Շան վզից կախված շքանշանը, Էրդողանի գլխավերևում կախված կտավն ու անծով հայրենիքը. Այվազովսկին՝ ծովերի տիրակալը
1817 թվականի հուլիսին Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցում է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։ Նա պիտի դառնար բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկն ու հաջորդող դարերում էլ ապրեր՝ իր թողած ժառանգության շնորհիվ։
Այվազովսկին ծնվել է Գևորգ և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում։ Նրա նախնիները Գալիցիայի հայերից էին, որոնք XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Ի դեպ, հետագայում ծովանկարիչն իր կտավները երբեմն հայերեն էր ստորագրում՝ «Յովհաննէս Այվազովսկի» կամ «Օվաննէս Այվազեան»։
Այվազովսկու մանկության տարիների հետ կապված շատ տարբեր պատմություններ են մեզ հասել, բայց իրականում մեծ հարցական է, թե դրանցից որոնք են համապատասխանում իրականությանը, իսկ որոնք են պարզապես «լավ հնչող» լեգենդներ։ Ամեն դեպքում Այվազովսկու նկարչական տաղանդը դեռ մանկության տարիներից է առանձնացել։
Վարպետության առաջին դասերն Այվազովսկին ստացել է Թեոդոսիայի ճարտարապետ Յակով Քրիստիանի Կոխից։ Ճարտարապետը ոչ միայն հմտություններ է սովորեցրել ու խորհուրդներով կիսվել, այլև աջակցել է անհրաժեշտ պարագաներ տրամադրելով՝ ներկ, մատիտ, թուղթ… Նաև խորհուրդ է տվել քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել շնորհալի պատանուն։
Ի դեպ, լեգենդներից մեկի համաձայն պատանի Այվազովսկին ածուխի կտորով նկարներ էր անում հայկական թաղամասի տների ճերմակ պատերին: Առասպելի համաձայն՝
«Քաղաքապետ Ալեքսանդր Կազնաչեևը դանդաղ զբոսնելով Թեոդոսիայի հանգիստ փողոցներով, հանկարծ ապշեց զարմանքից: Տան սպիտակ պատի վրա սովորական ածուխով մի զարմանալի բնապատկեր էր նկարված՝ հին ամրոցի փլատակները, որոնք հեքիաթային պալատ էին հիշեցնում, կողքում՝ ալեկոծված ծովն էր, որի ճերմակ փրփուրի տակ երևում էին հնադարյա քարերը: Եվ ավելի շատ զարմացավ՝ տեսնելով, թե ով է այդ հրաշքի հեղինակը… Տան մոտ կանգնած 8-ամյա տղան ավարտում էր բնապատկերը, որն իր վարպետությամբ համեմատելի էր պրոֆեսիոնալ նկարչի գործի հետ»:
Պատանի նկարչի տաղանդի բացահայտումը սկսվեց իր ծննդավայրով, բայց չավարտվեց այնտեղ։ Նախ Այվազովսկին ընդունվեց Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետո Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա։ Բայց սա ևս միայն սկիզբն էր։ Այվազովսկուն ամբողջ աշխարհն էր սպասում։
Բայց մինչ աշխարհի հետ հանդիպումը 1838 թվականին նկարիչը մեկնեց Ղրիմ և այնտեղ անցկացրեց երկու տարի։ Այս տարիները ոչ միայն ծովանկարների, այլև հատկապես մարտանկարների մասին էին։ Ինքը՝ Այվազովսկին, անգամ մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին ու հասցրել է ճեպանկարներ անել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» կտավի համար։
Արդեն 1840 թվականին նկարիչը մեկնում է Եվրոպա։ Մասնակցում է ցուցահանդեսների Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և Հոլանդիայում։ Այս ընթացքում Այվազովսկին հասցնում է նաև լավ կապեր ձեռք բերել, ծանոթանալ ժամանակի մի շարք անվանի արվեստագետների հետ։ Հատկապես հետաքրքիր էր Այվազովսկու այցը Իտալիա՝ մասնավորապես Հռոմ, Վենետիկ ու Ֆլորենցիա։ Վենետիկում նկարիչն այցելում է Սուրբ Ղազար կղզի, տեսակցում եղբորը՝ Գաբրիելին։ Ի դեպ, Գաբրիել Այվազյանը Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր։ Դե իսկ Ֆլորենցիայում նկարիչը ծանոթանում է Գոգոլի հետ։
Հենց այս շրջանում Այվազովսկին ստեղծագործական բուռն ընթացքում է գտնվում։ Այստեղ մշակում է նաև իր ստեղծագործական ուրույն ոճը։ Վարպետը որոշ ժամանակ աշխատում էր բացօթյա տարածքում, իսկ հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը ու իմպրովիզացիայի տարրեր ավելացնելով։
Եվրոպական այս ճամփորդությունից մի հետաքրքիր դրվագ էլ կա։ Այն նավը, որով ճամփորդում էր Այվազովսկին, Բիսկայան ծոցում ընկնում է փոթորիկի մեջ ու անգամ խորտակման վտանգի առաջ կանգնում։ Որոշ թերթեր նույնիսկ շտապում են գրել, որ նավը խորտակվել է, իսկ Այվազովսկին՝ զոհվել։
Եվրոպական որոշ թերթերում անգամ ծովանկարչին նվիրված մահախոսականներ են հայտնվում։ Իրավիճակից օգտվողներ ևս գտնվում են։ Ֆրանսիացի մի առևտրական որոշում է Այվազովսկու կտավները «հետմահու» վաճառել, դե իհարկե, աստղաբաշխական թվերով։ Բայց իրականում ամեն բան բարեհաջող է ավարտվում։ Ծովանկարիչը ողջ ու առողջ, մեծ անուն ու համբավ վաստակած վերադառնում է Ռուսաստան։
Վերադարձն ու ընդունելությունը հավուր պատշաճի էին։ Այվազովսկին ստանում է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում և նշանակվում Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։ Այվազովսկին ռուսական կայսրության սիրելի նկարիչներից էր։ Նա այն արվեստագետներից էր, ում գնահատեցին նաև կյանքի օրոք։
Ծովանկարիչը մոտ 6000 կտավ է հեղինակել։ Կարելի է ենթադրել, որ վարպետն արագ էր աշխատում ու տեսողական հիանալի հիշողություն ուներ։ Նա պատկերում էր ծովը օրվա տարբեր ժամերի՝ արևածագից մինչև մայրամուտ, տարվա բոլոր եղանակներին, ալիքների խաղաղ ու փոթորկոտ ձևերում։
Այվազովսկու «Իններորդ ալիք» հանրահայտ կտավը, «Սև ծովը», «Ալիքների մեջ» և մյուս կտավները ծովանկարչությունն ազատեցին լոկ «գեղեցիկ» տեսարան ներկայացնելու միտումից։ Այդ պատկերներում հստակ ասելիք կար՝ հումանիզմից մինչև հայրենասիրություն։ Դե իսկ ծովամարտի տեսարանները պատմականորեն հավաստի են և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը։
Այվազովսկուն սիրում ու մեծ պատվի էին արժանացնում նաև հասարակ քաղաքացիները։ Ծովանկարիչն իր ունեցած համբավով կարող էր ապրել աշխարհի ցանկացած կետում, բայց նախընտրում է վերադառնալ ծննդավայր։ Դե իսկ ստեղծագործական գործունեությանը զուգահեռ նա հասցնում է մեծ ու կարևոր այլ ներդրումներ ևս անել։ Այվազովսկու ջանքերով ու հենց իր միջոցներով Թեոդոսիայում արվեստի դպրոց է բացվում, հետո պատկերասրահ է հիմնադրվում։ Ավելի ուշ ծովանկարիչը հիմադրում է գեղանկարչության Կիմերյան դպրոցը, դառնում Թեոդոսիա-Ջանկոյ երկաթգծի շինարարության նախաձեռնողը։
Այվազովսկին նաև հետաքրքրված էր հնագիտությամբ։ Զբաղվում էր Ղրիմի հուշարձանների պահպանության հարցերով։ Սեփական միջոցներով էլ կառուցել է Թեոդոսիայի հնությունների թանգարանի նոր շենքը։
«Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Նա ոչ միայն իր կտավներով փառաբանում էր քաղաքը, այլև մկրտում բնակիչների երեխաներին, ամուսնացնում օժիտ չունեցող աղջիկներին, ֆինանսավորում հուղարկավորությունները… Բացի այդ Այվազովսկու միջոցներով քաղաքն ունեցավ ջրագիծ ու երկաթուղի, հիանալի շատրվան: Զարմանալի չէ, որ ամեն մի առիթով քաղաքի բնակիչներն իրենց բարերարի տունը պատում էին ծաղիկներով, որոնք այդտեղ էին բերում սայլերով»:
Անդրադառնանք Այվազովսկու և պատմական հայրենիքի միջև կապին։ Կարելի է ասել, որ Հայաստանի հանդեպ սերը «պլատոնական» է եղել, որովհետև ծովանկարիչը Հայաստանում չի եղել։ Թեև որոշ աղբյուրներ նշում են, որ Անդրկովկաս ճանապարհորդելիս Այվազովսկին կանգ է առել նաև Հայաստանում, բայց այդ այցն ապացուցող փաստական տվյալ կամ հավաստի հիշատակություն չկա։
Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ ծովանկարչի ու իր անծով դարձած ծովից ծով հայրենիքի կապն ամուր չէր։ Այդ կապն արտահայտվում էր հազար ու մի նուրբ ու կարևոր ձևերով։ Նախ՝ հայրենիքին նվիրված կտավները։
Նա պատկերել է Հայաստանի բնությունը, Արարատն ու Արարատյան դաշտը, Սևանա լիճն ու հայրենի բնության այլ պատկերներ ևս։ Այս ցանկին կարող ենք ավելացնել այնպիսի կտավներ, ինչպիսիք են «Արարատ» (1868, 1887), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Բայրոնի այցը Սխիթարյաններին Ս. Ղազար կղզում», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում» (1895) և այլն։ Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր իրադարձություններին նվիրված կտավները մեծ տեղ ունեն նկարչի ստեղծագործական ժառանգության մեջ։
Հատկապես ուշադրության են արժանի 1890-ական թվականներին հայկական կոտորածների ծանր օրերին ու դրան հաջորդող շրջանում ստեղծված կտավները՝ «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Թուրքերը հայերին լցնում են շոգենավը», «Թուրքերը հայերին նետում են Մարմարա ծովը»։ Այս կտավները Այվազովսկին ուղարկել է Պետերբուրգ` «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուում հրատարակելու համար: Վարպետի վերջին կտավը, որն այդպես էլ անավարտ մնաց, ևս ցասման արդյունք էր։ Նկարակալի վրա այդպես էլ մնաց «Թուրքական նավի պայթյունը» կտավը։
Բայց Այվազովսկու զայրույթի ամենատպավորիչ դրսևորումը կտավներից դուրս էր։ Ավելի վաղ նա մի քանի կտավ էր նկարել Օսմանյան սուլթանի համար, սուլթանն էլ նկարչին շքանշանով էր պարգևատրել։ Տարիներ հետո, հայերի կոտորածները չհանդուրժող Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո ցուցադրաբար ծովը նետեց։ Ծովի հատակում հայտնվեցին Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևները` «Մեջիդիեն» ու «Օսմանիեն», որոնք նա ստացել էր Աբդուլ Համիդից։ Թուրք հյուպատոսին Այվազովսկին մի քանի խոսք է փոխանցել՝
«Եթե կցանկանա, կարող է ինքն էլ իմ նկարները ծովը նետել, ես դրանք չեմ ափսոսում»։
Պատմությունն ու ժամանակը ցույց տվեցին, որ Այվազովսկու կտավները ոչ ոք ծովը չի նետել, որովհետև դրանց մի մասն այժմ թուրքական թանգարաններում են պահվում, իսկ մասնավորապես երկու կտավ՝ Էրդողանի գլխավերևում են կախված։ Միջազգային գործընկերներին ընդունելիս արված լուսանկարներում հստակ երևում է՝ նախագահական նստավայրում կախված են հայ ծովանկարչի կտավները։
Ինչևէ, վերադառնանք ծովանկարչի հայ տեսակին։ Արվեստաբան Նաիրա Եղիազարյանը նկատում է, որ Այվազովսկուն հատուկ էր նաև հայերին բնորոշ հյուրասիրությունը։
«Նրա ղրիմյան տան հյուրերն են եղել կայսրուհուց սկսած՝ մինչև գեներալներ ու պետական գործիչներ, աշխարհահռչակ արվեստագետներ ու մտավորականներ։ Սակայն նա առանձնակի գորովանքով է հյուրընկալել իր հայրենակիցներին։ Այստեղ օրերով ու ամիսներով ապրել են նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանը, Վարդգես Սուրենյանցը, Վարդան Մախոխյանը, Արսեն Շաբանյանը, Էմանուել Մահտեսյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, դերասան Պետրոս Ադամյանը և էլի շատ հայորդիներ։ Նրանց բոլորին Այվազովսկին օգնել ու աջակցել է յուրովի։ Մեկին՝ ֆինանսապես, մյուսին՝ հոգեպես, երրորդին՝ խորհուրդներով…»
Ծովանկարչի հայկական արմատները միշտ ու ամենատարբեր իրավիճակներում էին դրսևորվում։ Դե իսկ Այվազովսկու շիրմաքարին գրաբար փորագրված պատմահայր Մովսես Խորենացու խոսքերն ամփոփում են նրա ապրած կյանքն ու թողած հսկայական ժառանգությունը՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։