Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Տառեր, որոնք որոշում են ամեն ինչ. Ինչպես Հոլիվուդը հորինեց վարկանիշային համակարգը և ինչու է այն մինչ օրս բոլորին նյարդայնացնում

Եթե կանգնել եք կինոթատրոնի տոմսարկղի մոտ ու ֆիլմի անվան կողքին նկատել փոքրիկ «R» տառը, ապա իմացեք՝ դրա հետևում թաքնված է վախի, կոմպրոմիսների ու Հոլիվուդի ինքնապաշտպանության ավելի քան կեսդարյա պատմությունը։ Վարկանիշային համակարգը ստեղծվել է ոչ այնքան այն պատճառով, որ կինոարդյունաբերությունը հանկարծ որոշեց հոգ տանել ծնողների մասին, այլ որովհետև Հոլիվուդը փորձում էր խուսափել շատ ավելի անցանկալի տարբերակից՝ պետական ցենզուրայից։

Եկել է ժամանակը, որպեսզի PAN-ը պատմի ամերիկյան տարօրինակ վարկանիշային համակարգի մասին։

Տասնամյակներ շարունակ կինոն սահմանափակող կոդեքսը

Մինչև 1968-ը Ամերիկայում կինովարկանիշներ չկային։ Դրանց փոխարեն գործում էր Հեյսի կոդեքսը՝ կանոնների համակարգ, որը մշակվել էր դեռ 1930-ին ու երկար ժամանակ որոշում էր, թե ինչ կարելի է ցույց տալ էկրանին, իսկ ինչ՝ ոչ։ Այն պարզապես խորհուրդներ չէր տալիս. կոդեքսը հստակ սահմանափակումներ էր դնում։ Հանցագործությունը չէր կարելի ներկայացնել այնպես, որ հանդիսատեսը համակրի հանցագործին, սեքսուալ հարաբերությունները պետք է մնային ակնարկների մակարդակում, իսկ համբույրները չէին կարող չափազանց երկար տևել։ Նույնիսկ ամուսնական ննջասենյակի պատկերումը ենթարկվում էր խիստ կանոնների։

Հոլիվուդը գրեթե չորս տասնամյակ ապրեց այս սահմանափակումներով։ Սակայն վաթսունականներին հասարակությունը փոխվում էր շատ ավելի արագ, քան կինոյի կանոնները։ Սեքսուալ հեղափոխությունը, Վիետնամի պատերազմը, քաղաքացիական իրավունքների շարժումն ու ստուդիական հին համակարգի ճգնաժամը նոր թեմաներ ու նոր լեզու էին բերում կինո։ Այդ ֆոնին Հեյսի կոդեքսը գնալով ավելի հնացած ու երբեմն նույնիսկ անհեթեթ էր թվում։

Միաժամանակ դատարանները կինոն ավելի ու ավելի հստակ էին ճանաչում որպես խոսքի և արվեստի ձև, որը պաշտպանվում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությամբ։ Դա չէր նշանակում, որ կինոն ամբողջությամբ ազատվում էր սահմանափակումներից, բայց պետական ցենզուրայի հնարավորությունները զգալիորեն նեղանում էին։

1966-ը դարձավ շրջադարձային։ Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոխոշորացում» (Blowup) ու Մայք Նիկոլսի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolf?) ֆիլմերը բացահայտորեն բախվեցին գործող կանոնների հետ։ Հին համակարգն այլևս չէր կարողանում վերահսկել այն կինոն, որը հենց Հոլիվուդն էր ուզում նկարահանել։

Այդ ժամանակներում Ամերիկյան կինոասոցիացիայի՝ MPAA-ի նախագահ Ջեք Վալենտին հասկանում էր վտանգը. եթե կինոարդյունաբերությունն ինքը չստեղծի կարգավորման ընդունելի համակարգ, այդ գործով կարող են զբաղվել քաղաքական գործիչները։ Իսկ Կոնգրեսի միջամտությունը Հոլիվուդի համար շատ ավելի վտանգավոր էր, քան սեփական կանոնների շուրջ երկար բանակցելը։

1968. տառերի ծնունդը

1968-ի նոյեմբերի 1-ին Վալենտին ներկայացրեց նոր համակարգը։ Դրա հիմնական գաղափարը պարզ էր. ոչ թե արգելել ֆիլմերը, այլ տեղեկացնել հանդիսատեսին, հատկապես ծնողներին, թե ինչ բովանդակություն կարող է սպասել նրանց։

Սկզբում գոյություն ուներ չորս կատեգորիա՝ G, M, R և X։ G-ն նախատեսված էր բոլոր տարիքի հանդիսատեսների համար։ M-ը նշանակում էր «մեծահասակ հանդիսատեսի համար» ու ենթադրում էր, որ ծնողները պետք է որոշեն՝ արդյոք ֆիլմը հարմար է երեխաներին։ R-ը սահմանափակում էր երիտասարդ հանդիսատեսի մուտքը առանց մեծահասակի ուղեկցության, իսկ X-ը նախատեսված էր միայն մեծահասակների համար։

Այս համակարգում M-ն ամենաշատ շփոթությունն առաջացրեց։ Ծնողները չէին հասկանում՝ արդյոք այդ տառը նշանակում է, որ երեխաներին ֆիլմը չի կարելի, թե պարզապես խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել։ Շուտով M-ը փոխարինվեց GP-ով, իսկ 1972 թվականին վերջնականապես դարձավ PG՝ վարկանիշ, որը մեզ ծանոթ է այսօր։

X-ն էլ սկզբում բոլորովին այլ իմաստ ուներ, քան հետագայում։ Այն պոռնոգրաֆիայի հոմանիշ չէր ու կիրառվում էր նաև լուրջ, հեղինակային ֆիլմերի նկատմամբ։ Օրինակ՝ «Կեսգիշերային կովբոյը» (Midnight Cowboy) սկզբնական թողարկման ժամանակ ստացել էր X վարկանիշ, սակայն հետագայում այն փոխվեց։ Այդուհանդերձ, ֆիլմը պատմության մեջ մնաց որպես առաջին X վարկանիշով ֆիլմը, որը ստացել է «Օսկար» լավագույն ֆիլմի համար։ Այսօր նման բան պատկերացնելը բավական դժվար է. գրեթե նույնքան անսովոր, որքան եթե գլխավոր «Օսկարը» ստանար NC-17 վարկանիշով ֆիլմը։

Սփիլբերգը, որը փոխեց համակարգը ներսից

1984-ին պարզ դարձավ, որ նոր համակարգն ունի լուրջ բաց։ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (Indiana Jones and the Temple of Doom) ու «Գրեմլինները» (Gremlins), որոնք երկուսն էլ Սթիվեն Սփիլբերգի մասնակցությամբ ստեղծված ֆիլմեր էին, ստացել էին PG վարկանիշ։ Բայց դրանցում կային տեսարաններ, որոնք շատ ծնողների համար չափազանց մռայլ ու վախեցնող էին մանկական կինոյի համար։

Խնդիրը պարզ էր. PG-ի և R-ի միջև չափազանց մեծ տարածություն էր մնացել։ Մի կողմից՝ ֆիլմ, որը կարելի էր դիտել երեխաների հետ, մյուս կողմից՝ ֆիլմ, որի համար արդեն պահանջվում էր մեծահասակի ուղեկցություն։ Միջանկյալ տարբերակ չկար։

Սփիլբերգն առաջարկեց ստեղծել նոր կատեգորիա, որը կզգուշացներ ծնողներին ավելի լուրջ բովանդակության մասին, բայց ֆիլմը միանգամից R-ի տակ չէր դնի։ Այդպես ծնվեց PG-13 վարկանիշը։ Առաջին ֆիլմը, որը պաշտոնապես ստացավ այն, «Կարմիր լուսաբացն» (Red Dawn) էր։

Այստեղ փոքր իրոնիա կա. Սփիլբերգը հաճախ ասոցացվում է ընտանեկան կինոյի հետ, սակայն հենց նրա ֆիլմերն օգնեցին ընդլայնել այն սահմանները, թե ինչ կարելի է ցուցադրել դեռահաս հանդիսատեսին։

X-ը մահանում է, որպեսզի ծնվի NC-17-ը

Ութսունականների վերջին X վարկանիշը վերածվել էր խարանի։ Պոռնոարդյունաբերությունը սկսել էր ազատորեն օգտագործել այդ տառը, քանի որ այն իրավաբանորեն պաշտպանված չէր։ Արդյունքում X-ը աստիճանաբար դադարեց տարբերակել հեղինակային կինոն պոռնոգրաֆիայից։

Խնդիրը հատկապես ակնհայտ դարձավ «Հենրի և Ջուն» (Henry & June, 1990) ֆիլմի դեպքում։ Դա լուրջ կենսագրական դրամա էր, բայց X վարկանիշը շատ կինոթատրոնների ու լրատվամիջոցների համար արդեն բավական պատճառ էր ֆիլմից հրաժարվելու համար։ Վարկանիշը սկսեց որոշել ոչ միայն այն, թե ով կարող է դիտել ֆիլմը, այլև այն` արդյոք ֆիլմն ընդհանրապես հնարավորություն կունենա հասնել հանդիսատեսին։

1990-ին MPAA-ն ներկայացրեց NC-17 վարկանիշը։ Իմաստը գրեթե նույնն էր՝ մինչև 17 տարեկաններին ֆիլմը չէր թույլատրվում, բայց նոր անվանումը պաշտոնապես պատկանում էր կինոասոցիացիային և պետք է հեռու պահեր վարկանիշը պոռնոգրաֆիայի հետ կապերից։

Սակայն նոր տառերը չկարողացան ամբողջությամբ վերացնել հին խարանը։ NC-17-ը մինչ օրս համարվում է կոմերցիոն ռիսկ։ Որոշ խոշոր կինոթատրոնների ցանցեր խուսափում են նման ֆիլմերից, գովազդային հնարավորությունները սահմանափակվում են, իսկ տարածողները հաճախ չեն ցանկանում գործ ունենալ այդ վարկանիշով արտադրանքի հետ։

Արդյունքում ռեժիսորներն ու ստուդիաները տարիներով վերամոնտաժում են ֆիլմերը՝ միայն թե ստանան R։ Երբեմն կրճատվում է մի քանի վայրկյան, երբեմն փոխվում են ամբողջ տեսարաններ։ Ֆիլմի վերջնական տարբերակը հաճախ ձևավորվում է ոչ միայն ստեղծագործական որոշումների, այլ նաև վարկանիշային հանձնաժողովի պահանջների ազդեցությամբ։

Համակարգ, որը բոլորը քննադատում են, բայց ոչ ոք չի շտապում փոխել

MPAA-ի, իսկ այժմ արդեն MPA-ի հասցեին ամենատարածված դժգոհությունը տարիներ շարունակ նույնն է. համակարգը հաճախ ավելի հանդուրժող է բռնության, քան սեքսի նկատմամբ։

Մարտաֆիլմում կարող են լինել կրակոցներ, պայթյուններ ու բավական դաժան տեսարաններ, սակայն ֆիլմը շարունակի մնալ PG-13 սահմաններում։ Միևնույն ժամանակ սեքսուալ բովանդակությունը կամ երկարատև մերկությունը կարող են շատ արագ ֆիլմը տեղափոխել R կատեգորիա։

Այս տարբերության համար հաճախ փորձել են գտնել հստակ ու օբյեկտիվ տրամաբանություն, սակայն համակարգը երբեք չի գործել որպես հանդիսատեսին հասցվող պոտենցիալ վնասի գիտական սանդղակ։ Այն արտացոլում է որոշակի մշակութային պատկերացումներ՝ այն, թե ամերիկյան հասարակության մի հատվածը ինչն է ավելի ընդունելի կամ ավելի վտանգավոր համարում երեխաների համար։

Այնուամենայնիվ, համակարգը զարմանալիորեն կենսունակ է։ Այն պաշտոնապես կամավոր է ու ինքնին օրենքի ուժ չունի։ Տեսականորեն ֆիլմը կարող է ընդհանրապես վարկանիշ չստանալ և, միևնույն է ցուցադրվել։ Սակայն գործնականում ամեն ինչ ավելի բարդ է։ Շատ կինոթատրոնների ցանցեր, հեռուստաալիքներ և վաճառողներ չեն ցանկանում աշխատել չվարկանիշավորված ֆիլմերի հետ։ Այդ պատճառով վարկանիշից հրաժարվելը հաճախ նշանակում է հրաժարվել լայն տարածումից։

Այսպես Հոլիվուդը ավելի քան կես դար առաջ ստեղծեց մի համակարգ, որը պետք է պաշտպաներ նրան պետական միջամտությունից։ Սակայն ժամանակի ընթացքում այդ համակարգը վերածվեց ազդեցիկ ինստիտուտի, որն ինքն է որոշում, թե որ ֆիլմը որքան հեշտ կհասնի հանդիսատեսին։

Եվ գուցե հենց սա է դրա ամենամեծ հակասությունը. վարկանիշային համակարգը ստեղծվել էր գրաքննությունից խուսափելու համար, բայց վերջում դարձավ մեխանիզմ, որը կարող է փոխել ֆիլմի բովանդակությունը՝ առանց որևէ տեսարան պաշտոնապես արգելելու։


🎬 Արման Գասպարյան / PAN