Անտեսված գանձարան. Գրքեր, որոնք անհրաժեշտ է էկրանավորել
Ամերիկյան կենդանի դասական Սթիվեն Քինգին էկրանավորում են շատ ու շատ հաճախ։ Անգամ միևնույն գիրքն էկրանավորվում է մի քանի անգամ, ինչը լրիվ արդարացված է, որովհետև Քինգի ստեղծագործությունները մեծամասամբ ոչ միայն բարձրորակ են, այլև խիստ կինեմատոգրաֆիկ։ Սակայն կան ոչ պակաս, երբեմն` ավելի արժեքավոր գրական ստեղծագործություններ, որոնք, անհասկանալի պատճառներով, առայժմ անտեսվում են կինեմատոգրաֆիստների կողմից։
PAN-ն անտեսված գանձարանից մի քանի ստեղծագործություն է վերցրել։
Մեծագույն անարդարություններից մեկն անգլիացի գրող Ջո Աբերքրոմբիի ստեղծագործությունների էկրանավորում չունենալն է։ Մասնավորապես, խոսքը «Առաջին օրենք» (The First Law) ֆենթեզի գրքաշարի մասին է, որը ներառում է 9 ծանրակշիռ վեպ ու պատմվածքների երկու ժողովածու։ Իդեալական նյութ խոշոր, բազմասեզոն սերիալի համար, որը կարող է հեռու հետևում թողնել խիստ գերագնահատված (հատկապես վերջին սեզոնների առումով) «Գահերի խաղը» (Game of Thrones): Աբերքրոմբին հիանալի տիրապետում է «թրի ու մոգության» թեմատիկային, մանրակրկիտ ու հետևողականորեն կառուցում է ահռելի մի աշխարհ, որում էլ ծավալվում են գրքերի իրադարձությունները։
Այդ աշխարհի կենտրոնում Միությունն է` հարուստ ու զարգացած թագավորություն, որը հարևանների հետ անվերջ պատերազմների և նվաճումների արդյունքում թրծվել ու բյուրեղացվել է որպես քաղաքակրթության կենտրոն, որն իր հեգեմոն դիրքն է փորձում թելադրել վայրենի Հյուսիսին, որտեղ ապրում են արյունարբու ու անդադար պատերազմի մեջ գտնվող մարդիկ, Գուրկհուլյան կայսրությանը, որը մեծ սպառնալիք է ու որտեղ առանցքում մարդակերության վրա հիմնված մոգությունն է ու Շտիրիային, որը բաղկացած է միմյանց մորթող քաղաք-պետություններից։ Հենց այս թատերաբեմում էլ ծավալվում են քաղաքական խարդավանքների, դավաճանության ու հավակնությունների արյունալի պատմություններ, որոնք Միությանը կտանեն ծաղկող, զարգացած պետական միավորից մինչև դաժանագույն փորձություններ օտարների հարձակումների, պատերազմների ու հեղաշրջումների տեսքով։
Կարդացեք PAN-ի բացառիկ հարցազրույցը Ջո Աբերքրոմբիի հետ։
Աբերքրոմբին չի խուսափում ծայրահեղ դաժանությունը հնարավորինս գունեղ ու մանրակրկիտ նկարագրելուց։ Նրա մոտ ճակատամարտի դրվագը կարող է մի մեծ գլուխ զբաղեցնել, մարտական գործողությունները ծավալվում են մարտող կողմերի տարբեր զինվորականների աչքերով` սկսած շարքային պատանուց, որը շատ արագ կորցնելու է կյանքը մինչև հրամանատար։ Ծավալուն, հետաքրքիր ու խորը կերպարները, իրադարձությունների կինեմատոգրաֆիկությունն ու անսպասելի շրջադարձները Աբերքրոմբիի գրքերը իդեալական աղբյուր են դարձնում էկրանավորման համար։ Իհարկե, նման մասշտաբները անվնաս էկրաններ տեղափոխելը թանկ հաճույք է, սակայն ճիշտ էկրանավորված «Առաջին օրենքը» շատ ավելի պոպուլյար ու սիրելի կդառնա, քան Ջորջ Մարտինի գրքերի անվերջ էկրանավորումները։
Իսկական մութ ֆենթեզի` մռայլ, դաժան ու առանց կոմպրոմիսների, գրում է ամերիկա-բրիտանացի գրող Մարկ Լոուրենսը, ում գրքերը նույնպես պատրաստի դրամատուրգիական հիմք են բարձրորակ կինոարտադրության համար։ Լոուրենսի «Կործանված կայսրությունը» (The Broken Empire) եռագրությունը այն բացառիկ գրական ստեղծագործություններից է, որում լրիվ անսպասելի սյուժետային շրջադարձը այնքան խորքային է դառնում, որ վերաբերում է ոչ միայն կերպարներին, այլև ամբողջ գրքային աշխարհին ու անգամ գրքի ժանրային պատկանելությանը։ Լոուրենսը ֆիզիկոս է ու մաթեմատիկոս, ու իր գիտական մտածելակերպը ու անսպառ երևակայությունը բավարար ռեսուրսներ ունեն ամեն քայլափոխին զարմացնելու համար։
Գրքի գլխավոր հերոսը` արքայազն Յորգ Անկրատը, առանց չափազանցության երբևիցե ստեղծված ամենատպավորիչ գրքային հակահերոսներից է։ Մոր ու կրտսեր եղբոր դաժան սպանությունը մանուկ հասակում տեսած, ֆիզիկական ու հոգեբանական բռնության բազմիցս ենթարկված դեռահասը, ում ներաշխարհը ծայրահեղ խեղված ու այլանդակված է, լրիվությամբ անհաղորդ է այլ մարդկանց տառապանքների նկատմամբ։ Առաջին գիրքը` «Փշերի արքայազնը» (Prince of Thorns) սկսվում է նրանից, որ պատանի Յորգի գլխավորած ավազակախումբը դաժանորեն սպանում է մի ամբողջ գյուղի բնակիչների։ Գրքի ազդեցությունը ավելի է խորանում այն հանգամանքից, որ պատմությունը պատմվում է հենց արքայազնի առաջին դեմքից։ Նման գիրք էկրանավորելը, իհարկե, ռիսկային է վախվորած մեդիայի այս դարում, բայց նույն այդ մեդիան ահռելի բան է կորցնում նրանից, որ Լոուրենսի գրքերը չունեն արժանի կինեմատոգրաֆիկ ինտերպրետացիա։
Կա մի հեղինակ, ում ստեղծագործությունները բացառիկ են ֆենթեզի ժանրում իրենց աննկարագրելի շքեղության շնորհիվ, բայց ում երկրպագուները ուղղակի ատում են։ Ոչ իր ստեղծագործությունների, այլ պարտաճանաչ չլինելու պատճառով։ Ամերիկացի գրող Պատրիկ Ռոտֆուսը անսահման տաղանդի ու երևակայության տեր է։ Նա հեղինակել է «Արքայասպանի քրոնիկոնը» (The Kingkiller Chronicle) եռագրությունը, որի առաջին վեպը` հանճարեղ «Քամու անունը» (The Name Of The Wind) տպագրվել է դեռ 2007-ին, իսկ երկրորդը` էլ ավելի հանճարեղ «Իմաստունի վախը» (The Wise Man's Fear) գրախանութներում է հայտնվել 2011-ին։ Ու վերջին 13 տարիներին հեղինակը խոստանում է ուր որ է գրել նաև երրորդ` եզրափակիչ գիրքը, սակայն այն չկա ու չկա։ Հետևաբար, լինելով հրաշալի սկզբնաղբյուր սերիալի համար` Ռոտֆուսի գրքերը նաև սպառնում են սերիալին կրկնել «Գահերի խաղի» ճակատագիրը, երբ գրքի բացակայության պայմաններում շոուռաներների ինքնագործունեությունը տապալեց վերջին սեզոնները։
«Արքայասպանի քրոնիկոնը» այս պահին երկու խոշոր վերպից (մոտ հազար էջ յուրաքանչյուրը), մեկ սքանչելի վիպակից ու մեկ պատմվածքից բաղկացած, մանրակրկիտ մշակված, սեփական տրամաբանությամբ աշխարհ է, որում իրականը հյուսված է առասպելականի հետ։ Գլխավոր հերոսը` Քվոութը, պատանի տարիքում բախվելով իր անձնական մղձավանջի հետ, ամբողջ ընթացքում փորձում է հետապնդել ու խեղդել այն։ Գրքերի ոչ գծայնությունը, անշտապ, բայց հագեցած պատումը ինքնին պատրաստի սցենար է անմոռանալի կինեմատոգրաֆիկ փորձի համար։ Եթե, իհարկե, հեղինակը անսա երկրպագուների կոչերին, խնդրանքներին (ու հայհոյանքներին), ու վերջապես իր գիտակցության աշխարհից դուրս բերի պատմության շարունակությունը։
Ամերիկացի գրող Արկադի Մարտինի` Հյուգո մրցանակի արժանացած «Հիշողություն, որ կոչվում է կայսրություն» (A Memory Called Empire) գիտաֆանտաստիկ գրքի սկզբում հետևյալ տողերն են.
- Այս գիրքը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր երբեմնի սիրահարվել են իր զավակներին խժռող մշակույթի (ինչպես նաև, Գրիգոր Պահլավունուն ու Պետրոս Գետադարձին` դարերի խորքից)։
Կարդացեք Արկադի Մարտինի հարցազրույցը Գրանիշին։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Այս դեպքում կա երկու մեծագույն անարդարություն։ Առաջինն այն է, որ այս գիրքը մինչև հիմա հայերեն չի թարգմանվել, որովհետև սա բացառիկ դեպք է, երբ ոչ հայ, համբավ ունեցող ու մրցանակներ շահած ծանրակշիռ օտարալեզու գրական ստեղծագործությունը, այն էլ` գիտաֆանտաստիկ ժանրում, իր առանցքում ունի ոչ միայն հայերեն տեղանուններ ու հասկացություններ, այլև Հայոց պատմությունը։ Արկադի Մարտինը Օքսֆորդի համալսարանում հայագիտության մագիստրոսի աստիճան է ստացել, հրապարակել միջնադարյան Հայաստանի մասին գիտական աշխատություններ։ Իսկ բուն գիրքը իր դոկտորական հետազոտության արտացոլումն է գիտական ֆանտաստիկայի ժանրում. 11-րդ դարում Բյուզանդական իմպերիալիզմի ազդեցությունը Հայաստանի վրա, մասնավորապես` Անիի Բագրատունիների թագավորության անեքսիան։
Գրքում Թեյշկալաանի գալակտիկական կայսրությունը հենց Բյուզանդիան է։ Լսել կայանը` Բագրատունիների թագավորությունը։ Լսելը հայկական է ոչ միայն անվանմամբ ու մշակութային առանձնահատկություններով (նախնիների ժառանգությունը` որպես գոյության առանցք), այլև լեզվով, ինչի մասին հեղինակը նշում է. եթե ուզում եք պատկերացնել կայանաբնակների լեզուն, ապա ժամանակակից երկրային լեզուներից դա հայերենն է։
Երկրորդ անարդարությունն այն է, որ թե այս գիրքը, թե իր շարունակությունը` «Պարապուտ, որ կոչվում է խաղաղություն» (A Desolation Called Peace) գիրքը մինչև հիմա էլրանավորված չեն։ Գիտաֆանտաստիկ կինոն, առավել ևս` խելացի գիտաֆանտաստիկ կինոն, դեֆիցիտային է։ Իսկ Մարտինի գրքերի էկրանավորումներից կարելի է սպասել ոչ միայն ուղղակի խելացի գիտաֆանտաստիկ կինո, այլև մանրակրկիտ մշակված ու ունիկալ աշխարհով և կերպարներով, քաղաքական խճճված խարդավանքներով հոգեբանական թրիլլեր։
Ամերիկացի դասական Կորմակ ՄակՔարտիի գրքերը կինոյում հաճախակի հյուր են։ «Սա ծերերի տեղը չէ» (No Country For Old Men) գրքի էկրանավորումը արժանացել է գլխավոր «Օսկար» մրցանակի, իսկ «Ճանապարհի» (The Road) էկրանավորումը` քննադատների հավանությանը։ Սակայն ՄակՔարտիի գլխավոր գիրքը, չնայած բազում փորձերին, մինչև հիմա կինեմատոգրաֆիկ լեզվով չի պատմվել։ «Արյունոտ մերիդիանը» (Blood Meridian) ամերիկյան պատմության ամենամռայլ ու մութ էջերի` 19-րդ դարի կեսերին բնիկների ցեղասպանության մասին է։ ՄակՔարտին, իրեն հատուկ ուղղամտությամբ, մանրակրկիտ նկարագրում է սկալպեր որսացողների ավազակախմբի գործողությունները, ու, հավատացեք, այս գիրքը բոլորովին նյարդերից թույլ մարդկանց համար չէ։
Ծայրահեղ դաժան, ծայրահեղ չոր, զուրկ ցանկացած զգացմունքայնությունից, «Արյունոտ մերիդիանը», կարծես, անհաղորդ դիտորդ լինի, ով միայն ֆիքսում է, բայց երբեք չի միջամտում։ Գրքի ճիշտ էկրանավորումը, բնականաբար, կկարողանա ցնցել, կկարողանա ստիպել դուրս գալ կինոդահլիճից, անիծել հեղինակներին, փորձել մոռանալ այդ սարսափը։ Բայց պետք չէ մոռանալ, որ ինչպես ՄակՔարտիի մյուս գրքերը, սա նույնպես մարդ արարածի, իր գործողությունների ու մոտիվների խորքային ուսումնասիրություն է, իսկ մարդու մասին հեղինակի կարծիքը միշտ նույնն է. մենք պրիմատներ ենք, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել զարհուրելի քայլերի։
Էկրանավորման հարուստ, ահռելի ու անսպառ աղբյուր են հանճարեղ Ուրսուլա Լե Գուինի ստեղծագործությունները։ Այստեղ շատ դժվար է ընտրել որևիցե մեկ կոնկրետ գործ, ավելին` Լե Գուինի ստեղծագործությունները հրաշալի աղբյուր են թե գիտաֆանտաստիկ, ու թե ֆենթեզի ժանրի ֆիլմերի ու սերիալների համար։ Երկու ժանրերում ու երկու ֆորմատներում էլ հնարավոր է ունենալ այնպիսի գանձարան, ինչպիսին կինեմատոգրաֆն անգամ չի էլ երազել։ Ու շատ տարօրինակ է, որ մինչև հիմա կինոն արժանի ուշադրության չի արժանացրել մեծ գրողի ստեղծագործությունները։
Գիտաֆանտաստիկ հատվածը վերաբերում է այսպես կոչված «Հայնյան գրքաշարին» (Hainish Cycle), որը ներառում է մի քանի ծավալուն վեպ ու բազմաթիվ վիպակներ և պատմվածքներ։ Այն պատմում է հեռավոր ապագայի մարդկության մասին, որը, սկիզբ առնելով Հայն մոլորակից ու տարածված լինելով նվազագույնը գրեթե հարյուր այլ աշխարհներում (այդ թվում՝ Երկիր մոլորակի վրա), փորձում է ձևավորել համամարդկային տիեզերական միություն։ Ու այսպիսի հսկա բազմազանության մեջ հեղինակը ուսումնասիրում է տարբեր ֆանտաստիկ մշակույթներ, հասարակական ու սոցիալական կառուցվածքներ ու դրանց բախումն այնպիսի մանրակրկիտությամբ, որ մնում է միայն հիանալ։
Օրինակ, «Վտարվածը» (The Dispossessed) վեպը ամերիկյան գրականության ամենածանրակշիռ ու կարևոր գործերից մեկն է։ Գրքում Լե Գուինը կառուցում է իր ֆանտաստիկ, ուտոպիստական աշխարհը զրոյից՝ դետալ առ դետալ, հաշվի առնելով ցանկացած մանրուք, նպատակ ունենալով որքան հնարավոր է ճշգրիտ ու համոզիչ լինել։ Որպես իսկական հետազոտող՝ Լե Գուինի նպատակն է իր ստեղծած աշխարհի լաբորատոր պայմաններում ստուգել, արդյո՞ք իրեն հետաքրքրող հասարակարգը (մասնավորապես՝ դասական անարխիզմը) կենսունակ է որպես հանրային հարաբերությունների առանցք։ Այդ նպատակով հեղինակը մանրակրկիտ մոդելավորում, կառուցում է իր աշխարհը, հասարակական հարաբերությունների սարդոստայնն ու թույլ տալիս աշխարհին ինքնուրույն զարգանալ։ Ընթացքում հեղինակը հայտնաբերում է, որ անգամ ամենաանարխիստական հասարակարգում ժամանակի հետ միևնույն է առաջանում են ցենտրալիզացիայի, բյուրոկրատիայի, իշխանության ծիլերը։ Հեղինակը գալիս է եզրակացության, որ դա անխուսափելի է, որովհետև այդպիսին է մարդու էությունը։ Մյուս կողմից, Լե Գուինը հայտնաբերում է մարդուն հատուկ ևս մի քանի կարևոր վարքագիծ՝ ազատության ձգտումը, հանրային կարծիքից կախվածությունը, այս երկու վարքագծերի հակասության պատճառով մշտական տառապանքը։ Ու դրանից խուսափելու որպես միակ ելք Լե Գուինը տեսնում է մշտական, պերմանենտ հեղափոխությունը։ Շքեղ, բարդ, ոչ գծային այս վեպը, հիանալի կառուցված ու համոզիչ աշխարհով, խորը կերպարներով, շատ կարևոր է գիտական ֆանտաստիկայի ցանկացած սիրահարի համար։ Ճիշտ էկրանավորման դեպքում կկարողանայինք ստանալ հերթական հավերժական կինոգլուխգործոցը։
Ֆենթեզի ժանրում նույնպես Լե Գուինը փայլում է ամենավառ աստղի նման։ «Երկրածով» (Earthsea) գրքաշարում հեղինակը կառուցում է լրիվ այլ կանոններով գոյություն ունեցող աշխարհ։ Շարքի հենց առաջին` «Երկրածովի հրաշագործը» (The Wizard of Earthsea) գրքից մենք ծանոթանում ենք գլխավոր հերոսի` Գեդի հետ, ում հետ գրքերի ընթացքում անցկացնելու ենք աներևակայելի ճամփորդություն բարդ, սեփական կյանքով ապրող, փոփոխական աշխարհում։ Առաջին գիրքն ընդամենը բացում է այն էպիկական պատմությունը, որը տեղի է ունենալու գլխավոր հերոսի հետ, բայց արդեն իսկ ժանրային գլուխգործոց է։ Այստեղ Լե Գուինը գրում է լրիվ այլ լեզվով: «Երկրածովը» գրված է այնպես, կարծես քնելուց առաջ հեքիաթ պատմելիս լինի, ու դա աննկարագրելի զգացում է: Լե Գուինի կառուցած աշխարհը՝ ահռելի արշիպելագ, որի ամեն կղզի ունի իր առանձնահատկություններն ու բնակիչներին, անասելի հարուստ է, հետաքրքիր ու համոզիչ: Իսկ իր օգտագործած կոնցեպտները հետագայում կկիրառեն Սթիվեն Քինգը, Ջոան Ռոլինգը, Պատրիկ Ռոտֆուսը ու էլի բազում, բազում հեղինակներ, ովքեր գրում են ֆենթեզի ժանրում: Հուսալի ու խնամքով ձեռքերում էկրանավորման դեպքում (ոչ այն, ինչ արդյունքում ստացանք) այն հանգիստ կկարողանար ձեռնոց նետել Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) եռագրությանը։
Մեր գրական ճամփորդությունն ավարտենք ևս մեկ ամերիկացի դասականով, ում ստեղծագործություններն ուղղակի անհրաժեշտ է էկրաններ տեղափոխել։ Ռոջեր Ժելյազնիին հիշատակելիս` առաջին հերթին հիշում ենք նրա «Ամբերի քրոնիկոնները» (The Chronicles of Amber) գրքաշարը` Ամբերի մասին 10-հատորյակը՝ Կորվինի ու Մերլինի հնգագրքերը, ինչպես նաև անավարտ երրորդ հնգագրքի մաս կազմող հինգ պատմվածքները։ Ցանկացած մարդ կյանքի ընթացքում Ամբեր պետք է այցելի առնվազն երեք անգամ. վաղ երիտասարդության շրջանում՝ երևակայությունը գրգռելու ու տպավորություններ կուտակելու, միջին տարիքում՝ սեփական աշխարհներն արարելու ոգեշնչում հավաքելու ու ծերության ժամանակ՝ իմաստություն քաղելու համար։ Սա ուղղակի ճամփորդություն չէ, երբ հետևում ես պատմություններին ու ուսումնասիրում բարդ, բազմաշերտ, անընդհատ բացվող ու անդադար զարմացնող աշխարհն ու իր ստրուկտուրան։ Ամբերը շատ, շատ ավելին է տալիս, քան ակնկալում ես։
Առաջին շերտը, իհարկե, պատմություններն են, որոնք ձևավորում են մեկ միասնական պատմության խայտաբղետ խճանկար։ Ամբերի աշխարհը հսկայական մուլտիվերս է, որը ներառում է անվերջ քանակի աշխարհներ, դրանց թվում կա այն ամենն, ինչ կարելի է և չի կարելի երևակայել, ու ավելի շատ։ Սակայն սա միայն պարզ նկարագրությունն է. Ժելյազնին հմտորեն համադրում է աշխարհի տարբեր ժողովուրդների դիցաբանությունն իր ժամանակների առաջադեմ գիտական պատկերացումների հետ՝ կառուցելով իր աշխարհի տրամաբանությունն ու կանոնները, իրականության տարբեր շերտերն ու նկարագրում այդ ամենն այնպես, որ ընթացքում կասկած անգամ չի առաջանում աշխարհի իրական լինելու հետ կապված։ Ստվերները դրանք ուղղակի առանձին մոլորակներ չեն, դրանք ամբողջական տիեզերքներ են՝ յուրաքանչյուրն իր անվերջ քանակի աշխարհներով, որոնք ենթարկվում են տվյալ Ստվերում գործող օրենքներին, իսկ բոլոր Ստվերները միասին ենթարկվում են Գոյի օրենքներին, որոնց հիմքում, որպես բևեռներ, Ամբերն է՝ կարգ ու կանոնի մարմնավորում, ու Քաոսը։ Սակայն դա դեռ ամենը չէ։
Ու այստեղ տեսնում ենք երկրորդ շերտը։ Պատահական չէ, որ Ստվերներով շարժումը հասու է ոչ բոլորին, որ դրա համար ուղղակի անհրաժեշտ է այդ աշխարհները երևակայել ու իրենք իրենց կգան։ Ամբերը, Քաոսը ու դրանց միջև ապրող Ստվերները ոչ միայն իրական աշխարհ են, այլև Բնության մեծագույն հրաշքի՝ մարդկային բանականության ու, հատկապես, երևակայության սիմվոլիկ պատկերումը։ Նույն կերպ, ինչպես Ամբերի արյան կրողները կարող են գտնել ցանկացած Ստվերային աշխարհն ու ճամփորդել, ապրել դրանում, այդպես էլ մարդկային երևակայությունը ցանկացած պահի կարող է ձևավորել աշխարհներ ու պատմություններ, ուսումնասիրել դրանք, ճամփորդել դրանցով ու թույլ տալ ուրիշներին նույնպես լինել այդ աշխարհներում։ Ու ինչպես Ստվերները, մարդկային երևակայությունը պարունակում է անվերջ քանակի տարբեր աշխարհներ ու պատմություններ։ Դրանք էլ, իրենց հերթին, ձևավորվում են մարդկային բանականության հակասական էության՝ գիտակցության ու անգիտակցականի, մտքի ու զգացմունքների, ռացիոնալիզմի ու իռացիոնալիզմի միջև բախման, համագործակցության ու փոխլրացման շնորհիվ։ Ամբերն ու Քաոսը հենց այս հակասական բևեռների մարմնավորումն են։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի էկրանավորումը, որպեսզի կինոդիտողի մոտ նույնպես առաջանա նման հարուստ էմոցիոնալ արձագանք, սակայն դա միանշանակ հնարավոր է։
Այդուհանդերձ, միայն Ամբերը դեռ քիչ է։ Ժելյազնիի «Լույսի տիրակալը» (The Lord of Light) երբևիցե գրված լավագույն գրական ստեղծագործություններից մեկն է (իսկ շատ-շատերն էլ կվիճեն, որ ավելի կարևոր բան երբևէ չի ստեղծվել)։ Ու սա միանշանակ լավագույն գիտաֆանտաստիկ ստեղծագործություններից մեկն է։
Նրբագույն, աննկարագրելի վարպետությամբ «գործված» այս խայտաբղետ գրական-կախարդական գորգը շատ արագ ու առանց որևիցե կոմպրոմիսների կտեղափոխի ընթերցողին կրոնական լեգենդների ու կոշտ գիտական ֆանտաստիկայի խորհրդավոր խառնուրդ ներկայացնող տարօրինակ մի աշխարհ, որից այլևս երբեք հետագայում դուրս չեք գալու։ Ընթերցողը փորձում է որսալ իր թռիչքը կառավարող այն հազիվ նշմարելի թելերը, որոնցից յուրաքանչյուրը քաշելիս կստանա բացահայտումների մի ահռելի շերտ; մտորումներ մարդկության ապագայի ու տիեզերքի գաղութացման, կրոնի ու մարդու անհատական ազատության, աստվածների ու հավատացյալների սորուն հարաբերությունների մասին; Հնդկական թերակղզու կրոնական հավատալիքների, պանթեոնի ու Բուդդայի, մշակութային նյուանսների խորագույն ուսումնասիրություն; պատասխանատվության, էքսպանսիայի, բանական լինելու արժեքի գնահատում։
Ժելյազնին պատմության ընթացքում թողնելու է փոքրիկ հուշումներ, երբեք ուղիղ չի պատմի ողջ բեքգրաունդը, ինչի շնորհիվ ընթացքում դրա բացահայտումն իրապես նման է հայտնագործության, իսկ ավարտին մոտ լուսավորվելու եք այս գործի կատարելության ու լիարժեքության զգացումից։
«Լույսի տիրակալը», ցավոք, չունի ուղիղ էկրանավորում, սակայն անգամ իր ստվերը ծնում է գլուխգործոցներ։ Բեն Աֆլեքի «Արգո» (Argo) ֆիլմը պատմում է, թե ինչպես են ամերիկացի դիվանագետներին փրկում հեղափոխական Իրանից։ Իրական պատմության ժամանակ իրանցի սահմանապահներին խաբելու համար օգտագործված արտերը մինչ այդ ստեղծել էր կոմիքսների լեգենդար նկարիչ Ջեք Կիրբին՝ «Լույսի տիրակալի» էկրանավորման համար, որն այդպես էլ տեղի չունեցավ, սակայն մարդկային կյանքեր փրկեց։