#մշակութաPAN
September 27, 2022

Ինչու են կանայք կոկորդ կտրում․ Կարավաջոյի ու Ջենստիլեսկու «Հուդիթները» և մի կնոջ ձեռքով մեռած հեղափոխականը

Նուրբ ու քնքուշ դիմագծեր, արտահայտիչ պարանոց ու կուրծք, որոնց վրա թափվում են գանգուր մազեր, հանդարտ ու պաղ հայացք և արյունոտ ձեռքեր․ «ինչո՞ւ են կանայք սպանում» հարցի հետևից ենք գնալու և չսպասեք ոչ մի լավ բան, PAN-ն այս անգամ կանացի ցասման մասին է պատմում։

Ի՞նչ կապ ունեն հաղթանդամ զորավարի գլուխը սրի հանած Հուդիթի պատմությունը և իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկու բռնաբարությունը, և ինչպե՞ս մի կին խոհանոցային դանակով սպանեց Ֆրանսիական հեղափոխության ուղեղներից մեկին․ այս ամենն ու մի քիչ էլ ավելին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ու արվեստի գործերի խաչմերուկին։

Բայց նախ․ անշուշտ, պատմությունները, որ կկարդաք, գուցե չափազանց մեծ էնտուզիազմով են գրված՝ մարդ գլխատելու ու սպանելու պրոցեսը ներկայացնելու համար, բայց դրանք ոչ թե սպանության, այլ արվեստի գործերի մասին են՝ բոլոր դրվագներում հղում ենք անում պատմությանը, ավանդազրույցին և կամ պահպանված իրական աղբյուրին, հիացմունքի բոլոր խոսքերը՝ վարպետների ճկուն ձեռքին։ Եվ միակ ազդեցությունը, որ այս լոնգրիդը պիտի թողնի հետաքրքրությունն է, օրինակ, առ՝ Կարավաջո, ոչ թե առ այն, որ Կարավաջոն էլ էր մարդ դանակահարում։ Մի խոսքով՝ սա արվեստի մասին է, և միակ բանը, որին կուզենք դրդել՝ հավերժական գեղեցիկը սիրելն է, չնայած՝ այդ գեղեցիկի մեջ էլ արյուն կա։

Իր ՛Good and Mad: The Revolutionary Power of Women’s Anger գրքում Ռեբեկա Թրայսթերը պնդում է՝ գուգլեք քաղաքականության մեջ հեղափոխական հետք ունեցած ցանկացած կնոջ նկար, և նրան զայրույթի պահին ֆիքսած կադրեր հաստատ կգտնեք։

«Այս կանանց վարկաբեկելու, նրանց անհրապույր, ոչ գրավիչ տեսք տալու լավագույն ձևը նրանց բղավող նկարները հրապարակելն է»,- գրում է նա ու ավելացնում՝ Արևմտյան արվեստում զայրացած կանայք որպես աստվածուհիներ, հրեշներ են պատկերվում։

Թրայսթերը պնդում է, թե կանացի զայրույթը հաճախ եղել է սոցիալական ու քաղաքական փոփոխությունների կատալիզատոր։ Սրան զուգահեռ՝ ակնհայտ է՝ իրենց զայրույթ արտահայտող կանայք «հիստերիկ, չափազանց զգացմունքային ու անլուրջ» պիտակներին արժանանալու վտանգի տակ են։

Որքա՞ն խորն են ցանված կանացի ցասման ողկույզները և ովքեր ու ինչպես են «իրենց գլուխը կորցրել» այդ ցասման պատճառով։

«ՀՈՂՈՓԵՌՆԵՍԻՆ ԳԼԽԱՏՈՂ ՀՈՒԴԻԹԸ»․ ԱՐՅՈՒՆՈՏ ԹԵՄԱՆ՝ ԿԱՐԱՎԱՋՈՅԻ ԵՎ ԱՐՏԵՄԻԶԻԱ ՋԵՆՏԻԼԵՍԿՈՒ ԱՉՔԵՐՈՎ

Խորհրդանշական կլինի, իհարկե, սկսել Աստվածաշնչից․ համաձայն լեգենդի, Հողոփեռնեսը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքայի բանակի զորապետն էր ու պաշարել էր Հուդան և Դրա քաղաքները, որոնցից մեկում ապրում էր Մանասե Բետիղուացու երիտասարդ, առաքինի ու աստվածավախ այրին՝ Հուդիթը։ Հուսահատված բնակիչների համար ելք չկար, Հուդիթը գեղեցիկ հագնված ու իր ծառայի ուղեկցությամբ գնում է թշնամու բնակատեղին, շահում Հողոփեռնեսի վստահությունը և գլխատում նրան քնած ժամանակ։

Այսպես, թշնամին անգլուխ է մնում՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով, ու ցրվում տներով։

Հուդիթի մասին լեգենդը պատկերող բազմաթիվ կտավներ կան․ ասում են՝ դրանց մեծ մասում Հողոփեռնեսի գլուխը կտրված, գետնին ընկած է, բայց երկու նկարիչ, օրինակ, այս լեգենդը հենց «գործի պահին» են անմահացրել։ Սովորական կինը, որ զորավարի կոկորդ է կտրում․ Արտեմիզիա Ջենտիլեսկու և Կարավաջոյի համանուն վերնագրերով կտավները նույն թեման շոշափում են տարբեր տեսանկյուններից։

ԿԱՐԱՎԱՋՈՅԻ «ՀՈՒԴԻԹՆԵՐԸ»

Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոն իտալական վաղ բարոկկոյի ամենահայտնի դեմքերից է՝ ճանաչված իր կրոնական հիմքով կտավներով, որտեղ ևս գլխատման թեման պոպուլյար է։

Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1598-1602 թթ. ընկած ժամանակահատվածում ու պատկերել Հին Կտակարանի «Հուդիթ» գրքում ներկայացված հայտնի պատումը։

Նաբուգոդոնոսորի պաշտամունքի վախը Հուդիթին ստիպեց սպանել զորավարին՝ հանուն ճշմարիտ աստծո․ սա է աստվածաշնչյան մեկնությունը։ Եվ չնայած Հուդիթի աստվածաշնչյան կերպար լինելուն՝ Կարավջոյի Հուդիթի դեմքը, սակայն, ոչ քրիստոնեական կյանքով ապրող նրա սիրուհիներից մեկինն էր։

Կարավաջոն լավ ծանոթ էր Վերածննդի հերոսներին՝ Միքելանջելո, Տիցիան, Ռաֆայել, Դա Վինչի, և իր կտավները ստեղծելիս ռեալիզմով էր առաջնորդվում։ Ասում են՝ չնայած աստվածաշնչյան կոնտեքստին ու թեմաներին, նրա կերպարները դեմք էին ստանում իրեն շրջապատողների բնորդությամբ․ Կարավաջոյի հետ նույն քաղաքում ապրողներն ու նրա հետ շփվողները արվեստի գործ դառնալու «ամենօրյա վտանգի տակ էին»։

Կարավաջոյի՝ բոլորին հայտնի այս Հուդիթը մկանոտ զորավարի գլուխը սրի է քաշում մի քիչ հեռու քաշված, ինքն իր արարաքից ասես զարմացած, հոնքերն ակնհայտորեն հիացմունք ու վճռականություն չեն արտահայտում․ սա տեսնում ենք մենք՝ անզեն աչքով, պնդում մասնագետները՝ արդեն մեկնաբանելով։

Եթե «սատանան դետալներում է», ուրեմն Կարավաջոն լավ գիտի բոլոր սատանաներին․ արտիստն այնքան խորն ու համապարփակ է տեսել ու պատկերել, որ քեզ թվում է՝ ուր որ է հայտնվելու ես նրա կարմիր, սպիտակ ֆոների կողքին ու փորձես ուղղել՝ հասկանալու համար՝ սա իրակա՞ն է։ Թվում է՝ սա կրկնելն անիմաստ է, նույն կերպ վրձնելը՝ անհնար։ Բայց այդ ո՞ւր առանց կտրուկ շրջադարձերի։

2014-ին արվեստի աշխարհը հայացնք ուղղեց Ֆրանսիայի Թուլուզ քաղաք․ պարզվեց՝ մի աուկցիոներ ձեղնահարկից գտել էր, ամենայն հավանականությամբ, Կարավաջոյի երկրորդ «Հուդիթին»։ Արվեստի գործերի դիլլեր Էրիկ Թուրքուինը (Eric Turquin) 5 տարի ուսումնասիրել էր կտավն ու հայտարարել՝ այն Կարավաջոյի կորած գործերից է։

Թուրքուինն առաջարկում է Թուլուզում գտնված նկարում նայել ցասումով լցված Հուդիթի շուրթերին, դեմքին, միմիկային ու ասում՝ «Կտավը Կարավաջոյին է պատկանում, ինչպե՞ս կարող է սա մեկ ուրիշին պատկանել»։

Կարավաջոյի առաջին Հուդիթն էլ իրականում մի քանի դար շարունակ կորած է համարվել, այն գտնվել է 1951-ին, ինչը հեղինակի նկարների դեպքում զարմանալի չէր։

Ենթադրվում է, որ երկրորդ Հուդիթը նկարվել է 1607-ին, Նեապոլում, ուր Կարավաջոն փախել էր՝ մարդ դանակահարելուց հետո։

Չնայած Կարավաջոյի երկրորդ «Հուդիթի» գտնվելուն, շատ արվեստագնետներ, արվեստի մեկնաբաններ համարում են, որ այս մի գործը, որն ակնհայտորեն որակյալ է, չափազանց կոպիտ է Կարավաջոյի վրձնի համար, ոմանք սա համարում են Կարավաջոյի արվեստով տարված նկարչի գործ։

Ավելի ցասումնալի, հաստատակամ ու դաժան Հուդիթը, որ միաժամանակ կտրում է զորավարի գլուխն ու հայացքն ուղղում դեպի նայողը, Կարավաջոյինն է, թե ոչ, դեռ քննարկվում է, կասկածի տակ առնվում կամ ապացույցներ են բերվում։

Մինչ այդ մենք մի հաստատ բան գիտենք՝ Կարավաջոն իր ժամանակի նշանավոր, կրքոտ, տաղանդավոր, կրակոտ, դեմքերից էր․ կտավի վրա նրա դրած լույսն ու ստվերը մինչ օրս են քննարկման թեմա ու նկարչական տեխնիկայի նախանձելի օրինակ, ոմանք հենց նրան են վերագրում մի ամբողջ բարոկկո։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀՈՒԴԻԹԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՑԱՍՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ․ ԱՐՏԵՄԻԶԻԱ ՋԵՆՏԻԼԵՍԿԻ

17-րդ դարի Նեապոլցի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկին սեփական ժողովրդին փրկելու գնացած Հուդիթի միջոցով իր անձնական պատմությունն է պատմել։

Պատմություն կա այն մասին, որ 1612-ին Արտեմիզիային բռնաբարում է իր նկարիչ հոր հետ աշխատող մեկ այլ նկարիչ՝ Ագոստինո Տասսին։

Ջենտիլեսկուն համարում են Կարավջոյի արժանավոր հետևորդներից մեկը, հենց նկարչի ազդեցությունն էլ կա «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» (1612-1613) նկարում, բայց առանձնահատուկ ենթատեքստով, դա, թերևս, մասնակիորեն ապացուցում է նաև այն, որ թեմային Ջենտիլեսկին առնվազն 3 անգամ է անդրադարձել։

Ջենտիլեսկու Հուդիթն ավելի մարմնեղ է, մատներն ավելի խորն են բռնել Հողոփեռնեսի կտրվող գլուխը, ձեռքերն ավելի ամուր են, ուժեղ՝ ի տարբերություն Կարավաջոյի Հուդիթի, կինը մի ոտքով էլ հենված է մեռնողի արնաթաթախ մահճակալին, այստեղ նաև նրան ուղեկցող ծառան է մասնակից, այլ ոչ՝ նայողի դերում։ Արտեմիզիան ակնհայտորեն չի խուսափել արնաթաթախ անել մեռնողին․ քնի մեջ սպանված զորավարի արյունն անգամ Հուդիթի կրծքին է։

Այս գործի «առատ ու առնական նատուրալիզմ» է հավանաբար պատճատը, որ այն սկզբնական շրջանում հրաժարվել են ցուցադրել Ֆլորենցիայում։

Չնայած արվեստի պատմաբանները ֆիքսում են՝ սա Կարավաջոյից ոգեշնչված գործ է, բայց ամեն դեպքում իրենք էլ շարունակում՝ սա նաև մի արտիստի ու կնոջ պատմություն է, որը նախընտրել էր նկարիչ լինել «տղամարդկանց դարաշրջանում»։ Նա իր ժամանակի համար քաջության հազվագյուտ օրինակ էր, ասում են, իրեն բռնաբարողին դատարան էր հասցրել, դիմացել ամիսներ տևած և 17-րդ դարի համար ամոթալի դատավարությանն ու օրենքով հասել իր ուզածին։ Իհարկե, Ջենտիլեսկուն բռնաբարողն ավելի ուշ ազատվել էր Պապի միջնորդությամբ։

Այս կտավը, ասում են, գուցե բարոկկոյի շրջանի ամենահայտնի նկարչուհուն այդպես էլ չհանդիպած արդարադատության սիմվոլն էր։

Ջենտիլեսկին, ընդհանրապես, իրեն հաճախ է դրսևորել վրեժխնդիր լինող կանանց կտավներում․ Judith and Her Maidservant, Jael and Sisera-ն, որտեղ կինն ամենայն հանդարտութամբ տղամարդու գլուխ է մեխում, բռնաբարությունից հետո ինքնասպանության թեման է շոշափվում Lucretia-ում, Susanna and the Elders-ում սեռական բռնության ենթարկելու թեման է։

Բարոկկոյի շրջանի մեկ այլ նկարչուհի՝ Էլիզաբետա Սիրանին շարունակում է բռնություն-վրեժ թեման՝ ողողելով այն ավանդազրույցով։

Սիրանի` «Իրեն բռնաբարողին սպանող Տիմոկլեան» (Timoclea Killing Her Rapist) կտավը Պլուտարքոսի՝ Ալեքսանդր Մակեդոնացու մասին պատմությունից է ոգեշնչված։ Ըստ այդ պատմության՝ Մակեդոնացու զորավարներից մեկը Թեբե քաղաքի պաշարման ժամանակ բռնաբարում է Տիմոկլեա անունով մի կնոջ, հետո նրան ստիպում ցույց տալ, թե որտեղ են թաքնված իրենց փողն ու թանկարժեք իրերը։ Կինը զորավարին տանում է այգի, մոտեցնում ջրհորին, ստիպում նրան կռանալ՝ տեսնելու համար թանկարժեք իրերն ու, իհարկե, ցած նետում դեպի ջրհորը։ Պատմության մեջ Տիմոկլեային Մակեդոնացու զինվորները բռնում են ու տանում Ալեքսանդրի մոտ․ վերջինս էլ կնոջն ազատություն է շնորհում։

Ընդամենը 27 տարի ապրած Սիրանիի կտավում, սակայն, այս պատմությունը շրջված է։

Նկարիչն այստեղ ավելի շուտ ցույց է տվել բռնարարին պատժելու կնոջ կամքը, խուսափելով շեշտը դնել Մակեդոնացու ողորմածության վրա։ Ոտքերն օդում մնացած ու, հավանաբար, այդպես մեռնող զորավարի կողքին ամուր կանգնած է նրա զոհը։

ԻՆՉՊԵՍ «ԴԱՆԱԿԸ ԿՐԾՔԻՆ» ՄԵՌԱՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Երբ 1793-ի հուլիսի 13-ին ազնվական ֆրանսուհի Շառլոտ Կորդեն խոհանոցային դանակով սպանեց Ժան-Փոլ Մարատին, անշուշտ, չէր էլ կարող պատկերացնել, թե քանի անգամ այդ պատկերը կհայտնվի կտավներին։

Ֆրանսիական հեղափոխության կողմնակիցներից մեկին՝ հրապարակախոս, քաղաքական գործիչ, բժիշկ Մարատի սպանությունը «քաղաքական աստառ է տրվել»․ նրան սպանողը Կարոդեն դեմ էր Ֆրանսիական հեղափոխության ու Մարատի գաղափարներին։ Կնոջ արարքը, սակայն, արվեստում տարբեր ընկալումների ու մեկնաբանությունների առիթ է դարձել։

Այս թեման պատկերող գրեթե բոլոր նկարներում Մարատը լոգարանում է․ նա մաշկային ծանր հիվանդություն ուներ և ստիպված էր անտանելի քորը մեղմել լոգանքներով։

Մարատի մահը պատկերող ամենահայտնի կտավը, հավանաբար, Ժակ Լուի Դավիդի Մարատն է՝ մեռնողի կսկիծով, մահվան գույնի, ձեռքին՝ մի վերջին նամակ, կողքին՝ սպանության զենքը՝ դանակը։

Համանուն և համանման կտավ ունի նաև Գիյոմ-Ջոզեֆ Ռոքեն (Guillaume-Joseph Roques)։

Չնայած Մարատին սպանող կինը ոչ մի փորձ չի արել փախչելու, Դավիդն ու Ռոքեն համառորեն նրան չեն պատկերել։

Ավելի ուշ ստեղծված կտավներում այս պատմության մեջ Շառլոտի դերը վերաիմաստավորվել է ու մարդասպան կինն առաջին պլան է եկել։

Փոլ-Ժաք-Էմե Բոդրիի (Paul-Jacques-Aimé Baudry) «Մարատի սպանությունը, Շառլոթ Կորդե» կտավում արդեն լոգարանում սպանված Մարատի ֆոնին հաղթական ու ամբողջ հասակով երևում է կինը՝ մեծ քարտեզի ֆոնին։ Այստեղ հերոսը ոչ թե Մարատն է՝ այլ նրան սպանողը։

Ժան-Ժոզեֆ Ուերթսի (Jean-Joseph Weerts) տարբերակում Մարատի սպանությունը թատերականացված ներկայացման տեսք ունի․ այստեղ ներկա են նաև սպանողին մատնացույց անող Մարատի հարսնացուն, նրա բարեկամները։

Էդվարդ Մունկի տարբերակում, սակայն, բոլորովին այլ իմաստ է ստանում Մարատի սպանությունը։ Մունկն օգտագործել է այս պատմությունը՝ խորհդանշորեն ցույց տալով իր ու Տուլլա Լարսենի սիրո պատմութունը։

Մունկը 1907-ին այս թեմայով երկու նկար էր արել, երկուսում էլ Կորդեյը ներկա է։

Հետաքրիքր է, որ 18-րդ դարի վերջում կանայք և հատկապես լավ կրթություն ունեցողները հազվադեպ էին սպանություն գործում։ Ի հակադրություն այս պնդման՝ Մարատին Ֆրանսիայի թշնամի համարող Շառլոտը բոլորովին գիտակցաբար է մոտեցել իր «գործին», իսկ սպանությունից հետո չի հեռացել Մարատի տնից։ 4 օր անց նա ևս սպանվել է, գիլիոտնի բաժին դառնալով:


✍ Անահիտ Հակոբյան / PAN