Ռիթմ 0-ն, արյունոտ ոսկորներն ու փերֆորմանսի ատրճանակը. Մարինա Աբրամովիչի՝ մարմնից ու հոգուց ծնված արվեստը
Երբ մարմնականն ու զգայականը միաձուլվում են արվեստում, նշանակում է՝ դիտորդի աչքի առաջ ստեղծվում է նոր աշխարհ, ձևավորվում են նոր ընկալումներ ու արվում մարդկային մտքի համար ծայրահեղ անհավատալի թվացող բացահայտումներ։ Կոնցեպտուալ և կատարողական արվեստի դեպքում կյանքին բոլորվին այլ դիտանկյունից նայելը, կարծես, չգրված օրենք է, իսկ սերբ արտիստ Մարինա Աբրամովիչի դեպքում այդ սկզբունքն առնվազն ինքնարտահայտման միջոց է։
Կես դար և քիչ ավելի Մարինա Աբրամովիչը բացահայտում է սեփական մարմնի ֆիզիկական սահմանները և ֆիզիկականից դուրս գտնվող անսահման հնարավորություններն ու էմոցիաները։ Կատարողական արտիստը 1970-ականների սկզբին Բելգրադում ազդարարեց իր կարիերայի վաղ շրջանը։ Տարիներ անց Աբրամովիչի արվեստն արդեն սահմաններ չէր ճանաչում ճիշտ այնպես, ինչպես նրա մարմինն ու միտքը։
ՌԻԹՄ 10, 5, 2, 4 ԵՎ 0
1973 թվական, Էդինբուրգ։ Աբրամովիչի առաջին մեծ իրարանցում առաջացրած փերֆորմանսում երեք «գործող անձ» կար՝ արտիստը, 10 դանակը և ձայնագրիչը։ «Ռիթմ 10» փերֆորմանսում արտիստը դանակի ռիթմիկ հարվածներով անցնում էր ձեռքի բացված մատների միջով։ Ամեն անգամ, երբ դանակով վնասում էր ձեռքը՝ մի կողմ էր դնում այն և իր առջև դրված տարբեր չափի և ձևի տասը դանակից ևս մեկն էր ընտրում։
Ու այսպես՝ մինչև ձեռքը կվնասվեր 20 անգամ։ Ամբողջ գործողությունն այդ ընթացքում ձայնագրվում էր։ 20 անգամ դանակով իրեն կտրելուց հետո արտիստը հետ էր պտտում ժապավենները, լսում ձայնագրությունը և փորձում կրկնել նույն շարժումները, անել նույն սխալները` այդպիսով բացահայտելով մարմնի ֆիզիկական և «մտավոր» սահմանափակումները։
Մեկ տարի անց՝ 1974 թվականին, Աբրամովիչը ներկայացրեց «Ռիթմ 5» փերֆորմանսը։ Այստեղ ևս առանցքում մարմնական ցավն էր։ Սա գուցե առաջին, բայց ոչ վերջին դեպքն էր, երբ արտիստը փերֆորմանսի համար վտանգի ենթարկեց իր կյանքը։ Նախ Աբրամովիչը փերֆորմանսի սկզբում բոցավառեց հսկայական աստղը, հետո սկսեց կտրել ձեռքերի ու ոտքերի եղունգները, մազերը, և նետել դրանք կրակի մեջ՝ ամեն անգամ լույսի նոր առկայծում առաջացնելով։ Հնգաթև աստղն այրվում էր որպես ֆիզիկական և մտավոր մաքրման խորհրդանիշ, իսկ վերջում Աբրամովիչն ինքը կրակի բոցերի միջով ցատկելով հայտնվում է աստղի ճիշտ կենտրոնում։ Փերֆորմանսն ավարտվեց, երբ որոշ ժամանակ անց դիտորդը հասկացավ, որ արտիստը թթվածնի պակասից կորցրել է գիտակցությունը։ Բժշկական միջամտության կարիք կար։
«Ռիթմ 5»-ում գիտակցության կորուստը Աբրամովիչին շատ էր վրդովվեցրել, ուստի նա որոշում է իր հաջորդ՝ «Ռիթմ 2» փերֆորմանսում այդ «ձախողումն» իր օգտին աշխատեցնել։ «Ռիթմ 2»-ը երկու մասից էր բաղկացած։ Առաջին մասը մոտ 50 րոպե է տևում, ընթացքում արտիստն ընդունում է մի դեղամիջոց, որի արդյունքում մարմնի մկանները կտրուկ կծկվում են, ինքն էլ կորցնում է մարմնի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, գիտակցությունը տեղում է։
Երկրորդ մասում արտիստը մեկ այլ դեղամիջոց է ընդունում, որը տրվում է վարքի ագրեսիվ խանգարումներ ունեցող հիվանդներին հանգստացնելու համար։ Այսպիսով Աբրամովիչն «անջատում է» թե իր մարմինը, թե՝ միտքը։ Ներկայացումն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ դեղորայքն իր ազդեցությունը թողնում է։ Փերֆորմանսի ընդհանուր տևողությունը մոտ 5 ժամ էր։ Մտքի և մարմնի միջև կապի այս վաղ ուսումնասիրությունը դարձել է Աբրամովիչի կատարողական արվեստի առանցքային մասը:
Հաջորդ՝ «Ռիթմ 4» ելույթում Աբրամովիչը միայնակ և մերկ ծնկի է գալիս բարձր հզորությամբ արդյունաբերական օդափոխիչով սենյակում։ Նա դանդաղ մոտենում էր օդափոխիչին, փորձում հնարավորինս շատ օդ շնչել և, այսպես ասած, մեծացնել թոքերի սահմանները։ Ինչպես կարելի էր ենթադրել, այս փերֆորմանսի ժամանակ ևս արտիստը կորցնում է գիտակցությունը։
Բայց արդեն հստակ էր, որ «Ռիթմ 5»-ի ուշագնացությունից հետո Մարինա Աբրամովիչը չէր պլանավորում հերթական անգամ «կիսատ թողնել» ելույթը։ Հստակ որոշել էր, որ գիտակցության կորուստը որևէ կերպ չպետք է խոչընդոտի փերֆորմանսի բնականոն ընթացքը։ Նախապես օպերատորին խնդրել էր կենտրոնանալ միայն իր դեմքի վրա և անտեսել օդափոխիչը։ Բայց, իհարկե, օպերատորն Աբրամովիչի այս մեթոդներին հավանություն չի տալիս և ուշագնացությունից մի քանի րոպե անց հրաժարվում է շարունակել նկարահանումն ու օգնություն կանչում։
Այս շարքի վերջին ու ամենաքննարկված փերֆորմանսը «Ռիթմ 0»-ն է։ Անգամ այսքան տարի անց սա համարվում է արտիստի ամենաբարդ, ամենավտանգավոր, ամենահայտնի փերֆորմանսներից մեկը։ Այստեղ դիտողների և կատարողի միջև ուղիղ շփում կար, մարդկանց ուղղակի մասնակցություն։ Արտիստը միայն «կատարողի» դերում էր, մարդիկ՝ թելադրողի։
Աբրամովիչը սեղանի վրա դրել էր 72 առարկա, որոնք մասնակիցները կարող էին օգտագործել իրենց մտքում ծագած ցանկացած ձևով։ Ամենակարևորը՝ ցուցանակը տեղեկացնում էր մասնակիցներին, որ իրենք պատասխանատվություն չեն կրելու իրենց արարքների համար։ Սեղանին դրված առարկաների մի մասը կարող էր հաճույք պատճառել, մյուսը՝ ցավացնել կամ վնասել։ Օրինակ՝ սեղանի վրա կարելի էր նկատել վարդ, փետուր, մեղր, մտրակ, ձիթապտղի յուղ, մկրատ, վիրաբուժական դանակ, ատրճանակ և մեկ փամփուշտ։ Անշուշտ, վարդից ու փետուրից դեպի փամփուշտ անցումն արդեն իսկ լարվածություն է առաջացնում։
Վեց ժամ շարունակ արտիստը մարդկանց թույլ էր տալիս իրենց նախընտրած ձևով վարվել իր մարմնի հետ։ Փորձարկման գլխավոր նպատակը՝ հասկանալ, թե որքան ագրեսիվ և խոցելի կարող են լինել մարդիկ, երբ իրենց գործողությունները սոցիալական հետևանքներ չունեն։ Սկզբնական շրջանում մարդիկ բավականին պասիվ էին, բայց երբ հասկացան, որ իրենց գործողություններում իսկապես սահմանափակում չկա՝ վարքը քիչ-քիչ դաժանության տարրեր ձեռք բերեց։ Արդեն փերֆորմանսի ավարտին Մարինա Աբրամովիչին մերկացրել էին, հարձակվել վրան, անցել ընդունելի համարվող բոլոր սահմանները, անգամ ատրճանակ պարզել։
Հետագայում Աբրամովիչն ինքն իրեն նկարագրում էր որպես «Մադոննա, մայր և պոռնիկ»։ Մարդկանց անհատական այս փորձառությունը բացահայտում էր մարդ էակի էությունն առհասարակ։
ՄԱՐԻՆԱ ԵՎ ՈՒԼԱՅ. ԳԵՐՀԶՈՐ ՈՒ ԳԵՐԷՄՈՑԻՈՆԱԼ ԶՈՒՅԳԸ
Եթե կոպիտ բաժանում անենք, ապա կարելի է ասել, որ Մարինա Աբրամովիչի փերֆորմանսները երկու մասի են բաժանվում։ Առաջինում հենց Աբրամովիչն է՝ ինքնուրույն և միայնակ։ Երկրորդում արտիստն իր երկար տարիների գործընկերոջ և սիրելիի՝ Ուլայի հետ է։ 1976 թվականին Ամստերդամ տեղափոխվելուց հետո, Աբրամովիչը հանդիպեց կատարողական արտիստ Ուվե Լայսիեպենին, նույն ինքը՝ Ուլային։ Հենց նույն տարում զույգը սկսեց միասին ապրել ու միասին ստեղծագործել։ Նրանց համատեղ արվեստի մանրադիտակում էր մարդկային էգոն և ինքնությունը, հարաբերությունները, զգայական փոփոխությունները, անընդհատ շարժումը և շատ ավելին։
Ինչ-որ պահի այս արտիստների անհատական ինքնությունն անգամ կորել էր նրանց հարաբերությունների և առավելապես նրանց գործակցության ֆոնին։ Նոր ձևավորված «ուրվական ինքնությունը» երկգլխանի մարմին էր կարծես, որ բացահայտում էր նրանց ամբողջական և, միևնույն ժամանակ, անհատական լինելու բոլոր շերտերը։
Զույգը մի քանի առավել հայտնի փերֆորմանսներ ունի։ Օրինակ, «Հարաբերություն տարածության մեջ» կատարողական արվեստի գործում երկու արտիստը մեկ ժամ շարունակ բախվում էին միմյանց՝ խառնելով արական և իգական էներգիան մեկ այլ՝ երրորդ բաղադրիչի մեջ, որն անվանում էին «այդ ինքը» (that self)։
Հաջորդ փերֆորմանսը բացահայտում էր հարաբերությունները շարժման մեջ։ Զույգը թանգարանի ներսում մեքենա էր վարում՝ կատարելով 365 շրջան։ Մեքենայից սև հեղուկ էր ծորում, որի արդյունքում ձևավորված պատկերի յուրաքանչյուր շրջանը մեկ տարի էր ներկայացնում։
Հաջորդ՝ «Հարաբերություններ ժամանակի մեջ» փերֆորմանսն այս զույգի, գուցե, ամենահայտնի ելույթներից է։ Նրանք ամեն օր ուղիղ 16 ժամ միահյուսված մազերով մեջք-մեջքի էին նստում։ Զույգը հանդիսատեսի՝ դահլիճ մտնելուց մեկուկես ժամ առաջ էր գնում և հյուսում մազերը։ Ակնհայտ է, որ այդքան երկար նույն դիրքով մի տեղում նստելը չափազանց դժվար է, հատկապես, երբ բառի բուն իմաստով կապված ես մեկ այլ մարդու հետ։ Հետևաբար հաջողելու համար պարտադիր էր երկու կողմի էներգիան ու տոկունությունը։
Զույգի մեկ այլ լայնորեն քննարկված փերֆորմանս էր «Շնչել/արտաշնչել»-ը։ Երկու արտիստը միացնում էին իրենց բերաններն ու ներս էին վերցնում միմյանց արտաշնչած շունչը, մինչև սպառեին ամողջ հասանելի թթվածինը։ Սա, իհարկե, վտանգավոր փերֆորմանսների շարքից էր։ Զույգն այսկերպ կարողացավ դիմանալ 19 րոպե և վատ ինքնազգացողությամբ ավարտեց ելույթը։
Իսկ, օրինակ, AAA-AAA-ում երկու արտիստը կանգնած էին դեմ առ դեմ և բաց բերանով երկար A էին ասում, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ բղավում։ Նրանք աստիճանաբար ավելի ու ավելի էին մոտենում, մինչև ուղիղ միմյանց բերանների մեջ սկսում բղավել։
1980 թվականին զույգի հերթական հաջող փերֆորմանսն է ներկայացվում։ Դուբլինի արվեստի ցուցահանդեսում նրանք ներկայացնում են «Հենման էներգիա» վստահություն խորհրդանշող նախագիծը, որտեղ երկուսով իրենց մարմնի ծանրությամբ հավասարակշռում էին միմյանց աղեղի և նետի հակառակ կողմերում, իսկ նետի ծայրն ուղղված էր Աբրամովիչի սրտին։ Ուլայն ընդամենը մեկ մատի շարժումով կարող էր սպանել Մարինային։ Սա ինչ-որ կերպ, կարծես, խորհրդանշում է տղամարդկանց գերակայությունը հասարակության մեջ և արձանագրում անհավասար հնարավորությունների փաստը։
Ստեղծագործական հարաբերությունները զույգի մոտ, կարծես, հիանալի էին ստացվում, բայց անձնականում պատկերը նույնը չէր։ Արդյունքում մի քանի տարվա լարված հարաբերություններից հետո արտիստները որոշում են բաժանվել։ Բայց այս զույգը չէր կարող մյուսների պես սովորական բաժանվել։ Նրանց բաժանումը ևս մի առանձին փերֆորմանս էր։
Աբրամովիչն ու Ուլայը որոշում են հոգևոր ճանապարհորդություն կատարել, որը կազդարարեր նրանց հարաբերությունների ավարտը։ Նրանք Չինական մեծ պարսպի «Սիրահարներ» կոչվող հատվածի երկու հակադիր ծայրերից սկսեցին քայլել իրար ընդառաջ, հանդիպեցին ճիշտ մեջտեղում և հրաժեշտ տվեցին միմյանց։
Կյանքի տարբեր փուլերում նախկին սիրեցյալներն իրար հանդիպելու տարբեր առիթներ են ունեցել։ Առիթները շատ չէին, բայց մեկը մյուսից տպավորիչ։ Դրանցից ամենահայտնի հանդիպման մասին կխոսենք քիչ անց, բայց հիմա փաստենք, որ, ցավոք, այս հարաբերություններում ևս ամեն բան այնքան եթերային և արվեստի շնչով չէր, որքան կարող էինք հուսալ։ 2015 թվականին Ուլայն ընդդեմ Աբրամովիչի դատական հայց ներկայացրեց՝ պնդելով, որ Աբրամովիչն իրեն անբավարար հոնորարներ է վճարել՝ համաձայն 1999 թվականի պայմանագրի պայմանների, որը ներառում էր նրանց համատեղ աշխատանքների վաճառքը։ 2016 թվականի սեպտեմբերին Աբրամովիչը պարտավորվեց Ուլային վճարել 250,000 եվրո։
ԱՐՏԻՍՏԸ ՆԵՐԿԱ Է
Մարինա Աբրամովիչը բազմաթիվ, մեկը մյուսից տպավորիչ փերֆորմանսներ ունի, և դրանց միջև ընտրություն կատարելը բավականին սուբյեկտիվ ու անշնորհակալ մի բան կլիներ։ Ուստի այս անգամ որոշեցինք անդրադառնալ Աբրամովիչի կարիերայի երեք որոշիչ դրվագներին. Սկիզբը՝ «Ռիթմ» շարքի տեսքով, սերն ու արվեստը՝ Ուլայի հետ հարաբերությունների ու ստեղծած արժեքի տեսքով և ընթացքը՝ ամփոփելով վերջին շրջանում Աբրամովիչի ամենահայտնի՝ «Արտիստը ներկա է» փերֆորմանսով։
Այս փերֆորմանսը 736 ժամ 30 րոպե տևողությամբ լռության մասին է, որտեղ արտիստն անշարժ նստած էր թանգարանի ատրիումում, իսկ հանդիսատեսին հերթով հրավիրում էին նստել նրա առջև և միասին լռել։ Այս լուռ զրույցներից ամենատպավորիչը, հուզիչն ու անսպասելին տարիներ անց հենց Ուլայի հետ հանդիպումն էր։
Իր ստեղծած մանիֆեստում Մարինա Աբրամովիչն ասում է՝ «արվեստագետը պետք է խուսափի այլ արվեստագետի սիրահարվելուց»։ Սա, գուցե, սեփական փորձից քաղված դաս էր կամ էլ խորհուրդ՝ ինքն իրեն։ Նույն մանիֆեստում արտիստն ասում էր՝ «տառապանքի միջոցով արվեստագետը գերազանցում է իր ոգին»։ Մարինա Աբրամովիչի կերպարն ամբողջացնելով, նրան կարելի է բնորոշել հենց այն բնութագրմամբ, որն ինքն է տվել այլ արվեստագետներին՝ «արվեստագետը տիեզերք է»։