#cinéPAN
December 10, 2023

Չափի մեջ, կամ ալկոհոլը կինոյում հարստացնում է պատմությունը  

Կինոյում նույնպես խմում են զույգ ծաղիկների կենացը, բայց, ի տարբերություն իրական կյանքի, այստեղ թե կենացները, ու թե ալկոհոլի օգտագործումը իմաստավորված են ու պայմանավորված պատմությունը զարգացնելու ու հարստացնելու անհրաժեշտությամբ։ Ալկոհոլ օգտագործելու դրվագները, ինչպես ցանկացած բան, լավ կինոյում երբեք պատահական ու ինքնպատակ չի լինում։

PAN-ը պատմում է ֆիլմերում ալկոհոլի օգտագործման իմաստավորման մասին։

Ալկոհոլը կինոյում ոչ միայն կերպարների բնավորության բացահայտման ու երկխոսություններն ընդգծելու միջոց է, այլև բարդ հոգեբանական իրավիճակների վերլուծության գործիք։ Օրինակ, մարդկային հարաբերությունների էվոլյուցիայում ալկոհոլի դերի ուսումնասիրության միջոցով։

Ալկոհոլային կախվածության ցավոտ թեման լավ կինոյում ոչ թե «խմելը վատ է» տրիվիալ մտքի արտահայտման միջոց է, այլ հնարավորություն կերպարին մինչև իր «միջուկը» բացելու, էմոցիոնալ կարևոր կետերի վրա սեղմելու։


«Սև մարգարիտի համա՜ր»։

Ծովահեն Ջեք Ճնճղուկն առաջին «Կարիբյան ծովի ծովահեններում» լակոնիկ կենաց է ասում իր սիրո միակ առարկային ուղղված:


Նմանատիպ ամենակարևոր ֆիլմերից է Մայք Ֆիգիսի «Լքելով Լաս Վեգասը» (Leaving Las Vegas, 1995) հոգեբանական դրաման, որում գլխավոր դերի համար Նիկոլաս Քեյջն արժանացավ «Օսկար» մրցանակի։ Կենտրոնական կերպարը` հոլիվուդյան սցենարիստ Բեն Սանդերսոնը, ինքնաոչնչացման ուղին բռնած մարդու համոզիչ մարմնավորում է. ալկոհոլիզմն այն զենքն է, որի միջոցով Սանդերսոնը նախ փորձում է իզոլացնել ինքն իրեն մնացած աշխարհից, ապա` դադարեցնել սեփական գոյությունը` մետաֆորիկ այդ հրազենի փողը սեփական քունքին սեղմելով։

Թոմաս Վինթերբերգի «Մի մի բաժակ էլ» (Druk, 2020) տրագիկոմեդիան ալկոհոլիզմի մասին չի։ Խմիչքն այստեղ ֆոն է՝ բացելու հասարակական հարաբերությունների օրգանիզմն ու հերձման միջոցով ցույց տալու, թե որքան բարդ բան է մարդը ու որքան բարդ են հասարակական հարաբերությունները։ Սա միջին տարիքի ճգնաժամի, հասարակական ու ընտանեկան հարաբերությունների ճգնաժամի, այդ իրավիճակում դեպի սեփական անհոգ մանկություն ու դեռահասություն ձգտման ու ժամանակի անողոք ընթացքի հետ համակերպվելու անհրաժեշտության մասին է։ Այդ ընթացքում հնարավոր է, որ մարդն անգամ մաքրագործվի անդունդի հատակին հայտնվելու միջոցով միայն։ Հարցը միայն այն է, որ որոշները այնտեղից չեն վերադառնում:

Հատկանշական է, որ ոչ թե մետաֆորիկ, այլ ուղիղ իմաստով նման կերպ է վարվել գրող Ջոն Օ'Բրայենը, ում գրքի հիման վրա էլ նկարահանվել է այս, շատ իմաստներով, ինքնակենսագրական ֆիլմը։

Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» (Inglourious Basterds, 2009) ֆիլմի ամենանշանակալի դրվագը կապված է գարեջրի, սքոտչի ու խաղի հետ

«Լքելով Լաս Վեգասը» ոչ միայն ինքնաոչնչացման ձգտման, այլև դրա կոնտեքստում մարդկային դեստրուկտիվ հարաբերությունների մասին է։ Իսկ Ռոբերտ Զեմեկիսը խնդրին մոտեցել է այլ կողմից` իր «Չվերթ» (Flight, 2012) դրամայում։ Այստեղ դեստրուկտիվիզմն արտացոլվում է սեփական խնդիրներն ու խոտաններն ընդունելու անկարողության մեջ. չգիտակցված ինքնաոչնչումը, որի զոհ է փորձառու օդաչու Ուիլյամ Ուիտակերը (Դենզել Վաշինգտոն), գիտակցվում է միայն օդանավի աղետից խուսափելուց հետո։

Կադր «Լքելով Լաս Վեգասը» ֆիլմից

Բուն աղետը, հավանաբար, պայմանավորված չէր Ուիտակերի կախվածությունից, սակայն այն թույլ է տալիս կերպարին աստիճանաբար գտնել ինքն իրեն, բացել սեփական դժոխքի դարպասներն ու դուրս թողնել սեփական դևերին, դրսևորել իր մեղքերն ընդունելու ու մարդկային արժանապատվության վարքագիծ։


«Ահա թե ինչ եմ ես անում։ Ես խմում եմ ու գիտեմ տարբեր բաներ»։

«Գահերի խաղից» Տիրիոն Լանիստերը բացատրում է իր ով լինելը


Ալկոհոլային կախվածությունը ֆիլմում այն դժոխքն է, որը գլխավոր հերոսին անհրաժեշտ է սեփական «ես»-ն ընդունելու համար։ Այն ուղղակի հիվանդության նկարագրություն չի, այլ մարդկային մետամորֆոզի իլյուստրացիա, հսկա, ճարպոտ ու էգոիսը բզեզից մարդու վերածվելու պատմություն։

Մարկ Հաննան «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմից (The Wolf of Wall Street, 2013) գիտի երկու բան. ինչպես փող աշխատել ու ինչպես խմել «բացարձակ Մարտինի»

Հոգեբանական կախվածության թաքնված խորքերն ուսումնասիրելու էնցիկլոպեդիկ օրինակ է Բիլլի Ուայլդերի «Կորցված ուիքէնդ» (The Lost Weekend, 1945) նուարային դրաման։ Կախվածությունից ազատվելու երկար ու տանջալի ճանապարհը` լի սայթաքումներով ու կրկին ոտքի կանգնելու փորձերով, ինքնախղճահարությամբ ու ինքնախարազանմամբ, հրաշալի նկարագրված է գրող Դոն Բիրնամի (Ռեյ Միլլանդ) անցած ճանապարհի ընթացքում, որը տևում է մի քանի ճակատագրական օր ու ավարտվում ինքն իրեն հաղթած լինելու հույսով։

Կադր «Կորցված ուիքէնդ» ֆիլմից

Բայց ալկոհոլը կինոյում միայն կախվածության ու ներքին դևերի մասին չէ։ Ալկոհոլը լրացուցիչ դինամիկա է հաղորդում պատմությանը, ինչը հիանալի օգտագործում են բրիտանացի կինեմատոգրաֆիստները։


«Դժոխքում հատուկ շրջան կա նրանց համար, ովքեր անիմաստ վատնում են լավ սքոտչը»։

Լեյտենանտ Արչի Հիքոքսը` անգին խմիչքի մասին


Էդգար Ռայթի «ապոկալիպտիկ եռագրությունում» անգլիական փաբն առանձնահատուկ նշանակություն ունի. այստեղ, մի գավաթ էլի շուրջ են միավորվում կերպարների ճակատագրերն ու լուծվում խնդիրները, այստեղ են փայլուն երկխոսություններն ու սոցիալական երգիծանքը առավել ցայտուն։

Կադր «Աշխարհի վերջում» ֆիլմից

«Շոն անունով զոմբիում» (Shaun of the Dead, 2004) հենց փաբն է զոմբիների հարձակման դեմ դիմադրության վերջին հանգրվանը; «Թունդ մենթերում» (Hot Fuzz, 2007) անգլիական փոքր գյուղակում «մասոնական» դավադրության օջախներից մեկը փաբն է, ուր անգամ չափահասները կարող են մուտք գործել; իսկ «Աշխարհի վերջում» (The World's End, 2013) ընդհանրապես քաղաքի բոլոր 12 փաբերով անցնելը առանցքային է, ինչն էլ հնարավորություն է տալիս հերոսներին պայքարել այլմոլորակայինների ներխուժման դեմ։

Այո, մենք գիտենք, որ Shaun of the Dead-ն ու Hot Fuzz-ը ծայրահեղ սպեցիֆիկ բառախաղ են` գոնե մոտավորապես ճիշտ հայաֆիկացնելու համար, այնպես որ` ունենք այն, ինչ ունենք։

Մեկ այլ բրիտանացու` Գայ Ռիչիի մոտ ալկոհոլը պատմության ստրուկտուրան ընդգծելու միջոց է։ Ռեժիսորի լավագույն` «Մեծ գողոն» (Snatch, 2000) ֆիլմում ակտերի միջև անցումը պայմանավորված է Ավի Դենովիցի (Դենիս Ֆարինա) հերթական ուղևորությամբ. կարճ ու արագ մոնտաժային կցման մեջ առավել ընդգծված է օդանավում մեկ բաժակ օղի խմելը։


«Նրա ամուսինը շատ խմած էր հասկանալու համար, որ ինքը շատ խմած է ղեկին նստելու համար»։

«Բանականության խաղերում» բանականության խաղ Չառլզը սրամտում է


Իսկ «Ջենթլմեններում» (The Gentlemen, 2020) ալկոհոլը սահմանում է ֆիլմի սկիզբն ու գլխավոր հերոսի` Միկկի Փիրսոնի (Մեթյու Մքքոնեհի) անձը. Փիրսոնը մտնում է փաբ, պատվիրում է մեկ գավաթ գարեջուր ու մարինացված հավկիթ ու հանգիստ նստած է, քանի դեռ թիկունքից նրան է մոտենում վարձու մարդասպանը։

Հենց այն դրվագը

Ամբողջ ֆիլմի ընթացքում Միկկին ներկայացվում է որպես սառնասիրտ ու հավասարակշռված մարդ, ով, սակայն, իրավիճակով պայմանավորված, կարող է բռնկվել. ու փաբում հանգիստ գարեջուր խմող Միկկից ոչինչ չի մնա։ Նույն ֆիլմում Ֆլետչերի (Հյու Գրանտ) պատմությունն ուղեկցվում է թանկարժեք սքոտչ խմելու պրոցեսով, ու հենց սքոտչն է, որ բացում է Ֆլետչերի լեզուն. նա խելացի է, խորամանկ ու հավակնոտ, բայց թանկարժեք իրերի` նույն սքոտչի առաջ չի կարողանում իրեն տիրապետել։

Կադր «Սոցիալական ցանցը» ֆիլմից

Ալկոհոլը օգտագործվում է պատմության բեկումնային պահերն առավել ընդգծելու համար։ Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը» (The Social Network, 2010) դրամայում, որը պատմում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին, առաջին ակտում հենց գարեջուր օգտագործելու արդյունքում ծնվեց FaceMash-ը, որը, կարելի է ասել, ապագա հսկա սոցցանցի սաղմնային վիճակն էր։

Ցուկերբերգի մոտ աշխատելու համար պետք է ոչ միայն լավ կոդեր լինես

Իսկ Napster-ի համահիմնադիր Շոն Պարկերի հետ Appletini խմելու ընթացքում ձևավորվեց Ցուկերբերգի ու Պարկերի մտերմությունն, ու, որպես հետևանք, Ցուկերբերգի ու իր ընկեր Էդուարդո Սավերինի օտարացումը։

Երրորդ ակտում 1942-ի վիսկին նշանավորելու է նախնական փուլում գովազդից հրաժարվելու ու վենչուրային հիմնադրամների միջոցներով սոցցանցի զարգացմանը ներդրումներ ներգրավելու գաղափարը, ինչի շնորհիվ Ցուկերբերգը կարճ ժամանակում դարձավ ամենաերիտասարդ միլիարդատերը։ Ալկոհոլը ֆիլմում ընդգծեց իդեաները, իդեաներն ու իդեաները։

Իռլանդացի Մարտին Մակդոնան լավ գիտի, թե ինչպես է ալկոհոլը ավելի ազդեցիկ դարձնում ֆիլմի ցանկացած դրվագ: Իրար հետ խմելը ինքնանպատակ չի, այն ցանկացած բառերից էլ հստակ է արտահայտում մարդկանց հարաբերությունները: Կադր «Բրյուգգեում» (In Bruges, 2008) ֆիլմից:

Կոկտեյլների միջոցով կերպարների միջև նոր հարաբերություններն ընդգծելը Ֆինչերի մոտ առկա է նաև «Զոդիակ» (Zodiac, 2007) ֆիլմում։ Հռչակավոր սերիական մարդասպանի մասին գրեթե վավերագրական ճշգրտությամբ նկարված ֆիլմում Ռոբերտ Գրեյսմիթի (Ջեյք Գիլենհոլ) ու Փոլ Էվերիի (Ռոբերտ Դաունի, կրտսեր) համագործակցությունը քրեական լրագրության ոլորտում սկիզբ է դրվում Aqua Velva կոկտեյլի բազում բաժակների շուրջ։ Հետագայում Էվերին ավելի է մտերմանում ալկոհոլի հետ, ինչն էլ հեռացնում է նրան Զոդիակի հետ կապված լրագրողական հետաքննությունից։


«Ես օյաղ չե՜մ մեռնելու»։

Ջորդան Բելֆորտը՝ մոլեգնող տարերքի առաջ


Առավել տպավորիչ է ալկոհոլի օգտագործումը երկխոսություններն ընդգծելու համար։ Մայք Ֆլենագանի «Աշերների տան անկումը» (The Fall of the House of Usher) մինի սերիալում շատ են խմում ու շատ են խոսում խմիչքի շուրջ ու խմիչքի մասին։

Ինչպես «Փայլատակում» վեպում էր Սթիվեն Քինգը պայքարում կախվածության դեմ, այնպես էլ Ֆլենագանը՝ երկրորդ գրքի էկրանավորման մեջ

Պետք է հասկանալ, որ ալկոհոլի թեման խիստ անձնական է Ֆլենագանի համար, ով կարողացել է հաղթահարել սեփական կախվածությունը։ Սերիալում ալկոհոլը, երբեմն` շատ թանկարժեք ալկոհոլը, հրաշալի դիալոգների շարժիչ ուժն է. Ռոդերիկ Աշերը (Բրյուս Գրինվուդ) պատմում է իր պատմությունը Օգյուստ Դյուպենին (Կառլ Լամբլի), կամ նկարագրում է լիմոնից լիմոնադ ստանալու մարքեթինգային պրոցեսը մոտ տասը րոպեանոց սքանչելի մոնոլոգում` բոլոր դրվագներները շեշտվում են կում-կում խմվող նեկտարով։

Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon, 2023) մոնումենտալ ֆիլմում ալկոհոլը հակառակ էֆեկտ ունի. ստիպում է ասել այն, ինչ ասել չարժի։

«Ծաղկային լուսնի սպանողները» ֆիլմի նկարահանման հրապարակից

Ուիլյամ Հեյլը (Ռոբերտ Դե Նիրո) զգուշացնում է զարմիկին` Էռնեստ Բյորքհարթին (Լեոնարդո Դի Կապրիո), որ օսեյջները (Օսեյջ օկրուգի հնդկացիները) քչախոս են, ինչը չի նշանակում, որ նրանք չգիտեն ամեն ինչ աշխարհի մասին. հետևաբար, չարժե նրանց քչախոսությունը փորձել լրացնել ալկոհոլով ուժեղացված սեփական շատախոսությամբ։ Որպես իլյուստրացիա այս հանգամանքի, Մոլլին (Լիլի Գլադսթոուն) ստիպում է Էռնեստին լռել ամպրոպի ժամանակ, քանի որ ամպրոպը այն տարերային ուժն է, որի առաջ ավելի լավ է լռել։ Էռնեստի կողքին չխմված վիսկիի շիշն է։ Հետագա պատման ընթացքում ակլոհոլը կուղեկցի առավել ողբերգական դրվագները։


«Գարեջուրը նախաճաշին, խմիր կամ հեռացիր»։

Դագ Կուգլինը «Կոկտեյլից» գիտի առողջ նախաճաշի բանաձևը


Թե երկխոսությունը, թե մենախոսությունը, ալկոհոլի օգտագործմամբ ուղեկցելու դեպքում ավելի ընկալելի են դառնում։ Հատկապես, եթե թեման բավարար բարդ է, ծանր ու անգամ հանդիսատեսն է պահանջում մի բաժակ ARARAT կոնյակ` մռայլ մթնոլորտը թեթևացնելու համար։

Կադր «Իսկական դետեկտիվի» առաջին սեզոնից

«Իսկական դետեկտիվ» (True Detective) սերիալի առաջին սեզոնում դետեկտիվ Ռասթ Քոուլը (Մեթյու Մքքոնեհի) հետաքննության ամբողջ նկարագրության ընթացքում, իհարկե, ոչ հայկական կոնյակ, բայց մաքուր տեխասյան Lone Stat գարեջուր է խմում, ինչը թույլ է տալիս թե իրեն, ու թե հանդիսատեսին հարթեցնել սուր անկյուններն ու տանելի դարձնել տեղի ունեցածի ողջ զարհուրանքը։ Երկրորդ սեզոնում Lone Star-ի ցուցանակը հայտնվում է փաբում, որտեղ Ռեյ Վելկորոն (Քոլին Ֆարել) միայնակ երեկոներ է անցկացնում մեկ բաժակ վիսկիի շուրջ։

Ալկոհոլը պատահաբար չի հայտնվում ֆիլմում։ Այն կամ պատմում է կերպարների մասին, կամ ամրացնում դրվագը, կամ անգամ մետաֆորա դառնում ամբողջ պատմության համար։

Կադր «Ճամփեզրին» ֆիլմից

Ալեքսանդր Փեյնի «Ճամփեզրին» (Sideways, 2004) տրագիկոմեդիայում Մայլզի (Փոլ Ջիամատի) ու Ջեքի (Թոմաս Հեյդեն Չյորչ) ուղևորությունը գինեգործական Կալիֆորնիայով ավարտվում է 1961-ի Château Cheval Blanc գինին ֆասթֆուդի ռեստորանում պլաստիկե բաժակով խմելով, ինչը որոշ նախկին արժեքների արժեզրկման ու նորերի արժեվորման ֆիլմի լեյտմոտիվի ու տրամադրության արտահայտումն է։

Այնպես որ, եթե կինոյում խմում են, ապա դա շատ կարևոր է պատմության համար։


🎬 Արման Գասպարյան / PAN