#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (134)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենաշատ պարտք ունեցող երկրները․ առաջին հորիզոնականում Հոնկոնգն է, հիմնականում՝ շատ բարձր կորպորատիվ ոլորտի պարտքի պատճառով, որն առաջացել է պարտքով ֆինանսավորվող հսկայական անշարժ գույքի շուկայի ֆոնին՝ https://lav.pan.am/ig58


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Մինչ LinkedIn-ը քիչ-քիչ վերածվում է գործատուների ու HR-ների (հատկապես) մասին վատ feedback թողնելու հարթակի, հայաստանյան աշխատաշուկան շարունակում է ակտիվ զարգանալ՝ 2025-ի վերջի դրությամբ մոտ 820,000 գրանցված աշխատակից կա, սեպտեմբերի համեմատ՝ 44,000-ով ավելի: Աշխատաշուկայի մոտ 73%-ը մասնավոր ընկերությունների բաժինն է, մնացածը՝ պետական: Ընդ որում, 250+ աշխատակիցներ ունեցող կազմակերպությունում միջին աշխատավարձը 2.5 անգամ բարձր է մինչև 9 աշխատակից ունեցող կազմակերպության միջինից: Սա կարող է լինել նրա հաշվին, որ մեծ ընկերությունների ներսում ղեկավար պաշտոններն էական բարձր աշխատավարձ ու հավելավճարներ են ստանում, ինչը «չարդարացված» բարձրացնում է միջին մեծությունը, իսկ փոքր կազմակերպություններում ընկերության սեփականատերը հիմնականում նաև ղեկավարն է, ու քիչ հարկեր մուծելու նպատակով աշխատավարձերն ավելի ցածր են գրանցվում…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🧜  Կանխատեսվում է, որ պատերազմի հետևանքով Պարսից ծոցի երկրներում ավանդների արտահոսքը կարող է հասնել $307 մլրդ-ի. այնուամենայնիվ, բանկերն ունեն բավականաչափ իրացվելիություն նման արտահոսքին «դիմակայելու» համար՝ https://tinyurl.com/2yfsm5vj

🏦  Գնաճի ֆոնին Իրանը թողարկել է պատմության մեջ ամենամեծ՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամը, որը մոտ $7 է. այն փոխարինում է ընդամենը մի քանի շաբաթ առաջ շրջանառության մեջ դրված 5 մլն ռիալանոց թղթադրամին՝ https://tinyurl.com/26sy6ktv

🪖  Այս անգամ պատերազմը ոսկու համար անսպասելի եղանակով է աշխատում. ակտիվի գինը կտրուկ ընկել է՝ հասնելով վերջին 4 ամսվա նվազագույնին։ Պատճառներից մեկը Ծոցի երկրների կողմից ոսկու մեծածավալ վաճառքն է՝ https://tinyurl.com/ynam7wp7

…տնտեսությունից

🧑‍💼  OpenAI-ը նախատեսում է մինչև 2026-ի վերջ կրկնապատկել իր աշխատակիցների թիվը՝ այն հասցնելով մոտ 8000-ի. աշխատակիցների մեծ մասը ներգրավվելու են արտադրանքի զարգացման, ինժեներիայի, հետազոտության ու վաճառքի ուղղությամբ՝ https://tinyurl.com/e2cttk44

🧠  Բեզոսն էլ փորձում է $100 մլրդ ներգրավել նոր հիմնադրամի համար՝ խոշոր արդյունաբերական ոլորտների ընկերությունների ձեռքբերման ու հետագայում դրանք արդիականացնելու և արհեստական բանականության միջոցով ավտոմատացնելու համար՝ https://tinyurl.com/3yzrwb2t

🚢  Իսկ նավթ փոխադրող մի ընկերություն $2 մլն է Իրանին վճարել, որպեսզի կարողանա անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով. դեռ պարզ չէ, թե ինչպես է կատարվել գումարի փոխանցման գործարքը՝ հաշվի առնելով Իրանի նկատմամբ կիրառվող խիստ պատժամիջոցները՝ https://tinyurl.com/26mukjdn

…ֆինտեխից

💰  Experian վարկային բյուրոն ChatGPT-ի հետ ինտեգրված հավելված է ստեղծել, որով հնարավոր է հենց չատում «շփվելով» հասկանալ վարկառուի ֆինանսական վիճակն ու վարկային միավորները՝ առանց վարկային բյուրո դիմելու կամ ստանդարտ հարցաշարեր լրացնելու՝ https://tinyurl.com/3fcsjheb

💳  Mastercard-ը $1.8 մլրդ-ով ձեռք է բերել stablecoin-ների ենթակառուցվածքների ստարտափ BVNK-ն, որը թույլ է տալիս ավելի քան 130 երկրում stablecoin-ներով գործարքներ իրականացնել. սա սրում է մրցակցությունը Visa-ի հետ, քանի որ երկուսն էլ ձգտում են դառնալ արժույթը կրիպտոյի հետ միավորող խոշոր խաղացողներ՝ https://tinyurl.com/7zwf6r55

🪙  Visa-ն էլ գործարկել է Visa Agentic Ready ծրագիրը, որի շրջանակում խոշոր բանկերը (Revolut, Barclays, HSBC UK) կստուգեն AI վճարումների անվտանգությունն ու հուսալիությունը. այսպիսով վճարային էկոհամակարգը նախապատրաստվում է AI գործակալների կողմից իրականացվող առևտրին՝ https://tinyurl.com/59fpvv8a

…կրիպտոյից

🧓  Հոնկոնգում 66-ամյա թոշակառուն $840,000 է կորցրել՝ 3 անգամ խաբվելով WhatsApp-ով իր հետ կապ հաստատած կեղծ «փորձագետի» կողմից. սկզբում ներդրում է արել, հետո վճարել գումարի «վերադարձի» համար, երրորդ անգամ էլ՝ նախորդ երկու կորուստը հետ ստանալու՝ https://tinyurl.com/bd235xyk

🚣  Բութանն այս տարի արդեն $110 մլն-ի Bitcoin է վաճառել՝ մոտ 65%-ով կրճատելով պետական պահուստները. երկիրը դեռ 2019-ից, օգտագործելով հիմալայան գետերի ավելցուկային հիդրոէներգիան, գրեթե անվճար էներգիայով մայնինգ էր անում՝ https://tinyurl.com/mr2urmwx

👛  PayPal-ի շնորհիվ stablecoin-ների հասանելիությունը կընդլայնվի ևս 68 երկրում (մինչ այժմ PYUSD stablecoin-ը հասանելի էր միայն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում). սա օգտատերերին թույլ կտա միջոցները փաստացի ԱՄՆ դոլարով պահել ու նվազեցնել անդրսահմանային փոխանցումների բարձր միջնորդավճարները՝ https://tinyurl.com/mr3xx2p6


🎥 Վերջում բոնուս՝ արդյոք ոսկին իրականում արժեքավոր է, թե պարզապես մարդկության ստեղծած «ֆինանսական միֆն» է, ինչպես է այն պահպանում իր գինն ու արդյոք դրա հիմնական պատճառը մարդկանց հավատն է ոսկու հանդեպ՝ https://tinyurl.com/3kyswft2


🤟 Եվ հիշեք՝ այս կյանքում երկու բանից խուսափել չեք կարող՝ մահից ու հարկերից~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N133)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan