Ինչպես Miramax-ը հարամեց, բայց մի փոքրիկ ստուդիա կարողացավ. «Մատանիների տիրակալի» ծննդյան բարդ պատմությունը
Կան ֆիլմեր, որոնց ստեղծման պատմությունն անգամ ինքն իրենով հրաշալի նյութ է այլ ֆիլմի համար։ Այստեղ կա և դրամա, և թրիլլեր, և իրավիճակային կատակերգություն։ Այստեղ կորպորատիվ ագահությունը խոչընդոտում է ստեղծագործողին, իսկ անհույս իրավիճակում գլխավոր հերոսը կարողանում է ելքը գտնել։ Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» եռագրությունը իր ծնվելու ամենավաղ ժամանակաշրջանում բախվեց նմանատիպ դրամայի հետ, ու եթե չլիներ փոքրիկ, բայց խիզախ մի կինոընկերություն, այսօր դժվար թե մենք ունենայինք նման մոնումենտալ կինոկտավ։
PAN-ը կպատմի բիզնեսի տակ արվեստը խեղդելու անհաջող մի փորձի ու հոլիվուդյան մեքենայից իսկական գլուխգործոցի ծնվելու վաղ շրջանի մասին։
Ջոն Ռոնալդ Ռոել Թոլքինի «Հոբիթը» ու «Մատանիների տիրակալը» վեպերի էկրանավորման անհաջող փորձերը գրքերի հրատարակումից հետո բազմաթիվ էին։ Ինքը` հեղինակը թերահավատորեն էր վերաբերվում ադապտացիայի հնարավորությանն ընդհանրապես։ Տարբեր ժամանակներում գրքերի էկրանավորմամբ շահագրգռված էին Ուոլթ Դիսնեյը, Էլ Բրոդաքսը, Ֆորեսթ Ջ. Աքերմանը, Սենյուել Գելֆմանը, Դենիս Օ'Դելլը (վերջինս որպես ռեժիսոր ձգտում էր ներգրավել անգամ Սթենլի Կուբրիկին ու Միքելանջելո Անտոնիոնիին)։
Սակայն խոշոր խաղացողներից ոչ ոք չէր էլ փորձում քայլ անել դասական ֆենթեզին էկրաններ տեղափոխելու ուղղությամբ։ Եղած փորձերը շատ աննշան էին ու արժանի չէին Պրոֆեսորի ժառանգությանը։ Այսպես, 1967թ-ին Ջիմ Դեիտչը նկարեց 11 րոպեանոց «Հոբիթը» (The Hobbit) անիմացիոն ֆիլմը, իսկ 1971թ-ին շվեդները ներկայացրին 28 րոպեանոց «Սագան օմ ռինգեն» (Sagan om Ringen) հեռուստաֆիլմը, որը բավականին ճշգրիտ նկարագրում էր «Մատանու եղբայրության» սկզբի հատվածը` սկսած Բիլբոյի ծննդյան տոնակատարության խնջույքից մինչև Եղբայրության հեռանալը Ռիվենդելից։
Թոլքինի գրքերի առաջին կոմերցիոն էկրանավորումը ստեղծվեց միայն 1977-ին. «Հոբիթը» (The Hobbit) անիմացիոն երաժշտական հեռուստատեսային սփեշլի բյուջեն կազմում էր $3մլն, քրոնոմետրաժը` 78 րոպե։ Ֆիլմի ստեղծման ճապոնա-ամերիկյան թիմը ընտրել էր ոճավորման յուրահատուկ տարբերակ, ինչն այնքան էլ չէր ոգևորել Թոլքինի արվեստի երկրպագուներին։ Բացի այդ, «Հոբիթի» այս էկրանավորումը նախատեսված էր ընտանեկան դիտման ու ամենակրտսեր հանդիսատեսի համար, սակայն ժամանակի հետ այն հավաքեց երկրպագուների սեփական բանակը` հավանաբար բաղկացած նրանցից, ովքեր վաղ տարիքում դիտել ու տպավորվել էին ֆիլմից, որն էլ, իր հերթին, նպաստել էր Թոլքինի աշխարհին ծանոթանալուն։
Մինչև Ջեքսոնի հայտնվելը, «Մատանիների տիրակալի» ամենահայտնի էկրանավորումը նկարել է Ռալֆ Բակշին. 1978-ին մեծ էկրաններ բարձրացած անիմացիոն ֆիլմը հիմնված էր եռագրության առաջին երկու` «Մատանու եղբայրությունը» ու «Երկու ամրոց» գրքերի վրա, այն ակտիվորեն օգտագործում էր դրվագները սկզբում կենդանի նկարելու, հետո դրանք անիմացիոն կադրերի վերածելու տեխնիկան։ Ֆիլմը ունեցավ ֆինանսական հաջողություն, սակայն քննադատներն ու հանդիսատեսն այն բավականին սառը ընդունեցին, ինչի արդյունքում Թոլքինի ստեղծագործությունների հեղինակային իրավունքների սեփականատեր United Artists ընկերությունն ու պրոդյուսեր Սոլ Զենցը հրաժարվեցին շարունակությունը նկարելու գաղափարից։ Կիսատությունն էլ ավելի սրեց ատելությունը Բակշիի ֆիլմի նկատմամբ, սակայն ժամանակի հետ այն դարձավ կուլտային։
Բակշիի ֆիլմի դուրս գալու ժամանակ նորզելանդացի Պիտեր Ջեքսոնը դեռահաս էր։ Նա չէր կարդացել գիրքը, սակայն կինոթատրոնում նայել էր ֆիլմը. «Ինձ դուր եկավ առաջին մասը։ Այնտեղ կար մի քանի արտասովոր դրվագ Հոբիթոնում, Սև Հեծյալի հետ սոսկալի հանդիպումը ճանապարհին ու մի քանի ոչ վատ մարտական տեսարան։ Սակայն հետո, կեսից, պատումը դառնում է շատ անկապ ու ապակողմնորոշող, ես իրոք չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Ես ուզում էի կարդալ գիրքը գոնե հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում», - պատմում է Ջեքսոնը։
Հենց գրքի ընթերցման ընթացքում Ջեքսոնը հասկացավ, որ այն կարող է վերածվել հրաշալի խաղարկային ֆիլմի։ Ռեժիսորը համոզված էր, որ օրերից մի օր հոլիվուդյան տիտաններից Ջորջ Լուկասը կամ Սթիվեն Սփիլբերգը այն էկրանավորելու են, որ դա ընդամենը ժամանակի հարց է, սակայն հասկանում էր, որ այն ժամանակ Թոլքինի գրքերը ֆիլմի տեսքով էկրանավորելը անհնար էր անգամ վերոնշյալ հսկաների համար։ Լինելով դեռ սիրող ռեժիսոր` Ջեքսոնը փորձում էր ուժերը օրիգինալ ֆենթեզի ֆիլմերի ստեղծման մեջ` ոգեշնչված «Յասոնն ու արգոնավորդները» (Jason and the Argonauts, 1963 film) ու «Բարբարոս Կոնանը» (Conan the Barbarian, 1982) ֆիլմերով։ Բնականաբար, առանց որևիցե արդյունքի։
Մինչև 1997-ը Ջեքսոնը չվերադարձավ Թոլքինի գրքերին` կարծելով, որ ուժերը չեն բավականացնի դրանք էկրանավորելու համար։ Սակայն օրիգինալ ֆենթեզի ֆիլմ ստեղծելու գաղափարը ամբողջ այդ ընթացքում չէր լքում ռեժիսորին։ 1995-ին Ջեքսոնն ու իր կինը` Ֆրեն Ուոլշը ավարտում էին «Սարսափներ» (The Frighteners) միստիկ սև կատակերգությունն ու մտորում օրիգինալ ֆենթեզի ֆիլմի ստեղծման մասին` հատուկ էֆեկտների իրենց ընկերությունը` Weta-ն պահպանելու համար։ «Սարսափները» մասն էին այն խելահեղ վիզուալ էքսպերիմենտների, որոնց Պանդորայի արկղը բացվեց 1993-ին` Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» (Jurassic Park) ֆիլմում լրիվ նոր տիպի համակարգչային գրաֆիկայի կիրառման հետ։ Ու Ջեքսոնը հասկացավ, որ դա հնարավորություն է տալիս վերջապես վերադառնալու սեփական մեծ ֆենթեզին ստեղծելու գաղափարին։
Ուոլշի հետ միասին սեփական ֆենթեզի սեթինգը մշակելու ընթացքում Ջեքսոնը բախվեց խնդրի. ամեն անգամ օրիգինալ պատմություն հորինելու փորձերն ավարտվում էին Թոլքինի գրքերի նման ինչ-որ բանով։ Դա ստիպեց ռեժիսորին մտածել. ինչո՞ւ ոչ ոք այլևս չի փորձում էկրանավորել Թոլքինի գրքերը։ Հեղինակային իրավունքների փնտրտուքները ռեժիսորին արդյունքում բերեցին լեգենդար պրոդյուսեր Սոլ Զենցի մոտ։
Դեռ «Երկնային արարածները» (Heavenly Creatures, 1994) ֆիլմի ստեղծման ժամանակ Ջեքսոնը պայմանագիր էր կնքել Հարվի ու Բոբ Վայնշթայնների Miramax կինոընկերության հետ։ Այնպես որ, Թոլքինի էկրանավորման իր գաղափարը Ջեքսոնը առաջինը ներկայացրեց Հարվի Վայնշթայնին։ Հրաշալի հասկանալով, որ գրքերի ճիշտ ադապտացիայի համար անհրաժեշտ կլինի մի քանի ֆիլմ` Ջեքսոնը որոշեց ռիսկի չդիմել ու չզայրացնել պրոդյուսերական օվկիանոսի սպիտակ շնաձուկ Հարվիին։ Ջեքսոնի պրեզենտացիայի համաձայն` պետք է նկարվեր մեկ եռագրություն. մեկ ֆիլմ «Հոբիթի» մոտիվներով ու «Մատանիների տիրակալի»` երկու մասից բաղկացած ադապտացիա։ Ջեքսոնի պլանը ենթադրում էր, որ ֆիլմերը նկարվելու են իրար հետևից ու էկրաններ բարձրանալու վեց ամիս տարբերությամբ։
Miramax-ի ու Սոլ Զենցի միջև բանակցությունները ձգձգվում էին, որովհետև Վայնշթայնը նպատակ ուներ թույլ չտալ Զենցին զբաղվել ֆիլմի պրոդյուսինգով։ Բացի այդ, «Հոբիթի» իրավունքները շարունակում էին մնալ United Artists-ի մոտ, չնայած Miramax-ի` դրանք գնելու փորձերին։ Երբ 1996-ին Ջեքսոնը «Հոբիթը» վերընթերցելուց հետո հանձնարարեց Weta-ին զբաղվել կոնցեպտ արտերի մշակմամբ, Վայնշթայնն առաջարկեց հետաձգել գրքի էկրանավորումը մինչև լավ ժամանակներ. ըստ պրոդյուսերի, այն կարող էր էկրաններ բարձրանալ շատ ավելի ուշ, որպես «Մատանիների տիրակալի» պոտենցիալ պրիքվել (շատ ավելի ուշ ու լրիվ այլ ստուդիայում այդպես էլ եղավ)։
Վայնշթայնի այս վարքագիծը ստիպեց Ջեքսոնին ընդունել Universal Studios-ի առաջարկը` ստեղծելու «Քինգ Քոնգի» (King Kong, 1933) ռեմեյքը։ Պրոդյուսերը դրանից այնքան էլ ոգևորված չէր, սակայն Ջեքսոնը նպատակադրվել էր հսկա կապիկի պատմությունից անմիջապես հետո վերադառնալ Թոլքինի էկրանավորմանը։ Ավելին, նա առաջարկեց Miramax-ին ու Universal-ին համատեղ զբաղվել երկու ֆիլմերի տարածմամբ։ Սակայն 1997-ին Universal-ը չեղարկեց «Քինգ Քոնգը» (այն կնկարի նույն Ջեքսոնը` 8 տարի անց), իսկ Ջեքսոնն ու Ուոլշը ստացան Վայնշթայնի աջակցությունը` խնդրելով ռեժիսոր Կոստա Բոտեսին գրել գրքի քայլ առ քայլ սինոփսիսը, որը հետո Ջեքսոնը որպես հիմք վերցրեց իր ֆիլմերի առաջին սցենարի մշակման համար։
Ջեքսոնը շարունակում էր պնդել, որ «Մատանիների տիրակալը» պետք է լինի երկու ֆիլմի տեսքով։ Miramax-ում դրա հետ համաձայն չէին (նրանք ի սկզբանե տրամադրված էին մեկ ֆիլմ նկարելու` ծախսերը կրճատելու համար), սակայն սցենարի մշակման նախնական փուլում համաձայնվեցին։ Վերջնական մշակումը Թոլքինի եռագրությունը բաժանում էր երկու մասի. «Մատանու եղբայրությունը», որը ներառում էր համանուն գիրքն ու «Երկու ամրոցը», ու «Մատանու պատերազմը» (The War of the Ring), որը ներառում էր «Արքայի վերադարձը»։ Ջեքսոնն ուզում էր, այսպես կոչված, «ջեյմսբոնդյան օփենինգ», այնպես որ առաջին ֆիլմը սկսվում էր Վերջին Միության ճակատամարտից ու ավարտվում Սարումանի մահով և Գենդալֆի ու Պիպինի` Մինաս Տիրիտ ուղևորվելով։
Նախագիծը ներկայացվեց Վայնշթայններին։ Ըստ պայմանավորվածության, ստեղծվելու էր երկու ֆիլմ` $75 մլն ընդհանուր բյուջեով։ Հակասություններ առաջացան արդեն քասթինգի փուլում։ Miramax-ը ձգտում էր «ամերիկանացնել» նախագիծը` Արագորնի դերում առաջարկելով Դենիել Դեյ-Լյուիսին, իսկ Գենդալֆի դերում` Մորգան Ֆրիմանին։ Վայնշթայնը նաև փորձում էր համոզել Ջեքսոնին` դիտարկել Միրա Սորվինոյի ու Էշլի Ջադի թեկնածությունները։ Սակայն Ջեքսոնը կազմեց նախասիրությունների սեփական ցուցակը` Իեն Հոլմով Բիլբո Բեգինսի ու Քեյթ Բլանշեթով` Գալադրիելի դերում։
Այս ընթացքում, Weta-ն սկսեց ակտիվ աշխատանքը վիզուալի դաշտում։ Weta Digital-ում ստեղծվեց MASSIVE ծրագրային ապահովումը համակարգչային գրաֆիկայի համար, որը թույլ կտար ստեղծել մասշտաբային մարտական տեսարաններ, իսկ Weta Workshop-ի մասնագետները զբաղվեցին կոնցեպտներով։ Ոգեշնչման համար օգտագործվում էին Թոլքինի գրքերի իլյուստրատորներ Ալան Լիի ու Ջոն Հոույի աշխատանքները։ Miramax-ը սկզբում չէր ցանկանում ներգրավել Լիին, սակայն Ջեքսոնը գտավ նրան ու Հոույին ու համոզեց նրանց միանալ նախագծին։
1997-ի կեսերին Ջեքսոնն ու Ուոլշը սկսեցին գրել սցենարը Սթիվեն Սինքլերի հետ միասին։ Վերջինիս կինը` Ֆիլիպա Բոյենսը գրքի մեծ երկրպագու էր ու միացավ հեղինակների խմբին` նախնական սցենարային մշակումը կարդալուց հետո։ Երկու ֆիլմերի 147 ու 144 էջանոց սցենարները գրելու վրա ծախսվեց 13-14 ամիս։
Սցենարը գրելուց հետո Ջեքսոնն ու Miramax-ը կազմեցին արտադրության 110-օրյա գրաֆիկը` սկսած 1999-ի ապրիլից։ Դա թույլ տվեց ավելի լավ պլանավորել ֆիլմերի բյուջեն, սակայն Miramax-ը շարունակում էր անհանգստանալ, անդադար առաջարկներ էր անում` կապված բյուջեի կրճատման հետ (օրինակ, չորս հոբիթներից մեկին սպանելու եղանակով) ու պրոդյուսերներին ուղարկում Նոր Զելանդիա` նկարահանումներին հետևելու համար։ Նրանցից Մարտի Կացը, չորս ամիս հետևելով աշխատանքներին, Miramax-ին հայտարարեց, որ բյուջեն կարող է աճել մինչև $150 մլն, ինչը վեր էր ընկերության ֆինանսական հնարավորություններից։
Քանի որ Miramax-ը պատկանում էր Disney-ին, Հարվի Վայնշթայնը դիմեց ղեկավարությանը` խնդրելով օգնել արտադրության բյուջեի կազմման հարցում։ Disney-ի գլխավոր տնօրեն Մայքլ Էյսները հրաժարվեց։ Սրա հետ կապված կան տարբեր կարծիքներ։ Ըստ Ֆրեն Ուոլշի, Էյսները հրաժարվեց, քանի որ անհանգստացած էր դաժան ֆիլմեր նկարելու Ջեքսոնի հակվածությունից։ Սակայն ինքը` Էյսները, հետագայում պնդում էր, որ հրաժարվեց, որովհետև Հարվի Վայնշթայնը թույլ չտվեց իրեն ծանոթանալ արդեն պատրաստի նյութերին ու հանդիպել Ջեքսոնի հետ։ Miramax-ը անհաջող փորձ արեց բյուջեն մեկ այլ ընկերության, օրինակ` DreamWorks-ի հետ կիսելու, ինչից հետո առաջարկեց երկու ֆիլմը միավորել ու դարձնել մեկ ֆիլմ։
Մեկ ֆիլմի սցենարային տարբերակի մշակումը հանձնարարվեց Ջեք Լեխներին։ Վերջինս առաջարկեց սցենարից հեռացնել Բրին (Bree) ու Helm's Deep-ի ճակատամարտը, կորցնել կամ այլ կերպ օգտագործել Սարումանին, միավորել Ռոհանն ու Գոնդորը, Էովինին դարձնել Բորոմիրի քույրը, կրճատել Ռիվենդելն ու Մորիան (հեռացնել Բալրոգին) և այլն։ Ջեքսոնը համաձայն էր, որ Լեխները մեծ վարպետություն է դրսևորել «Մատանիների տիրակալը» մինչև մեկ ֆիլմ կրճատելու հարցում, սակայն նրան տխրեցրել էր լավ նյութը կիսով չափ կրճատելու գաղափարը։
Հաջորդ հանդիպմանը Ջեքսոնը փորձեց համոզել Հարվի Վայնշթայնին` առաջին ֆիլմը նկարել բյուջեի սահմաններում, ապա միայն վարձույթից հետո նկարել երկրորդը։ Ավելի ուշ Ջեքսոնն առաջարկեց նկարել մեկ ֆիլմ` պայմանով, որ այն կտևի չորս ժամ։ Վայնշթայնը հրաժարվեց` պնդելով, որ անհրաժեշտ է պատմել ամբողջ պատմությունը երկու ժամանոց ֆիլմի շրջանակներում։ Ջեքսոնը, բնականաբար, հրաժարվեց։ Miramax-ն էլ հայտարարեց, որ ցանկացած սցենար ու Weta Workshop-ի կատարած ցանկացած աշխատանք պատկանում է իրեն, ու որ հանձնարարելու է նոր սցենար մշակել։ Հարվի Վայնշթայնը սկսեց կախվել փրփուրներից` սպառնալով, որ ֆիլմը կտա Ջոն Մեդենին ու անգամ` Քվենտին Տարանտինոյին, ինչը բլեֆ էր` ստիպելու համար Ջեքսոնին նկարել միակ երկու ժամանոց ֆիլմը։
Հետագայում պարզ դարձավ, որ Miramax-ը չի կարողանա օգտագործել Ջեքսոնի սցենարը ու այլ մշակումներ` ուրիշ ռեժիսոր հրավիրելու դեպքում։ Miramax-ն էլ հայտարարեց, որ Ջեքսոնն ունի չորս շաբաթ` ֆիլմի համար նոր ստուդիա գտնելու, իսկ եթե այդ ստուդիան գտնվի, պետք է Miramax-ին վերադարձնի արդեն արված ներդրումներն ու ֆիլմերի եկամուտի 5%-ը։
Սկսվեց ամենաբարդ փուլը։ Նախագիծը վաճառելու համար Ջեքսոնը նկարեց 35 րոպեանոց տեսանյութ, իսկ սցենարն ուղարկեց տարբեր ստուդիաների։ Sony-ին ու Centropolis-ին սցենարը դուր չեկավ, 20th Century Fox-ը հրաժարվեց Զենցի մասնակցության պատճառով, Polygram-ը հետաքրքրված էր, սակայն գտնվում էր Universal-ին վաճառքի փուլում, մյուս ստուդիաներն անգամ սցենարը չէին կարդացել։ Ջեքսոնն ուզում էր այցելել New Line Cinema կինոթատրոն, որը ղեկավարում էր իր ընկեր Մարկ Օրդեսկին։ Իմանալով, որ վերջինս գրքերի երկրպագու է, Ջեքսոնը զանգեց նրան ու առաջարկ արեց, որը հետագայում կփոխի ամբողջ կինեմատոգրաֆը։ Պարզվեց` փոքրիկ New Line-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Շեյը ոչ միայն Թոլքինի երկրպագու է, այլև հիացած էր բուն գաղափարից դեռ այն ժամանակ, երբ դրանով զբաղվում էր Miramax-ը։ Շեյը սկզբում հրաժարվեց, քանի որ Miramax-ի պահանջած տոկոսը շատ բարձր էր, սակայն New Line-ը ուներ խոշոր ֆրանշիզների կարիք, ինչը ստիպեց նրան հանդիպել Ջեքսոնի հետ։ Ջեքսոնն, իր հերթին, ձևացրեց, թե բանակցում է նաև այլ ստուդիաների հետ` Շեյի մոտ ավելի մրցակցային տպավորություն ստեղծելու համար։
Շեյը էկրանավորման հեռանկարը քննարկեց New Line-ի միջազգային դիստրիբուցիայի բաժնի ղեկավարի հետ, ով էլ վստահեցրեց, որ կարող է ստանալ ներդրումների մեծ մասը միջազգային դիստրիբուտորներից։ Սակայն New Line-ի ղեկավարը մինչև վերջ համոզված չէր Ջեքսոնի հարցում։ Նրան դուր չէր գալիս «Սարսափները», ու նա վստահ չէր, որ ընկերությունը կարող է զբաղվել նման հավակնոտ նախագծով։ Սակայն Ջեքսոնի ներկայացրած տեսանյութի դիտումից հետո Շեյը հարցրեց. «Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ կինոդիտողը վճարի $18, եթե նա կարող է վճարել $27»: Ջեքսոնը հասկացավ, որ խոսքը գնում է ոչ թե երկու, այլ երեք ֆիլմի մասին, ինչը ռեժիսորն ընդունեց մեծ էնտուզիազմով։ Հետագայում Շեյը նշել էր, որ եթե «Մատանիների տիրակալը» բաղկացած լիներ հինգ մասից, նկարվելու էր հինգ ֆիլմ։
Մնացածն արդեն գիտեք։ Ջեքսոնը, Ուոլշն ու Բոյենսը գրեցին երեք նոր սցենար։ Եռագրության տեսքով ընդլայնումը շատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն տվեց, ինչի արդյունքում էլ ծնվեց լեգենդար ֆրանշիզը` միլիարդանոց եկամուտներով, տասնյակ մրցանակներով ու հարյուր միլիոնավոր հավատարիմ երկրպագուներով։