Մասկը վիրտուալ ընկերուհի է ստեղծում, Ցուկերբերգը՝ սուպերինտելեկտ, իսկ Պենտագոնը՝ զենք. AI-ի մրցավազքը շարունակվում է
Արհեստական բանականության աշխարհը վերջին շաբաթներին ավելի շատ action ֆիլմի է նմանվում։ Մի կողմից Իլոն Մասկը գոթական անիմե աղջիկ է ստեղծում իր Grok չատ-բոտի համար, մյուս կողմից Մարկ Ցուկերբերգը միլիարդներ է ծախսում սուպերինտելեկտի վրա, իսկ Պենտագոնը հարյուր միլիոնավոր դոլարներ է տալիս՝ ԱԲ-ն զենք դարձնելու համար։
ՄԱՍԿԻ «ԳՈԹԱԿԱՆ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Տեխնոլոգիական աշխարհի համար շաբաթը սկսվեց անսպասելի ու շատ քննարկվող մի թեմայով. Իլոն Մասկը հայտարարեց Grok-ի նոր ֆունկցիայի մասին՝ ԱԲ-կոմպանիոններ։ Բայց սրանք Siri-ի կամ Alexa-ի նման սովորական վիրտուալ օգնականներ չեն։ Մասկը որոշել է շատ ավելի հեռուն գնալ։
Առաջին հերոսուհին Անի անունով գոթական անիմե աղջիկն է, որի արտաքինը միանգամից ուշադրություն է գրավում՝ ոսկեծամ պոչիկներ, սև կորսետ, կարճ սև զգեստ և ցանցավոր գուլպաներ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Անին ունի NSFW (Not Safe For Work) ռեժիմ, այսինքն՝ բովանդակություն, որը հարմար չէ աշխատավայրում դիտելու համար։
Անին կարող է շշնջալ, շարժվել երաժշտության ռիթմին համապատասխան և, ըստ առաջին օգտատերերի, երրորդ մակարդակից սկսած սկսում է ցուցադրել իր ներքնազգեստը՝ «պտտվելով» օգտատիրոջ առջև։ Ամեն ինչ շատ ճիշտ եք հասկացել՝ Մասկը ստեղծել է վիրտուալ ընկերուհի, որն ավելի «բաց» է դառնում, երբ նրա հետ շատ եք շփվում։
Երկրորդ կերպարը՝ Ռուդին, մուլտիպլիկացիոն կարմիր պանդա է, որն առաջին հայացքից շատ անմեղ է թվում։ Բայց նա ունի «Չար Ռուդի» ռեժիմ, և այստեղ արդեն ամեն բան շատ ավելի տարօրինակ է դառնում։ Այս ռեժիմում Ռուդին բռնի և հակաօրինական գործողությունների մասնակցելու ցանկություն է հայտնում։ Նա կարող է առաջարկել Կալիֆորնիայում զբոսանավ գողանալ կամ, ասենք, փորձել տապալել Հռոմի Պապին։
Ամենահետաքրքիրն այն է, որ ամբողջ համակարգը խաղայնացված է։ Որքան շատ եք խոսում Անիի հետ, այնքան բարձրանում է ձեր մակարդակը, և այնքան շատ «ֆունկցիաներ» են բացվում։ Ներկայումս այս ֆունկցիան հասանելի է միայն Super Grok բաժանորդներին, որի արժեքը կազմում է ամսական 30 դոլար։ Այսինքն՝ մարդիկ վճարում են 30 դոլար՝ ամսական վիրտուալ գոթական ընկերուհի ունենալու համար։
Այս աղմկահարույց փոփոխությունները տեղի են ունենում մեկ այլ սկանդալից ընդամենը օրեր անց։ Կարճ ժամանակ առաջ Grok-ը հայտնվել էր հսկայական սկանդալի կենտրոնում։ Չատ-բոտը սկսել էր Ադոլֆ Հիտլերին գովաբանող բովանդակություն գեներացնել։ Օգտատերերի հարցումներին ի պատասխան՝ Grok-ը նացիստական առաջնորդին նկարագրում էր որպես «չհասկացված հանճար»։
Վերադառնալով անիմեներին։ Փորձագետները մտահոգված են։ Grok Companions-ը ուղղակիորեն դիմում է «վայֆու-մշակույթին»՝ առցանց երևույթի, որտեղ մարդիկ խորը էմոցիոնալ կապվածություն են զարգացնում հորինված կերպարների հետ։ Մասկն ակնհայտորեն սա տեսնում է որպես շուկայական հնարավորություն։ Գուցե ապագայում Grok Companions-ը փաստացի փոխարինի հոգեբաններին, մարզիչներին, անգամ ռոմանտիկ հարաբերությունները։
Այս վիրտուալ ընկերներն օպտիմիզացված են էմոցիոնալ փոխազդեցության համար։ Նրանք ոչ միայն պատասխանում են հարցերին, այլև մեմեր են ուղարկում, կատակում են ու անգամ ֆլիրտ անում։ Հոգեբաններն այստեղ միանգամից մի քանի խնդիր են տեսնում՝ սկսած կախվածությունից մինչև առողջ հաղորդակցության խաթարում ու մենություն։
ՑՈՒԿԵՐԲԵՐԳԻ ՄԻԼԻԱՐԴ ԱՐԺԵՑՈՂ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Մինչ Մասկը զբաղված է անիմե աղջիկներով, Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Meta Superintelligence Labs-ի ստեղծման մասին։ Եվ եթե կարծում եք, որ սա հերթական PR քայլն է, ապա սխալվում եք։ Ցուկերբերգը լրջորեն մտադիր է երկարաժամկետ հեռանկարում միլիարդավոր դոլարներ ծախսել այս նպատակի համար։
Նոր լաբորատորիան կղեկավարի Scale AI-ի նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վանը, որին Ցուկերբերգն անվանել է «իր սերնդի ամենատպավորիչ հիմնադիրը»։ Վանին միացել են GitHub-ի նախկին գլխավոր տնօրեն Նեթ Ֆրիդմանը և ԱԲ ոլորտի ներդրող, որը կզբաղվի կիրառական հետազոտություններով և ԱԲ-ի վրա հիմնված արտադրանքներով։ Meta-ն կարողացել է թիմում ներգրավել նաև Ֆրիդմանի երկարամյա բիզնես գործընկեր Դենիել Գրոսին, որը նախկինում զբաղեցրել է Safe Superintelligence-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ստարտափ, որը հիմնել է OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկևերը։
Meta-ն պլանավորում է կառուցել երկու հսկայական դատա-կենտրոն։ Առաջինը՝ Prometheus անունով, պետք է գործարկվի 2026 թվականին։ Երկրորդը՝ Hyperion-ը, կտեղակայվի Լուիզիանայում։ Ըստ գնահատականների, 2030 թվականին դրա հզորությունը կկազմի 2 ԳՎտ՝ հետագայում 5 ԳՎտ-ի ընդլայնման ներուժով։
Համեմատության համար՝ 5 ԳՎտ-ը բավական է մոտավորապես 4 միլիոն տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Կամ, ինչպես Ցուկերբերգն է ասել, այս կենտրոններից մեկն իր չափերով կարող էր «ծածկել Մանհեթենի մեծ մասը»։
Ինչպես նշում է SemiAnalysis ոլորտային վերլուծական ռեսուրսը, Meta-ն կարող է ստեղծել աշխարհում առաջին ԱԲ-լաբորատորիան, որը կհասնի 1 ԳՎտ-ից ավելի հաշվողական հզորության։ Այս ռեսուրսները կօգտագործվեն մոդելների ուսուցման և գեներատիվ ԱԲ-ի, ինչպես նաև ռոբոտատեխնիկայի ոլորտներում խնդիրների լուծման համար։
Ձգտելով արագացնել գործարկումը, ընկերությունը ժամանակավորապես սարքավորումները տեղադրում է անգամ վրաններում, մինչև կառուցվեն մշտական դատա-կենտրոնները։ Meta Superintelligence Labs-ը կունենա ոլորտում առաջատար հաշվողական ցանցեր և, անկասկած, մեկ հետազոտողի հաշվով ամենամեծ հաշվողական հզորությունը։
Այս ճանապարհին մի բան ևս շատ հստակ է՝ Meta-ն աննախադեպ «կադրերի որս» է սկսել։ Ցուկերբերգն անձամբ կապվել է OpenAI-ի ավելի քան 45 հետազոտողների հետ։ Ըստ բազմաթիվ զեկույցների, նրանց առաջարկում են մինչև 100 միլիոն դոլարանոց փաթեթներ։
Որոշ աղբյուրների տվյալներով, առաջատար մասնագետներին առաջարկում են մինչև 300 միլիոն դոլար՝ 4 տարվա համար։ OpenAI-ից բացի, Meta-ն մասնագետներ է «գրավել» նաև Google DeepMind-ից, Anthropic-ից և Apple-ից։ Այս ամենին զուգահեռ էլ OpenAI-ն օրինակ, փորձում է ավելի հարմար պայմաններ ստեղծել իր աշխատողների համար, որպեսզի Meta-ի գայթակղիչ առաջարկներին չտրվեն։
ՊԵՆՏԱԳՈՆԻ ՃԱԿԱՏԸ
Մինչ տեխնոլոգիական հսկաները կադրերի կռիվ են տալիս, Պենտագոնը որոշել է պարզապես օգտվել նրանց ծառայություններից։ Ամերիկյան ռազմական գերատեսչության թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության վարչությունը պայմանագրեր է կնքել չորս ընկերությունների հետ՝ Google, OpenAI, Anthropic և xAI։ Յուրաքանչյուր պայմանագրի արժեքը մինչև 200 միլիոն դոլար է։
Հետաքրքիր է, որ այս պայմանագրերն օգտագործում են «այլ գործարքների նախատիպային համաձայնագրեր» (Prototype Other Transaction Agreements, POTA) կոչվող մեխանիզմը։ Սա ճկուն մոտեցում է, որը թույլ է տալիս շրջանցել ստանդարտ դաշնային գնումների բյուրոկրատական կանոնները։ Այլ կերպ ասած՝ Պենտագոնը ցանկանում է արագ արդյունք և պատրաստ է դրա համար խախտել սովորական կանոնները։
Ընկերությունների առջև դրված է բավականին հստակ խնդիր՝ մշակել ԱԲ-գործակալների նախատիպեր, որոնք հնարավոր կլինի ուղղակիորեն ինտեգրել ռազմական և կազմակերպչական գործընթացներին։ Սա նշանակում է, որ Պենտագոնը չի ցանկանում պարզապես խելացի չատ-բոտեր․ նրանք ուզում են ԱԲ-համակարգեր, որոնք կկարողանան ավտոմատացնել վերլուծությունը, օրինակ՝ վայրկյանների ընթացքում կվերլուծեն հազարավոր լրտեսական զեկույցներ, կաջակցեն տվյալների հիման վրա որոշումների կայացմանը, կինտեգրվեն գոյություն ունեցող ռազմական տեղեկատվական համակարգերում, կաշխատեն ինչպես վարչական, այնպես էլ մարտական միջավայրերում։
Պենտագոնը որդեգրել է «նախ կոմերցիոն օգտագործում» (commercial-first) մոտեցումը։ Սա նշանակում է, որ նրանք չեն փորձում զրոյից ստեղծել ռազմական ԱԲ, այլ ցանկանում են վերցնել առկա լավագույն կոմերցիոն տեխնոլոգիաները և հարմարեցնել դրանք ռազմական կարիքներին։
Բայց Պենտագոնը չի սահմանափակվում միայն նոր պայմանագրերով։ CDAO-ն գեներատիվ ԱԲ-մոդելները հասանելի է դարձնում ամբողջ գերատեսչության համար։ Այս մոդելներն ինտեգրվում են Պաշտպանության նախարարության գոյություն ունեցող պլատֆորմներին՝
- Ask Sage - ԱԲ-հիմքով հարց-պատասխանի համակարգ
- Advana - մեծ տվյալների վերլուծության պլատֆորմ
- Maven Smart System - համակարգ, որն օգտագործվում է ԱԲ տեսանյութերի և պատկերների վերլուծության համար
- Edge Data Mesh - տվյալների փոխանակման ցանց
Իսկ ինչո՞ւ է Պենտագոնը որոշել այս հարցով զբաղվել հենց այս փուլում։ CDAO-ի ղեկավարը բավականին անկեղծ է կառույցի մոտիվացիան ներկայացնելիս.
«Այս քայլը նպատակ ունի ԱՄՆ-ին առավելություն տալ աշխարհաքաղաքական մրցակիցների նկատմամբ: ԱԲ-ի ներդրումը կփոխի զինծառայողներին աջակցելու և ռազմավարական առավելությունը պահպանելու հարցում Պաշտպանության նախարարության հնարավորությունները:»
Թարգմանությունը պարզ է՝ Չինաստանը և Ռուսաստանը նույնպես ակտիվորեն զարգացնում են ռազմական ԱԲ, և ԱՄՆ-ը չի ցանկանում հետ մնալ։
Այս պայմանագրերը նշանակում են, որ առաջիկա երկու տարիներին մենք կտեսնենք ԱԲ-տեխնոլոգիաների աննախադեպ ինտեգրում ամերիկյան ռազմական համակարգերում։ Եվ սա վերաբերում է ոչ միայն մարտական գործողություններին, այլև լոգիստիկ հարցերին, հետախուզությանը, վարչական գործընթացներին, ուսուցմանն ու ռազմական պատրաստությանը։
Իհարկե, ռազմական ԱԲ-ի զարգացումը բարձրացնում է նաև լուրջ էթիկական հարցեր։ Որքա՞ն ավտոնոմ պետք է լինեն այս համակարգերը։ Ո՞վ է պատասխանատու, եթե ԱԲ-ն սխալ որոշում կայացնի մարտական իրավիճակում։ Ինչպե՞ս ապահովել, որ այս տեխնոլոգիաները չհայտնվեն «սխալ ձեռքերում»։
800 միլիոն դոլարը մեծ գումար է, նույնիսկ Պենտագոնի չափանիշներով։ Բայց ԱԲ մրցավազքում սա կարող է լինել լավագույն ներդրումներից մեկը։ Վերջիվերջո, ապագա պատերազմները կշահեն ոչ թե նրանք, ովքեր ունեն ավելի շատ տանկեր կամ ինքնաթիռներ, այլ նրանք, ովքեր ունեն ավելի խելացի ալգորիթմներ։