Կարդալիքներ PAN-ից
Today

Վիկտորյա Աղանուրի ազատության որոնումները. Իտալական պոեզիայի ամենազգայական ձայնը հայ էր

«Ես իմ մեջ զարգացրել եմ բաց տարածությունների ծարավ, արևի տենչ, մշուշների սարսափ ու սոսկում եմ բոլոր տեսակի սահմանափակումներից»:

Եթե այս բանաստեղծական խոստովանությունը վերածեինք կտավի, ապա ամենայն հավանականությամբ մի շատ անկեղծ ինքնանկար կստանայինք։ Այն ամբողջությամբ բնորոշում է Վիկտորյա Աղանուրին։ Իտալահայ բանաստեղծուհու ճակատագիրն ու ստեղծագործությունը ծնվել են ազատության որոնումից, բազմաշերտ ու բազմածավալ հիշողության ծանրությունից, մշակույթների խաչմերուկում ապրելու ակամա հանգամանքից։

Նախ՝ մի հստակեցում։ Վիտորիա կամ Վիկտորյա, հայերենում Աղանուրի մասին հայալեզու աշխատություններում և հոդվածներում անվան երկու տարբերակն էլ հանդիպեցինք, հետևաբար, կարծում ենք, որ երկուսն էլ կիրառելի են։

Վիկտորյա Աղանուրը ծնվել է 1855 թվականի մայիսին Իտալիայի Պադովա քաղաքում՝ հայկական ազնվական ծագում ունեցող ընտանիքում։ Նրա հայրը՝ Էդուարդ Աղանուրը, սերում էր հին հայկական տոհմից, որի պատմությունը սկիզբ էր առնում Ջուղայից։ Հասմիկ Մադոյանն Աղանուրյաններին նվիրված իր հոդվածում նշում է, որ Շահ Աբասի արշավանքներից հետո Աղանուրյանները, ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքներ, հարկադրված էին լքել հայրենի բնակավայրերը․ սկզբում հաստատվել էին Պարսկաստանում, ապա՝ Նոր Ջուղայում, իսկ XVIII դարի վերջերից՝ Հնդկաստանում։

Այդ տոհմի ներկայացուցիչները դարեր շարունակ աչքի էին ընկել իրենց կարողությամբ, բայց հատկապես տպավորիչ էր ազգային ու կրթական գործին նրանց նվիրվածությունը՝ կառուցում էին եկեղեցիներ, հիմնում կրթական հաստատություններ, աջակցում հայ համայնքային կյանքին։

Աղանուրյան գերդաստանի այս պատմական շղթայի մի կարևոր օղակ էր Էդուարդ Աղանուրը, որը XIX դարում ընտանիքով տեղափոխվել էր Եվրոպա։ Սկզբում Փարիզում, ապա Վենետիկում հաստատվելով՝ նա սերտ կապերի մեջ էր Մխիթարյան միաբանության հետ և գործուն մասնակցություն ուներ Սուրբ Ղազար կղզու հայկական վանքի մշակութային կյանքին՝ ֆինանսապես աջակցելով գրքերի հրատարակությանը և կրթական նախաձեռնություններին։ Հենց այս միջավայրում էր ձևավորվում ապագա բանաստեղծուհու աշխարհայացքը՝ միաժամանակ եվրոպական և հայկական։

Վիկտորյան մեծացել է Պադովայի հայտնի «Հայերի տանը»՝ Casa degli Armeni-ում, որտեղ մեկ հարկի տակ հաճախ էին հավաքվում Եվրոպայի մտավորականները՝ գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։ Սա բացառիկ մշակութային հարթակ էր, որտեղ խոսվում էր գրականության, արվեստի, փիլիսոփայության մասին, և որտեղ դեռահաս աղջիկը սովորում էր լսել, կարդալ ու զգալ բառի ուժը։ Նա ուներ չորս քույր, որոնցից Ելենան հետագայում դարձավ նրա ստեղծագործական ուղեկից-գործընկերը, որովհետև հենց նա էր նկարազարդում Վիկտորյայի բանաստեղծությունները։

Ինչպես արդեն պարզ է դառնում՝ դեռ փոքր տարիքից աղջիկը գրական լուրջ հիմք ու կրթություն է ստացել։ Նրա ուսուցիչների թվում էին ժամանակի նշանավոր մտավորականներ՝ բանաստեղծ և թարգմանիչ Անդրեա Մաֆֆեյը և Պադովայի համալսարանի պրոֆեսոր Ջակոմո Ձանելլան։ Վերջինիս հետ Վիկտորյան տարիներ շարունակ նամակագրական մտերիմ կապ էր պահպանում, իսկ նամակները վկայում են նրա մտքի ազատության մասին։ Նա խորությամբ ուսումնասիրում էր իտալական դասականներին՝ Ֆրանչեսկո Պետրարկա, Դանթե, ինչպես նաև ժամանակակից հեղինակներին, հետևում էր գրական հանդեսներին, հետաքրքրվում եվրոպական գրականությամբ՝ Շառլ Բոդլերից մինչև Բայրոն։

Սկզբնական շրջանում Աղանուրի գրած բանաստեղծությունները պարզապես «վարժություններ» էին, փորձում էր գտնել իր ձեռագիրն ու հնչողությունը։ Ու հենց այդ փորձերն էլ շուտով ուշադրություն գրավեցին։ Քսան տարեկանում բանաստեղծուհու առաջին բանաստեղծությունները լույս տեսան «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։ Կարելի է պնդել, որ սա դարձավ նրա գրական ճանապարհի սկիզբը։ Այս փուլում գիրք կամ ժողովածու դեռ չուներ, բայց ձայնն ու ձեռագիրն արդեն հստակ էին։

Մի պահ վերադառնանք Աղանուրի կյանքի ոչ այնքան ստեղծագործական դրվագներին, որովհետև դրանք ինչ-որ առումով ձևավորել են Աղանուրի ստեղծագործական կյանքը։ Վենետիկում Աղանուրների ընտանիքը վերջնականապես հաստատվել է 1880-ականների վերջերին։ Քաղաքը, որն ինքնին հիշողությունների, ջրի ու լռության խտացված տարածք էր, դարձավ Վիկտորյայի ներաշխարհին առավել հարազատ միջավայր։ Այստեղ նա աստիճանաբար ձևավորեց իր փոքր, բայց ազդեցիկ գրական սալոնը, որը սկսեց գրավել երիտասարդ բանաստեղծների, լրագրողների և գրականությամբ տարված մտավորականների ուշադրությունը։ Նրանք գալիս էին համախոհների հետ զրուցելու, իրենց գործերը քննարկելու, կարծիք լսելու, երբեմն էլ՝ գրական հովանավորություն գտնելու հույսով։

Բայյց այս սալոնը երբեք էլ աղմկոտ կամ ցուցադրական չի եղել։ Ընտանիքի որոշմամբ այն արիստոկրատական զսպվածություն է պահպանել։ Սա տարածք էր, որտեղ խոսում էին պոեզիայի մասին, լսում երաժշտություն, քննարկում գեղարվեստական արժեքներ։ Վիկտորյան, թեև բաց ու հետաքրքրասեր էր, բայց խուսափում էր դատարկ փառքից և հասարակական չափազանց ակտիվ կյանքից։ Նրա համար գրականությունն առաջին հերթին ներքին աշխատանք էր, ներքին ապրումների արտացոլում ու խտացում։

Այս շրջանը միաժամանակ ծանր կորուստների մասին էր։ 1891 թվականին մահանում է հայրը, մի քանի տարի անց՝ մտերիմ ընկերներից մեկը, իսկ 1899-ին՝ մայրը։ Հատկապես մոր մահը խորը հետք թողեց բանաստեղծուհու կյանքում։ Այդ կորուստներից հետո նրա ստեղծագործություններում ավելի հստակ դարձան մելամաղձության, միայնության և փրկության որոնման թեմաները։ Նրա պոեմներն ու նամակները կարծես ներքին խավարից դուրս գալու ելք դարձան։

Չնայած Աղանուրը երկար տարիներ հրաժարվել էր իր բանաստեղծությունները մեկ ժողովածուի մեջ հրապարակելու առաջարկներից, այս ծանր շրջանից հետո նա ի վերջո ընդունում է Միլանի «Տրևես» հրատարակչության առաջարկը։ Տասնհինգ տարվա ընթացքում մշտապես խմբագրված ու հղկված բանաստեղծությունների ժողովածուն լույս տեսավ 1900 թվականի մայիսին՝ «Հավիտենական զրույց» (Leggenda Eterna) խորագրով։ Այդ ժամանակ բանաստեղծուհին արդեն 45 տարեկան էր։ Գիրքը նա նվիրեց մոր հիշատակին՝ ներքին երկմտանքով ու վախով՝ արդյոք այն կընկալվի՞, թե՞ կարժանանա քննադատության։

Սակայն արձագանքը սպասվածից անհամեմատ ավելի մեծ ու դրական էր։ Վիկտորյա Աղանուրի անունը սկսեց հաճախ հայտնվել իտալական գրական հանդեսներում, և գրեթե բոլոր գնահատականները միաձայն դրական էին։ Նրա սոնետներն առանձնանում էին լեզվական ճշգրտությամբ, հնչողության ներդաշնակությամբ և զգացմունքային խորությամբ։ Իտալացի փիլիսոփա և քննադատ Բենեդետո Կրոչեն ընդգծում էր, որ դրանք իտալուհու կողմից երբևէ գրված ամենագեղեցիկ բանաստեղծություններից են։

Արիստոկրատական սալոններում նրան պատվում էին որպես բացառիկ մշակութային երևույթ, իսկ լրագրողները շեշտում էին ոչ միայն նրա տաղանդն ու կրթվածությունը, այլև նրա բնավորությունը։ Ճանաչումը չփոխեց բանաստեղծուհուն։ Նա շարունակում էր ապրել սեփական աշխարհում ու գրականությունն ամեն ինչից վեր էր համարում։

1908 թվականին լույս է տեսնում բանաստեղծի երկրորդ ժողովածուն՝ «Նոր քնարերգությունը» (Nuove liriche), որտեղ առավել ընդգծված էր սիրո թեման։ Այս բանաստեղծություններում սերը ներքին սպասում էր, վերերկրային մի բան, երբեմն էլ՝ ցավի ու կարոտի աղբյուր։

Այս ժողովածուն ևս հաջողված էր։ Նրա ստեղծագործությունները բարձր էին գնահատում ժամանակի նշանավոր գրողները և բանաստեղծները։ Իտալական գրական դաշտում նրան դասում էին XIX դարի վերջի և XX դարի սկզբի ամենախոշոր կին բանաստեղծների շարքը, ընդգծում էին բանաստեղծական մտքի ինքնատիպությունը և զգացմունքների խորությունը։

Պետք է նշել, որ Աղանուրի կենսագրականներում նրա հայկական ծագումը հաճախ միայն հպանցիկ էր նշվում, բայց, ասում են, որ այն կարևոր դերակատարում և «ներկայություն» ուներ նրա աշխարհընկալման մեջ։

Չնայած բանաստեղծի ստեղծագործական լեզուն իտալերենն էր, Աղանուրը չէր կտրվել իր հայկական արմատներից։ Որոշ ստեղծագործություններում նա անգամ անդրադառնում էր իր ժողովրդի ճակատագրին, հայրենիքից զրկված եղբայրների վշտին, ազգային ինքնության կորստի և վերագտնելու թեմաներին։ Նրա հայրենասիրական բանաստեղծություններում Հայաստանը կոնկրետ աշխարհագրական տարածք չէր, այլ պատմական հիշողություն, արժանապատվության և ազատության խորհրդանիշ։ Ազատագրական պայքարը նրա համար գաղափար էր, առանց որի նա չէր պատկերացնում ոչ ժողովրդի, ոչ անհատի ամբողջականությունը։

Այս դիտանկյունը բարձր էին գնահատում նաև հայ մտավորականները։ Ղևոնդ Ալիշանը ընդգծում էր Աղանուրի բանաստեղծական հմտությունը և իտալական լեզվի տաղաչափության մեջ նրա վարպետությունը, իսկ Արշակ Չոպանյանը նրա ստեղծագործության մեջ տեսնում էր խոր եվրոպական գեղագիտության ու սրտաբուխ, ազգային զգացողության հազվագյուտ համադրություն՝ հիշեցնելով միջնադարյան և նոր շրջանի հայ մեծերի հոգևոր ժառանգությունը։

Նրա որոշ ստեղծագործություններ հասանելի են դարձել նաև հայ ընթերցողին։ Արսեն Ղազիկյանի թարգմանությամբ լույս են տեսել նրա մի քանի ժողովածուներ, որոնց միջոցով Աղանուրի զգացմունքային ու նուրբ պոեզիան հնչել է հայերեն։ Այդ թարգմանություններն էին, որ կարևոր դեր խաղացին նրա կերպարի՝ որպես իտալահայ մտավորականի ընկալման մեջ։

Մի քանի բառ էլ բանաստեղծուհու անձնական կյանքից։ 1901 թվականի նոյեմբերին նա ամուսնանում է իտալացի ազնվական, քաղաքական գործիչ և խորհրդարանի պատգամավոր Գվիդո Պոմպիլիի հետ։ Այս միությունը նրա համար զուտ միայն հասարակական կամ ընտանեկան կարգավիճակի փոփոխություն չէր։ Ամուսնությունը բանաստեղծի համար դառնում է հոգեբանական հանգրվան, խաղաղության զգացում, որին նա երկար էր սպասել։ Ամուսնությունից հետո Վիկտորյան չհեռացավ գրականությունից, ընդհակառակը, շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը՝ արդեն ավելի հավասարակշռված ու բաց ներաշխարհով։

Բայց համատեք գեղեցիկ կյանքը երկար չի տևում։ 1910 թվականի մայիսին Աղանուրը վիրահատության է ենթարկվում, որը, սակայն, հաջող չի ընթանում ու ողբերգական ավարտ է ունենում։ Բանաստեղծուհին մահացել է Հռոմում, ընդամենը 55 տարեկան հասակում։ Նրա մահը ցնցում է իտալական գրական ու հասարակական շրջանակները, բայց ողբերգությունն այսքանով չի ավարտվում։ Ամուսինը՝ չկարողանալով հաշտվել կնոջ կորստի հետ, նույն օրը ինքնասպան է լինում նրա աճյունի մոտ։ Այս ողբերգական պատմությունը շաբաթներ շարունակ իտալական մամուլի առաջին էջերում էր՝ որպես սիրո և կորստի սարսափելի, բայց նաև խորապես մարդկային պատմություն։


✍️ Նանե Մանուկյան / PAN