Իմպրեսիոնիստների ոգեշնչումը, Դա Վինչիի օրագիրն ու միջավայրի գործոնը. Նոր տարին՝ արվեստի պատմության հուշումներով
Սովորաբար տարին սկսում ենք միևնույն հարցով՝ ի՞նչ ենք ուզում փոխել մեր կյանքում, ինչի՞ն ենք ուզում ավելի շատ ժամանակ հատկացնել, կամ ո՞ր սովորություններից ենք փորձում հրաժարվել։ Նոր տարվա որոշումները հաճախ անձնական ու երբեմն էլ առօրյա են թվում՝ ավելի շատ քայլել, ավելի քիչ «շտապել» ու վայելել կյանքի սեփական ռիթմը, ավելի առողջ սովորություններ որդեգրել, ավելի շատ ճամփորդել և այլն։ Գուցե շատ անսպասելի թվա, բայց իրականում այս առաջին հայացքից խիստ անձնական ցանկություններն արվեստի հետ ուղիղ կապ ու հստակ ընդհանրություններ ունեն։ Տարբեր ժամանակներում ու մշակութային տարբեր ուղղություններում արվեստագետները վաղուց ապրել են այն արժեքներով և սովորություններով, որոնք այսօր փորձում ենք վերագտնել կամ ընդգրկել մեր առօրյայում։
Բնության հետ կապը, ինքնաարտահայտումը, ստեղծագործական աշխատանքը, ընթերցանությունը, «տեսնելու» կարողությունը պարզապես նորաձև գաղափարներ չեն։ Դրանք վաղուց գոյություն ունեցող կենսաձևեր են։ Եվ եթե նայենք դրանց որպես սովորական մարդկային փորձառությունների, կարող ենք բազմաթիվ գործնական խորհուրդներ ու ներշնչանք գտնել նաև մեզ համար։ Արվեստագետների առօրյան, նրանց սովորությունները, ընտրած ճանապարհները հաճախ շատ ավելի մոտ են մեզ հուզող հարցերին, քան կարող ենք պատկերացնել։
Օրինակ՝ բնության գրկում ժամանակ անցկացնելը։ Այսօր հոգեբաններն ու բժիշկները մշտապես խորհուրդ են տալիս մոտ լինել բնությանը, շատ քայլել, մաքուր օդ շնչել, բայց դեռևս 19-րդ դարում իմպրեսիոնիստները գիտակցաբար դուրս եկան արվեստանոցներից ու ոգեշնչում գտան բնության գրկում։ Նրանց համար բնությունը պարզապես թեմա չէր, այլ միջավայր։ Նրանք նկարում էին բաց երկնքի տակ, ծառերի ու թռչունների միջավայրում, ստեղծագործում էին հենց այնտեղ՝ առանց նախնական «անվտանգ» էսքիզների։ Տեխնիկապես սա միանշանակ փոփոխությունների մասին էր խոսքում, բայց փոփոխությունն առաջին հերթին աշխարհայացքի մեջ էր։ Հետևաբար քայլելը, քաղաքից դուրս բնության գրկում ժամանակ անցկացնելն այս տարի մեզ համար կարող է դառնալ տարվա ամենապարզ, բայց կարևոր որոշումներից մեկը։
Նույն կերպ, ինքներս մեզ հետ զրուցելու անհրաժեշտությունը, որը այսօր փորձում ենք լրացնել ամենատարբեր մեթոդներով, վաղուց արդեն արտահայտվել է օրագիր պահելու մշակույթի միջոցով։ Գրառումներն օգնում են դասավորել մտքերը, ընկալել ու թղթին հանձնել ապրումները, որևէ տեղ պահպանել մտքում պատահաբար ծնված գաղափարները։
Դրա վառ օրինակներից մեկն է Լեոնարդո դա Վինչին, որն իր կյանքի ընթացքում գրել ու սերունդներին է թողել բազմաթիվ նոթատետրեր։ Դրանցում շատ են դիտարկումները, գիտական հարցադրումները, ստեղծագործական գաղափարներն ու մտահաղացումները, անգամ գյուտերը։ Նրա գրառումները երբեմն այնքան անձնական ու անմիջական են, որ թվում է, թե Դա Վինչին հենց մեզ հետ է խոսում։ Պարտադիր չէ, որ օրագիրը լինի բոլոր չափանիշներով գեղեցիկ կամ «ճիշտ», բավական է, որ այն արտահայտի ձեր զգացմունքներն ու մեկտեղի ամենաանհավանական թվացող ստեղծագործական գաղափարները։
Մեկ այլ կարևոր դիտարկում, որ սովորում ենք արվեստագետներից՝ տունը որպես ինքնարտահայտման տարածք և ընտանիքը՝ որպես ստեղծագործ միջավայր ընկալելու հմտությունն է։ Այս պարագայում սկսում եք նկատել մանրուքներ՝ գույները, լույսը, առարկաների դասավորվածությունը և շատ ավելին։ Հետևաբար նոր տարում աննշան թվացող, բայց երկարաժամկետ հեռանկարում կարևոր փոփոխություն կարող է դառնալ հենց սա՝ վերանայել սեփական միջավայրը, այն դարձնել ավելի հարմար, ավելի «մերը»։ Արվեստագետների համար ևս տունը երբեք միայն կենցաղային տարածք չի եղել։ Այն հաճախ եղել է գաղափարների փորձադաշտ ու ինքնարտահայտման տարածք։
Ամերիկացի բնանկարիչ, ռոմանտիկ, Հուդզոն գետի դպրոցի ականավոր ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի պատմությունն այս խոսքերի ապացույցն է։ Մերձավոր Արևելք կատարած իր երկարատև ճանապարհորդությունից հետո Չըրչը տուն վերադարձավ վառ տպավորություններով ու նաև ցանկությամբ՝ այդ աշխարհից ինչ-որ բան բերել իր առօրյա։
Այսպիսով նկարիչն իր տունը նախագծեց ու ձևավորեց միջինարևելյան մոտիվներով և վերածեց այն իսկակա արվեստի գործի։ Ասում են՝ այդ տունը խոսում էր նկարչի անցած ճանապարհի, տեսած ու ապրածի մասին։ Պարտադիր չէ, որ տունը վերածեք թանգարանի, բայց ուղերձը նույնն է՝ մեր անմիջական միջավայրը պատմում է մեր մասին, արտացոլում մեր ներսի փոփոխությունը։ Հետևաբար այդ միջավայրի փոփոխությունը նոր տարվա մեկնարկը շատ ավելի տեսանելի կարող է դարձնել։
Նոր տարվա առաջին օրերին կարծես փորձում ենք դարակներում դասավորել մեր կյանքը՝ իր բոլոր շերտերով ու ուղղություններով։ Ընտանիքն այս ցանկում առանցքային շերտերից է։ Ոմանց համար ընտանիքն ավելի շատ միասին անցկացրած ժամանակի մասին է, որոշների համար՝ հեռավորության, կարոտի, բաժանման։ Ամեն դեպքում՝ հենց ընտանիքում են ձևավորվում առաջին հարաբերությունները, առաջին պատմությունները, անգամ առաջին հմտությունները։
Եթե վերադառնանք արվեստի պատմությանը, ապա քիչ չեն դեպքերը, երբ արվեստի հանդեպ սերն ու ստեղծագործական հմտությունները սկիզբ են առել հենց ընտանիքում։ Հատկապես կանանց համար ընտանիքը երկար ժամանակ եղել է արվեստի որևէ ճյուղ ուսումնասիրելու միակ ճանապարհը։ Արտեմիզիա Ջենտիլեսկին և Սոֆոնիսբա Անգվիսսոլան օրինակ, իրենց հմտությունները զարգացրել են հենց ընտանիքի ներսում՝ հոր կամ հարազատների օգնությամբ, որովհետև պաշտոնապես իրավունք չունեին արվեստի կրթություն ստանալ։ Իսկ օրինակ Չարլզ Ուիլսոն Փիլն իր երեխաներին անվանում էր հին վարպետների անուններով և բոլորին նկարչական կրթություն էր տալիս։ Նրանցից ոմանք այդ ճանապարհին իսկապես հաջողեցին։
Երբեմն ստեղծագործ ընտանիքները դառնում էին նաև համագործակցության լավ օրինակներ։ Լիմբուրգ եղբայրները միջնադարում միասին մանրանկարներ էին ստեղծում, իսկ օրինակ Կարաչիները ստեղծագործում էին բարոկկո դարաշրջանում։ Հիմա շատերը կմտածեն, թե ի՞նչ կապ ունեն արվեստագետ եղբայրները մեր ու մեր ընտանիքների հետ։ Իհարկե, հավանականությունը, որ ձեր ընտանիքում հանկարծ նման տաղանդ կբացահայտեք, շատ մեծ չէ, բայց նոր տարում փորձեք պարզապես ավելի ուշադիր լինել, փնտրել ու գտնել ընտանիքում եղած ուժի աղբյուրը, աջակցությունը, կամ էլ գուցե՝ չօգտագործված հնարավորությունները։
Նոր տարվա ցանկությունների շրջանակում ամենահաճախ հանդիպող որոշումներից մեկը սովորաբար կապված է ինչ-որ նոր բան սովորելու հետ։ Այդ «նորը» հաճախ սկսել ենք փնտրել հեռախոսի կամ էլ համակարգչի էկրանին, բայց ո՞վ ասաց, որ դրանով սահմանափակվել է պետք։ Սեփական ձեռքերով որևէ բան ստեղծելը և՛ թերապիա է, և՛ ստեղծագործական աշխատանք, և՛ պարզապես հոբբի ու ժամանց։ Թղթի, մետաղի, փայտի կամ գույների հետ աշխատելը թույլ է տալիս տեսնել արդյունքը, զգալ նյութը, վայելել գործընթացը։
19-րդ դարում անգլիացի նկարիչ, գրող, արվեստի տեսաբան և հասարակական գործիչ Ուիլյամ Մորիսը հենց այս գաղափարով էլ հանդես եկավ ու հակադրվեց զանգվածային արտադրությանը։ Նրա ղեկավարած Arts & Crafts շարժումը նպատակ ուներ «վերակենդանացնել» ու վերաիմաստավորել ձեռքի աշխատանքը, վերադարձնել որակն ու անհատականությունը։
Մորիսի ստեղծած արվեստանոցներում աշխատում էին տարբեր նյութերով՝ ապակի, մետաղ, փայտ, տեքստիլ։ Ամեն առարկա ստեղծվում էր ձեռքով, առանց շտապելու ու խիստ մտածված։ Այս փորձարարական նախագիծն առաջին հերթին ցույց տվեց հետևյալը՝ պարտադիր չէ, որ ստեղծագործությունը արվեստի մեծ նմուշ լինի, որպեսզի արժեքավոր լինի։ Նոր տարում ինչ-որ բան սովորելու որոշումն իրականում մի պահ կանգ առնելու, ազատությունն ու երևակայությունն ընտրելու ճանապարհ է։
Նույն ուշադրությունը պահանջում է նաև արվեստն ուսումնասիրելը։ Գուցե աշխատանքային խիտ գրաֆիկը թույլ չի տալիս, որ ամեն շաբաթ թանգարան այցելեք, բայց արվեստը չի սահմանափակվում ֆիզիկական տարածքով։ Գրքերը, թվային հավաքածուները, անգամ օրական մեկ կտավ դիտելն ու դրա պատմությանը ծանոթանալը կարող են փոխել մտածողությունը։ Ի դեպ, արվեստագետների համար այլ արվեստագետների գործերն ուսումնասիրելը աշխատանքային պարտադիր փուլ է։ Դարեր շարունակ նրանք սովորել են վարպետներից՝ ուսումնասիրելով դետալները, երբեմն անգամ կրկնօրինակելով, բացահայտելով, թե ինչպես է ստեղծվում պատկերն ու գաղափարը։
Նույն տրամաբանությունն է գործում նաև ընթերցանության դեպքում։ Գրքերը ստեղծագործ միտքը զարգացնելու անսպառ աղբյուր են։ Դարերի ընթացքում նկարիչները բազմիցս անդրադարձել են դիցաբանությանը, գրականությանը, պոեզիային։ Օրինակ 19-րդ դարում պրեռաֆայելիտները գրեթե մոլեգնությամբ պատկերում էին Շեքսպիրի, Դանթե Ալիգիերիի, Թեննիսոնի ստեղծագործությունները։ Գրական սյուժեները նրանց կտավներում ստանում էին նոր կյանք՝ գույներով, մանրամասներով, զգացմունքներով։ Այսօր էլ, երբ իսկապես բարդ է ընտրել, թե ի՞նչ կարդալ, գուցե արվեստը կարող է դառնալ այդ ընտրության ուղեցույցը։
Նոր տարվա հրաշքի սպասումով հաճախ սպասում ենք նաև անելանելի թվացող իրավիճակների լուծումներ ու հարցերի պատասխաններ, բայց նոր օրն ու նոր տարին հազվադեպ է պատասխաններ տալիս։ Ամեն դեպքում՝ փոքր քայլերի արվեստն առաջին քայլն է մեծ փոփոխությունների ճանապարհին։ Նոր տարում գլխավոր որոշումներից ու ձեռքբերումներից մեկը թող ստեղծագործական ազատությունը լինի։ Դե, իսկ արվեստը չի սովորեցնում՝ ինչպես «ճիշտ» ապրել։ Բայց ցույց է տալիս, թե որքան տարբեր ու ամբողջական կարող է լինել ճանապարհը, երբ որոշում ենք ավելի գիտակցված ապրել։ Իսկ նոր տարին դրա համար ամենահարմար պահն է։