#ֆինանսաPAN
May 22

💸 #ֆինանսաPAN Weekly (93)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես է բաշխված համաշխարհային ՀՆԱ-ն՝ ըստ տարածաշրջանների. Աֆրիկային (երկրորդ ամենաշատ բնակեցված աշխարհամասը) բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2%-ը՝ մոտավորապես Ֆրանսիայի ՀՆԱ-ի չափով՝ https://lav.pan.am/ig17


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲 Դուք է՞լ եք միշտ նախանձել եվրոպացի տատիկ-պապիկներին, ովքեր ամբողջ կյանքն աշխատելուց հետո այնքան թոշակ են ստանում, որ կարողանում են անհոգ ապրել ու ճամփորդել… ՀՀ կենսաթոշակային ֆոնդերը մեզ գրեթե նույն բանն են խոստանում. 2014-ին հիմնված ֆոնդերի ակտիվներն արդեն հասել են 1 տրլն դրամի: Գումարի մոտ 45%-ը ներդրված է ՀՀ պետական պարտատոմսերում, պարզ ասած՝ ֆոնդերը պետությանը տոկոսով գումար են տվել: Եթե լինենք լավատես ու հուսանք, որ համակարգը «անխափան» կաշխատի, միջին աշխատավարձ ստացող քաղաքացին, ով 25-63 տարեկանում աշխատել, տարեկան միջինում գնաճի չափով աշխատավարձի աճ է ունեցել ու կենսաթոշակային ֆոնդն էլ միջինում 10% տարեկան եկամտաբերություն է ապահովել, 63-ից հետո մոտ 1.7 մլն դրամ կենսաթոշակ է ստանալու, որը համարժեք է այսօրվա 370,000-ին…


Իսկ հիմա՝ աշխարհում ուշագրավի մասին…

… ֆինանսներից

💰 Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում կարող եք գտնել բոլոր հայկական բանկերը, ընդ որում՝ նրանցից 14-ը նաև խոշոր 100-յակում են և այս եռամսյակում 22%-ով ավելի շատ հարկ են վճարել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ https://tinyurl.com/4ujmtpac

📱 Ըստ Թրամփի՝ «ամերիկյան ընկերությունները պետք է արտադրեն Ամերիկայում», ու այս մասին նա հիշեցրել է նաև Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին՝ հորդորելով դադարեցնել iPhone-ների արտադրության ընդլայնումը Հնդկաստանում՝ https://tinyurl.com/4jk747ch

⛽ Թուրքիան էլ մոտ 75 մլրդ մ³ բնական գազի պաշար է հայտնաբերել Սև ծովում, որը բավարար է մոտ 3.5 տարի երկրի բնակարանները գազով ապահովելու համար. սա կարող է զգալիորեն նվազեցնել երկրի էներգետիկ կախվածությունն արտաքին մատակարարներից՝ https://tinyurl.com/j2h9v3n5

… տնտեսությունից

🚜 Հայաստանում կրկնապատկվում են գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի հնարավորությունները, ու նախկին 250 մլն դրամի փոխարեն արդեն հնարավոր կլինի մինչև 500 մլն-ի գյուղտեխնիկա ձեռք բերել՝ https://tinyurl.com/469w63d8

🍺 Չինաստանը դարձել է Ռուսաստանի ամենախոշոր գարեջրի մատակարարը՝ շրջանցելով Գերմանիային և Չեխիային, որոնք մեկ տարվա մեջ կտրուկ կրճատել են արտահանումը՝ համապատասխանաբար 5 և 3 անգամ՝ https://tinyurl.com/2zvxyzac

👝 Բեռնար Առնոն, ով ղեկավարում է LVMH շքեղության կայսրությունը (ընդգրկում է Louis Vuitton, Dior, Tiffany & Co., Moët և այլ բրենդեր) երկարացրել է դրա կառավարման տարիքային շեմը՝ 75-ից հասցնելով 85-ի. ժառանգության թեման թեժ է ու դեռ պարզ չէ, թե 5 ժառանգից ով է ղեկավարելու մոտ $300 մլրդ-անոց բիզնեսները՝ https://tinyurl.com/bde8cved

… ֆինտեխից

🇨🇳 Չինաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են պահպանել դիրքերը՝ որպես խոշորագույն ֆինտեխ հաբեր, որտեղ տեղակայված են թոփ 10 ամենամեծ արժեքով ընկերություններից 9-ը. առաջին եռյակում են Visa-ն, Tencent-ը և Mastercard-ը՝ https://tinyurl.com/4ut9mbxs

🪙 Mastercard-ի ու MoonPay-ի գործակցության շրջանակում էլ հնարավոր կլինի ավելի քան 150 մլն վաճառակետում վճարումներ կատարել stablecoin-ներով. այս պահին MoonPay-ը ծառայություն է մատուցում մոտ 180 երկրում՝ https://tinyurl.com/3ru7mh4y

💳 Իսկ Միացյալ Թագավորության կողմից «գնիր հիմա, վճարի հետո» ընկերությունների (Klarna, Affirm) վրա կիրառվող նոր կարգավորմամբ վերջիններս արդեն ստիպված կլինեն ծառայությունն առաջարկելուց առաջ ստուգել օգտատիրոջ վարկունակությունն ու գնահատել, թե որքան պարտք նա կարող է մարել՝ https://tinyurl.com/395ue8v7

… կրիպտոյից

🥷 Կիբեռհանցագործները, Coinbase-ի աշխատակցին «կաշառելով», գողացել են օգտատերերի տվյալներ ու այժմ $20 մլն են պահանջում տեղեկատվությունը գաղտնի պահելու համար. կրիպտոբորսան էլ իր հերթին $20 մլն պարգևավճար է առաջարկում նրան, ով կօգնի գտնել հանցագործներին՝ https://tinyurl.com/4rbarrh8

📈 Ու մինչ Moody’s-ն ԱՄՆ պետական պարտքի աճի պատճառով իջեցրել է երկրի սուվերեն վարկանիշը, ֆոնդային ինդեքսներն էլ նվազել են (S&P 500, Nasdaq)՝ Bitcoin-ն ամրապնդեց իր դիրքերն ու հատել $105,000-ի շեմը՝ https://tinyurl.com/yc76exfn

🧑‍💻 Աշխարհի ամենամեծ ակտիվների կառավարմամբ զբաղվող BlackRock-ը $8.65 մլն-ի Ethereum է ձեռք բերել` կրիպտոակտիվի պորտֆելը հասցնելով $3 մլրդ-ի. սա մեկնաբանվում է որպես վստահության նշան ETH-ի նկատմամբ՝ հատկապես վերջինիս ETF-ի հաստատման շուրջ լուրերի ֆոնին՝ https://tinyurl.com/3x2ksa4r


🎥 Վերջում՝ բոնուս․ ինչպե՞ս կարող են հարուստները խուսափել հարկերից, ի՞նչ է «հարկային դրախտը» ու ի՞նչ առավելություններ է այն տալիս ընկերություններին՝ գաղտնիությունից մինչև հարկային բարենպաստ միջավայր՝ https://tinyurl.com/mrxcmsu6


🤟 Եվ հիշեք, չօգտագործվող բաժանորդագրությունները cancel անելը համարժեք է պասիվ եկամուտ ստանալուն~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N92)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan