շրջանցելու նպատակով. ի դեպ՝ Իրանում կրիպտոն լայնորեն օգտագործվում է արժեզրկվող ռիալից պաշտպանվելու համար՝ https://tinyurl.com/3b5w2h54

🥶 Tether-ը սառեցրել է մոտ $4.2 մլրդ-ի USDT stablecoin, որոնք կապված են եղել հանցավոր գործունեության հետ. ընկերությունը գործակցում է իրավապահների հետ և ունի տեխնիկական հնարավորություն՝ հեռակա կարգով սառեցնելու օգտատերերի դրամապանակներում պահվող թոքենները՝ https://tinyurl.com/dy73ka6c

✂️ Իսկ Թուրքիան առաջարկում է 10% հարկ սահմանել կրիպտոյից ստացվող եկամտի վրա, որը կգանձվի անմիջապես կրիպտոառևտրի հարթակների կողմից՝ եռամսյակային. նախագահին իրավասություն է տրվում նաև հարկի դրույքաչափը բարձրացնել մինչև 20%՝ https://tinyurl.com/2ey6y2r4


🎥 Վերջում բոնուս՝ ինչպես է ստացվում, որ ավելի շատ աշխատելով, ավելի շատ գումար չեք վաստակում, երբ եք հասնում burnout-ի, ու որ ազդակներին է պետք հետևել այն կանխելու համար՝ https://tinyurl.com/4rc56adj


🤟 Եվ հիշեք՝ եթե ձեր օնլայն զամբյուղները լիքն են, բայց բանկային հաշիվները՝ դատարկ, դուք ապրում եք երևակայական կյանքով~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N130)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan