Շեքսպիրը` արգելված մոլորակում. Դասական գրականության խիստ ազատ ադապտացիաները
Դասական գրականությունը կինոյի համար անսպառ աղբյուր է։ Առաջին հերթին, բնականաբար, խոսքն ուղիղ էկրանավորումների մասին է, որոնք պարբերաբար հայտնվում են էկրաններին։ Սակայն հավերժական գրական ստեղծագործությունները նաև ոգեշնչում են կինոգործիչներին` հնարավորություն տալով ավելի ճկուն լինել ու սեփական գաղափարներն ավելի ազատ հարմարեցնել սկզբնաղբյուրին։
PAN-ը պատմում է դասական գրական գործերի որոշ նշանավոր ադապտացիաների մասին։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Ստեղծագործական վերաիմաստավորման իսկական ռեկորդակիր են Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Հաշվի առնելով, թե որքան ունիվերսալ թեմաներ են շոշափվում մեծ դրամատուրգի գլուխգործոցներում, որոնք ակտուալ են բոլոր ժամանակներում, ոչ միայն ուղիղ էկրանավորումները, այլև անուղղակի ադապտացիաներն անսպառ վառելիք են կինեմատոգրաֆիկ գաղափարների համար։
Ամենաակնհայտ օրինակը, իհարկե, Բազ Լուրմանի «Ռոմեո + Ջուլիետա» (Romeo + Juliet, 1996) ֆիլմն է։ Այն գրեթե ճշգրիտ կրկնում է Շեքսպիրի ողբերգությունը երկխոսությունների ու գլխավոր սյուժետային քայլերի առումով, սակայն իրադարձությունները տեղափոխվել են ժամանակակից աշխարհ, հերոսների վարքագիծը, կենցաղը, նրանց վրա ազդող գործոնները բխում են ժամանակակից աշխարհից։ Այդուհանդերձ, Լուրմանի վիզուալ էսթետիկան, պատմության քրեական հատվածի վրա կենտրոնանալը, ինչպես նաև կերպարների միջև երկխոսությունները չափածո ներկայացնելը ստեղծում են տարօրինակ կոնտրաստ ու ընկալման հակասություններ` միաժամանակ լինելով բավականին նորարարական ու հետաքրքիր։ Փորձելով նորովի վերափոխել հռչակավոր ողբերգությունը` միաժամանակ հավատարիմ մնալով սկզբնաղբյուրի ոգուն` Լուրմանը երբեմն խճճվում է, դառնում անհուսալի պատմող, ու այդ իրավիճակներում պատկերը փրկում է միայն խիստ երիտասարդ Լեոնարդո Դի Կապրիոյի հրաշալի խաղը։ Ամեն դեպքում, ինչպես նշում էր կինոքննադատ Ռոջեր Էբերտը, Շեքսպիր սիրող մարդը այս դեպքում նախընտրելու է թատրոնը, ոչ թե MTV-ի ոճում հրաձգությունները։
Շատ ավելի հետաքրքիր մոտեցում էին ցուցաբերել մյուզիքլների հեղինակները, սակայն այստեղ ամեն ինչ այնքան խճճված է, որ առանց 50 գրամի անհնար կլինի բացատրել։ Այսպես, 1957-ին Բրոդվեյում բեմադրվեց դրամատուրգ Արթուր Լորենցի, կոմպոզիտորներ Լեոնարդ Բերնսթայնի և Սթիվեն Սոնդհայմի ու պարուսույց Ջերոմ Ռոբինսի հեղինակած «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլը, որը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» շատ լավ մշակված ադապտացիա էր։ Հեղինակներն իրադարձությունները տեղափոխել էին 1950-ականների կեսի Նյու Յորք, կոնֆլիկտի առանցքային թեման դարձրել սպիտակ ու պուերտորիկացի միգրանտների միջև բախումը` բարձրացնելով սուր սոցիալական հարցեր, որոնք վերաբերում էին ռասայական խտրականությանն ու ազգամիջյան թշնամանքին հետպատերազմյան Ամերիկայում։
1961-ին էկրաններ բարձրացավ մյուզիքլի առաջին կինոէկրանավորումը, որը բեմադրել էին ռեժիսորներ Ռոբերտ Ուայզն ու Ջերոմ Ռոբինսը` հիանալի դերասանական կազմով ու Ռոբինսի աննկարագրելի պարային համարներով։ Ֆիլմը արժանացավ 10 «Օսկար» մրցանակի` վերածվելով մշակութային ֆենոմենի ու, այս պահի դրությամբ, դասական կինոմյուզիքլի։ Այն համարվում է երբևիցե ստեղծված մեծագույն երաժշտական ֆիլմերից մեկը` միաժամանակ լինելով Շեքսպիրի ամենանշանակալի ադապտացիաներից մեկը։ Գույների օգտագործումը, եռանդուն օպերատորական աշխատանքը, արագ ու դրամատիկ մոնտաժը, բեմադրման դիզայնը, որը փոխանցում է տրամադրությունը նույն կերպ, ինչպես և գործողությունները, երաժշտությունն ու պարերի խորեոգրաֆիան դարձնում են «Վեսթսայդյան պատմությունը» բացարձակ գլուխգործոց։
Ուղիղ 60 տարի անց` 2021-ին, էկրաններ բարձրացավ մյուզիքլի նոր էկրանավորումը. այս անգամ ռեժիսորական աթոռին մեծն Սթիվեն Սփիլբերգն էր։ Եթե 1961-ի ֆիլմը ահռելի ֆինանսական հաջողություն էր, ապա 2021-ինը բացարձակ տապալում էր։ Այդուհանդերձ, Սփիլբերգի ֆիլմը, որը շատ ավելի մոտ է օրիգինալ մյուզիքլին, միաժամանակ նոր հայացք է սկզբնաղբյուրին` դինամիկ կերպով համադրելով հին դպրոցի վարպետությունն ու ժամանակակից զգայուն թեմաները։ Սփիլբերգը նկարել է արմատներին հավատարիմ ադապտացիա, որը, միաժամանակ, կենդանի է նաև ներկայիս իրողությունների տեսանկյունից։ Վառ կերպարների, վարպետորեն բեմադրված երաժշտական դրվագների, հրաշալի դերասանական կազմի, ինչպես նաև ամեն կադրում զգացվող մեծ ռեժիսորի ոգևորության շնորհիվ նոր «Վեսթսայդյան պատմությունը» գրեթե անթերի ադապտացիա է, իսկ ֆինանսական տապալման պատճառը, հավանաբար, ժամանակակից հանդիսատեսի փոփոխված ճաշակներն են ու սխալ մարքեթինգային քաղաքականությունն է։
«Ռոմեո և Ջուլիետի» պատմությունը երբեմն խիստ տարօրինակ ադապտացիաներ է ստանում։ Ռեժիսոր Ջոնաթան Լևինը փորձել է իրադարձությունները տեղափոխել զոմբի ապոկալիպսիսից կործանված աշխարհ, իսկ ռոմանտիկ հարաբերությունները` կենդանի մարդու ու զոմբիի միջև։ «Տաք մարմինները» (Warm Bodies, 2013) զուտ գաղափարի մակարդակում բավականին սրամիտ է ու խիզախ` փորձելով գլխիվայր շրջել կինեմատոգրաֆիկ զոմբիների մասին պատկերացումները։ Սակայն կատարման առումով ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ. ֆիլմը տեղ-տեղ փայլում է լավ մտածված սարկաստիկ հումորով, սակայն այստեղ պակասում է գաղափարին համապատասխանող նույնքան խիզախ կատարումը։ Այն նույնքան անատամ է, որքան գլխավոր հերոս զոմբին. այստեղ բացակայում է ժանրին հատուկ սուր սոցիալական կոնտեքստը, ռեյթինգով պայմանավորված` հեղինակները զերծ են մնում արյունոտ տեսարաններից (զոմբիների մասին ֆիլմում), իսկ ռոմանտիկ գիծը ինքնաիրոնիայի ու սև հումորի ուղուց հանկարծ դուրս է գալիս մտադրությունների երկաթբետոնե լրջության, ինչը պատումը վերածում է վատ իմաստով ֆարսի։
Էլ ավելի տարօրինակ էր օպերատոր Անջեյ Բարտկովիակի ռեժիսորական դեբյուտը ու պրոդյուսեր Ջոել Սիլվերի փորձը` ստեղծել հոլիվուդյան մարտաֆիլմ` հոնքոնգյան մարտաֆիլմերի ոճում։ «Ռոմեոն պետք է մեռնի» (Romeo must die, 2000) ֆիլմում կա Ջեթ Լին, կա Կորի Յուենի հիանալի մարտական խորեոգրաֆիան, սակայն դա ֆիլմը չի փրկում անիմաստ խճճվածությունից, Շեքսպիրի ողբերգությունը լրիվ այլ պատման վրա քաշելու անփույթ փորձերից ու ոչ տեղին համակարգչային գրաֆիկայից, որը զրոյացնում է արևելյան մարտարվեստների վարպետների բոլոր ջանքերը։ Այս ֆիլմում միակ դրական կողմը Ջեթ Լին է, ում բացակայությունը կադրում կտրուկ նվազեցնում է դինամիկան ու դարձնում ֆիլմը ձանձրալի։
Շեքսպիրը միայն «Ռոմեո և Ջուլիետով» չի ավարտվում։ «Համլետի» բազմաթիվ ուղիղ կամ անուղղակի էկրանավորումներից ու ադապտացիաներից հարկ է առանձնացնել մի գլուխգործոց, որը, չնայած արմատական կերպով փոխել է ոչ միայն իրադարձությունների վայրը, այլև անգամ գործող անձանց կենսաբանական տեսակը, այդուհանդերձ Շեքսպիրի ամենատպավորիչ ու հավատարիմ ադապտացիաներից մեկն է։ «Շեքսպիրյան կրքեր» կոչվածը լիովին արտահայտում է փառահեղ «Առյուծ արքան» (The Lion King, 1994) անիմացիոն ֆիլմի էությունը։ Որպես հիմք վերցնելով արքայազն Համլետի պատմությունը` ֆիլմի հեղինակները տեղափոխել են այն կենդանիների աշխարհ` ստանալով նախանձի, վրեժի, հասունացման ու վերադարձի մասին ամենատպավորիչ պատմություններից մեկը։ Ֆիլմը կարողացել է համադրել դաստիարակչական նշանակությունը զվարճանքի, հայրենասիրությունը` աշխարհաճանաչման հետ` սա էմոցիոնալ առումով սուր, հասուն ֆիլմ է, որը մեծ ազդեցություն է ունենում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների վրա։
Դրամատուրգի «Լիր արքան» նույնպես իր ունիվերսալության շնորհիվ ոգեշնչել է նաև մեծագույն կինոգործիչներին։ Ակիրա Կուրոսավայի «Ռանը» (Ran, 乱, 1985) էպիկական ձիդայգեկին` զգեստավորված պատմական դրաման, պատմում է Սենգոկու ժամանակաշրջանի նշանավոր ազնվական, դայմե Իտիմոնձի Հիդետորայի անկման մասին։ Մեծ ռեժիսորը Շեքսպիրի պիեսը վարպետորեն ադապտացնել է ճապոնական մշակութային ու հասարակական առանձնահատկություններին և նշված ժամանակաշրջանի քաղաքական իրողություններին` կերտելով իր ամենաշքեղ ֆիլմերից մեկը, գույնի, շարժման ու ձայնի իսկական տոնակատարություն։ Կուրոսավայի համար կենտրոնական` հավատարմության թեման այստեղ առանձնահատուկ կարևորություն է ստանում, իսկ կյանքի սարսափները արվեստի ուժով վերածվում են գեղեցկության։ Ինչպես նշել է կինոգետ Վինսենթ Քեմբին` չնայած իր ֆիզիկական չափերին ու գեղեցկությանը, որը ենթադրում է յուրահատուկ արբեցնող, բարբարոսական լիրիկականություն, այս ֆիլմը ունի սարսափելի հստակ տրամաբանություն իր բարոյական պատմության մեջ, մոտ տարածությունից ուսումնասիրվող առասպելի նման, որը, լինելով շատ կոնկրետ ու հատուկ իր ժամանակներում, մնում է հավերժական ու անվերջ անգամներ ադապտացվող։
Հարկ է նշել, որ Կուրոսավան «Ռանում» առաջին անգամ չէ, որ անդրադառնում է Շեքսպիրին։ 1957-ի «Արյունոտ գահը» (Throne of Blood, 蜘蛛巣城) ձիդայգեկին «Մակբեթի», իսկ 1960-ի «Վատ մարդիկ լավ են քնում» (The Bad Sleep Well, 悪い奴ほどよく眠る) դրաման` «Համլետի» ադապտացիան են։ Երկու դեպքում էլ մեծ ռեժիսորը կարողացել է բազմապատկել շեքսպիրյան դրամատուրգիայի ուժը` այն օրգանապես կապելով այլ ժամանակի ու այլ իրավիճակի հետ։
Շեքսպիրի ամենահետաքրքիր ադապտացիան կապված է իր «Փոթորիկ» պիեսի հետ։ 1956-ին էկրաններ բարձրացավ «Արգելված մոլորակ» (Forbidden Planet) գիտաֆանտաստիկ ֆիլմը, որի կերպարներն ու իզոլացված միջավայրը, ինչպես նաև որոշ իրադարձություններ ոգեշնչված են Շեքսպիրի պիեսից։ «Արգելված մոլորակը» ոչ միայն 50-ականների մեծագույն գիտաֆանտաստիկ ֆիլմն է, այլև ժամանակակից գիտաֆանտաստիկ կինոյի նախահայրը, որում կիրառված նորարար մոտեցումները տասնամյակներով սահմանեցին ժանրի առանձնահատկությունները։ Սա առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմն էր, որում պատկերված են լույսի արագությունը գերազանցող արագությամբ ընթացող տիեզերանավ, ու առաջինն էր, որի իրադարձությունները ծավալվում են Արեգակնային համակարգից հեռու, այլ աստղի շուրջ պտտվող մոլորակի մակերևույթին։ Ֆիլմում ներկայացված Ռոբբի ռոբոտը առաջին կինոռոբոտն էր, որը ուներ Վառ արտահայտված անհատականություն ու ֆիլմի լիարժեք կերպար է։ Իսկ ֆիլմի դինամիկան, անդադար ու հետաքրքիր արկածները ստիպում էին, ու հիմա էլ կարող են ստիպել գամվել էկրանին։
Սակայն միայն Շեքսպրով չէ, որ ոգեշնչվում են կինոգործիչները։ Օրինակ, Քոեն եղբայրները, որպես հիմք վերցնելով Հոմերոսի «Ոդիսականը», 2000-ին ներկայացրին իրենց առաջին մյուզիքլը` «Օ՜, եղբայր, որտե՞ղ ես» (O Brother, Where Art Thou?) անվանումով։ Իրադարձությունները տեղափոխել են 1937-ի Միսիսիպի նահանգ ու պտտվում է փախուստի դիմած երեք կալանավորների շուրջ։ Ինչպես միշտ, Քոենները վարպետորեն պատկերում են ԱՄՆ մշակույթի ու պատմության այդ ժամանակահատվածը` կենտրոնանալով Մեծ դեպրեսիայի առաջացրած հասարակական ու հոգեբանական խնդիրների վրա։ Այդուհանդերձ, դժվար է այս ֆիլմը ներառել Քոենների լավագույն ստեղծագործությունների ցուցակում։ Այո, ռեժիսուրան ու դերասանական խաղն այստեղ ամենաբարձր մակարդակի վրա են, սակայն, չնայած որոշ դրվագներ դրամատուրգիական առումով շատ տպավորիչ են, դրանք չեն ձևավորում մեկ միասնական ստեղծագործություն։ Տպավորություն է, որ «Օ՜, եղբայր, որտե՞ղ ես» ֆիլմը իրենից ներկայացնում է պատահական սքետչեր, որոնք վատ են կապվում միմյանց հետ։ «Ոդիսականը», որպես վերադարձի մեծ պատմություն, կուռ է իր բոլոր սյուժետային քայլերով, ու այս դեպքում ադապտացիան զրկված է դրանից։
Ոչ միանշանակ ադապտացիա կարելի է համարել նաև Ռոջեր Քամբլի «Դաժան մտադրություններ» (Cruel Intentions, 1999) ֆիլմը` հիմնված Շոդեռլո դե Լակլոյի` 18-րդ դարի վերջի «Վտանգավոր կապեր» գրքի վրա։ Իրադարձությունները տեղափոխել են 20-րդ դարի վերջ, իսկ ֆիլմը առանձնահատուկ ցինիզմով ծաղրում է այսպես կոչված «ոսկե երիտասարդությանը», որի համար մարդկային հարաբերությունները վերածված են ազարտի ու խաղի, իսկ դիմացինի զգացմունքները ոչ մի նշանակություն չունեն։ Այդուհանդերձ, ռեժիսորի անփորձությունը զգացվում է թույլ ռեժիսուրայում ու ընդհանուր պատմության ձանձրալի լինելու մեջ։
Մեկ այլ ֆրանսիացու` մանկագիր Ժաննա-Մարի Լեպրինց դե Բոմոնի «Գեղեցկուհին և հրեշը» դասական հեքիաթը հիմք դարձավ հռչակավոր ռեժիսոր Գիլյերմո Դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water, 2017) ֆիլմի ու «Շրեկ» (Shrek, 2001) անիմացիոն ֆիլմի համար։ Երկու ադապտացիաներն էլ բավականին ազատ են։ Առաջին դեպքում գործ ունենք խորը լավքրաֆթյան մտորումների հետ, որոնց արդյունքը դիամետրալ հակառակ է, երբ ոչ թե հրեշն է վերածվում արքայազնի, այլ աղջիկն է դառնում հրեշ։ Երկրորդ դեպքում` սև ու չար, խոշոր ատամներով սատիրա է` նույն արդյունքով։ Այնպես որ, սկզբնաղբյուրի հետ աշխատելիս ստեղծագործական ազատությունը երբեմն նոր գանձեր է հայտնաբերում։
Վերջապես, «Անհասկացողը» (Clueless, 1995) ռեժիսոր Էմմի Հեքերլինգի փորձն էր ժամանակակից իրավիճակում ու 20-րդ դարի դեռահասի տեսանկյունից ադապտացնել Ջեյն Օսթինի «Էմմա» վեպը։ Վեպի գլխավոր հերոսուհին` ապահովված ընտանիքի ներկայացուցիչ, փորձում էր ավելի բազմազան դարձնել իր առօրյան` ուրիշների անձնական կյանքը դասավորելու միջոցով։ Ֆիլմում Էմմայի ժամանակակից էքվիվալենտը` Շեր Հորովիցը (Ալիսիա Սիլվերսթոուն) շատ ավելի լայն հնարավորություններ ունի մարդկանց ըստ իր ճաշակի փոխելու հարցում։ Լավ է դա, թե վատ, համենայնդեպս, գլխավոր հերոսուհին համարում է, որ բարի գործ է անում, ու հասարակության առավել ապահովված շերտերի սնոբիստական «վերից` վար» կամ «խեղճ ունթերմենշերին պետք է ճիշտ ուղու վրա դնել, որովհետև դա իրենց համար լավ է» մոտեցումը շատ նրբորեն ծաղրի է ենթարկվում թե Օսթինի գրքում, ու թե ֆիլմում։ «Անհասկացողը» շատ վարպետորեն մշակված ադապտացիա է` Օսթինի ժամանակների համար ակտուալ թեմատիկան քսաներորդ դարավերջի թեմաներով փոխարինած, սակայն առանցքային, «վերժամանակյա» ասելիքը պահած, ինչը ամբողջությամբ վերաիմաստավորում է դասական գործն ու ներկայացնում այն նոր լույսի ներքո։