Քենեդի կրտսերի հմայքը, ամերիկյան love story-ն ու ողբերգական թռիչքը. 90-ականների It couple-ի կյանքը՝ «մինչև մահը բաժանեց նրանց»
1990-ականների Ամերիկան իր սիրելի զույգն ուներ։ Հայրիկից ժառանգած հմայքով, հանրության աչքի առաջ մեծացած «Ամերիկայի արքայազնի» և հասարակ ընտանիքում մեծացած, սառը և նուրբ գեղեցկությամբ, անհավանական էլեգանտ ոճով «շիկահեր հրեշտակի» պատմությունը, գուցե, «ամենաամերիիկյան» սիրո պատմություններից է։ «Նրանք սիրում էին իրար, բայցև խելագարության հասցնում միմյանց»։ Այս ձևակերպումը թերևս ամենաճշգրիտն է նկարագրում Ջոն Քենեդի կրտսերի և Քերոլին Բեսեթի պատմությունը՝ կարճ, հագեցած և ողբերգական։
Ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 12-ին, Վալենտինին ընդառաջ, հեռուստադիտողին էկրաններին գամեց Ռայան Մերֆիի նոր նախագիծը՝ American Love Story-ն, որի առաջին սեզոնը նվիրված է հենց այս զույգին։ Մերֆին, որ մինչև այդ ստեղծել էր American Horror Story և American Crime Story սերիալները, այս անգամ որոշել է ուսումնասիրել սիրո ֆենոմենն ու հիշեցնել, որ այն ոչ միայն ամոքող, այլև կործանարար ուժ ունի։ Ու սա նկարագրելու համար դժվար է գտնել ավելի խորհրդանշական պատմություն, քան Ամերիկայի «արքայազնի» և նրա «մոխրոտիկի» հարաբերությունները։ Բայց մինչ Քերոլինի հայտնվելը, Ջոն Քենեդի կրտսերը վաղուց էր գերել ամերիկացիների սրտերը։
ՋՈՆ ՔԵՆԵԴԻ ԿՐՏՍԵՐԸ
1960 թվականի նոյեմբերի 25-ին ամերիկյան բազմաթիվ թերթեր լույս տեսան առաջին էջում «Ամերիկայի որդին» վերնագրով։ Դրանից երեք շաբաթ առաջ Ջոն Քենեդին ընտրվել էր ԱՄՆ նախագահ, կարճ ժամանակ անց էլ նրա և Ժակլին Քենեդիի ընտանիքում ծնվել էր առողջ ու հմայիչ տղա։ Այդ ծնունդը լոկ ընտանեկան ուրախություն չէր, սա ազգային իրադարձություն էր։ Նախքան Ջոն կրտսերի ծնվելը, Քենեդիներն արդեն երկու երեխա էին կորցրել և մեծացնում էին դստերը՝ Քերոլայնին։ Սա էր նաև պատճառը, որ փոքրիկ Ջոնի ծնունդը կարծես հրաշքի պես մի բան լիներ։
Նրա մանկությունը հանրային էր հենց առաջին օրից։ Կադրերը, որտեղ նա խաղում է Սպիտակ տան Օվալաձև սենյակում՝ հոր աշխատասեղանի տակ, ամերիկյան սիմվոլիկայի մաս են դարձել։ Բայց այս լուսավոր պատկերը ողբերգությամբ ավարտվեց։
Երբ նախագահ Քենեդին սպանվեց Դալասում, Ջոն կրտսերն ընդամենը երկու տարեկան էր։ Նրա երեք տարեկանի օրը համընկավ հոր հուղարկավորության հետ։ Կապույտ վերարկուով փոքրիկ տղան կանգնած էր դագաղի առջև և զինվորական ողջույն էր տալիս։ Ու երևի այդ օրն էր, որ նա դարձավ ոչ միայն նախագահի, այլև «ազգի որդին»։
Ժակլին Քենեդին շատ լավ գիտակցում էր, թե որքան մեծ ուշադրություն է սևեռված որդու վրա։ Նա փորձում էր պաշտպանել տղային մամուլից, բայց Քենեդիների ընտանիքի շուրջ մշտապես կախված ողբերգությունների ստվերը չէր վերանում։ Ժակլինը հավատում էր Քենեդիների «անեծքին» և տարիներ անց կտրականապես արգելեց որդուն օդաչու դառնալ։ Ջոնը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել մասնագիտության հարցում, նույնիսկ մտածում էր դերասան դառնալու մասին, որովհետև դեռ դպրոցական տարիներից սիրում էր թատրոնը։ Բայց մայրը պնդեց, որ տղան իրավաբանական կրթություն ստանա։ Քենեդի կրտսերը երազում էր «Օսկար» ստանալու մասին, բայց մոր խոսքը նրա համար օրենք էր։
Իրավաբան դառնալու որոշումը, շատերի կարծիքով, նշանակում էր, որ Հոլիվուդը մեծ աստղ կորցրեց։ Սակայն Ջոնը, անկախ մասնագիտությունից, աստղ էր։ Բարձրահասակ, սևահեր, արտահայտիչ դիմագծերով Քենեդին 1988 թվականին պաշտոնապես սեքս-սիմվոլ «ճանաչվեց»։ Նրա սիրային կապերի մասին խոսում էին բոլորը։ Սինդի Քրոուֆորդ, Մադոննա, Սառա Ջեսիկա Փարքեր… Անգամ լուրեր էին պտտվում, թե Քենեդի կրտսերը կարճատև կապ է ունեցել արքայադուստր Դիանայի հետ, թեև որևէ լուսանկար այդպես էլ չհաստատեց սա։ Ջոն-Ջոնը, ինչպես նրան անվանում էին ամերիկացիները, ուշադրության կենտրոնում էր ապրում և կարծես վայելում էր այդ դերը։
ՍԵՔՍ ՍԻՄՎՈԼԻ ՍԻՐՏԸ ԳՐԱՎԱԾ ՇԻԿԱՀԵՐԸ
Այս ամենը տևեց մինչև 1993 թվականը։ Ու ամեն ինչ փոխվեց, երբ մի օր Ջոն-Ջոնը մտավ Նյու Յորքի Calvin Klein բուտիկ ընկերուհուն՝ դերասանուհի Դերիլ Հաննային նվեր գնելու։ Խանութում նրան սպասարկում էր VIP հաճախորդների հետ աշխատող խորհրդատու Քերոլին Բեսեթը։ Նուրբ, շիկահեր, տպավորիչ ճաշակով ու ոճով աղջիկը նրան իր խորհրդատվական օգնությունն առաջարկեց։ Այդ պահից ի վեր Ջոնն այլևս չէր կարողանում նրան մոռանալ։
Ո՞վ էր խորհրդավոր գեղեցկուհին։ Քերոլինը ծնվել էր Ուայթ Փլեյնս քաղաքում՝ հասարակ ընտանիքում։ Մայրը դպրոցում ակադեմիական ադմինիստրատոր էր, հայրը՝ ատաղձագործ։ Նա երազում էր մոդել դառնալ, ավարտելուց հետո նույնիսկ փորձեց ուժերն այդ ոլորտում, բայց մեծ հաջողության չհասավ։ Փոխարենը հաջողակ PR մասնագետ դարձավ ու աշխատում էր Calvin Klein-ում։ Աղջկա անթերի ճաշակի ու բարձր ինտելեկտի շնորհիվ նրան վստահել էին ամենակարևոր հաճախորդների հետ շփումը։ Նա կարող էր ոչ միայն իդեալական վերնաշապիկ ընտրել, այլև անկաշկանդ զրուցել ցանկացած թեմայով։
Ասում են՝ Ջոնն անմիջապես սիրահարվեց գեղեցիկ ու խելացի շիկահերին։ Սակայն Քերոլինը երկար ժամանակ փոխադարձությամբ չէր պատասխանում նրա զգացմունքներին։ Նա չէր շտապում, որովհետև գիտակցում էր, թե ինչ է նշանակում լինել նախագահի որդու կողքին։ Քերոլինի համար սա հեքիաթ չէր, այլ վտանգավոր ու մութ տարածք, որտեղ կողմնորոշվել էր պետք։ Նրան չէին հմայում ազդեցությունն ու փառքը։ Իսկ Ժակլին Քենեդին, ըստ մտերիմների, այդ հարաբերությանը կտրականապես դեմ էր՝ համարելով, որ «հասարակ աղջիկը» չի համապատասխանում իր որդուն։ Մոր խոսքը որդու համար օրենք էր, բայց այս անգամ Ջոնը լսեց սրտին։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երբ հարաբերությունները հրապարակային դարձան, մամուլը բառացիորեն «ցնցվեց»։ Զույգի ամեն քայլը լուսաբանվում էր ու սա հունից հանում էր Քերոլինին։ 1996 թվականին Կենտրոնական պարկում տեղի ունեցած սկանդալն իսկական ազգային ռեալիթի շոու դարձավ։ Հանրային վայրում թեժ վեճը ֆիքսել էին լրագրողները։ Վեճի ընթացքում Քերոլինը մատից հանել էր նշանադրության մատանին և նետել խոտերի մեջ։ Իսկ ամենակարող Ջոնը հուզվել էր։ Այս չբեմադրված տեսարանի Լուսանկարները վաճառվեցին National Enquirer-ին, տեսանյութն էլ օրեր շարունակ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ։ Քերոլինը այդ կադրերում ներկայացվում էր որպես «դաժան ու անողոք», և, ինչպես հետագայում ասում էին լրագրողները, նա այդ հարվածից երբեք ամբողջությամբ չվերականգնվեց։
Ի դեպ, նույնիսկ ամուսնության առաջարկությունը հարթ չէր անցել։ Սկզբում Քերոլինը մերժել էր Ջոնին։ Միայն երեք շաբաթ անց, երբ Քենեդի կրտեսերն արդեն հուսահատվել էր, Քերոլինը փոխել էր որոշումը։ 1996 թվականի սեպտեմբերի 21-ին էլ նրանք գաղտնի ամուսնացան Ջորջիայի Քամբերլենդ կղզում՝ փոքրիկ փայտե մատուռում։ Հրավիրված էին ընդամենը քսան հոգի։ Նույնիսկ Քենեդիների ընտանիքի որոշ անդամներ հարսանիքի մասին իմացան հաջորդ օրը՝ թերթերից։ Հրապարակված խիստ սահմանափակ կադրերից երևում էր, որ Քերոլինը մարգարտափայլ մետաքսյա զգեստ էր կրում։ Նա սիրառատ հայացքով նայում էր ամուսնուն, իսկ Քենեդին համբուրում էր կնոջ ձեռքը։ Այդ պահին, օվկիանոսի ափին, առանց պապարացիների, նրանք իսկապես երջանիկ էին։
Մեղրամիսը զույգն անցկացրեց Թուրքիայում։ Քերոլինը կես տարի առաջ արդեն հեռացել էր Calvin Klein-ից։ Ոմանք ասում էին՝ նա պատրաստ էր թողնել Նյու Յորքը և ապրել մեկուսացած կյանքով։ Բայց Ջոնը պատրաստ չէր հրաժարվել իր կարիերայից։ Նա հիմնադրել էր George ամսագիրը, ակտիվ հասարակական կյանք էր վարում, հանդիպում էր ընկերների հետ, մի խոսքով՝ սովոր էր ուշադրության կենտրոնում լինել։
Քերոլինը, ընդհակառակը, չէր կարողանում հարմարվել ուշադրությանը։ Ջոնը անգամ հրապարակային հայտարարությամբ խնդրեց լրագրողներին հարգել նրա անձնական տարածքը։ Սակայն խնդրանքը, ինչպես և ենթադրվում էր, մերժվեց։ Քերոլինը շատերի ոգեշնչման աղբյուրն էր դարձել։ Women’s Wear Daily-ի խմբագիրը նրան անվանեց ժամանակակից ոճի խորհրդանիշ, Աննա Վինտուրը և Լիզ Թիլբերիսը ցանկանում էին նրան Vogue-ի և Harper’s Bazaar-ի շապիկներին տեսնել։ Ռալֆ Լորենը խոստովանում էր, որ ոգեշնչվում է նրա կերպարներից։ Բայց այդ փառքը խեղդում էր նրան։ Լրագրողները Քերոլինին հանգիստ չէին թողնում, նրա մասին պարզել էին ամեն ինչ՝ դպրոցական ընկերներից մինչև նախկին աշխատավայրեր։ Պապարացիները նրան շրջապատում էին նույնիսկ շան հետ զբոսնելիս։ Պատահական լուսանկարներում նրա աչքերը հաճախ լցված էին վախով։
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ
Այս ամենը շուտով վերածվում է ծանր դեպրեսիայի՝ խուճապային նոպաներով։ Քերոլինը գրեթե դադարել էր դուրս գալ տնից։ Ջոնը փորձում էր փրկել իրավիճակը, ընտանեկան հոգեբանի օգնություն էր առաջարկում։ Բայց Քերոլինը հրաժարվում էր քննարկել խնդիրները, իսկ դեղորայքի թեման պարզապես փակ էր։ Եվ ահա՝ լուրերը տարածվում էին։ Մամուլը խոսում էր հղիության մասին, նույնիսկ դավաճանության։ Ասում էին՝ Քերոլինը կապ ունի նախկին սիրելիի՝ մոդել Մայքլ Բերգինի հետ։ Վերջինս տարիներ անց իր հուշերում ակնարկեց, որ իր կյանքում ամուսնացած կնոջ հետ կապ է ունեցել, թեև մանրամասներ չհայտնեց։
Ջոնը երազում էր երեխաների մասին։ Քերոլինը սարսափում էր այդ մտքից։ Նա չէր ուզում, որ իր ապագա երեխան ապրի նույն «թափանցիկ ակվարիումում»։ Ասում են, որ ամեն անգամ, երբ Ջոնը խոսում էր ընտանիքի ընդլայնման մասին, Քերոլինն օրերով նրան ուղարկում էր առանձին սենյակ։ Երջանկության մասին նրանց պատկերացումները տարբեր էին։ Ու կրկին ընտանիքի մտերիմներն են պնդում, որ 1999 թվականին, ընդամենը երեք տարվա ամուսնությունից հետո, նրանք արդեն գրեթե օտար էին միմյանց, թեև շարունակում էին պահպանել գեղեցիկ ընտանիքի արտաքին պատկերը։
Ճգնաժամային այս փուլում զույգը միասին պետք է մեկներ Ռորի Քենեդիի հարսանիքին։ Ջոնը որոշել էր ինքնուրույն վարել Piper Saratoga ինքնաթիռը։ Մոր մահից հետո նա, այնուամենայնիվ, ստացել էր օդաչուի լիցենզիա և հրաժարվում էր թռչել հրահանգիչների հետ։ Քերոլինը չէր ուզում գնալ։ Նա խուսափում էր ընտանեկան միջոցառումներից ու նաև վախենում օդում ամուսնու ինքնավստահությունից։ Այդ օրը ամեն ինչ կարծես խոչընդոտում էր նրանց թռիչքը։ Քերոլինը նախ ժամերով խցանումների մեջ մնաց, հետո մատնահարդարման սրահում անընդհատ փոխում էր եղունգների գույնը և զայրացած պատասխանում զանգերին։ Այնուամենայնիվ, երեկոյան 20։30-ին ինքնաթիռը բարձրացավ օդ։
Մեկ ժամ անց այն անհետացավ ռադարներից։ Հինգ օր անց հայտնաբերվեց երեք մարմին։ Ջոն Քենեդի կրտսերը, Քերոլինը և նրա քույրը մահացել էին ավիաաղետի հետևանքով։ Հետաքննությունը ցույց տվեց, որ վթարի պատճառը եղել է վատ տեսանելիության պայմաններում օդաչուի ապակողմնորոշումը։ Քերոլինը 33 տարեկան էր։ Ջոնը՝ 38։
Ասում են՝ վերադարձից հետո նրանք պատրաստվում էին բաժանվել։ Բայց, ինչպես իրենց հարսանեկան երդումներում էին խոստացել, «մինչև մահը մեզ կբաժանի», հեռացան նույն օրը։ Սերը նրանց միավորեց, փառքը՝ բաժանեց, իսկ ողբերգությունը վերջակետ դրեց ամերիկյան ամենաքննարկված սիրավեպերից մեկին ու, վերջին հաշվով, երկու կայացած ու վառ անհատականությունների կյանքին։