Կարդալիքներ PAN-ից
February 2

Օսկար 2026. Մեծ հեղինակների ու հանդարտ հաղթանակների տարի

«Օսկար»-ի այս սեզոնում պատահականության զգացում գրեթե չկա: Անվանակարգերն ու դրանց շուրջ քննարկումները ձևավորում են գրեթե դասագրքային պատկեր. Ակադեմիան կրկին ընտրելու է ոչ թե թրենդերն ու աղմուկն, այլ ֆիլմեր, որոնցում զգացվում է հեղինակային ձեռքը, ներքին կարգապահությունն ու հստակ ըմբռնումը, թե ինչու է տվյալ պատմությունը ընդհանրապես պատմված:

Փոլ Թոմաս Անդերսոնի «Ճակատամարտ ճակատամարտից հետո» (One Battle After Another) տրագիկոմեդիան կդառնա ամբողջ մրցանակային սեզոնի ծանրության կենտրոնը, Անդերսոնը՝ նրա գլխավոր ճարտարապետը, իսկ դերասանական կատեգորիաներում հաղթելու են աշխատանքներ, որոնք կառուցված են ոչ թե էֆեկտի, այլ ճշգրտության ու համբերության վրա: Դրանց կողքին՝ սցենարներ, որոնք չեն վախենում դադարներից, ու միջազգային կինո, որը խոսում է բարդ էմոցիաների մասին պարզ լեզվով:

Սա սենսացիաների ու անակնկալ հաղթանակների տարի չէ: Սա կլինի տարի, երբ «Օսկար»-ը քվեարկելու է հասունության օգտին: PAN-ը ներկայացնում է գլխավոր կինոմրցանակի իր կանխատեսումները։

Լավագույն ֆիլմ — «Ճակատամարտ ճակատամարտից հետո»

Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմն այն հազվագյուտ դեպքն է, երբ ֆիլմի մասշտաբները չեն ճնշում բովանդակությունը, այլ ավելի զգալի են դարձնում այն: Անդերսոնը պատմությունը կառուցում է նախկին հեղափոխականի շուրջ, ով դստերը փրկելու համար ստիպված է վերադառնալ բռնության ու կոմպրոմիսների աշխարհ: Անձնականն այստեղ անբաժան է քաղաքականից. ընտանեկան դրաման բացվում է հասարակության ֆոնին, որտեղ հին իդեալները վաղուց աղճատված են, իսկ նորերը դեռ չեն ձևավորվել. սա ծայրահեղ արդիական ֆիլմ է, ավելի արդիական չի լինում։

Ակադեմիան ավանդաբար հակված է ֆիլմերի, որոնք «մեծ» են ոչ միայն թեմատիկայով, այլև ներքին կշռով: Ի տարբերություն ավելի կամերային, կամ ավելի կոմերցիոն մրցակիցների, «Ճակատամարտ ճակատամարտից հետո»-ն տալիս է ավարտուն հայտարարության զգացում. սա կինո է պայքարի գնի, ընտրության հետևանքների ու այն մասին, թե ինչպես է անցյալը շարունակում պարտադրել ներկան: Հենց այսպիսի ֆիլմերն են հաճախ դառնում լավագույններ՝ որովհետև կարևոր են այստեղ ու հիմա:

Լավագույն ռեժիսոր — Փոլ Թոմաս Անդերսոն

Անդերսոնը «Ճակատամարտ ճակատամարտից հետո»-ում ցույց է տալիս այն, ինչի համար նրան վաղուց համարում են իր սերնդի գլխավոր ռեժիսորներից մեկը: Նրա ոճը մնում է ճանաչելի՝ երկար դրվագներ, կառուցված դերասանական խաղի շուրջ, ճշգրիտ ռիթմ, ուշադրություն դադարներին ու ներքին լարվածությանը: Նա չի արագացնում դրաման՝ թույլ տալով, որ այն կուտակվի աստիճանաբար:

Հատկապես կարևոր է, որ Անդերսոնը կարողանում է միացնել մասնավոր պատմությունը լայն սոցիալական համայնապատկերի հետ՝ առանց ֆիլմը մանիֆեստ դարձնելու: Նրա ռեժիսուրան չի բղավում ու չի ցուցադրում իրեն, այն ծառայում է կերպարներին: Ակադեմիան սիրում է հենց այսպիսի հեղինակների՝ հասուն, ինքնավստահ ու ապացույցների կարիք չունեցող: Հաղթանակն այստեղ թվում է ոչ թե անակնկալ, այլ տաղանդի տրամաբանական ճանաչում:

Լավագույն դերասան — Թիմոթի Շալամե

«Հիանալի Մարտի» (Marty Supreme) ֆիլմում Թիմոթի Շալամեն խաղում է 1950-ականների երիտասարդ ամերիկացու, ով երազում է դառնալ սեղանի թենիսի աշխարհի չեմպիոն: Ֆորմալ առումով սա սպորտային դրամա է, բայց, ըստ էության, հասունացման, ինքնաճանաչման ու սեփական սահմանափակումների դեմ պայքարի պատմություն:

Շալամեն այստեղ տպավորիչ է ոչ թե խարիզմայով, այլ խոցելիությամբ: Նրա հերոսը միշտ չէ, որ համակրելի է, հաճախ կասկածում է ու սխալվում, և հենց դա է կերպարը կենդանի դարձնում: Երևում է, թե ինչպես է դերասանը հասնում սեփական հասունության նոր մակարդակի՝ «տաղանդավոր երիտասարդ» կարգավիճակից դեպի լուրջ դիապազոն ունեցող արտիստ: Ակադեմիան սիրում է այդպիսի անցումային դերերը, ու «Հիանալի Մարտին» լրիվ կարող է Շալամեի համար դառնալ այդ սահմանագիծը:

Լավագույն դերասանուհի — Ջեսի Բաքլի

«Համնեթ» (Hamnet) դրաման որդու մահը սգացող Շեքսպիրի ընտանիքի մասին վեպի էկրանավորում է։ Ֆիլմի կենտրոնում մայրն է, ու վիրտուոզ դերասանուհի Ջեսի Բաքլին նրան խաղում է գրեթե վախենալու զսպվածությամբ: Այստեղ չկա արտաքին ճնշվածություն, երկար մոնոլոգներ կամ ցուցադրական ողբերգականություն:

Բաքլին աշխատում է կիսատոներով՝ վիշտն արտահայտվում է հայացքներով, ժեստերով, բառերի միջև դադարներով: Սա բարդ, հասուն դերասանական աշխատանք է, որը պահանջում է ոչ թե էքսպրեսիա, այլ ներքին կարգապահություն: Հենց այսպիսի դերերն են հաճախ լինում ամենաուժեղները՝ որովհետև մնում են հանդիսատեսի հետ ավելի երկար, քան բարձրաձայն էմոցիոնալ պոռթկումները:

Երկրորդ պլանի լավագույն դերասան — Շոն Փեն

Շոն Փենը «Ճակատամարտ ճակատամարտից հետո»-ում խաղում է անցյալի ուրվականի, մարդու, ում որոշումներն ու իդեալները շարունակում են ստվեր գցել ներկայի վրա: Նրա մարմնավորած Սթիվեն Լոքջոուն կադրի կենտրոնում չի, սակայն նրա յուրաքանչյուր հայտնվելը բարոյական բարդություն է ավելացնում պատմությանը։ Լոքջոուն երկրորդական կերպար է, սակայն գողանում է ամբողջ ֆիլմը։ Այս ֆիլմը հենց նրա մասին է։

Փենն իր կողմը չի քաշում հանդիսատեսի ուշադրությունը, այլ գործում է կետային՝ տոնայնություն, հայացք, քայլվածք, սանրը լպստելու կարճ դրվագ, կանանց մասին ռեպլիկ, ու հանդիսատեսն ինքն ավելի լավ է հասկանում կոմպրոմիսների գինը, որոնց մասին խոսում է ֆիլմը: Ակադեմիան ավանդաբար գնահատում է այսպիսի երկրորդական դերերը, առանց որոնց կտավը կորցնում է խորությունը, ու այստեղ հենց այդ դեպքն է:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Վունմի Մոսաքու

«Մեղավորները» (Sinners) ժանրային հագեցած ֆիլմ է, պատմության մեջ ամենաշատ անվանակարգ ստացած կինոն։ Այն համատեղում է հարավային գոթիկայի, երաժշտական կինոյի ու միստիկ դրամայի տարրերը: Այս արտահայտիչ, երբեմն նույնիսկ դիտմամբ էքսպրեսիվ աշխարհում Վունմի Մոսաքուն խաղում է դեր, որը պահպանում է կտավի էմոցիոնալ հավասարակշռությունը:

Նրա կերպարը ոչ թե սյուժետային ֆունկցիա է, այլ կենդանի մարդ, ում միջոցով հանդիսատեսն էմոցիոնալ խարսխվում է տեղի ունեցողին: Մոսաքուն կադրը լցնում է մարդկայնությամբ՝ առանց ֆիլմի ժանրային պայմանականությունը քանդելու: Ակադեմիայի համար սա միշտ ուժեղ արգումենտ է՝ երբ երկրորդական դերը կինոն դարձնում է ավելի կայուն ու խորը:

Լավագույն օրիգինալ սցենար — «Սենտիմենտալ արժեք» (Affeksjonsverdi)

«Սենտիմենտալ արժեք»-ի սցենարը ընտանիքի, հիշողության ու տան՝ որպես անցյալի կրողի մասին պատմություն է: Այն չի կառուցվում էֆեկտիվ շրջադարձերի վրա, այլ աշխատում է առօրյա կյանքի ճանաչելի, ցավալիորեն ճշգրիտ մանրամասների միջոցով:

Յոաքիմ Թրիերը գրել է սցենար, որը չի վախենում անհարմարություններից, դադարներից ու պահի տակ ասելիք չունենալուց: Սա տեքստ է հստակ հեղինակային դիրքորոշմամբ, բայց առանց բարոյախոսության: Օրիգինալ սցենարի անվանակարգում Ակադեմիան հաճախ ընտրում է հենց այդպիսի աշխատանքներ՝ ոչ թե բանաձևային, այլ ազնիվ ու մարդկային:

Լավագույն ադապտացված սցենար — «Ճակատամարտ ճակատամարտից հետո»

«Ճակատամարտ ճակատամարտից հետո»-ի ադապտացիան կառուցվում է ոչ թե սկզբնաղբյուրին բառացի հետևելու, այլ ոգին ճշգրիտ փոխանցելու վրա: Սցենարը վերամշակված է կինոլեզվի համար՝ փոխված է կառուցվածքը, ուժեղացված են կերպարային գծերը, վերաբաշխված են շեշտադրումները:

Սա ադապտացիայի օրինակ է, որը հասկանում է, որ կինոն ոչ թե տեքստի նկարազարդում է, այլ ինքնուրույն արտահայտչաձև: Ակադեմիան կայուն նշում է այսպիսի աշխատանքները, որոնցում միաժամանակ զգացվում է ընտրության համարձակությունն ու նյութի նկատմամբ հարգանքը:

Լավագույն անիմացիոն ֆիլմ — «Արկո» (Arco)

«Արկոն» առանձնանում է մրցակիցների ֆոնին նրանով, որ խոսում է պատկերների համընդհանուր լեզվով՝ երեխաների ու մեծահասակների չբաժանելով հանդիսատեսին: Ֆիլմի վիզուալ ոճը պարզապես չի զարդարում պատմությունը, այլ դառնում է դրա մասը:

Սա անիմացիա է, որը ընդլայնում է ժանրի սահմանները՝ առաջարկելով ոչ միայն տեսարան, այլև էմոցիոնալ փորձառություն: Ակադեմիան ավելի ու ավելի հաճախ քվեարկում է հենց այսպիսի ֆիլմերի օգտին՝ գեղարվեստական առումով ամբողջական ու թեմատիկ առումով հասուն:

Լավագույն օտարալեզու ֆիլմ — «Սենտիմենտալ արժեք»

Որպես միջազգային նախագիծ՝ «Սենտիմենտալ արժեքն» աշխատում է նույնքան վստահ, որքան սցենարային նոմինացիայում: Ֆիլմի թեմաները՝ կորուստ, ընտանեկան հիշողություն, անցյալի ու ներկայի կապ՝ մշակութային թարգմանություն չեն պահանջում:

Սա ֆիլմ է, որը մնում է լոկալ իր տոնայնությամբ ու գլոբալ իր իմաստով: Ակադեմիան այս կատեգորիայում ավանդաբար ընտրում է հենց այսպիսի կտավներ՝ հանգիստ, վստահ ու հիշողության մեջ երկար մնացող։


🎬 Արման Գասպարյան / PAN