#cinéPAN
October 28

Տեղը չբերեցին. Անճանաչելիորեն փոխված հռչակավոր դերասանների լավագույն դերերը  

Ներկայումս ցուցադրվող լավագույն սերիալներից մեկը` Լորեն Լեֆրանկի «Պինգվինը» (The Penguin) դեռ չավարտված հասցրել է երկրպագուների ահռելի բանակ հավաքել։ Սա բավականին խելացի ու սրամիտ գանգստերական դրամա է, որը DC-ի գլխավոր չարագործներից մեկին տեղափոխել է առավելագույնս ռեալիստիկ աշխարհ։ Ու սերիալի փառքի առյուծի բաժինը շնորհիվ գլխավոր դերակատար Քոլին Ֆարելի է, ով բարդ գրիմի տակ լրիվ անճանաչելի դարձած, այդուհանդերձ, փառահեղ դերասանական խաղ է ցուցադրում։

Դերասանի տաղանդի գլխավոր ցուցիչներից է` իր ճանաչելի դեմքից անկախ լրիվ նոր, համոզիչ կերպար կերտելը։ PAN-ը պատմում է նման առավել հիշվող դերերի մասին։

Մեթ Ռիվզի «Բեթմենը» (The Batman, 2022) ֆիլմի ամենահիշվող կերպարներից մեկը ֆակտուրային Պինգվինն էր։ Ու հենց Պինգվինին որոշվեց տեղափոխել փոքր էկրաններ` սերիալի տեսքով ավելի ընդլայնելով մաքսիմալ մռայլ ու ռեալիստիկ Գոթեմը։ Քաղաքի հանցավոր աշխարհի «կնքահոր»` Քարմայն Ֆալկոնեի մահվանից հետո նրա ենթականերից Պինգվինը շանս է տեսնում իշխանությունը նվաճելու, սակայն բախվում է դիմադրության` ի դեմս Քարմայնի դստեր` Սոֆիա Ֆալկոնեի (Քրիստին Միլիոտի), ով նոր է վերադարձել Արքհեմի հոգեբուժարանից։

«Պինգվինի» թրեյլերը

«Պինգվինը» հարգանքի տուրք է միանգամից մի քանի գանգստերական ֆիլմերի ու սերիալների։ Օսվալդ Քոբի բարդ վերելքը քրեական աշխարհի Օլիմպոսի ստորոտով` համադրված անձնական հոգեբանական խնդիրների հետ, հիշեցնում է Թոնի Սոպրանոյին հանճարեղ «Սոպրանոները» (The Sopranos) սերիալից; հակառակորդներին ծուղակը գցելու ու ստորաբար ոչնչացնելու գործելաոճը լրիվ Մայքլ Կորլեոնեն է լեգենդար «Կնքահայրը» (The Godfather) դիլոգիայից; իսկ Օզի ու Վիկտորի (Ռենզի Ֆելիզ) հարաբերություններում ակնհայտ զուգահեռներ կտեսնեք Դոնի Բրասկոյի (Ջոնի Դեփ) ու Բեննի «Ձախլիկ» Ռուջերոյի (Ալ Պաչինո) հարաբերությունների հետ` Մայք Նյուելի «Դոնի Բրասկո» (Donnie Brasco, 1997) ֆիլմից։ Ընդ որում, սերիալը ոչ մի դեպքում հղումներ չի անում հանուն հղումների, ինչպես դա ընդունված է ժամանակակից կինոկոմիքսներում, այլ ձևավորում է ամուր մշակութային զուգահեռներ` միաժամանակ մնալով ինքնուրույն ստեղծագործություն։

Առանձին դրվագներ ուղիղ մեջբերում են «Սոպրանոներից»

Ու սերիալի գլխավոր զարդը, իհարկե, անճանաչելի Քոլին Ֆարելն է։ Դեռ «Բեթմենը» ֆիլմում իռլանդացու մարմնավորված այս կերպարը այնքան էր դուր եկել հանդիսատեսին, որ բոլոր կերպարներից միայն Պինգվինն արժանացավ իր անվանական սերիալին։ Վերջինում Ֆարելը բացվելու ու իր տաղանդը ցույց տալու ավելի շատ ժամանակ և տարածություն ունի, ու դերասանն այն օգտագործում է առավելագույնս արդյունավետ։ Պինգվինը չափազանց բարդ կերպար է. մի կողմից գործ ունենք անսկզբունք, լպրծուն, դաժան ու անխիղճ, փառքի ու իշխանության ծարավ, խորամանկ ու հաշվենկատ մի արարածի հետ, որը իր վարքագծով ոչ մի դեպքում չպետք է հանդիսատեսի մոտ համակրանք առաջացնի։ Բայց նա առաջացնում է, նույն կերպ, ինչպես վերոնշյալ Թոնի Սոպրանոն, Մայքլ Կորլեոնեն կամ Բեննի Ռուջերոն։

Ինչո՞ւ։ Որովհետև հեղինակներն ու հատկապես Ֆարելը կարողանում են բացել Պինգվինին նաև մյուս կողմերից։ Այո, նա հաշվենկատ է, բայց զուրկ չէ ապրումակցումից, դաժան է, բայց ավելի շատ մտածում է իր սիրելիների մասին, քան ինքն իր մասին, խորամանկ է ու անսկզբունք, որովհետև Գոթեմում կյանքն է այդպես պահանջում, որովհետև քաղաքն ավելի անողոք է, որովհետեւ քաղաքը տանում է հարազատներիդ, հերիք է մի քիչ թուլանաս։ Օզը սիրող որդի է` լի մանկությունից ու ծնողի հետ հարաբերություններից մնացած կոմպլեքսներով, որոնցից գլխավորը ծնողական հավանությանն արժանանալու ձգտումն է։ Օզը խիզախ է խիզախության այն իմաստով, որ պատրաստ է ռիսկի դիմել ու չի վախենում մահվանից։ Օզը խելացի է ու ամենաբարդ իրավիճակներում էլ չի կորցնում հումորի զգացումն ու լավատեսությունը` կարողանալով գտնել ոչ տրիվիալ ելքեր։ Օզը տեղ-տեղ, Ֆարելի զարմանալի խաղի շնորհիվ, հիշեցնում է Ռոբերտ Դե Նիրոյին, ինչն ամենատարօրինակ զգացումներն է առաջացնում կինոդիտողի մոտ։

Ֆարելի անճանաչելիությունն ավելի է ուժեղացնում կերպարը, որովհետև չի առաջանում ասոցիացիա դերասանի հետ։ Պինգվինը կերպար է ինքն իր մեջ, ինքն իրենով, անկախ, հայտնված «ոչնչից», այդ իսկ պատճառով արդեն դարձած կուլտային, արդեն վերածված մշակութային ֆենոմենի։ Իսկ սերիալը չի էլ մտածում թափը կորցնել, սլանում է առաջ, արագացում է հավաքում` պատրաստվելով, վստահաբար, ցնցել ֆինալին մոտ։ Ֆարելի մարմնավորված ծավալուն, գրոտեսկային կերպարը արդեն իսկ կարող է տեղ զբաղեցնել կինոկոմիքսային կերպարային հսկաների կողքին, ինչպիսիք են Հիթ Լեդջերի Ջոքերը ու Իեն ՄկՔելենի Մագնետոն։

Նավապետ Ներոնը

«Պինգվինը» ճանաչված կոմիքսային կերպարների մասին հերթական ալտերնատիվ պատմությունն է։ Մեկ այլ ալտերնատիվ պատմություն 2009-ին ստեղծեց ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը` կոպիտ ներխուժելով ամենահռչակավոր գիտաֆանտաստիկ ֆրանշիզներից մեկի աշխարհը։ «Աստղային ուղին» (2009) այն ժամանակ արդեն 43 տարեկան ֆրանշիզի համար ոչ թե պրիքվել էր, ինչպես կարծում էին շատերը դեռ անոնսի ընթացքում, այլ փափուկ վերագործարկում, երբ Ջեյմս Տ. Քըրքի (Քրիս Փայն) հոր հետ կապված ժամանակային միջամտության արդյունքում պատմությունը գնաց լրիվ այլ հունով։ Իսկ միջամտողը ծայրահեղ խարիզմատիկ հռոմուլոսցի Ներոնն էր։

Հռոմուլոսի հանքագործների գիլդիայի ղեկավար ու «Նարադա» ահռելի տիեզերանավի հրամանատար Ներոնը բացառիկ կերպար է։ Նրան մարմնավորում է անճանաչելիորեն փոխված Էրիկ Բանան, ով մինչ այդ չէր փորձել չարագործի դեր։ Ու, կարծես, նպատակ ունենալով որքան հնարավոր է համոզիչ ցույց տալ իր դերասանական տաղանդը, Բանան կառուցում է անձնական ողբերգությունը համատիեզերական վրեժի գործիք դարձրած Ներոնին աներևակայելի, անկասելի էներգիայով, դեմոնիկ հմայքով, արդարության ու արդարադատության սեփական զգացումը աբսոլյուտի հասցրած ֆանատիկոսին դարձնելով «Աստղային ուղու» նոր տիեզերական ճյուղավորման ճարտարապետ։

Ներոնը վրեժ է լուծում ամբողջ ֆրանշիզի գլխավոր հերոսներից մեկին` Սփոկին։ Այն Սփոկին, ում մարմնավորում է Լեոնարդ Նեմոյը, ով հեռավոր ապագայում չի կարողանա փրկել Ներոնի հայրենի մոլորակը կործանումից, ու ինչի համար Ներոնը կվերադառնա անցյալ` վրեժ լուծելու երիտասարդ Սփոկից (Զաքարի Քինտո)։ Ներոնն այնքան է կուրացած վրեժի ծարավից, որ պատրաստ է ոչնչացնել Սփոկի հարազատ մոլորակը` Վուլկանը ու անգամ իր կործանարար հայացքն ուղղել Ֆեդերացիայի սրտի` Երկրի ուղղությամբ։

Չերչիլի ելույթը

Ներոնը, ըստ էության, քաղաքական գործիչ է, ապագայում ոչնչացած իր քաղաքակրթության վերջին դեսպանը տիեզերքում, ում ուղերձը վրեժն է ու ավերածությունները։ Մեկ այլ հռչակավոր քաղաքական գործչի` Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասին Ջո Ռայթի «Ամենամութ ժամը» (Darkest Hour, 2017) կենսագրական ֆիլմում անճանաչելիորեն փոխվել էր փառահեղ Գարի Օլդմանը։

Վերջին տարիներին Չերչիլի կերպարի ինտերպրետացիաների ահռելի քանակության պարագայում` Օլդմանի մարմնավորված կերպարը` համոզիչ, ծավալուն, ոչ ծաղրանկարային, ինչպես այլ ֆիլմերում է, այլ ծանրակշիռ, դեռ երկար կհիշվի։ Այս սերնդի լավագույն դերասաններից մեկը լինելով` Օլդմանը կարողացել է մարմնավորել մեծ քաղաքական գործչի ոչ թե արտաքին ատրիբուտները, ինչն էլ հիմնականում արվում է մյուս ֆիլմերում, այլ ներքին կյանքը, էմոցիոնալ գունապնակը երկրի համար ծայրահեղ բարդ շրջանում պատասխանատվությունն ուսերին վերցնելու պարագայում։

Դերն Օլդմանին բազմաթիվ մրցանակներ բերեց, այդ թվում` «Օսկար» տղամարդու լավագույն դերի համար։ Օլդմանի շնորհիվ «Ամենամութ ժամը» ձանձրալի քաղաքական պատումի փոխարեն կենդանի, երբեմն` պրովոկացիոն պատմական դրամա է ոչ թե հերոսի, այլ սկզբունքային մարդու մասին, ով կարողանում է հաղթանակը փախցնել պարտության երախից։

Մսագործի մասնակցությամբ ցանկացած դրվագ խլում է ամբողջ ֆիլմը

Քաղաքական գործիչների թեման շարունակելով` չենք կարող չհիշել բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկին` Սըր Դենիել Դեյ Լյուիսին։ «Օսկարի» եռակի դափնեկիր Դեյ Լյուիսի յուրաքանչյուր դեր իրադարձություն է կինոաշխարհում. նա կարող է համոզիչ ու վիրտուոզ կերպով մարմնավորել ցանկացած կերպար` սկսած հաշմանդամ իռլանդացի Քրիստի Բրաունից մինչև ազատության համար պայքարող հնդկացի մարտիկ։ Ամենահիշվող կերպարներից մեկը, որ խաղացել է Դեյ Լյուիսը, «Մսագործ Բիլլ» մականունով Ուիլյամ Քաթինգն է` Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի սվազակախմբերը» (Gangs of New York, 2002) էպիկական պատմական դրամայում։

Ոչ ոք չի կարող խաղալ այնպես, ինչպես Դեյ Լյուիսը

Իրադարձությունները մեկնարկում են 1846թ-ին, երբ Նյու Յորքի Հինգ փողոցներում իշխանության հաստատման համար բախվում են Ամերիկյան բնիկների բողոքական կոնֆեդերացիան` Մսագործ Բիլլի գլխավորությամբ ու իռլանդացի կաթոլիկ միգրանտները` «Մեռած ճագարները», Վալոնի (Լիամ Նիսոն) գլխավորությամբ։ Արյունալի բախման ավարտին Բիլլը սպանում է Վալոնին` տիրանալով Հինգ փողոցներին, իսկ Վալոնի որդին` Ամստերդամը (Լեոնարդո Դի Կապրիո), 16 տարին լրանալուն պես վերադառնում է` վրեժ լուծելու համար։ Ինչպես պարզվում է, Բիլլն այն մարդկանցից չէ, ում կարելի է հեշտությամբ սպանել։

Դեյ Լյուիսը Մսագործին խաղում է իրեն հատուկ անձնուրացությամբ ու նվիրումով` կերպարին տալով ինքն իրեն ամբողջությամբ, հանճարեղ իմպրովիզացիաների միջոցով գտնելով Բիլլի մեջ հատկանիշներ, որոնք նախատեսված չէին ոչ սցենարով, ոչ էլ ռեժիսորական մտահղացմամբ։ Արյունարբու ու դաժան, խորամանկ ու անվախ, Բիլլը շատ ավելի մեծ դրամատիկական խորությունների է տիրապետում, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Բիլլի փառամոլությունը սահմանակցում է պատվի մասին իր յուրօրինակ պատկերացումների հետ, երբ իր դարավոր թշնամուն հարգում ու սիրում է եղբոր նման։ Բիլլը ծայրահեղ պայթյունավտանգ ու հուժկու էներգետիկայի խտացում է, խարիզմայի կծիկ, ում յուրահատուկ արտաքինը, ձայնը, ժեստերը շեշտում են նրա բացառիկությունը։

Շարլիզ Տերոնի լավագույն դերը

Վերջապես, հիշենք ևս մեկ դեմոնիկ կերպարի, որին փայլուն մարմնավորել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը։ Շարլիզ Տերոնի խաղը Փեթի Ջենքինսի «Հրեշ» (Monster, 2003) ֆիլմում ծայրահեղ ռիսկային էր թե ամպլուան փոխելու, ու թե հասարակական կարծիքի առումով, սակայն ռիսկն իրեն լիովին արդարացրեց։ Դրա մասին է վկայում «Օսկար» մրցանակը կնոջ լավագույն դերի համար, ինչպես նաև այն, որ Շարլիզն ապացուցեց` ինքն ի զորու է մարմնավորել ոչ միայն հրեշտակային արտաքինով շքեղ կանանց, այլև իսկական հրեշների։

Ֆիլմը պատմում է ամերիկացի սերիական մարդասպան Էյլին Ուորնոսի մասին։ Ուորնոսը մարմնավաճառ էր, ով 1989-1990թթ. սպանել էր յոթ տղամարդու` իր հաճախորդներին, իսկ 2002-ին դատարանի որոշմամբ ենթարկվել մահապատժի։ Տերոնի խաղի մասին բավական է հիշատակել միայն լեգենդար կինոքննադատ Ռոջեր Էբերտի տողերը.


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


«Տեսեք, թե Տերոնն ինչպես է կառավարում աչքերը կադրում։ Դրանցում չկա անուշադրության անգամ մեկ կաթիլ, նա անմիջապես հանդիսատեսին է փոխանցում այն ամենը, ինչ մտածում է ու զգում։ Էյլինի մարմնի լեզուն միաժամանակ վախեցնող է ու հիացնող։ Նա չգիտի, ինչպես զբաղեցնել սեփական մարմինը։ Հետևեք Տերոնին. նրա ձեռքերի շարժումներին, թե ինչպես է նա իրեն պահում, ինչպես է հետ գցում գլուխն ու դիպչում մազերին` ներվայնությունից ազատվելու ու անկաշկանդ երևալու համար։ Հետևեք ծխելու նրա տեխնիկային. նա վարվում է ծխախոտի հետ 13 տարեկան դեռահասի ամաչկոտ ցուցադրական խիզախությամբ, ով փորձում է տպավորել ավելի փոքր տարիքի երեխայի։ Ու նկատեք, որ ֆիլմում կա միայն մի պահ, որում նա թվում է հանդարտ ու ինքն իր հետ խաղաղության մեջ»։

Ավելի լավ, թերևս, անհնար է ասել։