Կենդանիները՝ կտավներում․ Ռուբենսի «Պրոմեթևսը շղթայված» և Շենկի ոչխարի «Տառապանքը»
Բնության մեջ միայն մարդիկ չէ, որ էմոցիաներ ունեն, մարդկանցից որոշները, սակայն, այդ էմոցիաները նկարել գիտեն։ Բազմաթիվ հայտնի կտավներում կարելի է տեսնել նմուշներ կենդանական աշխարհից։ Օրինակ՝ Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով տիկինը», որտեղ ասում են, կենդանին բազմաթիվ խորհրդանշական իմաստներ ունի՝ մաքրությունից մինչև պատկերի կնոջ հղիությունը թաքցնող միջոց։
Անշուշտ, կենդանիներ ու կտավներ կոնտեքստում անհնար է չհիշել Ալբրեխտ Դյուրերին․ արևմտաեվրոպական Վերածննդի խոշորագույն դեմքերից մեկի հսկայական ժառանգության մեջ նաև կենդանիների պատկերներ են մտնում։
Կենդանիների պատկերող կտավների թեմայի մեջ, իհարկե, արժե հիշել նաև «Առավոտը սոճիների անտառում» (ռուս.՝ Утро в сосновом лесу) գործը՝ Իվան Շիշկինի և Կոնստանտին Սավիցկու ստեղծագործությունը։
Այս կտավն այժմ մեծամասամբ վերագրվում է Շիշկինին, նշվում է, թե կտավում Սավիցկին նկարել է արջերին, հետո հեռացրել իր ստորագրությունը՝ այդպիսով լիովին հրաժարվելով հեղինակային իրավունքից։
Տրետյակովյան պատկերասրահում գտնվող այս գործը, ամենայն հավանականությամբ, ասոցացվում է քաղցր հիշողությունների ու համերի հետ․ «Առավոտը սոճիների անտառում» կտավի պատկերը կիրառվել է կոնֆետների արտադրությունում «Ծուռթաթ արջը» անունով կոնֆետի փաթեթավորման մեջ։
Բայց կենդանիներ պատկերող բոլոր կտավները չէ, որ այսպես մեղմ են, հանդարտություն են պատկերում կամ քաղցր հիշողություններ արթնացնում․ երբեմն կենդանական աշխարհի պատկերումը հղում է առասպելական ու միֆական պատմություններին, նկարագրություն՝ հեգնական ու ցավոտ և իրականություն՝ շատ հոգեմաշ։
PAN-ն այս անգամ կտավի գազաններին է փնտրել՝ անդրադառնալով Ռուբենսի «Պրոմեթևսը շղթայված» կտավին ու նույն կտավում մեկ ուրիշ նկարչի նկարած արծվին, և պատմելով ամենատխուր ոչխարի մասին:
ԱՍՏԾՈՒՑ ԿՐԱԿ ՈՒԶԱԾ ՊՐՈՄԵԹԵՎՍԸ՝ ՇՂԹԱՅՎԱԾ ՈՒ ԾՎԱՏՎԱԾ, ԵՎ ՌՈՒԲԵՆՍԻ ԿՏԱՎԸ՝ ԿԻՍՎԱԾ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգության գլխավոր հերոսը՝ տիտան Պրոմեթևսը Զևսի կամքով պատժվել և շղթայվել էր, որովհետև Օլիմպոսից փախցրել էր կրակն ու տվել մարդկանց, քիչ է՝ մի բան էլ աստվածների հորը չէր ասում, թե հատկապես որ կնոջից պիտի զավակն ունենա, որն իրենից՝ Զևսից հզոր կլինի։
Այսպես, անխորտակելի շղթաներով ժայռին գամված Պրոմեթևսը, ըստ լեգենդի, ամեն օր արծվի մագիլներով ծվատվում էր․ լեգենդն ասում է, թե ամեն առավոտ արծիվը ճախրում, գալիս էր, ու սկսում իր արյունալի խրախճանքը՝ կտցելով Պրոմեթևսի լյարդը, գիշերվա մեջ վերքերն ապաքինվում էին, լյարդը՝ կրկին լցվում, իսկ ցերեկը Զևսը նորից նույն տառապանքն էր ուղարկում։
Հենց այս տեսարանն են պատկերել Պիտեր Պոլ Ռուբենսն ու Ֆրանս Սնայդերսը (Frans Snyders):
Ռուբենսը, իհարկե, առասպելական, դիցաբանական ու նաև աստվածաշնչյան պատմությունների հիմքով բազմաթիվ գործեր ունի: Կտավի համահեղինակ Սնայդերսը, ասում են՝ վարպետ էր կենդանիների պատկերների, որսի տեսարանների ստեղծման գործում։ Սնայդերսը ֆլամանդացի նկարիչ էր, հայտնի որպես «կենդանիների նկարիչ», նա աչքի է ընկել իր գործակցություններով ինչպես Ռուբենսի, այնպես էլ Վան Դեյքի, Յակոբ Յորդանսի հետ։ Այս կտավում ևս Պրոմեթևսի լյարդը կտցահարող արծվին Սնայդերսն է պատկերել։
Ասում են՝ գործակցելիս, սովորաբար, Ռուբենսը սկսում էր կտավը, հետո գծանշում գործընկերոջ նկարելու տեղը դրա վրա։ Այս մեկում, սակայն, կտավը Սնայդերսն է սկսել՝ նկարելով արծվին, Ռուբենսն ավարտել է գործը, ամբողջացրել այն։
Նկարիչներն օգտագործել են հին հունական դիցաբանությունը՝ ներկայացնելու համար իրենց պատմությունը և անգամ սաստիկ ցավի, շարունակական տառապանքի մասին պատումը վերածել գեղեցիկ ու սարսափելի պատկերի։
«Պրոմեթևսը շղթայված» գործը 1618-ին վաճավել է անգլիացի մի կոլեկցիոների: Ռուբենսը, որպեսզի ապացուցի, որ սա իր ձեռքի գործն է, նաև նամակ է թողել նրան՝ հիշեցնելով, որ կտավն իրենն է, արծիվը՝ Սնայդերսինը։ Սա, չնայած Ռուբենսի ու Սնայդերսի գործակցության միակ դեպքը չէ, բայց, ասում են՝ եզակին է, երբ Ռուբենսն է դա խոստովանել։
Չնայած կտավի գործող հերոսներից մեկին՝ արծվին Ռուբենսը չի նկարել, բայց նկարիչն այս կտավը համարել է իր ամենակարևոր գործերից մեկը։
Ասում են՝ Պրոմեթևսի մարմինն այստեղ ոգեշնչված է Միքելանջելոյի ու Տիցիանի գործերից, բայց սինթեզված արդեն նկարչի բարոկկոյով։
ԱՎԳՈՒՍՏ ՇԵՆԿ․ «ՏԱՌԱՊԱՆՔ» ԿԱՄ «ԹԱԽԻԾ»
Մեծամասնությանը ծանոթ ժանրերի կողքին կա մեկը, որ հենց կենդանակենտրոն է՝ անիմալիզմը (լատ․՝ animal - կենդանի)։ Այստեղ ստեղծագործության գլխավոր մոտիվն ու հիմնական օբյեկտը կենդանիներն են՝ լինի դա գեղանկարչության, քանդակագործության, լուսանկարչության, գրաֆիկայի թե մեկ այլ ոլորտում։ Անիմալիզմը գեղագիտության մեջ է դիտարկում կենդանիներին՝ ամենայն մանրամասնությամբ, մոտիկից ու հիմնականում։
Այստեղ, սակայն, խնդիր է դրվում կենդանիների կողքին նաև փոխաբերական բնութագրեր ու արտահայտչամիջոցներ ներկայացնելու։
Հենց այդպես է վարվել ծնունդով դանիացի անիմալիստ Ավգուստ Շենկը (գերմ․ August Friedrich Albrecht Schenck, 1828-1901թթ.)՝ պատկերելով, հավանաբար, աշխարհի ամենատխուր ոչխարին։
Շենկը, իհարկե, այն նկարիչը չէ, ում անունը կլսեք «աշխարհի 10 ամենահայտնիները» ու համանման ցանկերում, բայց անիմալիզմի թեման փնտրելիս նրան, հավանաբար, կգտնեք, ու կարող է նաև կարդաք՝ ֆրանս-գերմանական ծագումով նկարիչ։ Գերմանական (կամ ֆրանսիական) ծագումը նրան վերագրվում է 19-րդ դարում միջազգային սահմանների փոփոխության պատճառով։ Ընդհանրապես, անգամ արվեստի պատմաբաններն են խոստովանում՝ այս նկարչի մասին քիչ բան գիտեն։
Նկարիչն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Փարիզում, սովորել հայտնի École des Beaux-Arts-ում, մասնագիտացած եղել բնապատկերներ ու կենդանիներ նկարելու մեջ։ Վերջինները հատկապես արտահայտել են մարդկային ու հասարակական փոխհարաբերությունների մետաֆորներ։
Անհուսության դրդող անգույն, բայցև հուզիչ մի բան են գրեթե բոլորը տեսնում Շենկի «Տառապանք» կտավում․ նկարիչը մայր ոչխարի է պատկերել իր ձագի մարմնի առաջ ու ագռավներով շրջապատված։ Այստեղ մի վառ գույն կա՝ կենտրոնում սատկած գառան արյան գույնը, և սպասման մի պահ․ տեսարանը շրջապատող ագռավներն այնուամենայնիվ բզկտելու են այդ մարմինը։ Հաճախ կտավը մեկնաբանելիս այս ագռավներին նույնացնում են հասարակության հետ։
Բավական մեծ՝ 151 × 251․2 չափսի այս կտավը, ենթադրվում է, որ ստեղծվել է Չարլզ Դարվինի «Զգացմունքների արտահայտումը՝ մարդու և կենդանիների մոտ» (1872թ․) գրքից ոգեշնչված։
Դարվինի այս գիրքը, ասում են՝ սկիզբ է դրել մարդու հույզերի գիտական ուսումնասիրությանը։ Այստեղ Դարվինի կողմից հաստատված բազմաթիվ օրինաչափություններ դեռ պահպանում են իրենց հավաստիությունը։ Գրքում մանրամասնորեն ներկայացվում են մարդու ու կենդանու զգացմունքների արտահայտման ձևերը, բացատրվում դրանց բնույթն ու աղբյուրը, իսկ 6-րդ գլուխը հենց Շենկի նկարի թեման ունի՝ «Հատուկ արտահայտություններ մարդու մոտ՝ տառապանք ու լաց»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էվոլուցիայի հոր և նկարչի կարիերաները ժամանակագրության առումով համընկել են՝ այս պնդումն արժանահավատ է համարվում նաև արվեստի գիտակների համայնքում։
Այս կտավը 19-րդ դարի այլ գործերի հետ ներկայացված է Վիկտորիայի ազգային պատկերասրահում (National Gallery of Victoria, NGV)՝ Մելբուռնում․ այն մինչ օրս պատկերասրահի արժեքավոր գործերից է համարվում։ Այն 2011-ին NVG-ի 150-ամյակի առթիվ կազմված ու պատկերսրահին պատկանող հանրահայտ գործերի տասնյակում է եղել (1906-ին՝ հնգյակում)։ Այս փաստը հատկապես արժեքավոր է՝ հաշվի առնելով այն, որ NVG-ում 75,000 նմուշ կա՝ ներառյալ Պիկասոյի, Դալիի, Պիսարի աշխատանքները։
1878-ին ֆրանսիական Le Figaro-ի քննադատը գրում է․
«Կենդանիներ նկարող մեր լավագույն նկարիչներից մեկը․ նա այն յուրահատուկներից է, որ գերադասում են շներին տղամարդկանցից և ավելի հաճելի համարում ոչխարներին, քան կանանց»։
Նշվում է, թե սա բացարձակ նվաստացուցիչ ձևակերպում չէ, այլ գնահատական՝ Շենկի տաղանդին։ Այնուամենայնիվ, կան նաև հակառակ կարծիքներ և այն անճաշակություն համարողներ:
Չնայած կարծիքների այս հակադրությանը, Շենկի տխուր ոչխարը 19-րդ դարի վերջի իրականության մեջ տեղավորվող, «ծանոթ» ու ռեալությանն այլաբանորեն մոտեցող գործ էր։ Նկարիչը, որ մասնագիտացած էր կենդանիների ու հատկապես ոչխարների «վշտերը» ցուցադրելով, ապրում էր մի շրջանում, երբ մահն ու տառապանքը (19-րդ դարի վերջ) նույնիսկ «մոդայիկ» թեմաներ էին։ Մասամբ սրա պատճառն այն էր, որ Վիկտորիա թագուհին իր ամուսնու՝ Ալբերտի մահը սգալու շրջանում էր, և մասամբ նաև այն պատճառով, որ մահն ու տառապանքն ամենուր էին։
Մարդիկ սիրում էին կենդանիներով այս ալեգորիաները՝ մեկնաբանելով դրանք մարդկային զգացմունքների տեսանկյունից։
«Փարիզյան Սալոն այցելող մայրը կարող էր պատկերացնել, որ իր զավակն է հիվանդ կամ ինքը երեխա է կորցրել։ Սա շատ տարածված էր 1860, 70-80-ականներին, քանի որ չկային համապատասխան սանիտարական պայմաններ»,- մեկնաբանում է Թեդ Գոթը՝ NGV-ի համաշխարհային արվեստի ավագ կուրատորը։
Նա ևս հղում է անում Դարվինի աշխատությանն ու նշում՝ կտավն իրապես ստիպել է մարդկանց գիտակցել, որ կենդանիները ևս ունեն զգացմունքներ, կարող են ուրախանալ, ցավից ու կորստից տառապել։
Արվեստի գիտակների ու արվեստասերների հռետորական հարցը, թե ինչու է այս ոչ այնքան հայտնի նկարչի կտավն այսպես հայտնի ու այսքան հուզիչ, հավանաբար, իր հետևից պարզ պատասխան է բերելու․ սառը ձյան վրա մեռած ձագի առաջ դառը հոգոց հանող ոչխարի այս պատկերը ոչ միայն 19-րդ դարավերջի թեմայի մեջ է, այլ կյանքի։