#cinéPAN
November 26, 2023

Լավ մոռացված հինը, կամ VHS դարաշրջանի ֆիլմերի թվային վերածնունդը  

Կինոն հաճախ շարժվում է «ամեն նոր բան լավ մոռացված հինն է» սկզբունքով` անդադար ոգեշնչվելով անցյալի ստեղծագործություններով, համալրելով դրանք ու հիմք դառնալով ապագայի համար։ Ժառանգականությունը կինոյի համար առանցքային է, ու 21-րդ դարի սկզբին հերթը հասավ նախորդ դարի 70-ականների վերջին սկսված VHS-դարաշրջանին, երբ վիդեոյի նոր ֆորմատի շնորհիվ կինոդիտումը մասսայաբար հնարավոր դարձավ ոչ միայն կինոթատրոնում կամ հեռուստատեսությամբ, այլև` ըստ ցանկության, ցանկացած ժամի ու ցանկացած ֆիլմ։ VHS-բումը Խորհրդային ու հետխորհրդային տարածք հասավ միայն 80-ականների վերջին, բայց այն ժամանակվա երեխաները լավ են հիշում, թե ինչ ոգևորիչ էր սիրելի ֆիլմը որքան ուզես անգամներ նայելը։

VHS-դարաշրջանի վերածնունդը կինոյում սկսվեց զրոյականների սկզբին։ Հիմնական մոտիվացիան այն ժամանակներում երեխա եղած երիտասարդների նոստալգիայի հաշվին փող աշխատելն էր։ PAN-ը պատմում է՝ արդյո՞ք ստացվեց այդ դեռ շարունակվող վերածնունդը, թե՝ ոչ։

Զարմանալի է, բայց 21-րդ դարի երկրորդ տասնամյակում VHS-բումի վերածնունդն էլ ավելի ամրապնդեց թվային կոնտենտի քանակի ու ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման առաջատար Netflix-ը։ Իհարկե, մինչ այդ նոստալգիան գոյություն ուներ, բայց հենց Դաֆեր եղբայրների «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալն էր, որ լրացուցիչ արագացում հաղորդեց այս պրոցեսներին։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև Դաֆեր եղբայրները հրաշալի հասկանում էին VHS-դարաշրջանը, դրա ոչ միայն էսթետիկ առանձնահատկությունները, այլև այն կոգնիտիվ մեխանիզմների ամբողջությունը, որը, մի կողմից, նոստալգիայի ահռելի դոզա է սրսկում 40-50-ամյա «ծերունիներին», մյուս կողմից կարողանում է ինքն իրենով, առանց ավելորդությունների, գրավել նաև ավելի երիտասարդներին։

Այստեղ ամեն ինչ էնցիկլոպեդիկ է. երեխաների խումբ, միստիկ իրադարձություններ, ցանկալի է, որ երեխաներից մեկը օժտված լինի գերբնական կարողություններով:

Կոգնիտիվ մեխանիզմներից կենտրոնականն, այսպես կոչված, «տաք լամպայնությունն» է` բառերով դժվար նկարագրվող զգացում` կապված պատման անմիջականության, որոշակի (բայց ոչ վառ արտահայտված) միամտության, սյուժեի կառուցվածքի` լավ իմաստով պարզության, բնական ու հասկանալի կերպարների շնորհիվ։ 80-ականներին դա պայմանավորված էր բյուջեների սահմանափակ լինելու ու արտադրության արագության հետ, անհրաժեշտ էր որքան հնարավոր է արագ նկարել ու խանութ տեղափոխել ֆիլմի տեսաերիզը։ Բայց արի ու տես, որ բագը վերածվեց ֆիչայի։ Հենց այդ ֆիչան են օգտագործում «Տարօրինակ դեպքերում»։

Электроника ВМ-12-ը 80-ականների վերջի խորհրդային երեխաների համար իսկական հրաշք էր: Եթե, իհարկե, սարքը տանն առկա էր:

Այստեղ գործ ունենք Սթիվեն Քինգի ոճի պատմության հետ։ Ընդ որում, խոսքը հենց 80-ականների Քինգի մասին է, ում լավագույն ստեղծագործությունները կապված էին փոքր ամերիկյան քաղաքում գերբնականի հետ բախվող պատանիների խմբի հետ։ Դաֆերները կարողացել են համադրել մի քանի բան. Քինգի վաղ գործերը, Քինգի վաղ գործերի էկրանավորումները ու 80-ականների դարաշրջանի կուլտային կինոյի էլեմենտներ։ Համադրությունն օրգանիկ է, որովհետև հղումներն ու կլիշեներն ինքնանպատակ չեն, այլ ինքնուրույն օրիգինալ պատմության մաս են։ Եթե կա քաղաքային շերիֆ, ապա նա բարդ դրամատիկ բեքգրաունդով կերպար է; եթե դպրոցում կա բուլինգ, ապա ուսումնասիրվում են դրա հետևանքները։

«Տարօրինակ դեպքերը» վարպետորեն է հղում անում ժամանակի կուլտային ստեղծագործություններին: Օրինակ, այս դրվագում հնչում է «Անվերջ պատմության» (The NeverEnding Story, 1984) կինոհեքիաթի երգը:

21-րդ դարի սկիզբ բերելով 20-րդ դարավերջի մի կտոր` հեղինակները կարողացել են, պահպանելով բերվածի ոգին, մատուցել այն 21-րդ դարին համապատասխան, ինչի շնորհիվ «Տարօրինակ դեպքերը» նման չէ նոր միջավայրում հայտնված ռելիկտի։ Հակառակը, Դաֆերները մեծագույն սիրով ու հարգանքով են վերաբերվում իրենց ոգեշնչման աղբյուրներին` ամեն ինչ անելով, որպեսզի նոր դարաշրջանի հանդիսատեսը նույնպես իրենց հետ կիսի այդ զգացմունքները։

Կարծում ենք, որ ֆիլմն ուղղակի պարտադիր է նայել Լեոնիդ Վոլոդարսկու ճիշտ հնչյունավորմամբ:

Բայց եթե ուզում եք խտացված VHS-դարաշրջան, առանց որևիցե կոմպրոմիսի կամ նոր մշակութային առանձնահատկությունները կամ նոր սերունդների նախասիրությունները հաշվի առնելու, ապա շվեդ Դեյվիդ Սանդբերգի «Քունգ ֆյուրի» (Kung Fury, 2015) ֆիլմը հենց ձեզ համար է։ Այն նկարվել է քրաուդֆանդինգային միջոցների ու ահռելի էնտուզիազմի հաշվին։

Այս 30 րոպեանոց իրոնիկ կատակերգությունը (այլ ժանրում նման բան անհնար է նկարել) մաքուր դիստիլացված 80-ականներ են յուրաքանչյուր կադրի յուրաքանչյուր պիքսելով։ Յութուբում ֆիլմը արդեն դիտվել է ավելի քան 39 մլն անգամ, խոսակցություններ են գնում լիամետրաժ տարբերակի մասին (ինչը, վստահաբար, ամեն ինչ փչացնելու է, որովհետև միայն փոքր մետրում է հնարավոր նոստալգիայի այդպիսի դոզաներ տեղավորել` չվախենալով կինոդիտողի առողջության համար)։ Սանդբերգն օգտագործել է բացառապես ամեն ինչ. B կատեգորիայի մարտաֆիլմերը ազգությամբ ամերիկացի հերոս նինձյա տղեքի մասին; B կատեգորիայի էժան ֆանտաստիկան ռոբոտների/նացիստների/դինոզավրերի (ավելացրեք ինքներդ) հարձակման մասին; իր ժամանակի համար ադեկվատ էլեկտրոնային երաժշտություն` կատարված, հավանաբար, Yamaha սինթեզատորով; անգամ` որոշ դրվագներում պատկերը խզվում է, ինչպես «ծամված» VHS տեսաերիզում։

Քո դեմքը, երբ չես ուզում, բայց փողն արդեն տված է: Կադր «Տերմինատոր. Մութ ճակատագրեր» ֆիլմից:

«Քունգ ֆյուրին» նայելիս տպավորություն է, կարծես վերադարձել ես 80-ականների վերջ կամ 90-ականների ամենասկիզբը, դարակում հայտնաբերել ես ծնողների պահած կասետները ու դրանցից մեկը` արգելված դաժան մարտաֆիլմով, դրել Электроника ВМ-12 վիդեոմագնիտոֆոնի մեջ։ Իսկական ժամանակի մեքենա։

VHS-դարաշրջանի հորրորների ժամանակակից ինտերպրետացիաները առանձին ցավոտ թեմա են: Եթե կարճ, ապա հիմնականում կամ չի ստացվում, կամ ստացվում է շատ վատ: Բացառություն էր 2018-ին էկրաններ բարձրացած «Հելոուինը» (Halloween), որի սիքվելները շատ արագ կրկին ամեն ինչ փչացրին:

Այդուհանդերձ, մեծամասամբ, դարաշրջանի վերածնունդը կինոյում արտահայտվում է ոչ այնքան ակնհայտ նոստալգիկ ստեղծագործություններով։ Հիմնականը, ինչի դիմում է Հոլիվուդը նոստալգիայի հաշվին գումարներ աշխատելու համար, ռեմեյքներն են, սիքվելներն ու ռեբութները։ Այստեղ, յուրաքանչյուր հաջողված փորձի հետ ստանում ենք մի քանի անհաջողը։ Ու խոսքն այս դեպքում Սիլվեստր Ստալոնեի նախաձեռնած «Անկասելիների» (The Expendables, 2010) տիպի ստիլիզացիայի մասին չի a la 80-ականների մարտաֆիլմեր` լեգենդար դերասաններով, որը գնալով ավելի ու ավելի վատը դարձավ, այլ օրիգինալ ֆիլմերի հետ անմիջականորեն կապված կինոյի։

Ի՜նչ օր է… ի՜նչ հիանալի օր է…

Որպես ծայրահեղ հաջողված օրինակ կարելի է նշել Ջորջ Միլլերի «Խելագար Մաքս։ Զայրույթի ճանապարհ» (Mad Max: Fury Road, 2015) մարտաֆիլմը, որը, հավանաբար, VHS-դարաշրջանից մեզ հասած լավագույն արձագանքն է։ Մաքսի մասին օրիգինալ եռագրությունը Միլլերը սկսել էր դեռ 1979-ին ու ավարտել 1985-ին. երեք ֆիլմերն էլ իրենց բրուտալ ու մռայլ պոստապոկալիպտիկ մթնոլորտի, խելահեղ մեքենաների ու փոթորկային էքշնի համար խիստ պոպուլյար էին տնային վիդեոյում։ 30 տարի անց շարունակելով Մաքսի պատմությունը (չնայած փաստ չի, որ սա նույն Մաքս Ռոկատանսկին է, բայց սեթինգը նույնն է), Միլլերը հեծանիվ չհորինեց, այլ որոշեց անել նույնը` ամեն ինչ բազմապատկելով հազարով. թե խելահեղ էքշնը, թե գեղարվեստական դետալները, թե բրուտալությունը, թե ադրենալինի դոզաները ու թե աներևակայելի էքշնը` ամբողջ ուժով օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները։

Թոմ Հարդին Մաքսի դերի համար ուներ Մել Գիբսոնի օրհնությունը

Արդյունքում, «Զայրույթի ճանապարհը» միաժամանակ երկու դարաշրջանի ծնունդ է։ 80-ականների անզուսպ ու ալեկոծ էքշնը` հրաշալի համադրված ֆեմինիստական դրամայի ու հակաավտորիտար հայտարարության հետ, ֆիլմ-հետապնդում, որի դիտումից հանդիսատեսը անընդհատ շունչը պահում է, կամ բացականչում հիացմունքից։ Միլլերը չի նկարել ֆիլմը նոստալգիայի համար, այլ որպես իր հերոսի պատմության շարունակություն, ու դա աշխատել է. այն միաժամանակ նոստալգիկ է ու լրիվ նոր բացահայտում ցանկացած սերնդի հանդիսատեսի համար։

Ու չնայած անվանը, «Զայրույթի ճանապարհը» ոչ թե Մաքսի, այլ գեղեցկուհի Ֆուրիոսայի (Շառլիզ Տերոն) պատմությունն է: Fury Road - Furiosa:

Ի տարբերություն «Խելագար Մաքսի», մեկ այլ պոպուլյար հերոս` T-800 մակնիշի կիբերնետիկ օրգանիզմը այդպես էլ չի ստանում այն հարգանքը նոր դարաշրջանում, որին արժանի է։ 1984թ-ին էկրաններ բարձրացած «Տերմինատորը» (The Terminator) Ջեյմս Կեմերոնի տաղանդի ու երևակայության շնորհիվ վերածվեց իսկական VHS-ֆենոմենի, իսկ սիքվելի հաջողությունը թե կինոթատրոններում, թե կրիչների վրա էլ ավելի տպավորիչ էր։

Մինչև շարունակելը, էլի նոստալգիկ դոզա Վոլոդարսկուց

Սակայն 21-րդ դարն անիծված էր ֆրանշիզի համար (կամ Կեմերոնն ինքն էր անիծել իր պատմությունը շարունակել փորձողներին). սումբուր ու անտրամաբանական տրիքվել, անօգնական չորրորդ ու զզվելի հինգերորդ մասեր։ Ու 2019-ին էկրաններ է բարձրանում վեցերորդ ֆիլմը. հեղինակները (այդ թվում` անձամբ Կեմերոնը) որոշում են «Տերմինատոր. Մութ ճակատագրեր» (Terminator: Dark Fate) ֆիլմում շեշտը դնել նոստալգիայի վրա. Առնոլդ Շվարցենեգերի հետ միասին վերադարձնել նաև Լինդա Հեմիլտոնին (Սառա Քոնոր), ջնջել նախորդ երեք ֆիլմերի կանոնն ու... T-800-ին պատկերել որպես օրինակելի ամուսին, ընտանիքի հայր ու ժալյուզիների վարպետ։ Արդյունքն, ինչպես միշտ, կանխատեսելի էր։ Կեմերոնի անեծքն այնքան ուժեղ է, որ ազդում է անգամ իր վրա։

Տեսանյութում պարզ ու հասկանալի բացատրվում է, թե ինչում էր ֆեյլվել Փոլ Ֆիգը

Բայց կինոստեղծողները չեն հանձնվում` VHS-դարաշրջանի գանձերի հաշվին ժամանակակից աշխարհում գումարներ աշխատելու փորձերում։ Մի հաջողված «Շեղբի վրայով վազողը 2049»-ին (Blade Runner 2049, 2017) հակադրվում է կատաստրոֆիկ «Ուրվականներ որսացողները» (Ghostbusters, 2016), որի ոչ պրոդյուսերները, ոչ ռեժիսոր Փոլ Ֆիգը չեն հասկացել 80-ականների լեգենդար դիլոգիայի կորիզը։ Ու խնդիրն այստեղ ֆեմինիզացումը չէ, նույն «Խելագար Մաքսը» ֆեմինիզացման հիանալի օրինակ էր. խնդիրը օրիգինալի կախարդանքը փոխանցելու անկարողությունն է։ Արդարության համար պետք է նշենք, օր օրիգինալի ռեժիսոր Այվեն Ռեյթմանի որդու` Ջեյսոն Ռեյթմանի շնորհիվ 2021-ին էկրաններ բարձրացած սիքվելը (հենց դիլոգիայի շարունակությունը) արժանին է մատուցում դասական ֆիլմերին` միաժամանակ լինելով ժամանակակից ու չփորձելով ֆանսերվիսի հաշվին հանդիսատես գրավել։

90-ականների սկզբին հետխորհրդային տարածքի հեռուստատեսությամբ խիստ պոպուլյար էր «Իրական ուրվականներ որսացողները» (The Real Ghostbusters) անիմացիոն սերիալը, որի տեսաերիզները գտնելը իսկական քվեստ էր:

Խնամքով վերաբերմունքը օրիգինալ ստեղծագործությանը, առանց ֆանսերվիսի հանուն ֆանսերվիսի, արժանի է հարգանքի, անգամ եթե ֆիլմը որակով հեռու է օրիգինալից։ Ջոն Կարպենտերի «Ինչ-որ մի բան» (The Thing, 1982) լեգենդար հորրորի սկզբում հայտնաբերված նորվեգական անտարկտիկական ճամբարի պատմությունը բազում ֆանֆիկերի առիթ էր դարձել։ Էկրաններին այդ մասին պատմեցին միայն 2011-ի համանուն պրիքվելում, որը, չփորձելով գերազանցել օրիգինալին, հակառակը, ամեն ինչ անում է Կարպենտերի ֆիլմի ոգին պահպանելու համար։ Ու ռեժիսոր Մաթիաս վան Հեյնիգենի մոտ ստացվել է. երկրպագուները գոհ են։

Քեյթ Լլոյդը (Մերի-Էլիզաբեթ Ուինսթեդ) Առ Ջեյ Մաքրիդիի (Կուրտ Ռասել) մոտ ամոթով չմնաց

Իսկ, օրինակ, մարդասպան տիկնիկ Չակիի մասին պատմությունները, որոնք մութ ու ցուրտ տարիներին վախեցնում էին դեռահասներին, արժանացան ոչ նախանձելի ճակատագրի։ 2019-ին էկրաններ բարձրացած համանուն ռիմեյքը, ինչպես «Ուրվականներ որսացողների» դեպքում, չէր որսացել օրիգինալի ոգին ու ասելիքը. մռայլ և արյունալի միստիկ պատմության փոխարեն այստեղ գործ ունեինք արհեստական բանականությամբ օժտված մարդասպան տիկնիկի հետ, իսկ օրիգինալի սատիրիկ սև հումորի փոխարեն` երկաթբետոնե լրջության։ Ի ուրախություն երկրպագուների, հին ֆիլմերի սցենարիստ Դոն Մանչինին հետագայում ստեղծեց սերիալ, որը լիովին հավատարիմ է VHS-դարաշրջանի լեգենդին։

Օրինակները, թե ինչպես են փոփոխական հաջողություններով փորձում ժամանակակից աշխարհ տեղափոխել անցյալի վիդեոսրահների սիրված ֆիլմերը, բազմաթիվ են։ Ֆիլմը հաջողվում է, եթե տեղափոխողներն ունեն ավելին ասելու օրիգինալի մասին, քան հանդիսատեսի վրա անդադար ֆանսերվիս նետելն է, եթե խնամքով են վերաբերվում սկզբնաղբյուրին ու եթե իրոք սիրում են այն։ Բոլոր մյուս դեպքերում ստացվում է հերթական կինոաղետը։


🎬 Արման Գասպարյան / PAN